Հիշել նախագիծը

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սահմանադրական դատարանը, իր 2016 թվականի հուլիսի 19-ի թիվ ՍԴՈ-1294 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին, ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածին հակասող և անվավեր է ճանաչել քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում» բառակապակցությունը` այն մասով, որով գրավատուին կարող է պարտադրվել գրավառուի հնարավոր վնասների չափից ավելի ապահովման տրամադրում:

Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը սահմանում է՝

«2. Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն (պարտապանը) իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն (պարտապանը) կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: …»:

Այս դրույթը, դիտարկելով ՀՀ Սահմանադրության 10-րդ (Սեփականության երաշխավորումը), 60-րդ (Սեփականության իրավունքը), ինչպես նաև 61-րդ (Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը) և 78-րդ (Համաչափության սկզբունքը) հոդվածների լույսի ներքո, Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն անհամաչափ ծանրաբեռնում է գրավատուի՝ արտադատական կարգով բռնագանձումը կասեցնելու հնարավորությունը, քանի որ կասեցնելու համար պարտավորեցնում է գրավատուին տրամադրել ապահովում ոչ թե գրավառուի հնարավոր վնասների, այլ գրավ դրված առարկայի արժեքի չափով: Մի շարք դեպքերում գրավադրված գույքի արժեքը մի քանի անգամ կարող է գերազանցել ոչ միայն գրավով ապահովված հիմնական պարտավորության, այլ` նաև գրավառուի հնարավոր վնասների չափը: Նման իրավակարգավորման պարագայում գրավատուի համար հիմնականում անիրագործելի է դառնում գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելու վերաբերյալ օրենքով նախատեսված իրավունքի իրացումը:

Սահմանադրական դատարանը, չնայած որոշակի իրավակարգավորումների բացակայությանը, իր 2017 թվականի մարտի 14-ի թիվ ՍԴՈ-1357 որոշմամբ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող՝ գտնելով, որ այս հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը վերացնում է այն ենթադրյալ իրավական անորոշությունը, որը պայմանավորված է առարկություն ներկայացնելու պահն օբյեկտիվորեն վրա չհասնելու դեպքում վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում ներկայացնելու հիմքով հիշյալ ժամկետի ընթացքի կասեցման վերաբերյալ իրավակարգավորումների բացակայությամբ:

Քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է՝

«1. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե` …

6) ներկայացվել է վճարման կարգադրությունը` այն դատարան հանձնելու պահից մինչև առարկություն ներկայացնելու պահը.

…:»:

Տվյալ գործով վիճարկվում էր վերոնշյալ դրույթի որոշակիությունը, հստակությունը, ինչը իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս. մասնավորապես, սա վերաբերում է վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում հայցային վաղեմության ժամկետի կասեցման ժամանակահատվածին:

Այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ թեպետ օրենսդիրը, հայցային վաղեմության ժամկետի կասեցման ավարտ դիտարկելով առարկություն ներկայացնելու պահը, չի սահմանել առարկություն ներկայացնելու պահը վրա չհասնելու դեպքում հայցային վաղեմության ժամկետի կասեցման ժամանակահատվածի ավարտի վերաբերյալ որևէ իրավակարգավորում, այդուհանդերձ, նշված իրավակարգավորման բացակայությունը չի կարող վկայել այն մասին, որ օրենսդիրն առարկություն չներկայացնելը դիտարկում է որպես հայցային վաղեմության ժամկետի կասեցման հիմքի բացակայություն, այսինքն` առարկություն ներկայացնելու պահն օբյեկտիվորեն վրա չհասնելու հանգամանքը չի վկայում այն մասին, որ վճարման կարգադրություն արձակելու դիմումը դատարան ներկայացնելը հայցային վաղեմության ժամկետի կասեցման հիմք չէ:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ առարկություն ներկայացնելու պահը վրա չհասնելու դեպքում հայցային վաղեմության ժամկետի կասեցման ժամանակահատվածի ավարտի վերաբերյալ համապատասխան իրավակարգավորման բացակայությունը չի կարող վկայել այն մասին, որ վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում ներկայացվելով հայցային վաղեմության ժամկետը կասեցվում է ընդմիշտ կամ անորոշ ժամկետով: Քաղաքացիական և քաղաքացիադատավարական կարգավորումներից բխում է, որ ցանկացած կասեցված դատավարական ժամկետ շարունակվում է կասեցման հիմքը վերանալուց հետո: Տվյալ դեպքում, թեպետ օրենսդիրը որպես կասեցման հիմքը վերացնող հանգամանք է դիտարկել առարկություն ներկայացնելը, այդուհանդերձ, նման իրավակարգավորումը չի բացառում կասեցման հիմքը վերացնող այլ հանգամանքների հնարավորությունը: Տվյալ դեպքում որպես նման հանգամանք է հանդես գալիս վճարման կարգադրություն արձակելու գործով վեճի ըստ էության լուծումը:

Հաշվի առնելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 311-րդ և 313-րդ հոդվածների դրույթները՝ պարզ է դառնում, որ հայցային վաղեմության ժամկետի կասեցման ժամանակահատվածը ներառում է վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահից մինչև վճարման կարգադրության վերաբերյալ առարկություն ստացվելու կամ դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության հիմքով վճարման կարգադրությունը վերացնելու մասին որոշում կայացնելու պահը, իսկ եթե առարկություն չի ներկայացվել` մինչև վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումն ամբողջությամբ կամ մասնակի մերժելը` մերժված պահանջի մասով:

Վերոշարադրյալը վկայում է սույն օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:      

  1. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Կարգավորման նպատակն է ապահովել Սահմանադրական դատարանի որոշումների իրացումը և դրանով իսկ ապահովել օրենքների հստակությունն ու որոշակիությունը, ինչպես նաև վերացնել օրենքներում Սահմանադրությանը հակասող դրույթների առկայությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

  • Քննարկվել է

    14.12.2018 - 29.12.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7553

Տպել