ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Հանրային տեղեկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ պետական տեղեկատվական համակարգում տվյալների շտեմարանների անխափան և անվտանգ աշխատանքն ապահովում են պետական տեղեկատվական համակարգին (այսուհետ՝ ՊՏՀ) աջակցող համակարգերը։ Այդ աջակցող համակարգերից է տվյալների դասակարգման համակարգը։ Նույն հոդվածի 2-րդ մասի հանաձայն՝ աջակցող համակարգերն ստեղծվում (ձևավորվում) են Կառավարության որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Կառավարությունը հաստատում է նշված համակարգերի կիրառման կարգերը (կանոնակարգերը), եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Աջակցող համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմինը (այսուհետ՝ Ինքնավար մարմին: Ներկայումս բացակայում է ՊՏՀ-ին պատկանող տվյալների շտեմարաններում կիրառվող դասակարգիչների հաստատման, փոփոխման, չեղարկման և հրապարակման կանոնակարգված ու կենտրոնացված ընթացակարգ: Դասակարգիչները ՊՏՀ-ի տարբեր բաղադրիչներում կիրառվում են անհամաձայնեցված կերպով, ինչն անհնարին է դարձնում պետական տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակումն ու օգտագործումը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել ընդունել Կառավարության որոշում (այսուհետ՝ Նախագիծ), որով կհաստատվի Դասակարգման համակարգը՝ ներառյալ դասակարգիչների նկատմամբ պահանջները, կառավարման ընթացակարգերը, ինչպես նաև Ինքնավար մարմնի դերը: Նախագծով նախատեսվում են նաև անցումային ժամկետներ, ըստ որոնց` ՊՏՀ-ի կառավարչական համակարգում գրանցվելու համար համապատասխան մարմինները պարտավոր են իրենց տվյալների շտեմարանները համապատասխանեցնել Պետական տեղեկատվական համակարգի կառավարական համակարգի (այսուհետ՝ ՊՏՀԿՀ) պահանջներին Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա, իսկ գործող դասակարգիչները ՊՏՀԿՀ-ում ներառել՝ 3 ամսվա ընթացքում:
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 13-ի ««Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 117-Ա որոշման պահանջներով, համաձայն որի, ի թիվս այլ օրենքների, սահմանվել են նաև «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը նախատեսված է այդ որոշմամբ սահմանված միջոցառումների ցանկի 18-րդ կետով։
2. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը կնպաստի ՊՏՀ-ում կիրառվող դասակարգիչների կառավարման, հաստատման, փոփոխման և չեղարկման ընթացակարգերի կանոնակարգմանն ու միասնականացմանը: Կձևավորվի Ինքնավար Մարմնի կողմից կառավարվող ՊՏՀԿՀ-ի համակարգ, որի միջոցով դասակարգիչները կհրապարակվեն XML ձևաչափով, կներառվեն Տվյալների Փոխանակման Շերտի (ՏՓՇ) մեջ, կստեղծվեն անցման աղյուսակներ նախորդ և նոր տարբերակների միջև։ Դասակարգիչների մշակումը, պահպանումն ու հրապարակումը կկատարվեն ISO/IEC 11179, UN/CEFACT Core Components և W3C SKOS միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչն ապահովում է տվյալների համապատասխանությունն ու վերահսկելիությունը: Ի հետևանք` կնվազեն տվյալների անհամապատասխանության ռիսկերը, կստեղծվի ՊՏՀ-ի կազմի մեջ ընդգրկված բոլոր կառույցների համար պարտադիր կիրառելի, հստակ կանոնակարգված դասակարգման հենք:
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն չի նախատեսվում, ինչպես նաև չեն ակնկալվում պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տվյալների կառավարման և փոխգործելիության թիմի հետ համատեղ։
-
Տևողություն
08.04.2026 23.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ
-
Գերատեսչություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 162
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: