ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
1) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (այսուհետ` Որոշում) նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) 2025 թվականի դեկտեմբերի 17-ին կատարված փոփոխությունից, որն էլ պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի ընդունմամբ, բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի սահմանմամբ` նշված օրենքում և ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման մեջ: Արդյունքում Օրենքի 4-րդ հոդվածը խմբագրվել է և 1.1-ին մասով Կառավարությանը վերապահվել է լիազորություն (ընդ որում մինչ սույն փոփոխությունը այս լիազորող նորմը օրենքի 4-րդ հոդվածում ևս եղել է) սահմանելու բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների, օժանդակ սերմնավորման կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգը, ծավալներն ու շահառուներին ներկայացվող պահանջները: Օրենքի նշված մասով նախատեսված է համապատասխան բժշկական օգնության և սպասարկման տրամադրել` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում: Սակայն հաշվի առնելով, որ ներկայում անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայությունները ներառված են ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշմամբ հաստատված Հավելված 2-ի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալում և իրականացվում է բացառապես առողջության ապահովման և բարելավման ծրագրերի շրջանակներում, Որոշման կարգավորումները ներկայիս փուլում վերաբերելի չեն առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակին, քանի որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայությունները ներառված չեն ապահովագրական փաթեթում:
2) Միաժամանակ հարկ է նշել, որ Որոշման փոփոխությունը պայմանավորված է նաև անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է որոշման հավելված N 1-ի 11-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված շահառուների համար սահմանել տարիքային նոր շեմ` 20-40 տարեկան, գործող 20-36-ի փոխարեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրորդային անպտղության ախտորոշումը հաճախ ախտորոշվում է առավել բարձր տարիքում և նաև հիմնվելով երկրորդային անպտղության տարածվածության վրա (ըստ 2021 ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և APR group-ի կողմից կատարված` «Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» քանակական հետազոտության տվյալների):
Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է դիտարկել որոշման շահառու դառնալու մերժման հիմք հանդիսացող դրույթում սահմանել բացառություն, մասնավորապես սեփական ձվաբջջով արտամարմնային բեղմնավորման նպատակահարմարության բացակայության դեպքում կարելի է դիտարկել նախկինում կրիոսառեցված ձվաբջիջներ ունենալու և դրանց քանակի հանգամանքը, ինչն էլ շահառուի համար հնարավորություն է ստեղծվում խուսափել դոնորական ձվաբջիջներ կիրառելուց, և մոտավոր նույն հավանականության շրջանակներում ունենալ կենսաբանական երեխա:
Այլ փոփոխությամբ առաջարկվում է որոշման հավելվածի 11-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված շահառուների համար որպես պայման սահմանված 2 տարի և ավել անպտղության ախտորոշումը կնոջ 36 տարեկան և բարձր տարիքում դիմելու դեպքում դարձնել 1 տարի և ավել, ինչն էլ թույլ կտա վերարտադրողական տեսանկյունից առավել ցանկալի տարիքում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ իրականացմանը` հաշվի առնելով կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատությունները:
2. Կարգավորման նպատակը և բնույթը, ակնկալվող արդյունքը:
Նախագծի նպատակն է Որոշումը համապատասխանեցնել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի փոփոխությանը, ինչպես նաև անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնումը և առողջապահական տեսանկյունից այն առավել արդյունավետ դարձնելը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:
4. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է ծախսերի ավելացում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1641-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության 3-րդ գլխի 2.1 մասի Ռազմավարական նպատակ 1-ից (Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը) և 140-րդ կետով սահմանված` Մասնավոր նպատակ 1.3-ից (հղիության և երեխայի ծննդի աջակցություն): Նշված նպատակի իրականացման ակնկալվող ազդեցության և վերջնարդյունքի ցուցանիշը սահմանված է ռազմավարության 142-րդ կետով, ըստ որի հնարավորություն կընձեռվի 2040թ. հասնել պտղաբերության ընդհանուր գործակցի ավելի բարձր մակարդակի` 1.8` իներցիոն սցենարի 1.6-ի փոխարեն, ինչն արտացոլվում է 2024-2040թթ. ընթացքում երեխաների 55000 հավելյալ ծննդի միջոցով:
Սույն նախագիծը բխում է նաև Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 4.5 գլխի 7-րդ պարբերությունից, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ «Իրականացվելու են միջոցառումներ` ուղղված վերարտադրողական իրավունքի իրացմանն ու առողջության բարելավմանը, պերինատալ կորուստների նվազեցմանը, անպտղության կանխարգելմանն ու բուժմանը: Այս կապակցությամբ իրականացվելու են անվճար կանխարգելիչ բժշկական հետազոտություններ մոր և մանկան առողջությունը պահպանելու համար: Անպտղության վաղ հայտնաբերման և հաղթահարման, ինչպես նաև հղիության վաղ շրջանում լրացուցիչ հետազոտությունների իրականացումը՝ միտված մոր և մանկան առկա խնդիրների բացահայտմանը, կդառնա անվճար, կընդլայնվի ծառայությունների ցանկը:»
-
Տևողություն
18.04.2026 03.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 97
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: