Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N _______-Ն

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը` համաձայն հավելված 1-ի:
  2. Հաստատել`

1) դիմումներն ու հաղորդումներն ընդունելու և գրանցելու իրավասություն ունեցող ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ցանկը` համաձայն հավելված 2-ի.

2) հաղորդում ընդունելու մասին արձանագրության ձևը` համաձայն հավելված 3-ի.

3) հանցագործությունների, վարչական  իրավախախտումների և պատահարների գրանցամատյանի ձևը` համաձայն հավելված 4-ի.

4) գրանցամատյանի դրոշմակնիքի ձևը` համաձայն հավելված 5-ի.

5) կտրոն-ծանուցագրի ձևը` համաձայն հավելված 6-ի:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ներգերատեսչական հսկողության կարգը:
  2. 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ի 29-րդ կետը գործում է, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմնի հերթապահ մասը կամ հերթապահ ծառայությունն ապահովված է հեռախոսային խոսակցությունները ձայնագրող տեխնիկական միջոցներով:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                           

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                              Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

 

 

 «____»_______________201  թ.

ք. Երևան

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

 կառավարության 2017թ. ______«    »-ի

թիվ ___Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու հետ կապված  իրավահարաբերությունները:
  3. Սույն կարգի  գործողությունը  չի տարածվում`

1) ոստիկանության ծառայողների կողմից անմիջականորեն հայտնաբերված վարչական իրավախախտումների դեպքերի վրա, որոնցով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, կամ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել առանց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու.

2) տեխնիկական միջոցներով հայտնաբերված վարչական իրավախախտումների դեպքերի վրա, որոնք քննվել են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:  

  1. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) հանցագործության մասին դիմումներ՝ ֆիզիկական անձանց,  կազմակերպությունների գրավոր հաղորդումներ (այդ թվում` էլեկտրոնային եղանակով ստացված), որոնք առերևույթ պարունակում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու մասին ոստիկանության ծառայողի զեկուցագիրը, պետական այլ մարմնից, ոստիկանության  կենտրոնական  ապարատից   կամ    ոստիկանության տարածքային մարմիններից ստացված հանցագործությունների մասին գրությունները, իր վարույթում քննվող քրեական գործով նոր հանցագործություն հայտնաբերելու մասին նախաքննության մարմնի ղեկավարի գրությունը, ոստիկանությանն ուղղված դատախազի ցուցումը՝ հանցագործության մասին հաղորդումը (այդ թվում՝ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից հայտնի դարձած) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննարկելու մասին, անհայտ կորելու մասին գրավոր հաղորդումը.

2) հանցագործության մասին հաղորդումներ՝ ֆիզիկական անձանց, ոստիկանության տարածքային մարմնի, ոստիկանության ծառայողի բանավոր հաղորդումը, անհայտ կորելու մասին բանավոր հաղորդումը, որոնք առերևույթ պարունակում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ.

3) վարչական իրավախախտումների մասին դիմումներ և հաղորդումներ՝ համապատասխանաբար գրավոր հաղորդումներ և բանավոր հաղորդումներ, որոնք պարունակում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ, ոստիկանության ծառայողի զեկուցագիրը` հայտնաբերված վարչական իրավախախտման մասին, վարչական իրավախախտում հայտնաբերելու մասին նախաքննության մարմնից, պետական այլ մարմնից, ոստիկանության կենտրոնական ապարատից կամ նրա տարածքային մարմնից  ստացված գրությունը կամ հաղորդումը.

4) պատահարների վերաբերյալ հաղորդումներ՝ անմիջապես ոստիկանությունում հաղորդված կամ կապի միջոցներով ֆիզիկական անձանցից, կազմակերպություններից, պետական մարմիններից, ոստիկանության ծառայողից ստացված բանավոր տեղեկություններ դեպքերի և իրադարձությունների մասին, որոնք առերևույթ հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշներ չեն պարունակում, սակայն կարող են հանդիսանալ իրավախախտման պատճառ կամ հետևանք.

5) հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումների և հաղորդումների (այսուհետ՝ դիմումներ և հաղորդումներ)  ընդունում` ոստիկանության կենտրոնական ապարատի իրավասու ստորաբաժանման կամ ոստիկանության տարածքային մարմնի իրավասու ծառայողի կողմից դիմումների ու հաղորդումների ստացում.

6) դիմումների և հաղորդումների գրանցում՝ ոստիկանության կենտրոնական ապարատի իրավասու ստորաբաժանման կամ ոստիկանության տարածքային մարմնի իրավասու ծառայողի կողմից դիմումների ու հաղորդումների բովանդակության համառոտագրում հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների միասնական գրանցամատյանում.

7) դիմումների և հաղորդումների հաշվառում՝ յուրաքանչյուր ընդունված դիմումի  կամ հաղորդման հերթական համարով համարակալում, դրանց հետագա ընթացքի վերլուծություն և սույն կարգով նախատեսված դեպքերում` նյութերի մատյանային և համակարգչային հաշվառում.

8) դիմումներին և հաղորդումներին ընթացք տալը՝ ոստիկանության իրավասու  ծառայողների կողմից դիմումի կամ հաղորդման մեջ նշված փաստական  հանգամանքների ստուգման նպատակով օրենքով սահմանված գործողությունների իրականացում և որոշումների ընդունում (այսուհետ՝ ստուգում).

9) նյութեր՝ դիմումների և հաղորդումների ստուգման արդյունքում ստեղծված (ձեռք բերված) փաստաթղթերի կամ տեղեկությունների այլ նյութական կրիչների և առարկաների ամբողջություն.

10) անանուն դիմումներ և հաղորդումներ՝ առանց դիմումատուի կամ հաղորդում  ներկայացնողի անվան, ազգանվան կամ հասցեի հիշատակման, ինչպես նաև առանց ստորագրության` դիմում և հաղորդում, իսկ էլեկտրոնային եղանակով ստացված դիմումների դեպքում՝ առանց հետադարձ էլեկտրոնային փոստի  հասցեի, բնակության վայրի հասցեի, անվան, ազգանվան նշման դիմում:

  1. Ոստիկանության տարածքային մարմինները պարտավոր են տեսանելի վայրերում ամրացնել ցուցապաստառներ, որոնցում առկա կլինեն տեղեկություններ՝ դիմումների, հաղորդումներ ընդունելու մասին արձանագրությունների ձևի, դիմումները և հաղորդումները ոստիկանության ծառայողի կողմից ապօրինաբար չընդունելու իրավական հետևանքների, դրանք գրանցելու և ստուգելու կարգի և ժամկետների, սույն կարգի պահանջների նկատմամբ ներգերատեսչական հսկողություն իրականացնող վերադաս ստորաբաժանման, հսկող դատախազի և վերջինիս աշխատանքային, ինչպես նաև ոստիկանության «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարների վերաբերյալ: Նույնաբովանդակ տեղեկություններ զետեղվում են նաև ոստիկանության պաշտոնական կայքէջում:  

 

  1. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

  1. Դիմումները և հաղորդումները, անկախ իրավախախտումների կատարման կամ պատահարի առաջացման վայրից և ժամանակից, ինչպես նաև դրանցում պարունակվող տեղեկությունների ամբողջականությունից, պարտադիր ենթակա են ընդունման ոստիկանության տարածքային մարմիններում և գրանցման ոստիկանության` հերթապահ մաս ունեցող տարածքային մարմիններում:
  2. Ոստիկանության տարածքային մարմինների հերթապահ մասերը (այսուհետ` հերթապահ մաս) ապահովում են դիմումների և հաղորդումների շուրջօրյա ընդունումն ու գրանցումը: Դիմումների և հաղորդումների ընդունում և գրանցում կարող են իրականացնել նաև սույն որոշմամբ սահմանված ոստիկանության կենտրոնական ապարատի ստորորաբաժանումները (հավելված 2):
  3. Էլեկտրոնային եղանակով ստացված դիմումները գրանցվում են, եթե դրանք ուղարկվել են ոստիկանության dimum@police.am կամ press@police.am էլեկտրոնային հասցեներին:
  4. Էլեկտրոնային դիմումները տպագրվում են թղթային կրիչի վրա, գրանցվում և ստուգվում են դիմումների գրանցման և ստուգման ընթացակարգով:
  5. Փոստային, հեռագրական, ֆաքսիմիլային կամ կապի այլ միջոցներով ոստիկանության տարածքային մարմնում ստացված դիմումները գրանցվում են ոստիկանության տարածքային մարմնի քարտուղարությունում (այսուհետ` քարտուղարություն), որից հետո անհապաղ ներկայացվում են ոստիկանության տարածքային մարմնի պետին, իսկ նրա բացակայության դեպքում` ոստիկանության տարածքային մարմնի ղեկավար պաշտոնատար անձանցից նշանակված օրվա պատասխանատու հերթապահին (այսուհետ` պատասխանատու): Ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) պարտավոր է դիմումն անհապաղ ուղարկել հերթապահ մաս` գրանցման:
  6. Ոստիկանության տարածքային մարմնում ընդունված հաղորդումներն ամրագրվում են արձանագրության (հավելված 3) ձևով, որում նշվում են`

1) հաղորդում ներկայացնողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, հեռախոսահամարը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ստորագրությունը, առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավախախտման կամ պատահարի նկարագրությունը, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը.

2) հաղորդում ընդունողի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ստորագրությունը, արձանագրությունը կազմելու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն:

  1. Եթե հաղորդում ներկայացնող անձը հայտնում է իր տվյալները, սակայն հրաժարվում է ստորագրել ոստիկանության ծառայողի կազմած արձանագրությունը, ապա ոստիկանության ծառայողն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ (հնարավորության դեպքում արտացոլելով հրաժարման պատճառները): Արձանագրությունը սույն կարգի համաձայն ներկայացվում է գրանցման:
  2. Դիմումներն ու հաղորդումները գրանցվում են հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների մասին դիմումների և հաղորդումների միասնական գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան) (հավելված 4):
  3. Ֆիզիկական անձանց կողմից ներկայացված հանցագործության մասին դիմումը կամ հաղորդումը գրանցամատյանում գրանցելուց առաջ անձը գրավոր նախազգուշացվում է սուտ մատնության համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձի 16 տարին չի լրացել:
  4. Գրանցամատյանը կարվում, համարակալվում, կնիքվում և գրանցվում է ոստիկանության տարածքային մարմնի քարտուղարությունում:
  5. Գրանցամատյանում գրառում կատարելու իրավունք ունի հերթապահ մասի պետը, հերթափոխի ավագը, սույն կարգով նախատեսված դեպքում` նաև ոստիկանության տարածքային մարմնի ինֆորմացիայի և վերլուծության գծով պատասխանատու ծառայողը:
  6. Գրանցամատյանում գրառումները կատարվում են հստակ և ընթեռնելի ձեռագրով: Գրառումների վրա ուղղումներ կատարել չի թույլատրվում: Սխալ գրառումները վերցվում են փակագծերի մեջ, գրանցվում են նորից` նույն համարի ներքո և հաստատվում հերթափոխի ավագի ստորագրությամբ:
  7. Գրանցամատյանում գրանցված դիմումին կամ հաղորդմանը տրվում է հերթական հաշվառման համար` սկսած օրացուցային տարվա սկզբից:
  8. Գրանցամատյանում գրառումները պետք է պարունակեն դիմումը կամ հաղորդումը գրանցելու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, իրավախախտման կամ պատահարի հակիրճ նկարագրությունը (ժամանակը, վայրը, հանգամանքները), դիմում կամ հաղորդում ներկայացնող անձի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, կազմակերպության անվանում, հասցե, հեռախոսահամար), հերթապահի կողմից ձեռնարկված միջոցառումները, դիմումը կամ հաղորդումը ստուգելու համար ստացող ոստիկանության ծառայողի, այդ թվում` օպերատիվ խմբի ղեկավարի տվյալները, դիմումը կամ հաղորդումը ստուգելու համար ստանալու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, ստուգելու արդյունքում ընդունված որոշումը և այն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը, քրեական գործի համարը, այն մարմինը, ուր նյութերն ուղարկվել են ըստ ենթակայության, նախկինում գրանցված դիմումին կամ հաղորդմանը նոր դիմումի կամ հաղորդման կցումը, կտրոն-ծանուցագրի համարը:
  9. Դիմումները կամ հաղորդումները գրանցելիս՝ դիմումի կամ հաղորդման արձանագրության վրա դրվում է հերթապահ մասի գրանցամատյանի դրոշմակնիքը (հավելված 5), որի վրա լրացվում են ոստիկանության տարածքային մարմնի անվանումը, գրանցման օրը, ամիսը, տարեթիվը, հերթական համարը, դիմումը կամ հաղորդումը գրանցող ոստիկանության ծառայողի անունը, ազգանունը և ստորագրությունը:
  10. Եթե գրանցում կատարող ոստիկանության ծառայողի կարծիքով ստացվող տեղեկատվությունը սույն կարգի համաձայն դիմում կամ հաղորդում չի հանդիսանում, ապա ոստիկանության տարածքային մարմնի պետի (պատասխանատուի) համաձայնությամբ (մակագրությամբ) քաղաքացու դիմումը կամ հաղորդման մասին զեկուցագիրը հանձնվում է քարտուղարություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար:
  11. Սույն կարգով նախատեսված դեպքերում ըստ ենթակայության պետական այլ մարմին կամ ոստիկանության տարածքային այլ մարմին ուղարկելիս` դիմումը կամ հաղորդումը ոստիկանության տարածքային տվյալ մարմնում համարվում են գրանցումից հանված և ստուգման ենթակա չեն:
  12. Ըստ ենթակայության սխալմամբ ուղարկված դիմումներն ու հաղորդումները հետ վերադարձվելու դեպքում կրկին գրանցվում են, իսկ ստուգման ժամկետները հաշվվում են երկրորդ գրանցման օրվանից:
  13. Քարտուղարության աշխատակիցներին արգելվում է դիմումատուներից կամ նրանց ներկայացուցիչներից առձեռն ստանալ դիմումներ կամ ընդունել հաղորդումներ:
  14. Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների մասին անանուն հաղորդումները, որոնց ստուգումը պահանջում է պատահարի կամ իրավախախտման վայրի մեկնում, ենթակա են գրանցման գրանցամատյանում:
  15. Եթե անանուն հաղորդումների ստուգումը չի պահանջում պատահարի կամ իրավախախտման վայրի մեկնում, ապա դրանք չեն գրանցվում և ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա, ոստիկանության տարածքային մարմնի պետի կամ պատասխանատուի ցուցումով (մակագրությամբ) կցվում են գրանցամատյանին կից անվանակարգային գործին:
  16. Անանուն դիմումները գրանցամատյանում գրանցման ենթակա չեն:
  17. Անանուն դիմումները գրանցվում են քարտուղարությունում և հանձնվում օպերատիվ-հետախուզական կամ իրավասու այլ ստորաբաժանում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացքը լուծելու համար:
  18. Եթե միևնույն հանցագործության, վարչական իրավախախտման կամ պատահարի մասին ստացվում է երկու և ավելի դիմում կամ հաղորդում, ապա բոլոր դիմումները և հաղորդումները գրանցվում են, կնքվում գրանցամատյանի դրոշմակնիքով և զեկուցագրով կցվում առաջինը գրանցված դիմումին կամ հաղորդմանը:
  19. Միևնույն անձից երկու և ավելի անգամ ստացված դիմումներն ու հաղորդումները գրանցվում են սույն կարգի համաձայն, սակայն կարող են չստուգվել, եթե վերաբերում են միևնույն իրավախախտման կամ պատահարի հանգամանքներին: Ստուգում չիրականացնելու հիմնավորումների մասին դիմում կամ հաղորդում ներկայացնողին տրվում է գրավոր պարզաբանում:
  20. Հեռախոսային կապի միջոցով ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, սույն որոշմամբ սահմանված ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումներ և ոստիկանության տարածքային մարմինների հերթապահ մասեր և հերթապահ ծառայություններ ուղղված բոլոր զանգերը, ինչպես նաև ելքային զանգերը ձայնագրվում են: Ձայնագրությունները պահպանվում են 30 օր և ենթակա են ոչնչացման ինքնաշխատ կարգով:
  21. Նախաքննության մարմնի՝ հանցագործության  նոր  դեպքի  կամ վարչական իրավախախտման հայտնաբերման մասին գրությունն անհապաղ գրանցվում է գրանցամատյանում:
  22. Հանցագործության նոր դեպքի մասին գրությունը գրանցելուց հետո, 24-ժամվա ընթացքում, նախաքննության մարմնին գրավոր տրամադրվում է գրանցված գրության համարը:
  23. Դիմողից, նրա ներկայացուցչից անմիջապես ոստիկանության տարածքային մարմնում հանցագործության մասին դիմում կամ հաղորդում ընդունելիս՝ հաղորդում կամ դիմում ընդունող ոստիկանության իրավասու ծառայողը պարտավոր է վերջիններիս անհապաղ տրամադրել կտրոն-ծանուցագիր (հավելված 6):
  24. Կտրոն-ծանուցագրերը համարակալվում, գրքերի են բրոշյուրավորվում և հաշվառվում քարտուղարությունում: Կտրոն-ծանուցագրերը ոստիկանության իրավասու ծառայողին են հանձնվում ստորագրությամբ, իսկ օգտագործված կտրոն-ծանուցագրի հիմքը վերադարձվում է քարտուղարություն:
  25. Կտրոն-ծանուցագրի դարձերեսին ամրագրվում են տեղեկություններ հանցագործության մասին դիմումների և հաղորդումների քննարկման ժամկետների, ընդունվող որոշումների, որոշումները բողոքարկելու կարգի, սույն կարգի կատարման նկատմամբ ներգերատեսչական հսկողություն իրականացնող վերադաս ստորաբաժանման վերաբերյալ:

 

  1. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

  1. Հանցագործությունների մասին դիմումներն ու հաղորդումները գրանցելուց հետո, կամ վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերի քննությամբ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելիս` 4 ժամվա ընթացքում դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգի օպերատիվ հաղորդագրությունների հաշվառման շտեմարան:
  2. Ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգում մուտքագրված տեղեկատվությունը շուրջօրյա ռեժիմով համակարգվում է ոստիկանության շտաբի հերթապահ մասում:
  3. Վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի թիվ 292-Ն որոշմամբ սահմանված կարգով:
  4. Նյութերը, որոնցով ընդունվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ, հաշվառվում են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների հաշվառման մատյանում, իսկ այն նյութերը, որոնցով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ չի սկսվել կամ սկսած վարույթը կարճվել է, հաշվառվում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չսկսելու և սկսված վարույթը կարճելու մասին որոշումների հաշվառման մատյանում:
  5. Սույն կարգի 39-րդ կետում նշված հաշվառման մատյանները վարում է ոստիկանության տարածքային մարմնի` ինֆորմացիայի և վերլուծության գծով պատասխանատու ոստիկանության ծառայողը:
  6. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում ընդունելուց հետո այլ պետական մարմիններ, կազմակերպություններ ավելի վաղ ուղարկված հարցումների պատասխանները կամ նշանակված փորձաքննություների եզրակացությունները ստանալիս` դրանք կցվում են մերժված նյութերին, եթե դրանցում պարունակվող տվյալները չեն հակասում ընդունված որոշմանը: Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմանը հակասելու դեպքում ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) 24 ժամվա ընթացքում դիմում է հսկող դատախազին` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու հարցը լուծելու նպատակով` տրամադրելով համապատասխան նյութերը:

 

  1. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ  ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

  1. Դիմումները և հաղորդումները գրանցելուց հետո, դրանք տեղում ստուգելու անհրաժեշտության դեպքում, հերթափոխի ավագն օպերատիվ խումբ է ուղարկում իրավախախտման կամ պատահարի վայր, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում իրավախախտումները կանխելու կամ խափանելու, պետական այլ մարմինների, բժշկական կազմակերպությունների փոխօգնությանը դիմելու ուղղությամբ և այդ մասին զեկուցում է ոստիկանության տարածքային մարմնի պետին կամ պատասխանատուին:
  2. Ոստիկանության տարածքային մարմիններում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ստացված դիմումները և հաղորդումները ստուգման նպատակով ուղարկվում են (հանձնվում են) Ճանապարհային ոստիկանություն:
  3. Իրավախախտման կամ պատահարի վայր ժամանած օպերատիվ խմբի ղեկավարը և անդամները (ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում` ճանապարհային ոստիկանության ծառայողները) պարտավոր են`

1) կանխել, խափանել իրավախախտումները, իրավախախտում կատարած անձանց բռնելու նպատակով ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ.

2) իրավախախտումից, պատահարից տուժած, կյանքի կամ առողջության համար վտանգավոր այլ վիճակներում գտնվող անձանց ցույց տալ անհրաժեշտ օգնություն.

3) միջոցներ ձեռնարկել իրավախախտման կամ պատահարի վայրը պահպանելու ուղղությամբ.

4) ընդունել հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ հաղորդումներ.

5) հանցագործության հատկանիշներ ամնիջականորեն հայտնաբերելիս՝  կատարել դեպքի վայրի զննություն.

6) ձեռնարկվող միջացառումների ընթացքի մասին հայտնել ոստիկանության տարածքային մարմնի հերթապահ մաս, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տարածքային մարմնի պետին կամ պատասխանատուին, Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների ստուգման դեպքում` ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

  1. Հայտնաբերված հանցագործության վերաբերյալ հաղորդում ընդունելու դեպքում հաղորդում տվողին պարզաբանվում է 24 ժամվա ընթացքում հերթապահ մասից կտրոն-ծանուցագիր ստանալու նրա իրավունքը:
  2. Հաղորդումը հերթապահ մասում գրանցման է ներկայացնում օպերատիվ խմբի ղեկավարը` դեպքի վայրից վերադառնալուց հետո անմիջապես:
  3. Օպերատիվ խմբի մեջ մտնող ոստիկանության ծառայողներից մեկին հերթափոխի ավագը նշանակում է օպերատիվ խմբի ղեկավար` համաձայն ոստիկանության տարածքային մարմնի պետի կողմից նախապես հաստատված գրաֆիկի:
  4. Ոստիկանության տարածքային մարմնի պետի կամ պատասխանատուի իրավախախտման կամ պատահարի վայրում գտնվելու դեպքում՝ օպերատիվ խումբը ղեկավարում է ոստիկանության տարածքային մարմնի պետը կամ պատասխանատուն՝ անկախ իրավախախտման կամ պատահարի վայրում ոստիկանության վերադաս ստորաբաժանումների պետերի կամ դրանց ծառայողների կամ քննչական ստորաբաժանման պետերի կամ դատախազների ներկա գտնվելու հանգամանքից:
  5. Օպերատիվ խմբի ղեկավարը պատասխանատու է ստուգման համար:
  6. Հանցագործության կամ պատահարի վայր քննիչ ժամանելու դեպքում, օպերատիվ խումբը ղեկավարում է քննիչը` անկախ պատահարի վայրում ոստիկանության տարածքային մարմնի պետի, ոստիկանության վերադաս ստորաբաժանումների պետերի կամ դրանց ծառայողների կամ պատասխանատուի կամ քննչական ստորաբաժանման պետերի կամ դատախազների ներկա գտնվելու հանգամանքից:
  7. Հերթապահության ընդունում-հանձնում  իրականացնելիս՝  հերթապահ  մասի պետը կամ նրա հանձնարարությամբ հերթափոխի ավագը ոստիկանության տարածքային մարմնի պետին (պատասխանատուին) զեկուցում է`

1) հերթապահ մասում ստացված դիմումների և հաղորդումների քանակը և դրանց համառոտ բովանդակությունը.

2) հերթապահ մասում գրանցված դիմումների և հաղորդումների քանակը.

3) հերթապահության օրվա դրությամբ նախկինում գրանցված դիմումներով և հաղորդումներով սույն կարգով սահմանված որոշումներ ընդունելու ժամկետների խախտումների դեպքերը:

  1. Ոստիկանության տարածքային մարմնի պետի (պատասխանատուի) կողմից զեկուցագրերը մակագրվում են, այնուհետև հանձնվում ստուգման պարտականությունը կրող ոստիկանության ծառայողին:
  2. Դիմումներն ու հաղորդումներն ստուգում իրականացնելու համար ոստիկանության ծառայողին են հանձնվում հերթապահ մասում՝ հերթափոխի ավագի կողմից` գրանցամատյանում նշելով նյութերը ստուգում կատարողին հանձնելու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, ինչպես նաև կատարողի տվյալները և նրա ստորագրությունը:
  3. Ստուգում իրականացնող ոստիկանության ծառայողը պարտավոր է պարզել դիմում կամ հաղորդում ներկայացնող անձի և նրա բնակության վայրի վերաբերյալ տվյալների լրիվությունն ու իսկությունը: Տվյալների ոչ լրիվության դեպքում ոստիկանության ծառայողը պետք է միջոցներ ձեռնարկի դրանք ճշտելու ուղղությամբ:
  4. Եթե ստուգման ընթացքում պարզվում է, որ դիմում կամ հաղորդում ներկայացրած անձի և նրա բնակության վայրի տվյալներն իրականությանը չեն համապատասխանում, ապա դրանք ստուգում իրականացրած ծառայողի զեկուցագրի հիման վրա ոստիկանության տարածքային մարմնի պետի կամ պատասխանատուի մակագրությամբ կցվում են գրանցամատյանին կից անվանակարգային գործին, այդ մասին նշում է կատարվում գրանցամատյանում և ընթացքը լուծվում է սույն կարգի 27-րդ կետով սահմանված կարգով:
  5. Պատահարների մասին հաղորդումները ստուգելու ընթացքում հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշներ հայտնաբերելիս` ստուգում կատարող ոստիկանության ծառայողը պարտավոր է ոստիկանության տարածքային մարմնի պետին կամ պատասխանատուին անհապաղ ներկայացնել զեկուցագիր: Այս դեպքում գրանցամատյանում նշվում է սույն կարգի 59-րդ կամ 61-րդ կետերով նախատեսված որոշումներից մեկը:
  6. Վարչական իրավախախտումների մասին դիմումների և հաղորդումների ստուգման ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելիս` ստուգում կատարող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ ոստիկանության տարածքային մարմնի պետին կամ պատասխանատուին ներկայացնել զեկուցագիր: Այս դեպքում գրանցամատյանում նշվում է սույն կարգի 59-րդ կետով նախատեսված որոշումներից մեկը:
  7. Հանցագործության մասին դիմումները և հաղորդումները ստուգվում և որոշումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում:
  8. Հանցագործության մասին դիմումների և հաղորդումների ստուգման արդյունքներով ընդունվում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) դիմումը կամ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

