Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

                               

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.

Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործման կարգի  (այսուհետև` Կարգ)  5-րդ կետի «թ» ենթակետի՝ ՍԷԿՏ համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալների տրամադրման աղբյուրներից է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժանորդային կետերից համակարգչային կապով ստացվող տվյալները, որոնցից են քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները` խափանման միջոցը կիրառելու մասին հայտարարման պահին:

Հարկ է նկատել, որ ներկայիս կարգավորման պայմաններում բացի ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցից որևէ այլ խափանման միջոցի կիրառման պարագայում ՍԷԿՏ համակարգի շահագործման հնարավորությունը բացակայում է, ինչը գործնականում կարող է խնդրահարույց իրավիճակների հիմք հանդիսանալ:

 

 

 

  1. Առկա իրավիճակը.

Համաձայն 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով:

Վերոնշյալը փաստում է, որ բարձրագույն իրավաբանական ուժով օժտված իրավական ակտով սահմանվում է, որ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել հանցագործությունների կանխման կամ բացահայտման համար, իսկ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մեղադրյալի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կարող է կիրառվել, եթե ապահովվի անձի՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվելը:

Համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Սույն հոդվածի 1-ին մասի (c) ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:

ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Տ. Հակոբյանի վերաբերյալ ՎԲ-115/07 գործով արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` ««Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմը ՀՀ իրավունքի բաղկացուցիչ մասն է, և ՀՀ իրավասու դատարանները, անկախ անձին մեղսագրված հանցագործության ծանրության աստիճանից, լիազորված են քննարկել մեղադրյալին գրավի կիրառմամբ կալանքից ազատ արձակելու հնարավորության հարցը»:

Այսինքն՝ բարձրագույն դատական ատյանն արձանագրել է, որ նույնիսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված լինելու փաստը չի կաշկանդում դատարանին անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը:

Ստացվում է, որ երբ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվում է գրավով, և անձը, փաստացի, դեռևս գտնվում է ազատության մեջ, որևէ գործիքակազմ առկա չէ մեղադրյալի կողմից սահմանի հատումը կանխելու համար:

Այսինքն, ներկայիս կարգավորումերով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում չի արտացոլվում անձի նկատմամբ գրավ խափանման միջոցի կիրառված լինելու հանգամանքը, և այն չի հանդիսանում ՍԷԿՏ համակարգի շահագործման հիմք, հետևաբար՝ վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն չի ընձեռնվում վերահսկել անձի տեղաշարժը այնպես, ինչպես անձի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու դեպքում:

Հարկ է նկատել, որ գրավի՝ որպես խափանման միջոցի կիրառման պարագայում ՍԷԿՏ համակարգում դրա մասին տեղեկատվության զետեղման անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև օրենսդրական մակարդակով: Մասնավորապես, գրավի կիրառման դեպքում մեղադրյալի՝ առանց վարույթ իրականացնող մարմնի թույլտվության տեղաշարժի սահմանափակում ամրագրող նորմ է նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասով, համաձայն որի՝ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ:

Վերոնշյալը փաստում է, որ այն դեպքում, երբ դատարանը կայացնում է որոշում գրավը որպես արդեն իսկ ընտրված կալանքի այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ապա մեղադրյալը ցանկացած պարագայում այլ տեղանք մեկնելու դեպքում վարույթ իրականացնող մարմնից թույլտվություն ստանալու պարտականություն է կրում: Հակառակ պարագայում, դատախազը ձեռք է բերում գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ դատարան դիմելու իրավունք:

Այսպիսով, մեղադրյալը առանց վարույթ իրականացնող մարմնի թույլտվության չի կարող դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից, բայց, միևնույն ժամանակ, բացակայում է օրենսդրական նշված նորմի իրացման հնարավորությունը, քանի որ, ինչպես նշվեց, ՍԷԿՏ համակարգում անձի նկատմամբ գրավ խափանման միջոցի կիրառված լինելու վերաբերյալ տվյալի բացակայությունը անձի սահմանային շարժը արգելափակելու հնարավորություն չի ընձեռում:

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Քննարկվող կարգավորումը հնարավորություն է տալիս, ի թիվս այլ մարմինների, նախաքննություն իրականացնող մարմիններին դիմել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ կասկածյալի կամ մեղադրյալի տեղաշարժի նկատմամբ հսկողություն սահմանելու և վերջինիս կողմից սահմանի հատումը կանխելու նպատակով:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ բացի ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերաբերյալ տեղեկատվությունից նախատեսել նաև դատարանի կողմից մեղադրյալին կալանքից գրավով ազատելու վերաբերյալ տեղեկատվությունը՝ որպես ՍԷԿՏ համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալ:

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից:

  • Քննարկվել է

    09.01.2019 - 24.01.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6195

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Սարաֆյան

09.01.2019

կարծում եմ, որ որևէ երաշխիք չկա որ անձնական երաշխավորության կամ կազմակերպության երաշխավորություն խափանման միջոցների դեպքում վարույթով անցնող անձինք չեն փորձի հատել սահմանը, առաջարկում եմ որոշման նախագիծը լրացնել նաև վերոնշյալ խափանման միջոցների մասով ևս` անկախ քաղաքացիությունից, հտեսնեք հետագայում կամ կարող են նաև նմանատիպ խնդիրներ առաջանալ երաշխավորված անձանց մասով ևս, կարելի է վստահաբար ասել որ նախագիծը ուշացած է և հաջորդ անգամ կարիք չլինի նաև երաշխավորումների մասով նոր լրացման նախաձեռնություն հանդես բերել,

Տեսնել ավելին