Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Որդեգրման գործընթացը և դրան առնչվող տարբեր հարցեր Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով, «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով:

Որդեգրման գործընթացը կարգավորող ընդհանուր դրույթները սահմանված են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, իսկ որդեգրման կարգն ավելի մանրամասն կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1919-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 269-Ն որոշմամբ (այսուհետ՝ 269-Ն որոշում)։

Օտարերկրյա որդեգրման գործընթացը կարգավորվում է նաև 2007 թվականի հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված 1993 թվականի մայիսի 29-ին ընդունված «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա), որով սահմնանված որոշ կարգավորումներ և ինստիտուտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դեռևս կարգավորված չեն (օրինակ՝ որդեգրման ոլորտում առկա չէ ավտորիզացված կազմակերպություններին վերաբերող կարգավորումները)։

Միևնույն ժամանակ առկա են նաև մի շարք իրավական ակտեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարների կողմից ընդունված ակտեր, որոնք նույնպես սահմանում են որդեգրման կարգին վերաբերող դրույթներ, ինչը գործնականում բարդացնում է որդեգրման գործընթացի կազմակերպումն ինչպես իրավակիրառողի համար, այնպես էլ որդեգրման ցանկություն ունեցող անձանց համար, ովքեր, ուսումնասիրելով բազմաթիվ իրավական ակտեր, չեն կարողանում համակարգված և ամբողջական տեղեկատվություն որոնել կազմակերպվող գործընթացի առնչությամբ: Նման իրավիճակից երբեմն օգտվում են տարբեր հանցավոր մտադրություններ ունեցող անձինք, ինչը բերում է նաև որդեգրման ոլորտում հանցավոր դրսևորումների իրականացմանը:

Այսպիսով, որդեգրման գործընթացը կարգավորող հարաբերությունները, սահմանված լինելով տարբեր իրավական ակտերում, բարդացնում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և առավել ևս օտարերկրացիների կողմից ուսումնասիրելու և հասկանալու որդեգրումը կարգավորող օրենսդրությունը, անհրաժեշտ պայմաններն ու առանձնահատկությունները:

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-363-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 2025 թվականի նոյեմբերի 29-ից, ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարված ծավալոււն փոփոխություններով և լրացումներով վերանայվել է որդեգրման տեսլականն ու մոտեցումները, ինչից ելնելով ՀՀ կառավարության 269-Ն որոշումը կորցրել է իր արդիականությունը, և չի համապատասխանում այն կարգավորումներին, որոնք նախատեսվել են ՀՀ ընտանեկան օրենսգրքով:

Մասնավորապես, ՀՀ կառավարության 269-Ն որոշման մեջ բացակայում են այնպիսի կարգավորումներ, ինչպիսիք են օրինակ՝ որդեգրման գործընթացի համադրման կարգը թե՛ ներպետական և թե՛ օտարերկրյա մակարդակում, որդեգրման գործընթացում ներգրավված դերակատարների նոր լիազորությունները՝ օրենսդրական փոփոխությունների համատեքստում, երեխայի կարիքների բավարարմանն ուղղված կարգավորումները, որդեգրման վերահսկողությունը կարգավորող հարաբերությունները և այլն։

Ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ կառավարության որոշման մակարդակում առաջարկվող փոփոխությունները ծավալուն են, առավել նպատակահարմար է ոչ թե կատարել փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 269-Ն որոշման մեջ, այլ ընդունել նոր որոշում՝ չծանրաբեռնելով նաև որոշման վերնագիրը, այլ ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն՝ «Երեխայի որդեգրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:  Սույն կարգը ներառում է որդեգրմանը վերաբերող, սույն օրենսգրքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված կարգավորումների ամբողջությունը:»: 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Որդեգրումը, լինելով դատական ակտ, որով որդեգրվողը ձեռք է բերում կենսաբանական կապերին համարժեք ընտանեկան կապեր, որոնց շնորհիվ որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ, երեխայի կյանքում էական նշանակություն ունեցող գործընթացներից է: Հետևաբար, որդեգրումը պետք է իրականացվի ելնելով երեխայի լավագույն շահերից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ որդեգրողի և որդեգրվողի համադրելիության չափանիշների գնահատման հիման վրա: Այսինքն, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի համադրումը կարգավորող նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ որդեգրումը պետք է իրականացվի՝

1)   երեխայի լավագույն շահերից ելնելով,

2)  որդեգրողի և որդեգրվողի համադրելիության չափանիշների գնահատման հիման վրա։

Անդրադառնալով «երեխայի լավագույն շահ» հասկացությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն իրենց որոշումներում[1] նշել են, որ երեխայի լավագույն շահերը, վերջինիս անձնական զարգացման տեսանկյունից, կախված են տարբեր անհատական ​​հանգամանքներից՝ մասնավորապես նրա տարիքից և հասունության աստիճանից, ծնողների առկայությունից կամ բացակայությունից, նրա միջավայրից և փորձից:

Ինչ վերաբերում է համադրելիության չափանիշների գնահատմանը, ապա միայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածում էր նախկինում անդրադարձ կատարվում համադրելիության չափանիշներին և դրանց գնահատմանը, որոնք, ըստ օրենսգրքի, պետք է սահմաված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 112.1-ին հոդվածը, որը լրացվել է վերը նշված փոփոխություններով, սահմանել է համադրման առանձնահատկությունները, նշելով, որ որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրումն իրականացվում է որդեգրել ցանկացող հաշվառված անձի ցանկալի չափանիշներին համապատասխան առանձնացված՝ որդեգրման ենթակա երեխայի և որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի միջև: Որդեգրման ենթակա երեխաների տվյալները հասանելի են և կարող են տրամադրվել միայն համադրման արդյունքներով՝ երեխա որդեգրելու մասին դրական եզրակացություն ստացած անձին, բացառությամբ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 113.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի:

Համադրումն իրականացվում է երկու փուլով՝

1) տեխնիկական և

2) մասնագիտական:

Հարկ է նշել, որ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը ներկայացնում է առավել մարդակենտրոն կարգավորումներ, օրինակ նշելով, որ որդեգրման ենթակա երեխայի ու որդեգրել ցանկացող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացու և ընտանիքի համակեցությունն առավելագույնս ապահովելու համար որդեգրել ցանկացող անձին կամ ընտանիքին մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտության դեպքում տրամադրում են մասնագիտական աջակցություն:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ներկայումս չկա որևէ ենթաօրենսդրական ակտ, որը սահմանում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 112-րդ և 112.1-ին հոդվածներում նշված որդեգրողի և որդեգրվողի համադրմանը վերաբերող կարգավորումները։

Բացի այդ, վերլուծելով ՀՀ կառավարության 269-Ն որոշման համապատասխան դրույթները, ինչպես նաև հիմք ընդունելով այն, որ ՀՀ կառավարության 269-Ն որոշման մեջ որևէ խոսք չի գնում որդեգրողի և որդեգրվողի համադրման մասին՝ կարող ենք եզրահանգել, որ ըստ ՀՀ գործող օրենսդրության՝ որդեգրել ցանկացող անձինք իրենք կարող են ընտրել իրենց համար առավել համապատասխան երեխայի՝ իրենց նախընտրելի չափանիշների հիման վրա։ Նման մոտեցումն «ապրանքայնացնում է» երեխային, ինչն անթույալտրելի է:

Ներկայումս առկա են ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված որոշ դրույթներ, որոնք փոփոխվել և լրացվել են՝ որդեգրման գործընթացը երեխայի լավագույն շահերին համապատասխան իրականացնելու նպատակով։ Մասնավորապես՝ սահմանվել է ոչ միայն որդեգրման, այլ նաև որդեգրման գործընթացի գաղտնիությանը վերաբերող դրույթներ: Դրան զուգահեռ վերանայվել է այն անձանց շրջանակը, ովքեր պարտավոր են պահպանել որդեգրման և որդեգրման գործընթացի գաղտնիքը։

ՀՀ կառավարության 269-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար քաղաքացիներից պահանջվում է ներկայացնել միայն եկամուտների մասին տեղեկանքը, ինչը կարող է որդեգրել ցանկացող անձ դառանալու ցանկություն հայտնած անձի ֆինանսական վիճակի մասին թյուր պատկերացումներ ստեղծել, եթե վերջինս չի ներկայացնում նաև տեղեկատվություն իր պարտավորությունների մասին։

Որդեգրումը կարգավորող ներկայիս իրավական ակտերից և ոչ մեկով սահմանված չեն որդեգրման գործընթացի դադարեցման դեպքերը, ինչպես նաև դրանից հետո երեխայի որդեգրման նկատմամբ վերահսկողությունը, ինչը գործնականում կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, քանի որ երբեմն կարող են առաջանալ դեպքեր, երբ որդեգրման գործընթացն անհրաժեշտ է դադարեցնել և վերսկսել, սակայն անհրաժեշտ իրավակարգավորումների բացակայության պատճառով խախտվում են երեխայի լավագույն շահերը, և գործնականում որդեգրման ենթակա երեխան որոշակի ժամկետով զրկվում է որդեգրվելու և ընտանիքում դաստիարակվելու իր իրավունքներից։

Հաշվի առնելով, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարված լրացումներն ու փոփոխությունները բազմաթիվ են, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 112.1-ին հոդվածի 11-13-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2.1-ին մասով, 114-րդ հոդվածի 2-րդ մասով, 128-րդ հոդվածի 4-րդ մասով, 150-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված լիազորող նորմերը հիմք են հանդիսացել քննարկվող նախագիծը մշակելու համար՝ մեկ համապարփակ ակտով ներկայացնելով ողջ գործընթացը:

2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունվել է նաև «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՕ-364-Ն օրենքը, որը կրկին ուժի մեջ է մտել 2025 թվականի նոյեմբերի 29-ից, և որի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 22-րդ կետի համաձայն՝ խնամակալության, հոգաբարձության և որդեգրման վերահսկողության իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը: Քանի որ Նախագծի Հավելված 1-ով ներկայացվում է որդեգրման ամբողջական գործընթացը, Հավելված 2-ն ամբողջությամբ նվիրված թ որդեգրման վերահսկողության իրականացման կարգին: 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Ուսումնասիրելով Կոնվենցիան ու կոնվենցիայի կիրառման ուղեցույցերը, 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված օրենսդրական փոփոխությունները՝ պարզ է դառնում, որ համադրումը երեխայի կարիքների և որդեգրող անձի որակների, հմտությունների, միջոցների համադրման առանցքային գործընթաց է երեխայի լավագույն շահն ընտրելու համար և պետք է կատարվի արհեստավարժորեն (professionally): Թե՛ ներպետական և թե՛ օտարերկրյա որդեգրումների համադրման գործընթացը պետք է կատարվի բազմապրոֆիլ ուսումնասիրության արդյունքում և հնարավորինս սեղմ ժամկետներում[2]: Կոնվենցիայի մեկնաբանությունից կարելի է հասկանալ, որ համադրումը չպետք է կատարվի որդեգրող անձի կողմից՝ երեխային անձամբ (in person) կամ լուսանկարների միջոցով ընտրելով: Այն չպետք է իրականացվի նաև միայն համակարգչի միջոցով[3]: Ուստի, քանի որ հիմնավոր կարիք կա ներդնելու որդեգրման գործընթացում համադրումը կարգավորող օրենսդրություն, առաջարկվում է թե՛ ներպետական և թե՛ օտարերկրյա որդեգրումների համար ստեղծել մեկ ընդհանուր՝ որդեգրման ենթակա երեխաների և որդեգրել ցանկացող անձանց շտեմարան, և որոշակիորեն սահմանափակելով մարդկային գործոնը որդեգրման ենթակա երեխաների շտեմարանից որդեգրել ցանկացող անձի համար համապատասխան երեխային ընտրելու գործընթացում՝ համադրման գործընթացն իրականացնել երկու փուլով.

1)   տեխնիկական փուլ և

2)  մասնագիտական փուլ։

Առաջին փուլում որդեգրել ցանկացող անձն իր կողմից նախապես ներկայացված դիմումում նշված երեխայի նախընտրելի հատկանիշների ու առանձնահատկությունների հիման վրա իր համար առանձնացված առավել համապատասխան երեխաներից որոշակի տվյալների հիման վրա քայլ առ քայլ ընտրում է իր համար առավել նախընտրելի երեխային կամ երեխաներին:

Համադրման համար Նախագծում առանձնացվել են որդեգրման ենթակա երեխայի կարիքները, որոնք վերաբերում են՝

1)      բնակության վայրով, անհրաժեշտության դեպքում՝ առանձին սենյակով, ապահովվածությունը և բնակության վայրի անվտանգությանն ու պայմաններին.

2)     երեխայի նկատմամբ բռնության կամ վատ վերաբերմունքի ռիսկի, երեխայի իրավունքների խախտման և լավագույն շահերի անտեսման բացառմանը.

3)     սննդապահովման մակարդակին և սննդի բազմազանությանը.

4)     նյութակենցաղային ապահովմանը.

5)     խնամքի, այդ թվում՝ խնամքի հատուկ պայմանների ապահովման հնարավորությանը.

6)     սոցիալական մեկուսացման բացառմանը.

7)     երեխայի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերի ապահովումը. 

8)     որդեգրող ընտանիքում հոգեբանական մթնոլորտին և ընտանիքի անդամների միջև հոգեհուզական կապերին.

9)     երեխայի կարծիքին և նախասիրություններին.

10)   երեխայի վիճակով կամ կարիքներով պայմանավորված՝ այլ հնարավոր պայմանների ապահովումը։

Համադրման մասնագիտական փուլն իրականացվում է նախորդ փուլի արդյունքում առանձնացված՝ որդեգրման ենթակա երեխային առավել համապատասխան որդեգրել ցանկացող անձին երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կողմից որդեգրման ենթակա երեխայի հետ համադրելով:

Մասնագիտական համադրումն իրականացվում է երեխայի սոցիալական զարգացման անհատական ծրագիրը, երեխայի տարիքին, սեռին, առողջական վիճակին բնորոշ առանձնահատկությունները, որդեգրել ցանկացող անձանց կենսապայմանները, վերջիններիս կողմից երեխայի կարիքները հոգալու հնարավորություններն ու պատրաստվածությունը համադրելով։

Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ որդեգրել ցանկացող յուրաքանչյուր անձին գնահատում է հետևյալ չափանիշների հիման վրա՝

1)      որդեգրել ցանկացող անձի եկամուտների և պարտավորությունների գնահատում

2)     որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների գնահատում

3)     որդեգրել ցանկացող անձի ֆիզիկական ու հոգեբանական պատրաստվածության գնահատում

4)     որդեգրման շարժառիթի գնահատում

5)     որդերգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի էթնիկական, մշակութային և կրոնական ընդհանրությունների գնահատում.

6)     երեխայի լավագույն շահերի ապահովում կոնկրետ ընտանիքում:

Անդրադառնալով այլ երկրներում որդեգրման ու համադրման իրականացման փորձին՝ կարելի է ասել, որ դրանք, ինչպես ներկայացված մյուս բոլոր երկրներում հիմնականում տեղի են ունենում սոցիալական աշխատողների կամ համապատասխան թույլտվություն ունեցող անձանց կամ կազմակերպությունների միջոցով՝ հարցազրույցներ և հանդիպումներ անցկացնելով, այն բանից հետո, երբ անձը ստացել է որդեգրել ցանկացող անձի կարգավիճակ (օրինակ՝ Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Բելառուս, Լիտվա, Էստոնիա (ընդ որում հարկ է նշել, որ Ուկրաինայում գոյություն ունի հասարակական կազմակերպություն, որը, համագործակցելով պետական մարմինների հետ, իր կայքէջում ցանկացած այցելուի ներկայացնում է որդեգրման ենթակա երեխաներին և նույնպես հնարավորություն է տալիս նրանց ֆիլտրելու[4], Ֆրանսիայում ազգային մակարդակում պետությունը ներդրել է պետության խնամքի տակ գտնվող երեխաների վերաբերյալ տեղեկատվական համակարգ, որն օգնում է որդեգրել ցանկացող անձանց գտնել իրենց համար առավել համապատասխան երեխային,[5] իսկ Ռուսաստանում բոլոր շրջաններն ունեն իրենց առանձին ռեգիստրները, որոնք առցանց հասանելի են, և որտեղ կայքէջի ցանկացած այցելու հնարավորություն ունի տեսնելու որդեգրման ենթակա երեխաներին, ինչպես նաև ֆիլտրելու նրանց՝ որոշակի չափանիշների համաձայն[6]))։ Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում որդեգրման ընթացակարգի մեծ մասն առցանց է[7]. այստեղ ամեն փուլում որդեգրել ցանկացող անձին հասանելի են դառնում տարբեր տվյալներ, սակայն վերջնական համադրումն իրականացնում են սոցիալական աշխատողները։ Իտալիայում համադրումն իրականացնում է դատարանը:[8]

Նախագծով բացի համադրումից իրականացվում են նաև այլ փոփոխություններ, մասնավորապես՝ վերանայվում է նաև որդեգրման համար ներկայացվող փաստաթղթերի շրջանակը, սահմանվում է որդեգրման գործընթացի գաղտնիքի մասին կարգավորումներ, ինչպես նաև լիարժեք սահմանվում է այն անձանց շրջանակը, ովքեր պարտավոր են պահպանել որդեգրման և որդեգրման գործընթացի գաղտնիքը առաջարկվում է նաև սահմանել դրույթներ որդեգրման գործընթացի գաղտնիքի վերաբերյալ:

Նախագծով կատարվում է նաև կիրառվող եզրույթների համապատասխանեցում և Իրավական տեխնիկայի շտկումներ: 

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ մեկ իրավական ակտ, որը կկարգավորի որդեգրմանը և որդեգրման վերահսկողության իրականացմանը վերաբերող գրեթե բոլոր հարաբերությունները, և որը կհամապատասխանի ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխություններին և լրացումներին: Արդյունքում, ՀՀ-ում որդեգրումը կկազմակերպվի միջազգային չափորոշիչներին համապատասխան, կբխի երեխայի լավագույն շահերից, այլ ոչ թե կլինի երեխային ընտրելու՝ որդեգրել ցանկացող անձանց բացարձակ մենաշնորհը և կիրականացվի համադրման հիման վրա:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել միատեսակ եզրույթների կիրառում և ապահովել ՀՀ ընտանեկան օրենսգրքի հետ համահունչությունը: 

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։ 

5 Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում: 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարության 4-րդ մեգանպատակից՝ հաշվի առնելով այն, որ փոփոխությունը նպաստում է երեխաների նկատմամբ ամբողջական և լիարժեք հոգածության ապահովմանը՝ մասնավորապես փոփոխությամբ որդեգրման ենթակա՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների նկատմամբ հոգածությունը կլինի ընտանիքում, այլ ոչ թե ընտանիքը ժամանակավորապես փոխարինող տարբերակներով:

Միաժամանակ, նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2025 թվականի փետրվարի 10-ի «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-364-Ն և «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-363-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 101-Ա որոշման հավելվածի 4-րդ կետը:


[1] Case Of C. V. Finland (Application no. 18249/02), 9 May 2006 http://hudoc.echr.coe.int/eng?i=001-75337

M.R. and L.R. against Estonia (Application no. 13420/12), 15 May 2012 http://hudoc.echr.coe.int/eng?i=001-111198, Վճռաբեկ դատարանի՝ Աննա Ասատրյանն ընդդեմ Դավիթ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործ , 2015 թվականի դեկտեմբերի 28 https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=103489

[2] The Implementation And Operation Of The 1993 Hague Intercountry Adoption Convention: Guide To Good Practice Guide No 1` https://assets.hcch.net/docs/bb168262-1696-4e7f-acf3-fbbd85504af6.pdf

[3] The Implementation And Operation Of The 1993 Hague Intercountry Adoption Convention: Guide To Good Practice Guide No 1` https://assets.hcch.net/docs/bb168262-1696-4e7f-acf3-fbbd85504af6.pdf

[8] Juvenile Court

  • Տևողություն

    20.04.2026 06.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 221

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: