Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ  

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «կառավարման մարմին» բառերը փոխարինել «կառավարման մարմնի» բառերով և փակագծից հետո լրացնել «զբաղվածության պետական գրասենյակ (այսուհետ՝ գրասենյակ)» բառերով: 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 8-րդ, 9-րդ և 13-րդ կետերում, 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, 9-րդ հոդվածի 1-5-րդ մասերում, 13-րդ հոդվածում, 16-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-6-րդ մասերում, 17-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերում, 18-րդ հոդվածի 4-րդ մասում, 19-րդ հոդվածի վերնագրում և 1-ին, 2-րդ մասերում, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում, 4-7-րդ և 9-րդ մասերում, 20-րդ հոդվածի 12-14-րդ և 16-րդ մասերում, 21-24-րդ հոդվածներում, 26-րդ հոդվածի 4-րդ, 8-րդ, 14-րդ, 15-րդ և 18-րդ մասերում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «գրասենյակ» բառով` համապատասխան հոլովաձևերով: 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը «իրականացնում» բառից հետո լրացնել «գրասենյակի ու նրա տարածքային կենտրոնների միջոցով» բառերով: 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«Հոդված 11. Լիազորված մարմնի և գրասենյակի լիազորությունները

  1. Լիազորված մարմինը`

1) մշակում է առաջարկություններ բնակչության զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելա­գործման նպատակով.

2) մշակում է առաջարկություններ աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժը կարգավորող օրենսդրության կատա­րելագործման նպատակով.

3) մշակում է ամենամյա ծրագիրը.

4) հաստատում է ամենամյա ծրագրի մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանությունը.

5) իրականացնում է ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը.

6) տեղաբաշխում է ամենամյա ծրագիրը` ըստ մարզերի, տարածքների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների), որի հիմքում դրվում են շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաև սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները, որի կարգն ու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

7) սահմանում է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման հարցաթերթիկի, ամփոփ եզրակացության ձևերը, աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրի, անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի, զբաղվածության պետական ծրագրերի իրականացման նպատակով կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը.

8) հաստատում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացումն ապահովող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների աշխատանքի տեղավորման ծառայություններից օգտվելու աջակցության տրամադրման հավաստագրի, մասնագիտական ուսուցման ուղեգրի ձևերը, գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման ծրագրով նախատեսված աշխատավարձի հավելման չափերը` ըստ մասնագիտությունների, ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկների՝ գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն տրամադրելու ծրագրին գործազուրկ(ներ)ի մասնակցության մասին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրով աշխատող անձի (անձանց) աշխատանքային գործունեության մասին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրով աշխատող, հաշմանդամություն ունեցող անձի ուղեկցողի աշխատանքային գործունեության մասին` գործատուի կողմից տարածքային կենտրոն ներկայացվող տեղեկանքների ձևերը, հողօգտագործողներին աջակցության գործարար ծրագրի և աշխատանքների կատարման պլան-ժամանակացույցի ձևերը:

  1. Գրասենյակը՝

1) ներկայացնում է առաջարկություններ բնակչության զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելա­գործման նպատակով.

2) ներկայացնում է առաջարկություններ աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժը կարգավորող օրենսդրության կատա­րելագործման նպատակով.

3) իրականացնում է ամենամյա ծրագիրը.

4) մասնակցում է ամենամյա ծրագրի մոնիթորինգի ու գնահատման գործընթացին.

5) մասնակցում է ամենամյա ծրագրի տեղաբաշխմանը` ըստ մարզերի, տարածքների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների), որի հիմքում դրվում են շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաև սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները, որի կարգն ու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

6) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում.

7) ապահովում է աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

8) իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառումը, հաշվառումից հանումը, գործազուրկի կարգավիճակ տալը, դրա կասեցումը, վերականգնումը և դադարեցումը.

9) կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

10) համագործակցում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ.

11) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններին մասնակից է դարձնում զբաղվածության պետական ծրագրի իրականացմանը` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

12) հաշվառում և հաշվառումից հանում է գրասենյակի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը.

13) գրասենյակի հետ համագործակցող՝ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը ներառում է պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում և հանում է ցանկից.

14) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ կրթության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին` նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների ցանկի և տեղերի վերաբերյալ.

15) վարում է էլեկտրոնային պաշտոնական կայքէջ և ձևավորում է տեղեկատվական շտեմարան` աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքման և փոխանակման ապահովման նպատակով.

16) ապահովում է հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորումը և արդյունավետ գործունեությունը.

17) հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչների գրավոր հարցման հիման վրա տրամադրում է տեղեկատվություն` ամենամյա ծրագրի իրականացման մասին.

18) զանգվածային լրատվության միջոցներով` պարբերաբար և էլեկտրոնային պաշտոնական կայքէջի միջոցով` առցանց հրապարակում է նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի, ամենամյա ծրագրի կատարման ընթացքի (ծախսված ֆինանսական միջոցների և արդյունքների) մասին տեղեկատվություն.

19) ապահովում է ամենամյա ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը:»: 

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը «մարմինը» բառից հետո լրացնել «և գրասենյակը» բառերով: 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում «լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի» բառերը, իսկ 16-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերում, 26-րդ հոդվածի 5-րդ, 17-րդ և 19-րդ մասերում «լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի» բառերը փոխարինել «գրասենյակի տարածքային կենտրոնի ղեկավարի» բառերով: 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.03.2019 - 27.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7160

Տպել