ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

«Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը բխում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 38-րդ, 39-րդ հոդվածներից և պայմանավորված է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ՝ սոցիալական աշխատանքի կայացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներով: Միաժամանակ, «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը նախատեսված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N1 հավելվածի 166-րդ կետով:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանում սոցիալական աշխատանքով զբաղվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր օղակներ՝ մասնավորապես սոցիալական աջակցության տարածքային մարմինները, կրթական և բժշկական տարբեր հաստատություններ, ինչպես նաև  հանրապետությունում ներդրված պրոբացիոն ծառայությունը, որոնք ունեն սոցիալական աշխատողներ, բազմաթիվ հասարարակական և (կամ) բարեգործական կազմակերպությունները ևս իրականացնում են սոցիալական աշխատանքին բնորոշ գործառույթներ: Նշված կառույցները համագործակցում են տարբեր դոնոր կազմակերպությունների հետ, որոնց աջակցությամբ սոցիալապես անապահով և (կամ) խոցելի աձանց, խմբերի հետ աշխատանքում կիրառվում են ոչ նույնական մոտեցումներ, որոնք երբեմն կարող են հակասել իրար կամ չբխել ՀՀ կառավարության որդեգրած՝ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ ներդրվող, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի գործառնության քաղաքականությունից:

Վերհիշյալ համակարգի գոծառնությունը նշանակում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվող սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության, սոցիալական համագործակցության ցանցի միջոցով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական խմբին այսուհետ՝ շահառու) իր սոցիալական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների համախմբված փաթեթի տրամադրում:

Հանրապետությունում այս տեսանկյունից, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համատեքստում ներկայումս սոցիալական աշխատանք իրականացնող կառույցների կողմից իրականացվող գործողություները համակարգված չեն, դժվարություններ կան համաձայնեցված գործողություններ կազմակերպելու առումով:

Սոցիալական աշխատանքի մասնագիտական կրթության իրականացման նախադրյալները դրվել են ԵՊՀ-ում դեռևս 90-ականների երկրորդ կեսում՝ 6-ամսյա դասընթացների ձևով, իսկ 2003թ.-ից՝ սոցիոլոգիայի ֆակուլտետում բացվել է «սոցիալական աշխատանք» բաժին: Հարկ է նշել, որ ներկայումս վեց տարբեր բուհեր արդեն իրականացնում են նշված մասնագիտական կրթությունը:

Սակայն, պրակտիկ դաշտում առավելապես ընդգրկված են այլ մասնագիտական կրթություն ունեցող, վերապատրաստումներ անցած պրակտիկ աշխատողներ:

Ներկայումս, ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 38-րդ, 39-րդ հոդվածներով սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր մարմինների և կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացումն իրականացվում է վերապատրաստումների կամ «Սոցիալական աշխատանք» հատուկ դասընթացների միջոցով: Այս աշխատանքներն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը՝ սոցիալական ապաշտպանության ոլորտում գործող պետական կազմակերպությունների (պատվիրակած լիազորություն իրականացնող) սոցիալական աշխատողների համար: Այս դասընթացներից դուրս են մնում կրթական և բժշկական տարբեր հաստատությունների, ինչպես նաև  հանրապետությունում ներդրված պրոբացիոն ծառայության, բազմաթիվ հասրարակական և (կամ) բարեգործական կազմակերպությունների սոցիալական աշխատողները:

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական խմբին) այդ իրավիճակից իր ինքնուրույն դուրս գալու անհնարինության դեպքում: Կյանքի դժվարին իրավիճակը պայմանավորվում է ամենատարբեր հանգամանքներով` աղքատություն, հաշմանդամություն, երկարատև հիվանդություն, գործազրկություն, խնամառությունից զրկում, բռնություն ընտանիքում, մեկուսացում, անտեսում և այլն: Նման իրավիճակում գտնվող շահառուների հետ աշխատելու համար անհրաժեշտ են լայն գիտելիքներ և հմտություններ` պլանավորում, կառավարում, տեղեկությունների հավաքագրում, կոնֆլիկտների կառավարում, ցանցային աշխատանք (բանակցությունների վարում) և այլն:

Սոցիալական աշխատողի շահառուները պայմանավորված իրենց սոցիալական խնդիրների առանձնահատկություններով կարիք ունեն նեղ մասնագիտական օգնության՝ մասնավորապես տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների հետ տարվող աշխատանքներ: Ընդ որում եթե հաշվի առնենք հաշմանդամության հնարավոր տեսակները՝ տեղաշարժման դժվարություններ ունեցող (սայլակով տեղաշարժվող կամ տարիքով պայմանավորված դժվարություններ), հաղորդակցման խնդիրներ՝ չտեսնող կամ չլսող շահառուներ, ակնհայտ է նրանց հետ տարվելիք աշխատանքների բազմազանությունը: Եթե հաշվի առնենք նաև վերոհիշյալ շահառուների տարիքային  տարբերությունը՝ երեխա, թե չափահաս, հաշմադամության պատճառական կապը, դրա ձեռք բերման պայմանները, նրա ընտանիքի առկայությունը կամ բացակայությունը և այլն, ակնհայտ է նրանցից յուրաքանչյուրի հետ տարվելիք աշխատանքի առանձնահատկությունները:

Այսպիսով, սոցիալական աշխատողների վերապատրաստումները պետք է կրեն շարունակական բնույթ, իրականանցվեն տարբեր ձևերով (առկա, հեռաուսուցում, փորձի փոխանակում և այլն), ինչպես նաև բովանդակությամբ համապատասխանեն սոցիալական աշխատանքի արդի զարգացումներին և նորարարական մոտեցումներին:

Պահանջվող գիտելիքներն ու հմտությունները տրվում են սոցիալական աշխատանքի մասնագիտական ուսուցման (շարունակական մասնագիտական զարգացման) միջոցով: Շարունակական մասնագիտական զարգացման՝ համապատասխան կրեդիտային միավորների հավքագրման, մեխանիզմները, գրեթե, բացակայում են:

Սոցիալական աշխատողն այն հազվագյուտ մասնագետներից է, որին վերապահված է կատարել տնային այցելություն, իմանալ, ճանաչել շահառուի խիստ անձնական տվյալներ (պահպանելով դրա գաղտնիությունը), համատեղ աշխատանքի միջոցով իր շահառուին ուղղորդել կյանքում, տրամադրել խորհրդատվություն՝ ամենաբազմազան խնդիրների, դրանց լուծմանն ուղղված որոշումներ ընդունելու նպատակով, որոնք հնարավոր է լինեն ճակատագրական տվյալ անձի համար: Ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը հնարավոր է շահառուի համար առաջացնի անդառնալի անցանկալի փոփոխություններ: Արդյո՞ք սոցիալական աշխատողի մոտեցումը եղել է պոֆեսիոնալ, այն համապատասխանել է սոցիալական աշխատանքի ստանդարտներին, հարցերի պատասխանը հնարավոր կլինի տալ միայն բարձր որակավորում, անհրաժեշտ աշխատանքային փորձ ունեցող մասնագետների խմբի կողմից, որը կդիտարկվի վերջնական  գնահատական՝ համապատասխան վճիռ կայացնելու համար՝ լինի գործատուի, թե դատարանի կամ այլ ատյանի կողմից:

ՀՀ-ում, առայժմ, հաստատված չեն սոցիալական աշխատանքի ստանդարտները (համապատասխանում է «սոցիալական աշխատանք» մասնագիտության պահանջներին), ինչպես նաև գոյություն չունի սոցիալական աշխատանքի մասնագետների տվյալների մասին մեկ միասնական հարթակ, որը հնարավորություն կտա գտնել համապատասխան մասնագետներին:

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ձևավորել սոցիալական աշխատանքի ստանդարտներ, սոցիալական աշխատողների մասնագիտական վարքագծի միասնական պահանջներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ անձնակազմ:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Օրենքի նախածով նախատեսվում է սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Սոցիալական աջակցության համակարգում նախատեսվում է, որ աշխատելու են «սոցիալական աշխատանքի մասնագետներ»՝ «սոցիալական աշխատող» և «սոցիալական սատարող» որակավորում ունեցող անձինք: Միաժամանակ, ձևավորովում է մասնագիտական (պրոֆեսիոնալ) հանրություն՝ սոցիալական աշխատանքի մասնագետների հասարակական միավորում հանդիսացող պատասխանատու կազմակերպություն, որին օրենքի ուժով վերապահվում է սոցիալական աշխատանքի մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու լիազորությունները:

Կատարելագործվում է նաև սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների որակավորման գործող ընթացակարգը, մասնավորապես, ներդրվում է հավաստագրման համակարգ, որակավորման կրեդիտային սանդղակի հիման վրա, որը հնարավորություն կտա նաև բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը:

Նախագծով կարգավորվում են սոցիալական աշխատանքի մասնագետի կարգավիճակի, սոցիալական աշխատանքի մասնագիտացման, վերապատրաստման, հավաստագրման, սոցիալական աշխատանքի մասնագետների հասարակական միավորում հանդիսացող պատասխանատու կազմակերպության կազմավորման հետ կապված հարաբերությունները: Ուսումնասիրված միջազգային փորձի արդյունքներով պարզվել է, որ առնվազն Եվրոպական 13 երկրներ ունեն սոցիալական աշխատանքի ոլորտը կարգավորող մարմին(ներ) և/կամ մասնագիտական մարմին (Ռումինիա, Իռլանդիա, Սլովենիա, Կիպրոս, Դանիա, Բուլղարիա, Էստոնիա, Ֆինլանդիա և այլն):

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագծի մշակման աշխատանքներում մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունը, սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան և սոցիալական աշխատանքով զբաղվող այլ հասարակական կազմակերպություններ

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտ հիմքեր կստեղծվեն սոցիալական աշխատանքի կայացման և պրոֆեսիոնալ աշխատակազմի ձևավորման համար:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ և լրացումներ կատարել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում և փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    30.07.2018 - 15.08.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 20951

Տպել

Առաջարկներ`

Նախշուն Աֆանեսյան

09.08.2018

Հոդված 6-ի համար օգտվել սոցիալական աշխատողների էթիկական կոդեքսից։

Նախշուն Աֆանեսյան

09.08.2018

Հոդված 5-ում ավելացնել նաև հանդուժողականության և բազմազանության մասին։

Նախշուն Աֆանեսյան

09.08.2018

Օրենքում «Սոցիալական աշխատանք» հասկացությունը մեկնաբանելիս ամբողջությամբ օգտագործել Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի սահմանումը, հատկապես որ հայաստանյան ասոցիացիան անդամակցում է դրան. այդ սահմանումը «որդեգրվել է» տարբեր պետությունների կողմից։

Տեսնել ավելին