  1. Վարչական իրավախախտումների մասին դիմումները և հաղորդումները ստուգվում և որոշումներն ընդունվում են վարչական իրավախախտման վերաբերյալ դիմումը և հաղորդումը գրանցելուց հետո 7-օրյա ժամկետում:
  2. Վարչական իրավախախտման մասին դիմումների և հաղորդումների ստուգման արդյունքում, ստուգում իրականացնող ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա, ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

1) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ սկսելու.

2)  վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ չսկսելու.

3) նյութերը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու լիազորություն ունեցող պետական մարմին կամ ըստ տարածքային ենթակայության ոստիկանության տարածքային այլ մարմին ուղարկելու մասին:

  1. Սույն կարգի 61-րդ կետով նախատեսված որոշումները ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) ընդունում է՝ ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի վրա մակագրություն կատարելու ձևով:
  2. Պատահարի մասին հաղորդումները ստուգվում և սույն կարգի 64-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված որոշումներն ընդունվում են պատահարի վերաբերյալ հաղորդումը գրանցվելուց հետո 5-օրյա ժամկետում, իսկ սույն կարգի 64-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
  3. Պատահարի վերաբերյալ հաղորդման ստուգման արդյունքներով ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն), ոստիկանության ծառայողի զեկուցագրի վրա մակագրություն կատարելու ձևով, ընդունում է հետևալ որոշումներից մեկը՝

1) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերը կցել գրանցամատյանին կից անվանակարգային գործին, եթե ստուգմամբ հնարավոր է փաստել հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշների բացակայությունը.

2) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի  հիման վրա  նյութերի հետագա ընթացքը լուծել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, եթե ստուգմամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշում չի կայացվել: Այս դեպքում գրանցամատյանում նշվում է սույն կարգի 59-րդ կետով նախատեսված որոշումները.

3) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա   նյութերն ուղարկել այն պետական մարմին, որն օրենքով լիազորված է պատահարի քննության արդյունքներով կայացնել որոշում կամ ըստ տարածքային ենթակայության՝ ոստիկանության տարածքային այլ մարմին:

  1. Ստուգման արդյունքներով ընդունված որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում հանձնվում է հերթափոխի ավագին` գրանցամատյանում նշում կատարելու համար:
  2. Ոստիկանությունում գրանցված հանցագործության մասին դիմումների և հաղորդումների ստուգումը նախաքննության մարմնի կողմից իրականացվելու դեպքում ստուգման արդյունքում ընդունված որոշման մասին տեղեկությունները գրանցամատյանում գրառում է ոստիկանության տարածքային մարմնի` ինֆորմացիայի և վերլուծության գծով պատասխանատու ոստիկանության ծառայողը` նախաքննության մարմնից տեղեկությունները ստանալուց հետո անմիջապես:

 

 

  • Քննարկվել է

    01.02.2017 - 16.02.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    ՀՀ ԿԱ ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 880

Տպել