ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԵՏԻ ԱՓԵՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՈՒԹԱԲԱՐՁԻՉ ԵՎ ՀԱՆՈՒԹԱՓՈԽԱԴՐԻՉ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԸ ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՀԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԱՆԽԱՓԱՆ ՄԻԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՇՅԱԼ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_______________ 2026 թվականի N _____-Ն
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԵՏԻ ԱՓԵՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՈՒԹԱԲԱՐՁԻՉ ԵՎ ՀԱՆՈՒԹԱՓՈԽԱԴՐԻՉ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԸ ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՀԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԱՆԽԱՓԱՆ ՄԻԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՇՅԱԼ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 29-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցները, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլները ՋիՊիԷս (Գլոբալ տեղորոշման համակարգ) համակարգով կահավորելու և այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված լինելու պայմանները՝ համաձայն 1-ին հավելվածի
2) ՋիՊիԷս (Գլոբալ տեղորոշման համակարգ) համակարգով ստացվող տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը՝ համաձայն 2-րդ հավելվածի։
3) ՋիՊիԷս (Գլոբալ տեղորոշման համակարգ) համակարգով ստացվող տվյալների մշակման ու փոխանակման կարգը, համակարգի անվտանգության ապահովման պահանջները, համակարգից օգտվելու կարգը և համակարգի շահագործման կանոնները՝ համաձայն 3-րդ հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը։
3․ Սույն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ընդերքօգտագործողները պարտավոր են ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմին ներկայացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 90-օրյա ժամկետում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
ՀՀ կառավարության 2026 թվականի
_______________-ի N _____-Ն որոշման
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԵՏԻ ԱՓԵՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՈՒԹԱԲԱՐՁԻՉ ԵՎ ՀԱՆՈՒԹԱՓՈԽԱԴՐԻՉ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԸ ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՀԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԱՆԽԱՓԱՆ ՄԻԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, ինչպես նաև օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների ՋիՊիԷս (Գլոբալ տեղորոշման համակարգ, այսուհետ՝ ՋԻՊԻԷՍ (GPS)) համակարգով կահավորման, այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված լինելու պայմանները։
2. Ընդերքօգտագործողները պարտավոր են օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն իրականացնել բացառապես սերվերային համակարգին անխափան միացված՝ ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված և այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, ինչպես նաև օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների միջոցով։
3. Ընդերքօգտագործման իրավունք ստացած տնտեսվարող սուբյեկտները օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն սկսելուց առաջ, յուրաքանչյուր տարի սահմանային շերտ մուտք գործելու թույլտվություն ստանալու նպատակով ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմին են ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքով սահմանափակված տարածքներում շահագործվող ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, ինչպես նաև օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝
1) տեխնիկական և տրանսպորտային միջոցների՝
ա. քանակը,
բ. մակնիշ(ներ)ը և մոդել(ներ)ը,
գ. արտադրության տարեթիվը,
դ. պետական հաշվառման համարանիշը,
ե. նույնականացման (սերիական) համարը,
զ. շահագործման վայրը (հանքավայրի (տեղամասի) անվանումը),
է. շահագործող անձանց անձնագրային տվյալները և անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները։
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տեխնիկական և տրանսպորտային միջոցները ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված լինելու և սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված լինելու վերաբերյալ գրավոր հավաստում, որում պարտադիր ներառվում են յուրաքանչյուր միջոցի վրա տեղադրված տեղորոշման սարքի նույնականացման համարը (ID), տվյալների փոխանցման հաճախականությունը.
4. Սույն որոշման 3-րդ կետով և սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը չներկայացնելը հիմք է՝ ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից սահմանային շերտ մուտքի անցագրի տրամադրումը մերժելու համար, իսկ նշյալ կետերին համապատասխան ներկայացված տեղեկատվության ցանկացած փոփոխության դեպքում ընդերքօգտագործողները պարտավոր են այդ մասին նախապես գրավոր ներկայացնել համապատասխան տեղեկատվությունն ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմին։ Համապատասխան տեխնիկական կամ տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրվում է միայն նշված տեղեկատվության ներկայացումից հետո։
5. Սույն հավելվածի պահանջների իմաստով՝ սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում շահագործվող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, ինչպես նաև օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների շահագործումը համարվում է ՋիՊիԷս (GPS) համակարգով չկահավորված, եթե՝
1) բացակայում է ՋիՊիԷս (GPS) համակարգը կամ դրա խափանման, անջատման, ազդանշանի բացակայության, սերվերային ենթակառուցվածքի հետ կապի խզման կամ տվյալների իրական ժամանակում փոխանցման ապահովման անհնարինության պայմաններում տվյալ տեխնիկական կամ տրանսպորտային միջոցներով իրականացվում է օգտակար հանածոյի արդյունահանում կամ փոխադրում,
2) սույն որոշման 3-րդ և սույն հավելվածի 3-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը չի ներկայացվել կամ ներկայացվել է այնպիսի տվյալների բացակայությամբ, որոնք անհնարին են դարձնում տեխնիկական կամ տրանսպորտային միջոցի նույնականացումը կամ դրա նկատմամբ հեռավար հսկողության իրականացումը, սակայն տվյալ տեխնիկական կամ տրանսպորտային միջոցներով իրականացվում է օգտակար հանածոյի արդյունահանում կամ փոխադրում։
6. Սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանների առաջացման դեպքում ընդերքօգտագործողը պարտավոր է ապահովել տվյալ տեխնիկական կամ տրանսպորտային միջոցով իրականացվող օգտակար հանածոների արդյունահանման և փոխադրման աշխատանքների անհապաղ դադարեցումը՝ մինչև ՋիՊիԷս (GPS) համակարգի լիարժեք վերականգնումը, տվյալ տեխնիկական կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժի անընդհատ արձանագրման գործընթացի փաստացի ապահովումը և սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված լինելու պայմանների վերականգնումը։
7. Սույն հավելվածի 5-րդ կետում նշված պայմանների առկայությամբ օգտակար հանածոների արդյունահանման կամ փոխադրման իրականացումն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 60.1-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով և չափերով։
8. ՋիՊիԷս (GPS) համակարգերը պետք է անխափան միացված լինեն համապատասխան սերվերային ենթակառուցվածքին, որն ապահովում է.
1) տվյալների շուրջօրյա ընդունում և մշակում,
2) տվյալների առնվազն մեկ տարվա վաղեմությամբ պահպանում,
3) լիազորված պետական մարմինների կողմից տվյալներին իրական ժամանակում հասանելիություն կամ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետում պահպանվող տվյալների տրամադրում՝ հարցման հիման վրա՝ սույն որոշման 3-րդ հավելվածով սահմանված կարգով։
9. Սույն կարգի իմաստով ՋիՊիԷս (GPS) համակարգը համարվում է առկա և կիրառելի, եթե այն ապահովում է տվյալների ավտոմատ, անընդհատ և իրական ժամանակում արձանագրում ու պահպանում՝ առանց օգտագործողի միջամտության հնարավորության, ներառյալ սույն կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված բոլոր տեխնիկական պահանջների միաժամանակյա ապահովումը: Սույն կետով սահմանված պահանջներից որևէ մեկի անհամապատասխանությունը կամ բացակայությունը հավասարեցվում է ՋիՊիԷս (GPS) համակարգի բացակայությանը: ՋիՊիԷս (GPS) համակարգը պետք է ապահովի տվյալների ավտոմատ, անընդհատ և իրական ժամանակում արձանագրում և պահպանում՝ առանց օգտագործողի միջամտության հնարավորության, ներառյալ՝
1) տեխնիկական կամ տրանսպորտային միջոցի աշխարհագրական դիրքը՝ աշխարհագրական կոորդինատների (լայնություն, երկայնություն) ճշգրիտ ֆիքսմամբ,
2) տեխնիկական կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի ուղղությունը և արագությունը՝ ապահովելով շարժման դինամիկայի և երթուղու ամբողջական վերարտադրումը,
3) տեխնիկական կամ տրանսպորտային միջոցի աշխատանքի մեկնարկի և ավարտի ճշգրիտ ժամանակը՝ ըստ օրացուցային ամսաթվի և ժամի,
