Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» և «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև տարածաշրջանում էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորություններն օգտագործելու համար: Միջսահմանային առևտուրը ընձեռում է փոխշահավետ հնարավորություններ և նպաստում է Հայաստանի ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Էներգետիկայի մասին ՀՀ օրենքը, որը գործում է 2001 թվականից, վերանայման կարիք ունի ոլորտում առկա մարտահրավերները հասցեականացնելու և օրենսդրական մակարդակում դրանց լուծումներ առաջադրելու նպատակով: Օրենքում անհրաժեշտ է հստակեցել պետական քաղաքականության սկզբունքները, պետական տարբեր մարմինների և ոլորտում գործունեություն իրականացնող անձանց իրավասությունների շրջանակը, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն առաջադրվող պահանջները և ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև ներառել ազդակներ համակարգի կայուն զարգացման համար:

Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ներկայիս մոդելը կիրառության մեջ է դրվել 2004 թվականին և հենվում է միակ գնորդ-վաճառող շուկայի մոդելի վրա, որի արդյունքում էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին է միայն վերապահված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում արտադրողներից էլեկտրաէներգիա գնելու և այն սպառողներին վաճառելու իրավունքը: Ընդ որում, շուկան ինչպես մեծածախ այնպես էլ մանրածախ հատվածում ամբողջությամբ կարգավորվում է, կարգավորվում է նաև էլեկտրաէներգիայի ներկրումը և արտահանումը: Զարգացած և զարգացող շատ երկրներում էլեկտրաէներգետիկական շուկաներն արդեն իսկ ազատականացված են և գործում են լիարժեք մրցակցության պայմաններում:

Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր մոդելի, ինչը կնպաստի մեծածախ և մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առևտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալ մրցակցության որոշակի տարրեր: Ներկայիս էլեկտրաէներգետիկական շուկան հենվում է միայն էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման տարեկան ծավալների կանխատեսման վրա և շուկայի մասնակիցների համար չի սահմանում պատասխանատվություն՝ այդ ծավալների շեղումների դեպքում: Արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսված և փաստացի ծավալների տարբերության պատճառով առաջացած ռիսկերը հավասարակշռվում  են սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագների միջոցով, ներառելով նաև էլեկտաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի՝ այդպիսի ռիսկերի հավասարակշռման արժեքը: Այսպիսի իրավահարաբերությունների համախումբը հնարավորություն չի տալիս նաև բարձրացնել էլեկտրաէներգետիկական համակարգի տնտեսական կարգավարման արդյունավետությունը: Շուկայի նոր մոդելը կհենվի էլեկտրաէներգիայի առևտրի ժամանակակից կանոնների վրա, կգործի շուկայի մասնակիցներից պահանջարկի և առաջարկի հայտերի հիման վրա և կսահմանի անհատական պատասխանատվության շուկայի յուրաքանչյուր մասնակցի համար:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք  

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն:

Ակնկալվող արդյունքը

Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում առաջարկված փոփոխությունների արդյունքում.

-     կհստակեցվեն ՀՀ էներ­գետիկ ենթակա­ռուցվածք­ների և բնական պաշարների նախարա­րության, ՀՀ հանրային ծառա­յու­թյունները կարգա­վորող հանձնա­­ժողովի և այլ պետական մար­մին­ների գործառույթները.

-     շուկայի ներկայիս միակ գնորդ-վաճառող շուկայի կարգավորվող մոդելից անցում կկատարվի նոր՝ ազատական մոդելի, կներդրվեն առևտրի ժամանակակից կանոններ, կկատարեկագործվի սակագնային կարգավորման համակարգը, նոր գործիքներ կներդրվեն միջպետական առտրի խթանման համար՝ որպես առաջնահերություն ունենալով ներքին շուկայի սպառողների պաշտպանությունը և պատասխանատվության բաշխումը շուկայի մասնակիցների միջև.

-     կառանձնացվեն բաշխման և մատակարարման գործառույթները, որի արդյունքում շուկայում կկարողանան գործել այլ մատակարարներ: Նույն ժամանակ շուկայում կգործի երաշխավորված մատակարարը, որը ծառայություններ կմատուցի կարգավորվող գներով, ինչը սպառողներին հնարավորություն կտա ընտրություն կատարել ինչպես մատակարարների միջև, այնպես էլ շուկայի կարգավորվող ու չկարգավորվող հատվածում էլեկտրաէներգիա գնելու հարցում: Ընդ որում որակավորված սպառողներն իրավունք կստանան էլեկտրաէներգիա գնելու էլեկտրաէներգիա արտադրողներից՝ ուղիղ պայմանագրերի միջոցով:     

-     կհստակեցվեն Համակարգի և Շուկայի օպերատորների գործառույթները,

-     էլեկտրաէներգիայի ներկրման և արտահանման առանձին լիցենզիաները կմիավորվեն մեկ՝ էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրի լիցենզիայի ներքո, ինչպես նաև միջպետական առևտրի խթանման նպատակով վերջինիններիս գործունեությունը գրեթե կարգավորման չի ենթարկվի.

-     էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման պլանավորման նպատակով կհստակեցվեն էլեկտրաէներգիա արտադրող կայանների, փոխադրման և բաշխման համակարգերի զարգացման պլանավորմանը ներկայացվող պահանջները և գործիքակազմը.

-     կսահմանվեն երորրդ կողմի մուտքի ոչ խտրական իրավունքը երաշխավորող նոր դրույթների՝ ենթակառուցվածքների հասանելիության ապահովման և նոր միացումների երաշխավորման առումով:

 

  • Քննարկվել է

    21.03.2017 - 09.04.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9770

Տպել