Հիշել նախագիծը

««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

 

1.Ընթացիկ իրավիճակր և իրավական ակտի րնդունման անհրաժեշտությունը.

Սույն Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ծառայողներն իրենց՝ օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելիս չեն օգտվում այնպիսի սոցիալական երաշխիքներից, ինչպիսիք են իրենց մշտական բնակության վայրից դուրս ծառայության նշանակվելու կամ գործուղման դեպքերում բնակելի տարածությամբ ապահովման, իսկ նման հնարավորության բացակայության պարագայում դրամական միջոցների տեսքով օժանդակություն ստանալու իրավունքը:

Նախևառաջ, հարկ է նշել, որ առաջարկվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Հատուկ քննչական ծառայության նստավայրը Երևան քաղաքն է:»:

Այսինքն՝ Ծառայության միակ նստավայրը տեղակայված է մայրաքաղաքում, մինչդեռ Ծառայության որոշ ծառայողների մշտական բնակության վայրն այլ է: Ուստի, վերջիններս, պայմանավորված ծառայողական անհրաժեշտությամբ, սեփական միջոցների հաշվին՝ վարձակալական հիմունքներով բնակվում են Երևան քաղաքում՝ զրկված լինելով բնակարանային ապահովում կամ դրամական փոխհատուցում ստանալու սոցիալական երաշխիքներից:     

Ստեղծված իրավիճակի կարգավորման նպատակով և Ծառայության ծառայողների կողմից իրենց աշխատանքային պարտականություններն իրականացնելիս ծագող դրամական բնույթի խոչընդոտների առաջացումը կանխելու, իսկ արդեն իսկ առկա խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նպատակահարմար է, ի թիվս Օրենքի 28-րդ հոդվածում սահմանված սոցիալական երաշխիքների, ամրագրել նաև մշտական բնակության այլ վայր ունեցող ծառայողների՝ բնակելի տարածությամբ ապահովելու, իսկ դրա անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում ստանալու իրավունք- երաշխիքը:

Համեմատության համար հարկ ենք համարում վկայակոչել այն փաստը, որ համանման սոցիալական երաշխիքներ սահմանված են ՀՀ դատախազների, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար:

Մասնավորպես՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածը սահմանում է դատախազների այլ վայր գործուղվելիս բնակելի տարածությամբ, իսկ այն ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում ստանալու իրավունք: Նույնաբովանդակ նորմեր է պարունակում «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը, որի 42-րդ հոդվածը սահմանում է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի բնակելի տարածությամբ կամ դրամական փոխհատուցմամբ ապահովվելու իրավունքը, իսկ նույն օրենքի 43-րդ հոդվածը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի սոցիալական երաշխիքների շարքում նախատեսում է նաև արդեն իսկ վերը նշված՝ գործուղման ծախսերի փոխհատուցում ստանալու երաշխիքը:

Վերը մեջբերված օրենքներում համապատասխան դրույթների առկայությունը վկայում է նաև Ծառայության ծառայողների համար այդ սոցիալական երաշխիքների՝ օրենսդրական մակարդակով ամրագրելու անհրաժեշտության մասին՝ ելնելով այն հանգամանքից, որ սույն հարցի նորմատիվ կարգավորումը դրականորեն կծառայի իր նպատակին՝ Ծառայության ծառայողների համար ստեղծելով իրենց ծառայողական պարտականություններն անխոչընդոտ կատարելու հնարավորություն:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է լրացնել Ծառայության ծառայողներին վերաբերող սոցիալական երաշխիքների ցանկը՝ սահմանելով ծառայողների մշտական բնակության վայրից դուրս ծառայության նշանակվելու կամ գործուղվելու դեպքում նրանց՝ բնակելի տարածությամբ ապահովվելու կամ դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը կնպաստի օրենսդրական մակարդակով Ծառայության ծառայողներին վերապահված սոցիալական երաշխիքների կենսագործմանը՝ ստեղծելով իրենց մշտական բնակության վայրից դուրս ծառայության նշանակված կամ գործուղված ծառայողներին բնակելի տարածությամբ կամ դրամական փոխհատուցմամբ ապահովվելու իրավունքի իրացման հնարավորություն:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    22.10.2018 - 06.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6176

Տպել