4) տեխնիկական կամ տրանսպորտային միջոցի կանգի և տեղաշարժի տևողությունը՝ առանձնացնելով աշխատանքային և տեղաշարժի կանգի ժամանակահատվածները,
5) տեխնիկական կամ տրանսպորտային միջոցի շարժման պատմությունը՝ ապահովելով տվյալների շարունակական շղթայական գրանցում, որը բացառում է տվյալների ընտրովի ջնջումը կամ փոփոխումը,
6) ՋիՊիԷս (GPS) սարքի անջատման, խափանման, ազդանշանի կորստի կամ սերվերային ենթակառուցվածքի հետ կապի խզման դեպքերը՝ դրանց առաջացման ժամի և տևողության պարտադիր արձանագրմամբ և ազդանշանի տրամադրմամբ։
10. Սույն հավելվածի 9-րդ կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված տեխնիկական պահանջները հանդիսանում են ՋիՊիԷս (GPS) համակարգի առկայության և կիրառելիության անհրաժեշտ պայմաններ: Նշված պայմաններից որևէ մեկի բացակայությունը կամ անհամապատասխանությունը սույն հավելվածի իմաստով հավասարեցվում է ՋիՊիԷս (GPS) համակարգի բացակայությանը և հիմք է հանդիսանում տեխնիկական կամ տրանսպորտային միջոցի շահագործումը սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված կարգով չկահավորված համարելու համար:
11. Այն դեպքում, երբ ընդերքօգտագործողը ՋիՊիԷս (GPS) համակարգի տեղադրում, սպասարկում և սերվերային ենթակառուցվածքի շահագործում չի իրականացնում անձամբ, պարտավոր է կնքել պայմանագիր համապատասխան ծառայություն մատուցող անձի հետ` օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցները, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլները ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորելու, նշված տեխնիկական, տրանսպորտային միջոցների տեղաշարժն արձանագրող համապատասխան սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված լինելու և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների տեղաշարժի արձանագրման մասին մինչև մեկ տարվա վաղեմությամբ տեղեկատվությունը պահպանելու և հարցման դեպքում այդ տեղեկատվությունը սույն որոշման 2-րդ հավելվածով սահմանված մարմիններին տրամադրելու ծառայության մասին։
12. Այն պարագայում, երբ սույն հավելվածի 12-րդ կետում նշված պայմաններն անձամբ իրականացնում է օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստացած անձը, նշված տեղեկության պահպանումը, դրա տրամադրումը և սերվերային ենթակառուցվածքին շուրջօրյա հասանելիության տրամադրումը նույնպես իրականացնում է օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստացած անձը։
13. Ընդերքօգտագործողը պարտավոր է վերահսկել և ապահովել սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն իրականացնող ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված հանութաբարձիչ, հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների տեղաշարժի անխափան արձանագրման գործընթացը։ Անկախ պայմանագրային հարաբերությունների առկայությունից՝ նշված պահանջների չկատարման համար պատասխանատվությունը կրում է ընդերքօգտագործողը։
14. Սույն հավելվածի պահանջների պահպանման պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա․ Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2026 թվականի
_______________-ի N _____-Ն որոշման
ՑԱՆԿ
ՋիՊիԷս (Գլոբալ տեղորոշման համակարգ) համակարգով ստացվող տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների
1․ ՋիՊիԷս (GPS) համակարգով ստացվող տվյալներին հասանելիություն ունեն հետևյալ պետական մարմինները․
1) Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը,
2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը,
3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը,
5) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը,
6) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա․ Հարությունյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2026 թվականի
_______________-ի N _____-Ն որոշման
ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող, ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, ինչպես նաև օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների կողմից ստացվող տվյալների հավաքագրման, մշակման, փոխանակման և պահպանման, տվյալների անվտանգության ապահովման, ՋիՊիԷս (GPS) համակարգից օգտվելու կարգը, ինչպես նաև համակարգի շահագործման կանոնները։
2. ՋիՊիԷս (GPS) համակարգով ստացվող տվյալների մշակումը ներառում է դրանց հավաքագրումը, ավտոմատ գրանցումը, պահպանումը, համակարգումը, և ներկայացումը՝ առանց տվյալների բովանդակության փոփոխման հնարավորության։
3. Տվյալների մշակումը պետք է իրականացվի այնպես, որ ապահովվի.
1) տվյալների ամբողջականությունը և ճշգրտությունը,
2) տվյալների անընդհատ և հաջորդական գրանցումը,
3) տվյալների հետագծելիությունը ժամանակի և տեղանքի առումով,
4) տվյալների պաշտպանությունը չարտոնված միջամտությունից։
4. ՋիՊիԷս (GPS) համակարգով ստացվող տվյալները պահպանվում են համապատասխան սերվերային ենթակառուցվածքում առնվազն մեկ տարի ժամկետով։
5. ՋիՊիԷս (GPS) համակարգով ստացվող տվյալներին իրական ժամանակում հասանելիություն ունեն սույն որոշման 2-րդ հավելվածով սահմանված մարմինները։
6. Շուրջօրյա հասանելիությունն ապահովելու նպատակով ընդերքօգտագործողը (կամ ծառայություն մատուցող անձը) պարտավոր է սույն որոշման 2-րդ հավելվածով սահմանված մարմիններին անհատույց տրամադրել սերվերային ենթակառուցվածքից օգտվելու համապատասխան մուտքային տվյալներ (օգտատիրոջ անուն, գաղտնաբառ) կամ ապահովել տվյալների ավտոմատ փոխանցումը նշված մարմինների տեղեկատվական համակարգերին։
7. Սույն որոշման 2-րդ հավելվածով սահմանված մարմինները օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, ինչպես նաև օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների տեղաշարժի վերաբերյալ պահպանվող տվյալների մասին տեղեկատվությունը կարող են ստանալ հարցման հիման վրա։
8. Հարցումը ներկայացվում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով և պետք է պարունակի՝
1) հարցում ներկայացնող մարմնի անվանումը,
2) հարցման նպատակը,
3) պահանջվող տվյալների շրջանակը (տեխնիկական կամ տրանսպորտային միջոցի նույնականացում, ժամանակահատված, տարածք),
4) պատասխանատու պաշտոնատար անձի տվյալները։
9. Հարցման հիման վրա տվյալների տրամադրումը իրականացվում է միայն հարցում ներկայացնող մարմնի լիազորությունների շրջանակում։
10. Հարցման հիման վրա տվյալների տրամադրումը պետք է իրականացվի հարցումը ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
11. Տվյալների փոխանակումն իրականացվում է տվյալների ամբողջականության, ճշգրտության և գաղտնիության ապահովմամբ՝ բացառելով տվյալների կորուստը, աղավաղումը կամ չարտոնված հասանելիությունը։
12. Տվյալների փոխանցման ընթացքում պետք է պահպանվեն տեղեկատվական անվտանգության և պետական գաղտնիքի, ինչպես նաև օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների վերաբերյալ պահանջները, սակայն սույն կետով սահմանված պահանջները չեն կարող հիմք հանդիսանալ կամ մեկնաբանվել որպես խոչընդոտ՝ սույն որոշման 2-րդ հավելվածով նախատեսված պետական մարմիններին իրենց լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տվյալների տրամադրումը կամ շուրջօրյա հասանելիությունը սահմանափակելու համար։
13. ՋիՊիԷս (GPS) համակարգը և այն սպասարկող սերվերային ենթակառուցվածքը պետք է ապահովեն տվյալների տեղեկատվական, տեխնիկական և կազմակերպչական անվտանգության այնպիսի մակարդակ, որը լիարժեք երաշխավորում է սույն հավելվածի 12-րդ և 14-րդ կետերով սահմանված պահանջների կատարումը, բացառելով տվյալների կորուստը, աղավաղումը կամ չարտոնված միջամտությունը։
- ՋիՊիԷս (GPS) համակարգը և սերվերային ենթակառուցվածքը պետք է համապատասխանեն տեղեկատվական անվտանգության պահանջներին և ապահովեն.
