Հիշել նախագիծը

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 ___  2019 թվականի N_____-Ն

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու <<Այլընտրանքային ծառայության մասին>> օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Կառավարությունը որոշում է.

  1. Հայտարարել 2019 թվականի մայիս-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ` 2019 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի  հունիսի 30-ը ներառյալ,  ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
  2. 2019 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի հւոլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին:
  3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
  4. 2019 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետա­կան զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
  5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
  6. Պաշտպանության նախարարին.

    1) <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրաքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման` դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ.

  2) 2019 թվականի ամառային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքա­ցիների տվյալներն ուղարկել Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորա­բաժանումներ, իսկ զորակոչի ավարատից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

  1. Առաջարկել Գլխավոր դատախազին` շարունակելզորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
  2. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

  1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

  2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

  1. Առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստա­նյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:
  2. Արտաքին գործերի նախարարին`

  1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքի պահանջներին համապատասխան զինվորա­կան կոմիսարիատներ ներկայանալու համար.

  2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

  1. Ոստիկանության պետին`

    1) ապահովել`

    ա. հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

  բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զինվորական կոմիսարիատներ.

   2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Երևան քաղաքի և մարզերի զինվորական կոմիսարիատներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների անձնակազմեր:

  1. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականցնող կազմակերպությունների ցանկը` <<Գնումների մասին>> օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
  2. Ոստիկանության պետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:
  3. Կրթության և գիտության նախարարին`

   1) 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով` փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

    ա. դպրոցներում, ուսումնարաններում, քոլեջներում` մինչև 2019 թվականի հունիսի 23-ը,

    բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2019 թվականի հունիսի 1-ը.

  2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, ուսումնարանները և քոլեջներն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելութ­յան քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.

  3) մինչև 2019 թվականի հուլիսի 14-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության  բարձրագույն  կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատների.

  4) զինվորական կոմիսարիատնների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զոակոչային բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել <<Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով>> կատարելագործման դասընթացներ:

  1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և ռաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել Կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում օրենքով նախատեսված եզրակացությունների և առաջարկությունների ներկայացման համար մարզային զորակոչային հանձնաժողովի նիստերի անցկացումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    11.04.2019 - 26.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14282

Տպել

Առաջարկներ`

Մարտիկ Մարտիրոսյան

17.04.2019

Նախագծի 3-րդ հավելվածում նշված չէ, թե ով պետք է լինի Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահը, այնինչ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշմամբ հաստատված Կարգի 19-րդ կետով սահմանված է պահանջ, որի համաձայն՝ ԿԲՀ-ն պետք է ունենա նախագահ: Առաջարկում եմ Կառավարության որոշմամբ նշանակել նաև ԿԲՀ-ի նախագահ: Բացի այդ, կարծում եմ ճիշտ կլիներ Նախագծի 3-րդ հավելվածում նույնպես նշվեր ԿԲՀ նախագահի անունը, որպեսզի հարցով հետաքրքրված քաղաքացիները հնարավորություն ունենային կարծիք հայտնելու տվյալ պաշտոնին նրա համապատասխանության մասին մինչև կառավարության որոշման ընդունելը:

Մարտիկ Մարտիրոսյան

17.04.2019

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) 3-րդ հավելվածով նախատեսվում է սահմանել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը: Նախ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն հրամանով սահմանվել է «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները, դրանց գործունեության, ինչպես նաև հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, փորձաքննության եզրակացությունների ձևերը» (այսուհետ նաև՝ Կարգ): Կարգի 19-րդ կետի համաձայն՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը (այսուհետ՝ նաև ԿԲՀ) բժշկական փորձաքննության մարմին է, որի անհատական կազմը հաստատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: ԿԲՀ-ի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը, տեղակալը (բժիշկ), անդամները՝ թերապևտ, սրտաբան, վիրաբույժ, վնասվածքաբան, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, մաշկաբան, օտոլարինգոլոգ, համակարգչային օպերատոր ու քարտուղար: ԿԲՀ-ն բժշկական փորձաքննության ղեկավար մարմին է և հաշվետու է ՀՀ պաշտպանության նախարարին: Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ (այսուհետ նաև՝ Օրենք) հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում կիրառվում են ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը: Հետևաբար, Նախագծի 3-րդ հավելվածը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշմամբ հաստատված Կարգի 19-րդ կետի պահանջներին: Այնինչ, Նախագծի 3-րդ հավելվածում նշվում է, որ 2019 թվականի ամառային զորակոչին ԿԲՀ-ի անդամ են հանդիսանալու նաև Պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի ավագ սպա և Առողջապահության նախարարության ներկայացուցիչ: Մինչդեռ, Կարգի 19-րդ կետում հստակ նշված է, թե ովքեր կարող են հանդիսանալ ԿԲՀ անդամ, և ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը չի կարող ԿԲՀ անդամ նշանակել ո՛չ ՊՆ վերահսկման բաժնի ավագ սպա, ո՛չ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ: Առաջարկվում է Նախագծի 3-րդ հավելվածից հանել ՊՆ վերահսկման բաժնի ավագ սպային և առողջապահության նախարարության ներկայացուցչին: Հակառակ պարագայում, ԿԲՀ-ի եզրակացությունների կայացմանը մասնակից կդառնան անձինք, ովքեր դրա իրավասությունը չունեն:

Տեսնել ավելին