Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները սահմանելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-----------------------2017 թվականի N –Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքի   15-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝
    • ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները՝ համաձայն N1 հավելվածի,
    • ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները՝ համաձայն N2 հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

-ի N -Ն որոշման

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների (այսուհետ՝ օբյեկտներ) անվտանգության ապահովման և անվտանգ կառավարման նպատակով սահմանվում են դրանց ներկայացվող տեխնիկական պահանջներ և չափանիշներ, որոնք պետք է կիրառվեն այդ օբյեկտների կառավարման գործընթացների բոլոր փուլերում (օբյեկտների նախագծում, շինարարություն, վերակառուցում, շահագործում, կոնսերվացում, լիկվիդացում) և պետք է ներառեն.

     1)օբյեկտների սեյսմակայունության ապահովումը (նախագծման, կառուցման և փակման աշխատանքները պետք է իրականացվեն տարածաշրջանի սեյսմիկ բնութագրերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո),

     2) օբյեկտի շահագործման, փակման փուլերում օբյեկտի կայունության և կառուցվածքային ամբողջականության ապահովումը և մոնիթորինգի իրականացումը, որպեսզի հայտնաբերվեն փոփոխությունները և կանխարգելվեն հնարավոր վթարները,

     3) օբյեկտի մշտադիտարկումը՝ վերահսկելով լանջերը և ծածկերի կայունությունը, մակերեսային և ստորգետնյա ջրերի որակը, ստորգետնյա ջրերի կուտակումը շինության տակ և շուրջը,

     4) արդյունաբերական արտահոսքերի կայուն կառավարումը (օրինակ՝ ջրի շրջանառու համակարգերի կիրառում, արտահոսքերի մաքրման կենսաբանական մեթոդներ), 

     5) հարստացման ընթացքում կիրառվող ռեագենտների քանակի կրճատումը (օրինակ՝ ռեագենտների կիրառման ավտոմատացված համակարգեր, երկհարկ պարզարանների ստեղծում, արտահոսքերում ցիանիդների չեզոքացում/քայքայում պերօքսիդների կիրառմամբ և այլն),

     6) օբյեկտների տարածքների ջրային էռոզիայի կանխումը (օրինակ՝ դրենաժային համակարգի կառուցում,  հնարավորության դեպքում օբյեկտների մակերեսների և թեքությունների կայունացման և ռեկուլտիվացիայի լեռնատեխնիկական կամ կենսաբանական մեթոդների կիրառում),

     7) օբյեկտների մակերեսներից փոշեգոյացման կանխումը կամ նվազեցումը (օրինակ՝ փոշենստեցման նպատակով ջրցանի ավտոմատ կառավարվող համակարգերի կիրառում, փոշեգոյացնող մակերեսների կայունացում բնական պոլիմերային միացությունների և կոմպոզիտների կիրառմամբ և այլն),

     8) խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի կենսաբանական մեթոդների կիրառումը՝ նպաստելով հողերի արգասաբերության վերականգնմանը,

    9) ընդերքօգտագործողների կողմից օբյեկտների հարակից տարածքներում շրջակա միջավայրի մոնիթորինգի պարտադիր իրականացումը ժամանակակից լավագույն սարքավորումներով և տեխնոլոգիաներով,

    10) օբյեկտի գործարկման վերանայումը տարեկան կտրվածքով, փաստացի գնահատումը, նախագծով նախատեսված ռիսկերի նվազեցման միջոցառումների շտկումը և իրականացումը,

    11) շահագործման փուլում անհրաժեշտության դեպքում օբյեկտի փակման չափանիշների վերանայումը, ինչպես նաև համապատասխանաբար ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանի վերանայումը,

    12) օբյեկտի շահագործման և փակման փուլերում ժամանակակից անվտանգության կառավարման համակարգերի և սարքավորումների կիրառումը,

