ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ 

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

   1.Սույն օրենքով կարգավորում են Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հեռահաղորդակցության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից շահագործվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ճառագայթող ռադիոհեռարձակման սարքավորումների հայտնաբերման և դրանց հետագա շահագործման դադարեցման հետ կապված հարաբերությունները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության  ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության)

          Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

            Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

իրավասու մարմին` Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, որն իրավասու է իրականացնելու սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունները.

ոլորտ, բնագավառ` սույն օրենքով վերահսկվող և կարգավորվող կապի և հեռահաղորդակցության համակարգերի ամբողջություն.

անձ` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տնօրինում, տիրապետում և (կամ) շահագործում է ռադիոհաղորդակցության սարքավորումներ. 

Հոդված 3.   Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ռադիոհաճախականային ռեսուրս և ռադիոհաղորդակցության սարքավորումներ օգտագործող անձանց վրա:

Հոդված 4. էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրները

էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրներն են՝

  1. տեխնիկական կանոնակարգերով և օրենսդրական այլ ակտերով սահմանված պետության անվտանգության համակարգերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, նավիգացիայի և երկաթուղու համակարգերում ռադիոէլեկտրոնային միջոցների անխափան աշխատանքի ապահովումը.
  2. մարդու կյանքի և առողջությանը, շրջակա միջավայրի, ինչպես նաև ռադիոհեռարձակող սարքավորումների շահագործման անվտանգությանը սպառնացող թերությունների և բացթողումների բացահայտումը և բացառումը.
  3. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ռադիոհեռարձակման սարքավորումներից ճառագայթվող աղբյուրների բացահայտումը և դրա հետագա շահագործման բացառումը:

Հոդված 5.Իրավասու մարմնի գործառույթները

  1. Իրավասու մարմինը`

1) իրականացնում է  ռադիոհաղորդակցության սարքավորումների տեխնիկական ստուգումներ` սուբյեկտների դիմում-բողոքների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կամ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ Կարգավորող) կողմից ներկայացված Հայտերի (գրության), ինչպես նաև իրականացված եթերի մոնիթորինգի արդյունքների հիման վրա.

2) ռադիոհաղորդակցության սարքավորումների տեխնիկական ստուգումների արդյունքում կազմվում է արձանագրություն, որի ձևը և լրացման կարգը սահմանում է իրավասու մարմինը:

3) օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ճառագայթող ռադիոհեռարձակման սարքավորումների հայտնաբերման դեպքում, եթե դրանք սպառնում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված ռադիոէլեկտրոնային միջոցների անխափան աշխատանքին, իրավասու է կապարակնքման միջոցով դադարեցնել այդ սարքավորումների հետագա շահագործումը:

  1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործառույթների իրականացման համար օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ճառագայթող ռադիոհեռարձակման սարքավորման տեղակայման վայր մուտք գործելու համար իրավասու մարմնի ներկայացուցիչները պարտավոր են ներկայացնել տվյալ մարմնի անվանմամբ կնիքով կնքված վկայական:
  2. Սարքավորման մոտ մուտքը խոչընդոտելու դեպքում իրավասու մարմնի ներկայացուցիչները տվյալ տարածք կարող են մուտք գործել միայն իրավապահ մարմնի ներկայացուցիչների ուղեկցությամբ` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 

Հոդված 6.էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց իրավունքներն ու պարտականությունները

  1. էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնող անձինք իրավունք ունեն իրավասու մարմնի տեխնիկական վերահսկողության իրականացմամբ պայմանավորված գործողությունները բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով:
  2. էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնող անձինք չպետք է խոչնդոտեն իրավասու մարմնի ներկայացուցիչների մուտքը շահագործվող սարքավորումների տեղադրման վայր` սույն օրենքով նախատեսված տեխնիկական ստուգումներ իրականացնելու համար.

Հոդված 7. տեխնիկական սարքավորումների կապարակնքման կարգը

Կապարակնքման կարգը.

1) կապարակնքումն իրականացվում է այնպես, որ կապարակնքված սարքը շահագործելիս կապարակնիքը խախտվի.

2) կապարակնքելու իրավասություն ունի ցանցերը շահագործող և տիրապետող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մոտ տեխնիկական ուսումնասիրություններ իրականացնող իրավասու մարմնի՝ կապարակնքման նպատակով հաշվառված կապարակնիք ունեցող պաշտոնատար անձը (անձինք)։

3) Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նախատաեսված դեպքերում կապարակնքումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջներին չհամապատասխանող ռադիոհաղորդակցության սարքավորումների տեղադրման վայրերում (շենք շինություններում) այդ սարքավորումները շահագործող և (կամ) տիրապետող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց ներկայությամբ, իսկ կապարակնքմանը ներկա լինելուց հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվում է կապարակնքմանը ներկա լինելուց հրաժարվելու մասին արձանագրություն.

4) Կապարակնքումն ավարտելու պահին կապարակնքում իրականացնող իրավասու մարմնի պաշտոնատար անձը (անձինք) կազմում է (են) արձանագրություն, որտեղ նշվում են կապարակնքում իրականացնող իրավասու մարմնի պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, կապարակնքման օրը, ժամը, վայրը, կապարակնիքի համարը և կապարակնքվող սարքի վերաբերյալ տեղեկատվությունը (տեսակը, գործարանային համարը և այլն): Արձանագրությունը ստորագրվում է կապարակնքում իրականացնող իրավասու մարմնի պաշտոնատար անձի (անձանց) և ցանցերը շահագործող և տիրապետող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (նրան փոխարինող պաշտոնատար անձի) կողմից:

5) Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը տրվում է ցանցերը շահագործող և տիրապետող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (նրանց փոխարինող պաշտոնատար անձին), որը պարտավոր է ապահովել կնքված սարքավորման և կապարակնիքների պահպանությունը.

6) կապարակնքված սարքավորման շահագործումը թույլատրվում է իրավասու մարմնի կողմից կապարակնիքը հանելուց հետո, խոչընդոտը վերացնելուց հետո 1 օրյա ժամկետում.

7) կապարակնքմանը խոչընդոտելը կամ կապարակնիքների պոկելը, վնասելը առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով.

8) կապարակնքման գործողությունները կարող են բողոքարկվել վերադասական կարգով կապարակնքման օրվանը հաջորդող 10 օրվա ընթացքում կամ դատական կարգով»:

Հոդված 11. օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    13.04.2017 - 06.05.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8005

Տպել