Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշ­տու­թ­յու­­նը

2015 թվականին դեկտեմբերի 6-ին իրականացված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների գլխում բավականին ծավալուն անդրադարձ կատարվեց հավաքների ազատության իրավունքին:

Հավաքների ազատության պաշտպանությունը առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական պետության համար` հանդիսանալով քաղաքացիական հասարակության կայացման, հասարակության անդամի կողմից հանրության շրջանում իր կարծիքն ազատորեն արտահայտելու, հանրային կարծիքի ձևավորման գործընթացին մասնակցելու և ժողովրդաիշխանության իրականացման  անհրաժեշտ նախապայման, հասարակության, նրա առանձին շերտերի ու խավերի և իշխանության միջև երկխոսության գործուն միջոց:

Այս իրավունքի կարևորությունը ընդգծվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում հիմնարար իրավունք է, այդպիսի հասարակության հիմնաքարերից մեկը, իսկ իշխանությունները որոշակի հանդուրժողականություն պետք է ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվեցիայով  երաշխավորված հավաքների ազատությունը չպետք է զրկվի իր ողջ էությունից[1]:

2015 թվականին դեկտեմբերի 6-ին իրականացված Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 44-րդ հոդվածով սահմանվեց, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Նույն հոդվածի 5-րդ մասով նախանշվեցին այն նպատակները, որոնց առկայության դեպքում կարող է սահմանափակվել հավաքների ազատությունը: Մասնավորապես, որպես հավաքների ազատության սահմանափակման նպատակ Սահմանադրության 44-րդ հոդվածով առանձնացվեցին պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

Միաժամանակ, Սահմանադրության 44-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվեց, որ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով:

Այսինքն՝ սահմանադրական բարեփոխումների պահանջն էր Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով հստակ նախատեսել այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կարող է սահմանափակվել հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքը: Վերը նշված պահանջը սերտորեն փոխկապակցված է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներով ամրագրված՝  որոշակիության և համաչափության սկզբունքների հետ:

Հաշվի առնելով Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքի էությունը և բովանդակությունը՝ անհրաժեշտ է Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքում նախատեսել հավաքների ազատության իրավունքի սահմանափակման այնպիսի հիմքեր, որոնք կապահովվեն այդ իրավունքի սահմանափակման համար ընտրված միջոցների պիտանիությունը և անհրաժեշտությունը Սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու համար, և բացի այդ անհրաժեշտ է  ապահովել սահմանափակման համար ընտրված միջոցների համարժեքությունը սահմանափակվող հիմնական իրավունքի նշանակությանը:

Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով պետք է ապահովել հիմնական իրավունքների ցանկացած միջամտության և իշխանության ցանկացած գործողության բխումը համաչափության սկզբունքից:

Հաշվի առնելով Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքը՝ անհրաժեշտ է Օրենքով  սահմանել հավաքների ազատության իրավունքի սահմանափակումների հստակ հիմքերը և ծավալը, ապահովել դրանց բավարար չափով որոշակիությունը, որպեսզի այդ իրավունքի կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Հարկ է նշել, որ Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգով ևս ընդգծվում էր այն հանգամանքը, որ հիմնական իրավունքները սահմանափակող օրենքների նկատմամբ այնպիսի պահանջներ պետք է սահմանել, որոնց նպատակը հիմնական իրավունքների արդյունավետ գործողության և կենսագործելիության ընթացակարգային նախադրյալների ստեղծումն է։

Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 44-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվեց  նաև բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքների վերաբերյալ համապատասխան իրավակարգավորում, ինչը համապատասխանաբար պայմանավորեց բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքի՝ որպես հավաքի առանձին ձևի բնորոշման նախատեսումը Օրենքում: Բացի այդ, Սահմանադրության 44-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվեց, որ հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը պետք է սահմանվեն օրենքով, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն առաջացավ օրենսդրորեն հստակ նախատեսել հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) կոչված է ներդնելու ժողովրդավարական հասարակության մեջ հավաքների՝ առանց անհարկի խոչընդոտների և պատշաճ  կազմակերպման, անցկացման, դրանց մասնակցության ապահովման անհրաժեշտ իրավական կառուցակարգեր:

Նախագծում կարգավորում են ստացել այնպիսի առանցքային նշանակություն ունեցող հարցեր, ինչպիսիք են բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքների՝ որպես հավաքի առանձին ձևի բնորոշումը, հավաքների ազատության իրավունքի՝ որպես սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքի սահմանափակման այնպիսի հիմքերի նախատեսումը, որոնց նպատակը այս հիմնական իրավունքի արդյունավետ գործողության և կենսագործելիության ընթացակարգային անհրաժեշտ նախադրյալի ստեղծումն է: Նախագծում ապահովվել են հավաքների ազատության իրավունքի սահմանափակման հիմքերի որոշակիությունը և հստակությունը, տարանջատվել են հավաքների ազատության իրավունքի սահմանափակման նպատակները և հիմքերը, ընդլայնվել են հավաքների ազատության իրականացման և  պաշտպանության սկզբունքները՝ մասնավորապես օրենսդրորեն ամրագրվել են այնպիսի կարևորագույն սկզբունքներ, ինչպիսիք են՝ խտրականության արգելքը, օրինականությունը, հավաքների անցկացման թույլատրելիության կանխավարկածը, պատշաճ վարչարարությունը: Հարկ է նշել, որ Նախագծով նախատեսված նոր իրավակարգավորումները բխում են նաև միջազգային իրավական ակտերով նախատեսված պահանջներից:  Մասնավորապես, միջազգային իրավական փաստաթղթերում բազմիցս անդրադարձ է կատարվել հավաքների ազատության իրավունքին, սահմանվել են  այն երաշխիքները, որոնք պետք է նախատեսվեն պետության կողմից՝ հավաքների ազատության իրավունքի արդյունավետ իրացումը և պաշտպանությունը ապահովելու համար:

Հավաքների ազատության իրավունքը ամրագրված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, որի 21-րդ հոդվածի համաձայն Ճանաչվում է խաղաղ ժողովների իրավունքը: Այդ իրավունքից օգտվելը ենթակա չէ ոչ մի սահմանափակման, բացի նրանցից, որոնք դրվում են օրենքին համապատասխան և որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության մեջ` ի շահ պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության ու բարոյականության պահպանության կամ մյուս անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության:

Հավաքների ազատության իրավունքը ամրագրված է  նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, որի 115 հոդվածի 1-ին մասի համաձայն.

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն.

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով (…):

Հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշման համաձայն միջամտությունը  հավաքների ազատության իրավունքին կհամարվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չլինի` «նախատեսված օրենքով», չհետապնդի 2-րդ պարբերությամբ նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ և չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակների իրականացման համար: Դատարանը նաև նշել է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածում առկա «օրենքով նախատեսված» արտահայտությունը ոչ միայն պահանջում է, որ վիճարկվող միջոցառումը ունենա որոշ հիմնավորվածություն ներպետական օրենսդրության մեջ, այլ այն նաև վերաբերում է քննարկվող օրենքի որակին: Օրենքը պետք է մատչելի լինի բոլոր նրանց համար, ում այն վերաբերում է, ձևակերպված լինի բավարար ճշգրտությամբ, որպեսզի հնարավորություն տա նրանց, անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդի առկայության պայմաններում, ողջամտության սահմաններում կանխատեսել, թե տվյալ պայմաններում, ինչ հետևանքներ կարող է ունենալ կոնկրետ գործողության կատարումը[2]:

Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից պատրաստված զեկույցի համաձայն անհրաժեշտ է երաշխավորել՝

  1. Հավաքների ազատության իրավունքի իրացումը բոլորի կողմից՝ կանանց, երիտասարդության, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, օտարերկրացիների և այլ անձանց կողմից, այլ կերպ ասած երաշխավորել այս իրավունքի իրացումը առանձ որևէ խտրականության,
  2. Ապահովել, որ հավաքների ազատության իրավունքի սահմանափակման հիմքերը նախատեսված լինեն օրենքով, անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում, և չվնասեն բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության սկզբունքները[3]:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Նախագծով հստակ սահմանվել են հավաքների ազատության իրավունքի սահմանափակման սպառիչ հիմքերը:

Ուշադրության է արժանի նաև այն, որ Վենետիկի Հանձնաժողովի կողմից հավաքների ազատության վերաբերյալ ներկայացված կարծիքի համաձայն ներպետական օրենսդրությամբ հստակ պետք է նախատեսվեն հավաքների ազատության իրավունքի ղեկավար սկզբունքները: Մասնավորապես, որպես հավաքների ազատության իրավունքի ղեկավար սկզբունքներ առանձնացվում են՝

  1. հավաքների իրականացման թույլատրելիության կանխավարկածը,
  2. խաղաղ հավաքները պաշտպանելու պետության պարտականությունը,
  3. համաչափությունը[4]:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Նախագծում արտացոլվեն են նաև Վենետիկի Հանձնաժողովի կողմից սահմանված սկզբունքները:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության  փորձագետների կողմից պատրաստված հավաքների ազատության վերաբերյալ ուղեցույցով ևս որպես հավաքների ազատության իրավունքի ղեկավար սկզբունքներ առանձնացվում են հավաքների իրականացման թույլատրելիության կանխավարկածը, պետության պոզիտիվ պարտականությունը նպաստել և պաշտպանել խաղաղ հավաքները, օրինականությունը, համաչափությունը, խտրականության արգելքը, պատշաճ վարչարարությունը, կարգավորող մարմնի պատասխանատվությունը[5]:

Ասվածից զատ, ներկայացված Նախագծում սահմանվել են նաև Օրենքում առկա մի շարք ինստիտուտների առավել հստակ կարգավորումներ, որոնք կոչված են ապահովելու հավաքների ազատության իրավունքի համարժեք իրականացումն ու պաշտպանությունը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենս­դրու­թ­յան զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամի կող­մից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ոչ միայն հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու սահմանադրական իրավունքի, այլ նաև սկզբունքորեն ժողովրդավարական իրավական պետության ամրապնդումը։

 Նախագծի ընդունումը կապահովվի նաև հավաքների ազատության իրավունքի նկատմամբ ժամանակակից միջազգային միտումներին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային համահունչ իրավական մոտեցում, որը արժանացել է նաև Վենետիկի հանձնաժողովի և մի շարք միջազգային փորձագետների դրական արձագանքին:

Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է  նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով հստակ և համապարփակ կարգավորել Սահմանադրության փոփոխությունների արդյունքում բարեփոխված հավաքների ազատության իրավունքի իրականացման և պաշտպանության կապակցությամբ սահմանադրորեն ամրագրված մոտեցումները և ապահովել Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխանությունը Սահմանադրությամբ ամրագրված նոր իրավակարգավորումներին:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման  անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

[1] Տես Աշուղյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 17.07. 2008 թվականի վճիռը:

[2] Տես Մկրտչյանն ընդդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 11.07.2007 թվականի վճիռը:

[3] Տես http://www.ohchr.org/Documents/HRBodies/HRCouncil/RegularSession/Session20/A-HRC-20-27_en.pdf

[4] Տես http://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-PI(2014)003-e

[5] Տես https://www.osce.org/odihr/73405?download=true

  • Քննարկվել է

    06.03.2017 - 21.03.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5091

Տպել