Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացումն է, ինչպես նաև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու պայմանների հստակեցումը։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի` միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում, եթե, նոր ծնված երեխաների հերթական կարգաթվերից կախված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են երեխայի ծննդյան միանվագ նպաստի տարբերակված չափեր, ապա նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով:

Միաժամանակ, համաձայն օրենքի՝ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար որպես հիմնական պայման, սահմանված է ծնողի` երեխայի (որի անվամբ բացված է պետական աջակցության հաշիվը, այսուհետ՝ հաշվետեր) հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելը։

Սա էապես բարդացնում է ընտանեկան դրամագլխի կառավարումը՝ անհարկի անհարմարություններ ստեղծելով ծնողների համար։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածները՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել կատարել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում։

  1. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է.

  • սահմանել, որ միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով,
  • ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք վերապահել նաև հաշվետիրոջ հետ նույն բնակության վայրում չհաշվառված ծնողին։

Միաժամանակ, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգող այլ դրույթներում։ 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում.

  • կավելանա երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում,
  • ծնողը հնարավորություն կստանա տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ անկախ երեխայի հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելու հանգամանքից։

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

«Պետական

նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն և լրացում կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ։ 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կավելանան շուրջ 300 մլն դրամ (տեղեկանքը կցվում է)։

 

  

  • Քննարկվել է

    27.09.2018 - 12.10.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8699

Տպել