Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

** մայիսի 2026 թվականի N ***-Ն

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի չորրորդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի գնահատման անհրաժեշտությունը կամ հնարավորությունը օրենքով նախատեսված լինելու դեպքերում բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի գնահատումն իրականացնող անձանց առաջադրվող չափանիշները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

____ ___________-ի N _____-Ն որոշման

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

1.  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հավելվածով սահմանվում են այն ֆիզիկական անձ գնահատողներին և իրավաբանական անձ գնահատողներիններկայացվող չափանիշները, որոնք բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի գնահատման անհրաժեշտությունը կամ հնարավորությունը օրենքով նախատեսված լինելու դեպքում կարող են իրականացնել բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի գնահատում:

 

2.  ԳՆԱՀԱՏՈՂԻՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

2. Ֆիզիկական անձ գնահատողը Հայաստանի Հանրապետությունում պետք է ստացած լինի տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման և հարկման, ֆինանսների, կառավարման, բիզնես վարչարարության, մաթեմատիկայի կամ ֆինանսական մաթեմատիկայի բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան կամ նույն ոլորտներում դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան ձեռք բերած լինի օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով։

3. Ֆիզիկական անձ գնահատողը համարվում է սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված բարձրագույն կրթության չափանիշին համապատասխանող նաև սույն հավելվածի 4-րդ գլխով նախատեսված միջազգային մասնագիտական որակավորումներից որևէ մեկի առկայության դեպքում:

4. Ֆիզիկական անձ գնահատողը առաջադրված գնահատման տարվան նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում պետք է իրականացրած լինի բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի գնահատման գործունեություն, որը նշված ժամանակահատվածում չի կասեցվել կամ դադարեցվել։

5. Ֆիզիկական անձ գնահատողը պետք է առաջադրված գնահատման տարվան նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում իրականացրած լինի բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի առնվազն հինգ գնահատում, որոնցից առնվազն երկուսը՝ ոչ պակաս քան 20,000,000 (քսան միլիոն) ՀՀ դրամին համարժեք զուտ ակտիվների արժեքով ընկերությունների բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի գնահատում։

6. Ֆիզիկական անձ գնահատող չի կարող լինել այն անձը, որը՝

1) օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ,

3) դատարանի կողմից զրկվել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,

4) ճանաչվել է սնանկ և ունի չմարված (չներված) պարտավորություններ,

5) ֆինանսական կազմակերպության նկատմամբ ունի կամ ունեցել է որպես «ոչ ստանդարտ», «կասկածելի» կամ «անհուսալի» դասակարգված պարտավորություններ, կամ

6) պատասխանատվության է ենթարկվել գնահատման ծառայության մատուցման պայմանագրի կնքման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով, կամ գնահատման ծառայության մատուցման պայմանագրի կնքման օրվան նախորդող օրվա դրությամբ ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ:

7. Գնահատողը (սույն կետի իմաստով՝ ֆիզիկական անձ գնահատողը և իրավաբանական անձ գնահատողը, ներառյալ՝ դրա ղեկավարը և գնահատումն իրականացնող գնահատողները) և գնահատվող բաժնետոմսերը կամ այլ արժեթղթերը թողարկող ընկերությունը, դրա բաժնետերերը, խորհրդի անդամները, գործադիր մարմնի անդամները, գործադիր մարմնի իրավասություններ իրականացնող իրավաբանական անձը կամ դրա տնօրենը կամ դրա խորհրդի անդամները կամ դրա կանոնադրությամբ կամ պայմանագրով նախատեսված՝ ղեկավարման գործառույթներ իրականացնող այլ անձինք, վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը), Ընկերության անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձը կամ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով դրա հետ փոխկապակցված ճանաչվող այլ անձը (այսուհետ սույն կետի իմաստով՝ գնայատվող) պետք է գնահատման օրվա դրությամբ և դրան նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում փոխկապակցված չլինեն միմյանց հետ։ Սույն կետի իմաստով գնահատողը և գնահատվողը համարվում են փոխկապակցված, եթե՝

1) նրանցից որևէ մեկը կամ սույն կետի 4-րդ կամ 5-րդ ենթակետերով նախատեսված անձը մյուսի կանոնադրական կապիտալում ունի մասնակցություն,

2) նրանցից որևէ մեկը կամ սույն կետի 4-րդ կամ 5-րդ ենթակետերով նախատեսված անձը օրենքով չարգելված այլ ձևով հնարավորություն ունի կանխորոշելու մյուսի որոշումները կամ կարող է տալ կատարման համար պարտադիր ցուցումներ,

3) նրանցից որևէ մեկը կամ սույն կետի 4-րդ կամ 5-րդ ենթակետերով նախատեսված անձը մյուսի կառավարման մարմնի անդամ է,

4) նրանցից որևէ մեկը մյուսի ընտանիքի անդամ է (ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ամուսնու ծնողը կամ զավակի ամուսինը, ինչպես նաև համատեղ ապրող անձինք),

5) նրանցից որևէ մեկը մյուսի հետ վարում է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն:

8. Ֆիզիկական անձ գնահատողը պետք է ունենա իր պատասխանատվության ռիսկի գործող ապահովագրություն՝ նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարի կրկնակիի չափով, բայց ոչ պակաս, քան 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամը։ Սույն կետով նախատեսված ապահովագրության պայմանը չի բացառում առանձին գնահատումների մասով իր պատասխանատվության ռիսկը ապահովագրելու ֆիզիկական անձ գնահատողի հնարավորությունը:

9. Իրավաբանական անձ գնահատողի դեպքում դրա ղեկավարը և դրա գնահատողներից առնվազն երկուսը պետք է համապատասխանեն սույն հավելվածի 2-3-րդ և 6-րդ կետերով սահմանված չափանիշներին։

10. Սույն հավելվածի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված չափանիշները կիրառելի են նաև իրավաբանական անձ գնահատողի նկատմամբ, բացառությամբ, երբ իրավաբանական անձ գնահատողի ղեկավարը և դրա առնվազն երկու ֆիզիկական անձ գնահատողներ համապատասխանում են նույն կետերով սահմանված չափանիշներին։

11. Իրավաբանական անձ գնահատողը պետք է ունենա իր պատասխանատվության ռիսկի գործող ապահովագրություն՝ նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարի կրկնակիի չափով, բայց ոչ պակաս, քան 20,000,000 (քսան միլիոն) ՀՀ դրամը։ Սույն կետով նախատեսված ապահովագրության պայմանը չի բացառում առանձին գնահատումների մասով իր պատասխանատվության ռիսկը ապահովագրելու իրավաբանական անձ գնահատողի հնարավորությունը:

 

3.  ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ

12. Ֆիզիկական կամ իրավաբանական անձ գնահատողը իրականացված գնահատման հաշվետվությանը կցում է սույն չափանիշներին համապատասխանության գրավոր հայտարարագիր, որին կցվում են նաև՝

1) սույն հավելված 2-րդ, 3-րդ և 9-րդ (այնքանով, որքանով վերաբերում է սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված չափանիշին) կետերով սահմանված չափանիշների դեպքում՝ դիպլոմի կամ մասնագիտական որակավորման փաստաթղթի պատճենը.

2) սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված չափանիշի դեպքում՝ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենը, ընկերության կանոնադրության պատճենը (իրավաբանական անձ գնահատողի դեպքում), և Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված փաստաթուղթ՝ սահմանված ժամանակահատվածում գործունեությունը կասեցված կամ դադարեցված չլինելու վերաբերյալ (օտարերկրյա անձանց դեպքում ներկայացվում են տվյալ պետության իրավասու մարմինների կողմից տրված համարժեք փաստաթղթերը),

3) սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված չափանիշի դեպքում՝ տվյալներ համապատասխան գնահատման հաշվետվությունների վերաբերյալ,

4) սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված չափանիշի դեպքում՝ ուժի մեջ գտնվող մասնագիտական պատասխանատվության ապահովագրության վկայականի կամ պայմանագրի պատճենը:

13. Իրավաբանական անձ գնահատողի դեպքում չափանիշներին համապատասխանության գրավոր հայտարարագրում նշումները կատարվում և փաստաթղթերը կցվում են համապատասխանաբար կազմակերպության, դրա ղեկավարի և գնահատումն իրականացնող գնահատողների մասով։

14. Չափանիշներին համապատասխանության գրավոր հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում իրավաբանական անձ գնահատողը (ներառյալ՝ դրա ղեկավարը) կամ ֆիզիկական անձ գնահատողը այդ պահից համարվում են սույն հավելվածով սահմանված չափանիշներին չհամապատասխանող:

 

 

4. ՃԱՆԱՉՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

15. Սույն հավելվածի նպատակների համար ճանաչվող միջազգային մասնագիտական որակավորումներն են՝

1) Chartered Financial Analyst (CFA) — տրված CFA Institute-ի կողմից,

2) Association of Chartered Certified Accountants (ACCA) անդամակցությունը,

3) Institute of Chartered Accountants in England and Wales (ICAEW) անդամակցությունը (ACA կամ FCA).

4) Certified Public Accountant (CPA) — տրված Միացյալ Նահանգների կամ Կանադայի համապատասխան մասնագիտական մարմինների կողմից.

5) Accredited Senior Appraiser (ASA) Business Valuation մասնագիտացմամբ — տրված American Society of Appraisers-ի կողմից.

6) Chartered Business Valuator (CBV) — տրված CBV Institute-ի (Կանադա) կողմից.

7) Միջազգային գնահատման ստանդարտների խորհրդի (IVSC) կամ Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի (IFAC) անդամ կազմակերպության կողմից տրված համարժեք մասնագիտական որակավորումները:

  • Տևողություն

    13.05.2026 28.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 136

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: