ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը․
Վարչապետի որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (այսուհետ` ՄՀՀ) կազմում փոփոխություն կատարելու և այն համալրելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները․
ՄՀՀ-ն խորհրդակցական մարմին է, որը ստեղծվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրային առաջարկը նախապատրաստելու, քննարկելու, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամին (այսուհետ` Գլոբալ հիմնադրամ) առաջարկությունները ներկայացնելու, ԳՀ-ի դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցելու և այլ` իր կարգավիճակից բխող նպատակներով:
Ներկայացված նախագծով նախատեսվում է լրացում և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի N347-Ա որոշմամբ ստեղծված ՄՀՀ-ի կազմում:
Հաշվի առնելով, որ նախատեսվում է Գլոբալ հիմնադրամի աջակցության աստիճանական կրճատում 2027 թվականից և 2030 թվականից՝ մշտական դադարեցում, ինչպես նաև հիմք ընդունելով նախկինում իրականացված ուսումնասիրության արդյունքները և դրանց հիման վրա ներկայացված առաջարկները, նախատեսվում է, որ դրամաշնորհային աջակցության ավարտից հետո ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի ոլորտներում իրականացվող գործառույթների շարունակականության ապահովման նպատակով ՄՀՀ-ն կներառվի ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կազմում։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է անցումային փուլում, անհրաժեշտ է նախապես ապահովել Առողջապահության ազգային ինստիտուտի առավել ակտիվ ներգրավվածությունը ՄՀՀ գործունեության մեջ՝ անցումային գործընթացի սահուն իրականացումն ու հանձնաժողովի գործառույթների անխափան շարունակականությունն ապահովելու նպատակով։
Միաժամանակ, փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (UNAIDS) գործունեության ավարտով։ Այդ համատեքստում առաջարկվում է վերանայել հանձնաժողովի կազմը՝ նվազեցնելով Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչների թիվը երեքից մինչև երկու։
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ հասարակական կազմակերպությունները ՄՀՀ-ում ներկայացված լինեն բացառապես տվյալ հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող անձանց միջոցով։
ՀԿ անդամ հանդիսացող ներկայացուցիչներն ունեն կազմակերպության ներքին իրավական ակտերով ամրագրված կարգավիճակ, գործում են կազմակերպության կանոնադրության և ներքին կարգավորումների շրջանակներում, ունեն հստակ սահմանված իրավունքներ և պարտականություններ, մասնակցում են կազմակերպության որոշումների կայացման գործընթացներին։ Նշված կարգավորումը ապահովում է, որ ՄՀՀ-ում հանդես եկող ներկայացուցիչները պատշաճ կերպով լիազորված լինեն ներկայացնելու իրենց կազմակերպությունները։
Բացի այդ, առաջարկվող փոփոխությունը միտված է հասարակական կազմակերպությունների ՄՀՀ-ում մասնակցության կայունության և շարունակականության ապահովմանը, ինչը կնպաստի հանձնաժողովի գործունեության ինստիտուցիոնալ կայունությանը։ Սույն մոտեցումը համահունչ է Գլոբալ հիմնադրամի և ՄՀՀ-ի սկզբունքներին, որոնք կարևորում են հաշվետվողականությունը, թափանցիկությունը, ինչպես նաև շահագրգիռ կողմերի լիարժեք և իրավաչափ ներկայացվածությունը։
3. Առաջարկվող կարգավորման բնույթը․
Ներկայացված նախագծով նախատեսվում է լրացում և փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի N347-Ա որոշմամբ ստեղծված ՄՀՀ-ի կազմում: Մասնավորապես, նախատեսվում է`
- ՄՀՀ-ի կազմում ներառել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն մեկ ներկայացուցիչ,
- Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչների թիվը սահմանել երկու` երեքի փոխարեն,
- Սահմանել, որ հասարակական կազմակերպությունների կողմից ՄՀՀ-ում առաջադրվող ներկայացուցիչները պետք է լինեն տվյալ կազմակերպության անդամները։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղարության կողմից:
5. Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Որոշման նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
-
Տևողություն
08.05.2026 23.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 98
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: