Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 515-Ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացում կատարելու անհաժեշտությունը բխում է 2017 թվականի մարտի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954, 955, 966-րդ հոդվածներում կատարված փոփոխությունների և լրացումների պահանջներով:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող որոշմամբ սահմանվում են 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերով հավաստված իրավունքների մրցութային կարգով հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացի առանձնահատկությունները, որի նպատակն է ընդլայնել հավատարմագրային կառավարման պրակտիկան, պետական բաժնեմասով ընկերություններում ներդրումներ ներգրավել և բարելավել դրանց կառավարումը մասնագիտացված կազմակերպությունների (անձանց) աշխատանքի շնորհիվ: Որոշմամբ, մասնավորապես, պահանջվում է որպեսզի մրցույթի մասնակցող կազմակերպությունները (հավանական հավատարմագրային կառավարիչները) ներկայացնեն իրենց հավատարմագրային կառավարման ծրագրերը, որոնք պետք է ներառեն ներդրումային բաղադրիչ, կազմակերպության զարգացման համար իրականացվելիք միջոցառումներ (ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 515-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 19): Ընդ որում, և ներդրումները, և միջոցառումները պետք է ներկայացվեն տարիների կտրվածքով, կատարման հստակ ժամկետներով և ֆինանսավորման աղբյուրներով:

Նախագծով առաջարկվում է 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարումը հանձնել նաև ուղղակի ձևով, սահմանելով համապատասխան պահանջներ, եթե հրապարակային սակարկության արդյունքում բաժնետոմսերը չեն հանձնվել հավատարմագրային կառավարման։

Գործող որոշմամբ սահմանված պայմանները չեն նպաստում հավատարմագրային կառավարման հանձնելու պրակտիկայի խթանմանը, քանի որ ներկայացվող պայմանները խիստ ռիսկային են դարձնում հավատարմագրային կառավարման գործընթացը։

Նախ՝ 2015 թվականից գործող ՀՀ կառավարության որոշումը համաձայնեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2017 թվականին կատարված փոփոխություններին։ Փոփոխություններ, որոնք կապված են, որպես օրինակ. գրավի, հավատարմագրման կառավարման հանձնելու ժամկետներին ներկայացվող պահանջների փոփոխության հետ։

  1. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 275-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 29-րդ կետի հանձնարարականի կատարումն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 515-Ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարումն հանձնել նաև ուղղակի ձևով, ինչպես նաև երկարաձգել գույքի հավատարմագրային կառա­վարման պայմանագրի առավելագույն ժամկետը` հնարավորություն տալով իրականացնելու ավելի երկարաժամկետ ներդրումներ:

Նախագծով առաջարկվող լուծումների արդյունքում հնարավոր է նաև որոշակի լուծումներ տալ արդյունավետ չօգտագործվող գույքի արդյունավետության բարձրացման խնդիրներին:

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետական գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացի կանոնակարգում՝ սահմանելով նաև ուղղակի ձևով հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքերը և պահանջները, ինչպես նաև ժամկետների երկարաձգում և կանխատեսելի արդյունքների ձեռքբերում:

 

  • Քննարկվել է

    26.07.2018 - 11.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7399

Տպել