«Աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ, ՆԵՐԱՌՅԱԼ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը.
«Աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված լիազորություններից և պահանջներից, միտված է դրանց գործնական կիրառման ապահովմանը։ Մասնավորապես՝ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է լիազոր մարմնի մշակած՝ աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման կարգը, իսկ նույն հոդվածի 3-րդ կետով՝ հաստատում է հանրապետական մակարդակում աղետների ռիսկի գնահատման հաշվետվությունը։ Միաժամանակ, օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմինը կազմակերպում է հանրապետական մակարդակում աղետների ռիսկի գնահատման գործընթացը և սահմանված ժամկետներում պատրաստում ու Կառավարություն է ներկայացնում ամենամյա հաշվետվությունը, ինչը ենթադրում է հստակ կարգավորված ընթացակարգերի առկայություն։ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանվում է, որ պետական կառավարման համակարգի մարմինները պարտավոր են իրականացնել իրենց ոլորտի աղետների ռիսկի գնահատում, հաստատել համապատասխան հաշվետվությունները և մասնակցել հանրապետական մակարդակի գնահատման գործընթացին։ Բացի այդ, օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները մասնակցում են մարզային մակարդակում աղետների ռիսկի գնահատման գործընթացին, ինչը վկայում է, որ գնահատման համակարգը ընդգրկում է նաև տարածքային մակարդակը։
Վերոգրյալ նորմերի համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ աղետների ռիսկի գնահատումը հանդիսանում է բազմաստիճան, փոխկապակցված և շարունակական գործընթաց, որի արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն միասնական կարգի և մեթոդաբանության առկայության պայմաններում։
Այս համատեքստում նախագծի ընդունման նպատակն է սահմանել աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության ազդեցությունների գնահատման միասնական մեխանիզմը՝ ապահովելով գործընթացի կազմակերպումը, համակարգումը և իրականացումը հանրապետական, ոլորտային և տարածքային մակարդակներում։
Սույն կարգի ընդունմամբ նախատեսվում է՝
- ապահովել աղետների ռիսկերի համապարփակ և գիտահիմնավորված գնահատում՝ կիրառելով միասնական մեթոդաբանություն,
- հստակեցնել լիազոր մարմնի, պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները,
- ապահովել գնահատման գործընթացի փուլայնությունը, հաշվետվողականությունը և ժամանակային համադրելիությունը։
Նախագիծը նպատակ ունի ձևավորել աղետների ռիսկի գնահատման համակարգված և շարունակական գործընթաց, որը հնարավորություն կտա բացահայտել առկա և հնարավոր վտանգները, գնահատել դրանց ազդեցությունները բնակչության, ենթակառուցվածքների, տնտեսության և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև ապահովել աղետների ռիսկի նվազեցման քաղաքականության արդյունավետ պլանավորումը։
Սույն կարգով սահմանվում են աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման գործընթացի համակարգման, կազմակերպման և իրականացման մեխանիզմները, ինչպես նաև դրա փուլերն ու ընթացակարգերը։
2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից՝ համագործակցելով ոլորտային պետական կառավարման մարմինների, ինչպես նաև գիտական և փորձագիտական կառույցների հետ։
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական և ծրագրային մի շարք փաստաթղթերից, մասնավորապես՝
1. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050՝ Մեգանպատակ 02 «Պաշտպանված Հայաստան», որի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել բնական, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության մակարդակը,
2. ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է զարգացնել աղետների ռիսկի կառավարման արդյունավետ և գիտահիմնված համակարգ՝ ապահովելով բնակչության, տնտեսության, ենթակառուցվածքների և տարածքների պաշտպանվածությունը,
3. ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշմամբ հաստատված «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը», որով նախատեսվում է զարգացնել աղետների ռիսկի գնահատման համակարգը և ապահովել ռիսկերի գիտահիմնված գնահատումը։
4. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին․
Նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
6․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը․
Սույն որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է՝
1) ապահովել աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության ազդեցությունների գնահատման միասնական և համակարգված գործընթաց,
2) բարձրացնել աղետների ռիսկի վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության և ամփոփման արդյունավետություն,
3) ապահովել պետական կառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև արդյունավետ համագործակցություն,
4) ապահովել գիտական և ինժեներական հաստատությունների ներգրավվածությունն աղետների ռիսկի գնահատման գործընթացում,
5) ձևավորել աղետների ռիսկի վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հիմք՝ ռազմավարական պլանավորման և կառավարչական որոշումների ընդունման համար,
6) նպաստել աղետների ռիսկի կանխարգելման և նվազեցման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։
Սույն որոշման ընդունման արդյունքում կապահովվեն «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 12.08.2025թ․ N 705-Ա որոշման հավելվածի 6-րդ կետերի պահանջները։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Տևողություն
14.05.2026 29.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 98
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: