«Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը հաստատելու մասին» և «Կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումների նախագծեր
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» «________» 2026 թվականի N _____ -Ն
ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՌՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը՝ ըստ հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ Կառավարության
«___» «________» 2026 թվականի N _____ -Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՌՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների զուգաձև կիրառությունների կանոնարկման առաջարկների ներկայացման, քննարկման և հաստատման կարգը (այսուհետ՝ Կարգ)։
2. Սույն Կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) Կանոնարկում՝ նույն հասկացության կամ հատուկ անվան զուգաձև կիրառություններից մեկի հաստատման գործընթաց։
2) Հատուկ անուն՝ պետության, մայրաքաղաքի, աշխարհագրական անվան, միջազգային կազմակերպության և միավորման անվանում։
3) Առաջարկ՝ պետական մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտե ներկայացվող թարգմանված կամ փոխառված հասկացության/անվան կանոնարկման վերաբերյալ փաստաթուղթ։
4) Կանոնարկման հանձնաժողով՝ փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկումն իրականացնող պետական մարմինների ներկայացուցիչներից և փորձագետներից կազմված մարմին:
3. Կարգը բխում է «Լեզվի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի դրույթներից։
4. Կարգի նպատակն է պետական փաստաթղթերում և օրենսդրության մեջ ապահովել թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների միօրինակ կիրառություն։
II. ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԿԱԶՄՈՒՄ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
5. Կանոնարկումը կատարվում է ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտե ներկայացված առաջարկի հիման վրա։ Առաջարկը կազմվում է ըստ Ձև 1-ի և ներկայացվում ըստ սույն Կարգի։
6. Առաջարկ կարող են ներկայացնել պետական կառավարման համակարգի մարմինները։ Գիտական կառույցները և պետական այլ հիմնարկներն ու տեղական ինքնակառավարման մարմինները առաջարկը ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտե կարող են ներկայացնել իրենց գործունեության ոլորտը կարգավորող պետական մարմնի միջոցով։
7. Սույն կարգի 6-րդ կետում նշված մարմիններից բացի, այլ մարմիններից կամ անձանցից ստացված լեզվական զուգաձևությունների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են տվյալ ոլորտը կարգավորող մարմնի միջոցով։
8. Առաջարկի հիմք է պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված կամ փոխառված հասկացության կամ հատուկ անվան զուգաձև գործածությունը։
9. Առաջարկը ներառում է յուրաքանչյուր հասկացության կամ հատուկ անվան գործածության (դրա փոփոխության) վերաբերյալ հիմնավորում։
10. Առաջարկն ստորագրում և հաստատում է ներկայացնող մարմնի ղեկավարը։
III. ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄ
11. Լեզվի կոմիտեն ընդունում է առաջարկը, եթե առաջարկը լիովին համապատասխանում է Կարգի պահանջներին։
12. Բովանդակային ոչ լիարժեք տեղեկությունների և տեխնիկական թերությունների դեպքում Լեզվի կոմիտեն բացթողումները վերացնելու նպատակով առաջարկը վերադարձնում է այն ներկայացրած մարմնին։
13. Առաջարկը տրամադրվում է Կանոնարկման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամներին՝ կարծիք տալու նպատակով։
14. Հանձնաժողովի անդամները 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում առաջարկի վերաբերյալ գրավոր կարծիք են ներկայացնում Հանձնաժողովի քարտուղարին։
15. Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի նախագահը մինչև որոշման կայացումը առաջարկը կարող է ուղարկել փորձաքննության։
16. Հանձնաժողովն ամփոփիչ նիստում որոշում է կայացնում ներկայացված առաջարկի և հիմնավորումների, ինչպես նաև Հանձնաժողովի անդամների կարծիքների հիման վրա։
17. Հանձնաժողովի որոշումը ներառում է հասկացությունների և հատուկ անունների կանոնարկված ձևերը և դրանցից յուրաքանչյուրին վերաբերող հիմնավորումը։
18. Որոշումն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։
19. Հանձնաժողովի որոշումը հաստատվում է Լեզվի կոմիտեի նախագահի հրամանով։
20. Հանձնաժողովի որոշումներում փոփոխություններ կարող են կատարվել Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ և անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։
IV. ԿԱՆՈՆԱՐԿՎԱԾ ՁԵՎԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
21. Մինչև կանոնարկված ձևերի հրամանի ուժի մեջ մտնելը հրամանի բովանդակությունը կարող է բողոքարկվել Լեզվի կոմիտե։ Բողոքարկման կարգը հաստատվում է Լեզվի կոմիտեի նախագահի հրամանով։
22. Բողոքը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում Լեզվի կոմիտեի նախագահի հրամանով հրավիրվում է Հանձնաժողովի լրացուցիչ նիստ, որին ներգրավվում են հրավիրյալ ոլորտային մասնագետներ՝ լրացուցիչ մասնագիտական եզրակացություն տրամադրելու նպատակով։
23. Հանձնաժողովի լրացուցիչ նիստի որոշումը հաստատվում է Լեզվի կոմիտեի նախագահի հրամանով։
24. Նախագծերի մշակման փուլում դրանցում գործածված հասկացությունների և հատուկ անունների համապատասխանությունը կանոնարկված ձևերին ստուգում է նախագիծը մշակող պետական մարմինը՝ օգտվելով «Նորմատիվ իրավական ու տեխնիկական փաստաթղթերի մշակման ԱԲ-օգնական» գործիքից։
25. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները նախագծերի մշակման փուլում նախագծերում գործածվող հասկացությունների կամ հատուկ անունների մասին մասնագիտական եզրակացություն կարող են ստանալ Լեզվի կոմիտեից։
26. Լեզվի կոմիտեի եզրակացությունը պարտադիր է նախագծի հետագա քննարկման և հաստատման փուլերում հաշվի առնելու համար։
27. Իրավական ակտերն ու պաշտոնական փաստաթղթերը համապատասխանեցվում են Հանձնաժողովի որոշմանը՝ որոշումն ընդունելու օրվանից երեք տարվա ընթացքում։
Ձև 1
ԱՌԱՋԱՐԿ
ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՌՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
Ներկայացնող կառույցի, կազմակերպության, ստորաբաժանման անվանումը
(լրիվ և կրճատ անվանումը)
Կազմակերպության գործունեության հասցե՝
Հեռախոսահամար՝
(կոնտակտային անձի)
Էլեկտրոնային հասցե՝
(կոնտակտային անձի)
Կառույցի ղեկավարի անուն-ազգանուն
———————————————
(ստորագրություն, կնիք)
Ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը
———————————————
2. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
(առաջարկի հակիրճ նկարագրությունը)
3. ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
§ իրավիճակի նկարագրությունը (տեղեկություններ զուգաձև կիրառությունների վերաբերյալ)
§ կանոնարկման առաջարկի անհրաժեշտությունը
§ կանոնարկվող ձևի հիմնավորումը
4. ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ/ՓՈԽԱՌՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
|
Հ/հ |
Հասկացության կամ հատուկ անվան բնօրինակ (օրիգինալ) տարբերակը |
Օտարալեզու այլ տարբերակները |
Հայերենում գործածվող տարբերակները |
Առաջարկվող ձևը |
Լրացուցիչ տեղեկություններ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
_____________________
(ստորագրություն, կնիք)
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» «________» 2026 թվականի N _____ -Ն
ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
Հիմք ընդունելով «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը՝ ըստ հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ Կառավարության
«___» «________» 2026 թվականի N _____ -Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կանոնարկման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) իրականացնում է պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների և հատուկ անունների կանոնարկումը:
2. Հանձնաժողովը ղեկավարվում է սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
4. Հանձնաժողովը կազմվում է պետական մարմինների մեկական ներկայացուցիչներից և երկու լեզվաբան փորձագետներից:
5. Հանձնաժողովը կազմված է 17 անդամից։
6. Հանձնաժողովի կազմը հաստատվում է ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով` հինգ տարի ժամկետով:
7. Հանձնաժողովի աշխատանքները համակարգում է Լեզվի կոմիտեն:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
8. Լեզվի կոմիտեի նախագահն ի պաշտոնե Հանձնաժողովի նախագահն է:
9. Հանձնաժողովի նախագահը`
1) ապահովում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.
3) հաստատում է հանձնաժողովի նիստերի օրակարգը.
4) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, եզրակացությունները, միջնորդությունները, Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
5) Հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացնում հանձնաժողովի որոշումներում փոփոխություններ կատարելու առաջարկությունները.
6) անհրաժեշտ տեղեկություն և փաստաթղթեր ստանալու նպատակով հարցումներ է ուղարկում պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին.
7) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստեր.
8) կատարում է Հանձնաժողովի ընթացիկ գործունեության ղեկավարման այլ գործառույթներ։
10. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի նախագահի կողմից որպես փոխարինող նշանակված Հանձնաժողովի անդամը: Հանձնաժողովի նախագահին փոխարինող Հանձնաժողովի անդամի ձայնը քվեարկության ժամանակ հաշվարկվում է միայն որպես Հանձնաժողովի նախագահի ձայն:
11. Քարտուղարը՝
1) կազմում և Նախագահի հետ համաձայնեցնում է նիստերի օրակարգը.
2) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստերի ժամանակի, վայրի և օրակարգի մասին.
3) նախապես հավաքագրում և համադրում է Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գրավոր նյութերը և դիտարկումները.
4) ապահովում է Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառությունը՝ ներառյալ աշխատանքային նյութերի էլեկտրոնային և (անհրաժեշտության դեպքում) թղթային տարբերակով պահպանումը։
12. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է Հանձնաժողովի աշխատանքներին և քվեարկությանը.
2) ուսումնասիրում է կանոնարկման առաջարկները և ներկայացնում դիտարկումներ.
3) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները.
4) ծանոթանում է նիստերի արձանագրություններին և ստորագրում։
13. Հանձնաժողովի որոշմամբ Նախագահը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ Հանձնաժողովի անդամին փոխելու միջնորդությամբ, եթե այդ անդամը՝
1) երեք անգամ անընդմեջ անհարգելի պատճառով բացակայել է Հանձնաժողովի նիստերից.
2) երեք անգամ անընդմեջ հրաժարվել է մասնակցել Հանձնաժողովի նիստերում անցկացված քվեարկությանը:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:
15. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության։
16. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նախագահի հաստատած օրակարգով, որում նշվում են՝
1) Հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը։
17. Օրակարգին կցվում են անհրաժեշտ փաստաթղթերը։
18. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
19. Յուրաքանչյուր հարցի քննարկման ավարտից հետո Հանձնաժողովում կատարվում է բաց քվեարկություն: Հանձնաժողովի անդամը քվեարկում է «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ»:
20. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և անդամները:
5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
21. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
22. Հանձնաժողովի որոշումները հաստատվում են Լեզվի կոմիտեի նախագահի հրամանով:
23. Առաջարկների վերաբերյալ Հանձնաժողովի անդամների կարծիքները ներկայացվում են Հանձնաժողովի նիստում՝ այն ներկայացնող Հանձնաժողովի անդամի ստորագրությամբ, և կցվում են նիստի արձանագրությանը:
-
Տևողություն
18.04.2026 07.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 159
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: