Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի րնդունման անհրաժեշտությունը.

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ նոտարիների որակավորման քննության անցկացման համար հրապարակվում է հայտարարություն: Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի թիվ 789-Ն որոշման համաձայն սահմանվում է նոտարների թեկնածուների որակավորման ստուգումն իրականացվման կարգը:  Ո՛չ օրենքը, և ո՛չ կառավարության որոշումը չեն նախատեսում առանձին նոտարական տարածքի  և նստավայրի նշմամբ որակավորման քննություն հայտարարելու հնարավորություն: Արդյունքում որակավորման քննություն անցկացնելու համար հայտարարությունը տրվում էր վերացական` առկա բոլոր թափուր հաստիքները լրացնելու նպատակով: Ստեղծվում էր մի իրավիճակ, որ հաղթող ճանաչված անձինք  հրաժարվում էին նշանակվել որոշակի նոտարական տարածքներում, օրինակ` մարզերի հեռավոր նստավայրերում, ինչի արդյունքում լրացվում էր միայն Երևան քաղաքի և մարզկենտրոնների հաստիքները, իսկ վերոհիշյալ վայրերում հաստիքները մնում էին թափուր:  Նոտարի բացակայությունը կոնկրետ նստավայրում անհարմարություն է առաջացնում վերջինիս ծառայությունից օգտվող անձանց համար:

Ուստի` անհրաժեշտություն է առաջացել սահմանել այնպիսի կարգավորում, որի պարագայում հնարավոր լինի որակավորման քննություն անցկացնել կոնկրետ նոտարական տարածքի և նստավայրի թափուր հաստիքը համալրելու համար: Այս դեպքում քննության մասնակցող անձը հստակ գիտակցում է, որ հաղթող ճանաչվելու դեպքում կարող է նոտար նշանակվել միայն նշված նոտարական տարածքում և կարող է փոխադրվել այլ մարզ կամ Երևան քաղաք` իր նշանակման վայրում որոշակի ժամանակահատված նոտարական գործունեություն իրականացնելուց հետո

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է որակավորման ստուգման գործող կարգը լրացնել որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ տալու հնարավորությամբ, այսինքն` որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը կարող է տրվել առանց նոտարական տարածքի և նստավայրի նշման` բոլոր նոտարական տարածքներում թափուր հաստիքները լրացնելու համար կամ նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ` այդ նոտարական տարածքում առկա թափուր հաստիքները լրացնելու համար: Եթե որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարություն տրվել է նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ, ապա որակավորման վկայական ստացած անձը հաղթող ճանաչվելու դեպքում նշանակվում է հայտարարության մեջ նշված նոտարական տարածքում և նստավայրում: Միևնույն ժամանակ, նախագծով նոտարի համար այլ նոտարական տարածք տեղափոխվեու դեպքում սահմանվում են ժամկետային սահմանափակումներ,այն է` մարզ` առնվազն 3 տարի, Երևան քաղաք` առնվազն 5 տարի նոտարական գործունեություն իրականացնելուց հետո: Նոտարի պաշտոնում նշանակում կատարելիս արդարադատության նախարարը առաջնահերթությունը տալիս է որակավորման վկայական ունեցող այն անձին, ով անցել է հստակ նոտարական տարածքի նշմամբ հայտարարված որակավորման ստուգում:

3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը կնպաստի նոտարի արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայությունների մատուցման որակի լավացմանը:

 

 

  • Քննարկվել է

    15.04.2019 - 30.04.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5709

Տպել