Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հայաստանի Հանրապետության` 2002 թվականի հուլիսի 3-ին ընդունված «Մաքսային ծառայության մասին» ՀՕ-402-Ն օրենքը (այսուհետ` Օրենք)  լրացնել 13.1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

          Հոդված 1. «Հոդված 13.1 Հավաստագիր ունեցող թեկնածուների ցուցակը

  1. Մաքսային ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններում առանց մրցույթի նշանակում կատարվում է հավաստագիր ունեցող թեկնածուների ցուցակից:

Հավաստագիր ունեցող թեկնածուների ցուցակը համալրվում է մաքսային մարմնի կողմից կազմակերպվող և անցկացվող մասնագիտական դասընթացին մասնակցության արդյունքներով հավաստագիր տրամադրելու միջոցով:

Մաքսային  մարմինը հավաստագիր ունեցող թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով տարին մեկ անգամ, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, կարող  է կազմակերպել և անցկացնել մասնագիտական դասընթաց: Դասընթացի կազմակերպման  և արդյունքների ամփոփման կարգը սահմանվում է մաքսային մարմնի ղեկավարի կողմից: Դասընթացի տևողությունը չի կարող վեց ամսից պակաս լինել:

  1. Հավաստագիր ունեցող թեկնածուների ցուցակից մաքսային ծառայության թափուր պաշտոնների նշանակումների համար թեկնածուի ընտրությունը կատարվում է մաքսային մարմնի ղեկավարի կողմից:
  2. Մաքսային մարմինը հավաստագիր ունեցող թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող դասընթացի ժամկետի, վայրի, անհրաժեշտ փաստաթղթերի մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է հայտարարություն մաքսային մարմնի կայքէջում:

Դասընթացին մասնակցելու համար հայտատուներից գանձվում է վճար, որի չափը սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը:

  1. Հավաստագիր ունեցող թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մասնագիտական դասընթացի ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին բավարարելու դեպքում պարտավոր է ներկայացնել`

1) հայտ.

2) անձը հաստատող փաստաթուղթ.

3) մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկում ներառված մասնագիտությունը հավաստող հավակնորդի բարձրագույն  կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին).

4) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից մասնագետի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական գործունեության նկարագրությամբ, կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում` պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են աշխատանքային  ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները)՝ առկայության դեպքում.

5) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).

6) մաքսային ծառայության  պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին փաստաթուղթ

  1. Մաքսային մարմինն ստուգում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն Օրենքով նախատեսված պահանջներին:

Օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման մաքսային մարմնի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Մերժման որոշմամբ նշված թերությունները շտկելու և հայտը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնելու դեպքում, այն դիտվում է ստացված սկզբնական ներկայացման օրը:

Այն հայտատուները, որոնց կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են Օրենքով նախատեսված պահանջներին, մասնակցում են  թեստավորմանը, որն անցկացվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով:

Թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները ընդգրկվում են  դասընթացին մասնակցելու իրավունք ունեցող հավակնորդների ցուցակում:

  1. Դասընթացն անցկացվում է երկու՝ մասնագիտական պատրաստման և փորձաշրջանի փուլերով:
  2. Դասընթացի մասնագիտական պատրաստման փուլի ավարտից հետո իրականացվում է մասնակիցների մասնագիտական գիտելիքների ստուգում, որի արդյունքներով դրական գնահատված մասնակիցները ներգրավվում են փորձաշրջանի փուլում:
  3. Փորձաշրջանն անցկացվում է մաքսային մարմնի այն կառուցվածքային ստորաբաժանումում, որում առկա թափուր պաշտոնը նախատեսվում է համալրել տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները բավարարող ունկնդիրների կողմից և փորձաշրջանի ղեկավար է համարվում տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:

Փորձաշրջանի տևողությունը չի կարող պակաս լինել 2 ամսից: Փորձաշրջանի ավարտից հետո ունկնդիրը փորձաշրջանի ղեկավարի կողմից ստանում է  դրական կամ բացասական գնահատական:

  1. Դասընթացն ավարտվելուց հետո փորձաշրջանի արդյունքներով դրական գնահատական ստացած ունկնդիրները ստանում են մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանած ձևի հավաստագիր և ընդգրկվում են հավաստագիր ունեցող թեկնածուների ցուցակում:
  2. Հավաստագրի գործողության ժամկետը 3 տարի է: »:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում «հարկային ծառայողներից,» բառերից հետո լրացնել «հավաստագիր ունեցող  թեկնածուների ցուցակից,»  բառերը:

          Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում «հարկային ծառայողներից,» բառերից հետո լրացնել «հավաստագիր ունեցող  թեկնածուների ցուցակից՝ առաջատար պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու պարագայում,»  բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

  • Քննարկվել է

    01.11.2018 - 16.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5886

Տպել