    13) օբյեկտի դիտանցման ժամանակ նորագույն ճշգրիտ սարքավորումների և արդյունքների վերլուծության համար ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը,

    14) օբյեկտի համար արտակարգ իրավիճակների ծրագրի մշակումը՝ ներառելով հիմնական տեխնիկական պահանջները և չափանիշները, որոնք կապահովեն փլուզման անցանկալի դեպքերի բացառումը,

    15) պոչամբարների պատվարի վթարման սպառնալիքի կամ վթարի դեպքում հնարավոր տիղմապատվող տարածքների հաշվարկի իրականացումը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

-ի N -Ն որոշման

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ 

  1. Ընդերքօգտագործման թափոնների (այսուհետ՝ թափոններ) վերամշակումը բխում է աղտոտումից շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև արտադրության տնտեսական արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից:
  2. Թափոնների կառավարման ոլորտում քաղաքականության հիմնական սկզբունքները ներառում են.

          1) մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումը թափոնների վնասակար ներգործությունից,

          2) հումքային արժեք ունեցող թափոնների ուղղակի, կրկնակի կամ այլընտրանքային առավելագույն օգտագործումը,

          3) նյութահումքային և էներգետիկ ռեսուրսների պատշաճ օգտագործման ապահովումը,

          4) թափոնների գործածության ոլորտում հասարակության էկոլոգիական, տնտեսական և սոցիալական շահերի զուգակցումը:

  1. Թափոնների վերամշակմանը ներկայացվող չափանիշներն են.

          1) վերամշակումը, որի հիմքը պետք է կազմի մարդու կողմից գիտակցաբար կազմակերպված` հումքի, ապրանքների և թափոնների շրջապտույտը,

         2) թափոնների քանակի նվազեցմանն ուղղված սկզբունքորեն նոր տեխնոլոգիական գործընթացների մշակումը և ներդրումը,

         3) տարածքային առումով մոտ գտնվող մի կազմակերպության թափոնները կարող են որպես հումք հանդիսանալ մյուս կազմակերպության համար,

         4) նոր տեխնոլոգիական գործընթացի տեխնոլոգիական միավորների (փուլեր և սարքավորումներ) քանակության նվազեցումը` գործընթացի միջանկյալ փուլերում թափոնների և հումքի կորուստների նվազեցման նպատակով,

         5) շարունակական սխեմաների, տեխնոլոգիաների և գործընթացների կիրառումը (փակ տեխնոլոգիական ցիկլեր),

         6) արտադրական գործընթացների ինտենսիվացումը, դրանց ավտոմատացումը ու օպտիմալացումը,

         7) բարձր արդյունավետությամբ մաքրման մեթոդների, սկզբունքորեն նոր, մի   շարք գործընթացներ միավորող սարքավորումների մշակումը և ներդրումը,

         8) նոր կառուցվածքային նյութերի օգտագործումը, որոնք թույլ են տալիս բարձրացնել սարքերի երկարակեցությունը:

  1. Թափոնների վերամշակման ընթացքում հումքին և նյութերին ներկայացվող պահանջներն են.

         1) թափոնների վերամշակում կազմակերպելիս անհրաժեշտ է հումքի լիարժեք օգտագործում,

         2) հումքի և նյութերի որակի համապատասխանումը տեխնոլոգիական գործընթացի մակարդակին,

         3) հումքի նախնական վնասազերծումը,

         4) բարձր թունունակությամբ օժտված նյութերի փոխարինումը նվազ թունունակությամբ նյութերով,

         5) հումքի ավանդական տեսակների  փոխարինումը ոչ ավանդական տեսակներով,

         6) հումքի բոլոր բաղադրիչների համալիր օգտագործումը,

         7) երկրորդային հումքի առավելագույն օգտագործումը և առաջնային հումքի փոխարինումն երկրորդայինով:

 

  • Քննարկվել է

    14.03.2017 - 03.04.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8196

Տպել