Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված հանցավորության կառուցվածքի և շարժընթացի ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ 2018 թվականին էականորեն աճել են անձնական գույքի հափշտակության դեպքերը: Աճը կազմել է 1453 դեպք կամ 19.5% /7433-8886/: Մասնավորապես, 2018թ. նախորդ տարվա համեմատությամբ 56 դեպքով կամ 30.6%-ով /183-239/ աճել են հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող կողոպուտի դեպքերը, 1135-ով կամ 19%-ով՝ գողության, 1-ով կամ 2.2%-ով՝ ավազակության դեպքերը:

Ընդ որում, մտահոգիչն այն է, որ 2018 թվականին 549 դեպքով կամ 61.8%-ով /889-1438/ աճել են բնակարանային գողության դեպքերը: Աճել են նաև անչափահասների կողմից կատարված բնակարանային գողության դեպքերը: Եթե 2017թ. արձանագրվել է անչափահասների կողմից կատարված բնակարանային գողության 23 դեպք, ապա 2018թ.՝ 32 դեպք:

Խիստ անհանգստացնող է նաև 2019 թվականի առաջին երկու ամիսներին գրանցված հափշտակությունների վիճակագրական պատկերը: Այսպես՝ 2019 թվականի առաջին երկու ամիսներին գրանցվել է ավազակության 15 դեպք, որը 6 դեպքով կամ 66.7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ավազակությունների թվից /9-15/, կողոպուտի՝ 26 դեպք, որը 4 դեպքով կամ 18.2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված կողոպուտների թվից /22-26/, գողության՝ 1385 դեպք, որը 522 դեպքով կամ 60.5%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված գողությունների թվից, այդ թվում՝ 248-ը բնակարանային գողության դեպքեր են, որը 67 դեպքով կամ 37.0 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված բնակարանային գողությունների թվից:

Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների, մասնավորապես՝ բնակարանային գողությունների դեպքերի էական աճը և դրան զուգահեռ՝ բացահայտման մտահոգիչ ցածր մակարդակը վկայում են, որ այս հանցագործության կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված միջոցառումներն անբավարար են: Այս հանցագործությունների քանակն ու առանձին դեպքերում դրանց կազմակերպվածության բարձր աստիճանը վկայում են, որ բազմաթիվ դեպքերում գործ ունենք հանցավոր վարքագծի այս դրսևորման մեջ հմտացած, հատուկ միջոցներ ու հնարքներ կիրառող կազմակերպված խմբերի հետ, որոնք, փաստորեն, օպերատիվ տեսադաշտում չեն:

Սրա հետ կապված, դատախազության կողմից դեռևս 2017թ. հոկտեմբերի 27-ի ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում ընդունված որոշմամբ կարևորվել է բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողությունների դեմ պայքարում բազմաբնակարան շենքերի, հատկապես՝ դրանց մուտքերի՝ հատուկ փականներով դռներով ու տեսագրող սարքերով կահավորման գործընթացի շարունակականության ապահովումը:

Բացի դրանից, կարևորվել է ոստիկանության արտաքին ծառայության ծավալներն ավելի մեծացնելու անհրաժեշտությունը՝ պարեկային ծառայություն սահմանելով այս հանցագործությունների համար առավել թիրախային հատվածներում: Ընդ որում, փորձը ցույց է տալիս, որ տարվա կոնկրետ ժամանակահատվածներում, երբ պարեկային ծառայությունն ուժեղացվում է, բնակարանային գողությունների թիվը զգալիորեն նվազում է, իսկ բացահայտման դեպքերը՝ ավելանում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է 2018թ. արձանագրված բնակարանային գողությունների դեպքերով կատարել ուսումնասիրություն, որի արդյունքում առանձնացնել բնակարանային գողությունների ռիսկային հատվածները, այդ հատվածները նշագրել քարտեզների վրա: Ուսումնասիրության արդյունքներով իրավապահ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ անցկացնել համատեղ խորհրդակցություն՝ բնակարանային գողությունների դեպքերի նախականխման, կանխման ու բացահայտման ուղղությամբ գործուն միջոցներ մշակելու և իրականացնելու նպատակով:

Միաժամանակ, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների նման էական աճը, այդ թվում՝ կրկնահանցագործությունների զգալի թիվը վկայում են հիշյալ հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական միջոցների և վարվող պատժողական քաղաքականության ոչ արդյունավետ լինելու մասին:

Ըստ այդմ, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված վերոնշյալ միջոցառումներից բացի առաջացել է հիշյալ հանցագործություններով քրեաիրավական պայքարի միջոցների խստացման անհրաժեշտություն՝ որպես բնակարանային հափշտակությունների ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ կանխարգելման կարևոր միջոց:

Հետևաբար, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների համար պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանելու անհրաժեշտությամբ:

 

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը 

 Առաջարկվող կարգավորման նպատակն է խստացնել բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների համար քրեական պատասխանատվության միջոցները: Մասնավորապես՝

  • բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակության համար քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի նոր լրացվող՝ 2.1 մասում՝ որպես սանկցիա նախատեսելով ազատազրկում՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Միաժամանակ, հաշվի առնելով հրազենի կամ ռազմամթերքի գործադրմամբ կատարված ավազակության բարձր, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակությանը չզիջող հանրային վտանգավորությունը և համաչափ պատասխանատվության միջոցներ սահմանելու անհրաժեշտությունը՝ Նախագծով առաջարկվում է հիշյալ ծանրացնող հանգամանքը ևս նախատեսել լրացվող՝ 2.1 մասում,
  • բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված կողոպուտի համար քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի նոր լրացվող՝ 4-րդ մասում՝ որպես սանկցիա նախատեսելով ազատազրկում՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա,
  • բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության համար քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի նոր լրացվող՝ 5-րդ մասում՝ որպես սանկցիա նախատեսելով ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Այսպիսով՝ Նախագծով առաջարկվում է խստացնել բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմերի սանկցիան, ինչը, նախ՝ հնարավորություն կտա դատարաններին իրականացնել համաչափ պատժողական քաղաքականություն՝ անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում պատիժ նշանակելով ավազակության դեպքում՝ ընդհուպ տասներկու, իսկ կողոպուտի, գողության դեպքում՝ ընդհուպ տասը տարի ժամկետով ազատազրկում, բացի այդ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, ինչպես նաև հրազենի կամ ռազմամթերքի գործադրմամբ կատարված ավազակությունն առանձնապես ծանր հանցագործությունների թվին դասելը կհանգեցնի հիշյալ հանցանքները կատարած անձանց նկատմամբ մի շարք քրեաիրավական ինստիտուտների (քրեական պատասխանատվությունից ազատվելը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, պատժից ազատելը մեղադրական դատավճռի  վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում, դատվածություն և այլն) կիրառման ընթացակարգի բարդացման, ինչը կարևոր նշանակություն կունենա բնակարանային հափշտակությունների դեմ պայքարի գործում:

 

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունմամբ կխստացվի բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակության, կողոպուտի և գողության համար քրեական պատասխանատվության նախատեսող քրեաիրավական նորմերի սանկցիան՝ նպաստելով հիշյալ հանցագործությունների դեմ պայքարում առավել խիստ քրեական քաղաքականության իրականացմանը՝ նպատակ ունենալով  նվազեցնել բնակարանային հափշտակությունների, այդ թվում՝ կրկնահանցագործությունների թիվը, նպաստել մարդկանց բնակարանի անձեռնմխելիության իրավունքի, ինչպես նաև գույքային իրավունքների պաշտպանությանը:

                                                                   

                                                           

  • Քննարկվել է

    17.04.2019 - 06.05.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6544

Տպել