Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                              ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1920-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կոնսերվատորիա) կառավարման խորհրդի առաջարկությամբ:

      Կոնսերվատորիայի գործող կանոնադրությունում առկա չէ նախապատրաստական կրթության իրականացման ձեռնարկատիրական իրավունքը: Նախապատրաստական կրթության գերակա խնդիրը ապագա կատարող և ստեղծագործող անձանց հետագա մասնագիտական կողմնորոշմանը և ընդունելությանը նախապատրաստելն է, որը կապահովվի  նախապատրաստական վճարովի դասընթացների միջոցով, կոնսերվատորիայի դիմորդներին իրավունք վերապահելով սահմանված կարգով ստանալ կոնսերվատորիայի ընդունելության համար անհրաժեշտ գիտելիքներ:

        Պրակտիկաների կազմակերպումն ու անցկացումը կոնսերվատորիայի համապատասխան ամբիոնում, ուսումնական տարվա ընթացքում՝ որպես տեսական դասընթացի շարունակություն, կնպաստի մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացմանը, քանի որ կոնսերվատորիան հանդիսանում է երաժշտական արվեստի ոլորտում միակ բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող կազմակերպություն, ուստի առավել արդյունավետ է ստեղծագործական և մասնագիտական որակների գործնական կատարելագործման գործընթացը կազմակերպել կոնսերվատորիայում: Մասնավորապես, վճարովի հիմունքներով ներգրավելով երեխաների, նրանց կցելով սովորողի՝ պրոֆեսորի կամ դոկտորի անմիջական վերահսկողությամբ, գույքի կամ պայմանների ապահովմամբ, պրակտիկայի կազմակերպման ամբիոնում գործնական պարապմունքները կտան առավել արդյունավետ մասնագիտական որակներ:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերության համաձայն՝ Պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

Ամրացված գույքի օգտագործման արդյունքում պետական կազմակերպության ստացած  եկամուտները պետական կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ պետական կազմակերպության կանոնադրությամբ:

Կոնսերվատորիային անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքի մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացը Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ սահմանված կարգով կազմակերպման արդյունքում ստացված վարձավճարները ուղղվում են պետական բյուջե՝  / գործող կանոնադրության 72-րդ կետը/:

 

  1. կարգավորման նպատակը

Կոնսերվատորիայի կանոնադրության մեջ լրացումներ կատարելու, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ  նախապատրաստական կրթություն կազմակերպելու իրավունք սահմանելու նպատակն է կոնսերվատորիային տրամադրել հնարավորություն նախապատրաստել  ապագա ուսանողներ, աջակցել ներբուհական ընդունելությանը, ինչպես նաև դրանից ստանալ եկամուտներ, որոնք կօգտագործվեն կոնսերվատորիայի նպատակների իրականացման համար։

Երաժշտական ոլորտում միակ բարձրագույն հաստատությունը համարվող բուհում՝ համապատասխան ամբիոնում, պրակտիկան կազմակերպելը և անցկացնելը որպես տեսական բարձրագույն դասընթացի շարունակություն, կապահովի կոնսերվատորիայի մասնագիտացումների գործնական և խորացված ուսումնասիրությունների միջև եղած կապը, առավել արդյունավետ և որակյալ կլինի շրջանավարտների համար, կնպաստի սովորողների և պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ տեսական և գործնական աշխատանքի շարունակական կազմակերպմանը, միաժամանակ ապահովելով մուտքագրված միջոցներից կրթության կազմակերպման համար ծախսերի իրականացմանը։

Կանոնադրության 72-րդ կետում առջարկվող փոփոխության նպատակը  կոնսերվատորիային ամրացված գույքի սահմանված կարգով մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման արդյունքում ստացված ֆինանսական միջոցները  բուհի կանոնադրական խնդիրների և նպատակների իրականացմանը ուղղելն է:

 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զարգացմանը, մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացմանը:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին N 1920-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ տեղի չեն ունենա:

  • Քննարկվել է

    23.01.2019 - 14.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6989

Տպել