Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

 ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ

 ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

 Նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ առկա են որոշակի օբյեկտիվ հանգամանքներ, երբ դրամական պահանջները ներկայացնելու եռամսյա ժամկետը լրացած է լինում, և վերջիններս հարկադիր կատարման հնարավոր չի լինում ներկայացնել, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով որևէ բացառություն, դեպք նախատեսված չէ, որի պայմաններում հնարավոր կլինի բաց թողնված ժամկետը վերականգնել և նշված դրամական պահանջները ներկայացնել հարկադիր կատարման: Ի տարբերություն վերջինիս՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:

Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով Օրենքով նախատեսված կանոնակարգումները՝ մշակվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որի շրջանակներում նախատեսվել է, որ դրամական պահանջները կատարման ներկայացնելու ժամկետը առանձին դեպքերում վարչական մարմնի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կարող է ճանաչվել հարգելի պատճառներով բաց թողնված և վերականգնվել:

Նախագծի շրջանակներում հնարավորություն կտրվի վարչական մարմնին օբյեկտիվ պատճառներով բաց թողնված ժամկետները վերականգնել, և դրամական պահանջները ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Առկա են որոշակի օբյեկտիվ հանգամանքներ, երբ դրամական պահանջները ներկայացնելու եռամսյա ժամկետը լրացած է լինում և վերջիններս հարկադիր կատարման հնարավոր չի լինում ներկայացնել : Որպես օրինակ կարող է համարվել հարկային մարմնի կողմից կազմվող ստուգման ակտերը կատարման ներկայացնելու ժամկետները բաց թողնելու հանգամանքը:

Մասնավորապես, մինչև 07.04.2018 թվականը հարկային մարմնի կողմից ստուգման ակտերով առաջադրված պարտավորությունները գանձելու նպատակով հարկային մարմինը կայացնում էր հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշումներ, և դրանք ներկայացնում ԴԱՀԿ ծառայություն հարկադիր կատարման: Հարկային մարմնի կողմից իրականացվող այս վարչարարությունն իրականացվում էր մինչև 01.01.2018 թվականը գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի և 01.01.2018թ. հունվարի 1-ից գործող ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն: Սակայն հարկ է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018թ. թիվ ՎԴ/0883/05/16 նախադեպային որոշմամբ սահմանվել է, որ ստուգման ակտն արդեն իսկ վարչական ակտ է և հարկային պարտավորություների առաջադրման վերաբերյալ վարչական ակտի առկայության պայմաններում այդ նույն հարկային պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու համար անհրաժեշտ չէ ընդունել ևս մեկ վարչական ակտ: ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման կայացումից հետո ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հնարավորություն չունենալով ստուգման (վարչական) ակտերով առաջադրված պարտավորությունները ներառել Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումար գանձելու մասին որոշումներում, չի կարողանում ապահովել նախկինում կազմված ստուգման (վարչական) ակտերով առաջադրված պարտավորությունների հարկադիր կատարումը:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (ՀՕ-338-Ն, ընդունված 21.06.2018թ-ին, ուժի մեջ է 01.07.2018թ-ից) 68-րդ հոդվածի համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածում կատարված լրացումներով սահմանվեց, որ հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, և դրանցով արձանագրված հարկային պարտավորությունները հարկ վճարողի կողմից ենթակա են կատարման նշված ակտերն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

Սակայն վերոնշյալ փոփոխությունների կիրարկման արդյունքում ստուգման ակտերով առաջադրված պարտավորությունների կատարման դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված կարգով մարումներ իրականացնելու պարագայում ստուգման ակտերի կատարման ներկայացումը կրկին հնարավոր չի լինի` դրանց կատարման ներկայացնելու ժամկետն անցած համարվելու հիմքով:

Հաշվի առնելով վերոգրյալը` նախատեսվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսել բացառություններ՝ մասնավորապես` սահմանել, որ դրամական պահանջները կատարման ներկայացնելու ժամկետը առանձին դեպքերում վարչական մարմնի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կարող է ճանաչվել հարգելի պատճառներով բաց թողնված և վերականգնվել, հաշվի առնելով նաև, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված է նման կարգավորում:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի շրջանակներում հնարավորություն կտրվի օբյեկտիվ պատճառներով բաց թողնված ժամկետները վերականգնել և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:

  • Քննարկվել է

    27.11.2018 - 13.12.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8488

Տպել

Առաջարկներ`

Վարազդատ Հարությունյան

29.11.2018

Գտնում եմ, որ փոփոխությամբ նախատեսված կարգավորումը կստեղծի իրավական անորոշություն։ Ստացվում է մի վարչական մարմին օժտվում է այլ վարչական մարմնի կողմից բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու հարցի լուծման հայեցողություն։ Չցանկանալով մտնել կանխատեսումների դաշտ, այնուամենայնիվ, գտնում եմ, որ նման իրավակարգավորման հետագա պրակտիկան կանխորոշված է ի սկզբանե /ԴԱՀԿ-ն բավարարելու է գրեթե բոլոր դիմումները, նամանավանդ, որ կատարողական ծախս է պահվելու/։ Նման կարգավորումը կարող է տեղ գտնել միայն պահպանելով իրավական որոշակիության սկզբունքները և բացառելով այլ վարչական մարմնի հայեցողությունը։ Առաջարկում եմ սահմանել այն սահմանափակ դեպքերը, երբ կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելը համարվում է հարգելի։ Ինչպես նաև սահմանափակել նաև կատարման ներկայացնելու ընդհանուր ժամկետով։ Օրինակ՝ (...)կարող է ճանաչվել հարգելի պատճառներով բաց թողնված և վերականգնվել։ Ամեն դեպքում, կատարման ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել _______ ամիսը/տարին։

Արման Մկրտչյան

27.11.2018

Չի կարելի այս ոճի մեջ աշխատել: Որն է «առանձին դեպքը», հստակ սահմանեք օրենքով: Փաստորեն քանի գնաց էս երկրի վիճակը ավելի վատացավ???

Տեսնել ավելին