Հիշել նախագիծը

«ՄԱՐԶԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

----- ---------------- 201­­­­­  թվականի N - Ն

 

ՄԱՐԶԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Բնական և տեխնածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքման և կառավարման գործընթացի անխզելիության և շարունակականության ապահովման նպատակով՝ սահմանել մարզերի, համայնքների և կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման պլանների կառուցվածքը` համաձայն հավելվածի:
2. Արտակարգ իրավիճակների Նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

  • կազմել և հաստատել աղետների ռիսկի կառավարման պլաններ մշակող կազմակերպությունների ցանկը.
  • մշակել և հաստատել մարզի, համայնքի, կազմակերպության, այդ թվում՝ կրթական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման պլանների օրինակելի ձևերը:

3. Մարզպետներին՝ մարզի աղետների ռիսկի կառավարման պլանի օրինակելի ձևը ստանալուց հետո եռամսյա ժամկետում մշակել և հաստատել աղետների ռիսկի կառավարման պլանները՝ նախապես այն համաձայնեցնելով Արտակարգ իրավիճակների նախարարության հետ:
4. Առաջարկել համայնքների ղեկավարներին՝ համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի օրինակելի ձևը ստանալուց հետո եռամսյա ժամկետում մշակել և հաստատել աղետների ռիսկի կառավարման պլանները՝ նախապես այն համաձայնեցնելով Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հետ:
5. Կազմակերպությունների ղեկավարներին (անկախ կազմակերպական-իրավական տեսակից)՝ կազմակերպության աղետների ռիսկի կառավարման պլանի օրինակելի ձևը ստանալուց հետո եռամսյա ժամկետում մշակել և հաստատել աղետների ռիսկի կառավարման պլանները՝ նախապես այն համաձայնեցնելով Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հետ:
6. Արտակարգ իրավիճակների, Կրթության և գիտության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին՝ 2 տարվա ընթացքում համատեղ կազմակերպել կրթական հաստատությունների (անկախ պատկանելիությունից ու սեփականության ձևից) կողմից աղետների ռիսկի կառավարման պլանների մշակումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                      

                    ՎԱՐՉԱՊԵՏ                                                            

 

 

Հավելված

Կառավարության 201__ թվականի

 ________-ի ___-ի N____ - Ն որոշման

 

 

ՄԱՐԶԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Աղետների ռիսկի կառավարման պլանն ունի թղթային և/կամ էլեկտրոնային ձև, որը բաղկացած է հետևյալ բաժիններից.

  • Ընդհանուր նկարագիրը.
  • Աղետների ռիսկի կառավարման համակարգը.
  • Աղետների ռիսկի նվազեցում (Վտանգների, խոցելիության, բացասական հետևանքների, աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների և կարողությունների նկարագրություն).
  • Արտակարգ իրավիճակներում գործողությունների կազմակերպումը և իրականացումը.
  • Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը / բնականոն գործունեության ապահովումը.

2. Աղետների ռիսկի կառավարման պլանն ունի պլանից բխող հավելվածներ (քարտեզներ, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների տարեկան պլան-ժամանակացույց, ազդարարման սխեմա, տարահանման պլան, ստանդարտ գործողությունների ընթացակարգերն ըստ բնորոշ աղետների և այլն).

3. Սույն հավելվածի 1-ին կետով հաստատված աղետների ռիսկի կառավարման պլանի կառուցվածքին հավելյալ կարող են ավելանալ բացահայտման, գնահատման և աջակցող գործիքներ` հաշվի առնելով մարզերի, համայնքների և կազմակերպությունների առանձնահատկություններն աղետների ռիսկի կառավարման գործում:

4. Աղետների ռիսկի կառավարման պլանի էլեկտրոնային տարբերակը ներկայացվում է շահագրգիռ մարմիններին, իսկ թղթայինը` պահպանվում է մշակող կողմի մոտ:

5. Աղետների ռիսկի կառավարման պլանը ճշգրտվում է տարեկան պարբերականությամբ:

  • Քննարկվել է

    05.02.2019 - 20.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10820

Տպել