1) չարտոնված մուտքի բացառումը,
2) տվյալների կորստի կամ աղավաղման կանխումը,
3) տվյալների պահուստավորման և վերականգնման մեխանիզմների առկայությունը։
15. Համակարգի անվտանգության ապահովման նպատակով պարտադիր է.
1) բացառել ՋիՊիԷս (GPS) սարքերի և սերվերային ենթակառուցվածքի նկատմամբ չարտոնված ֆիզիկական կամ ծրագրային միջամտությունը,
2) ապահովել տվյալների ամբողջականությունը, անխաթարելիությունը և փոփոխման անհնարինությունը առանց համապատասխան լիազորության,
3) կիրառել տվյալների պահպանման և փոխանցման ընթացքում գաղտնագրման և պաշտպանված կապուղիների մեխանիզմներ,
4) ապահովել տվյալների պահուստային կրկնօրինակման և վերականգնման գործիքակազմի առկայությունը,
5) սահմանել օգտվողների նույնականացման և մուտքի իրավասությունների տարանջատման հստակ կանոններ։
16․ Սույն հավելվածի 14-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված անվտանգության ապահովման պահանջները, 20-րդ կետով սահմանված պայմանները հանդիսանում են ՋիՊիԷս (GPS) համակարգի պատշաճ շահագործման պարտադիր պայմաններ: Նշված պահանջներից որևէ մեկի խախտումը կամ չապահովումը հավասարեցվում է ՋիՊիԷս (GPS) համակարգի չկահավորված լինելուն կամ խափանմանը՝ հանգեցնելով սույն որոշման Հավելված N 1-ի 5-րդ կետով նախատեսված իրավական հետևանքներին։
17․ ՋիՊիԷս (GPS) համակարգի անվտանգության պահանջների ապահովման պատասխանատվությունը կրում է ընդերքօգտագործողը՝ անկախ պայմանագրային հարաբերությունների առկայությունից։
18. Հարցման հիման վրա ստացված տվյալները կարող են օգտագործվել միայն այն նպատակով, որի համար դրանք տրամադրվել են, և չեն կարող փոխանցվել երրորդ անձանց՝ առանց տվյալների տրամադրած մարմնի գրավոր համաձայնության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
19. ՋիՊիԷս (GPS) համակարգը պետք է շահագործվի անընդհատ և անխափան՝ օգտակար հանածոների արդյունահանման և փոխադրման ամբողջ ժամանակահատվածում։
20. Արգելվում է.
1) ՋիՊիԷս (GPS) սարքերի դիտավորությամբ անջատումը, ապամոնտաժումը կամ աշխատանքի խափանումը,
2) համակարգի տեխնիկական պարամետրերի կամ ծրագրային ապահովման փոփոխումը առանց համապատասխան իրավասության,
3) տվյալների ընտրովի գրանցումը, ջնջումը կամ խեղաթյուրումը։
21. ՋիՊիԷս (GPS) համակարգի խափանման, տեխնիկական անսարքության կամ սերվերային ենթակառուցվածքի հետ կապի խզման դեպքում ընդերքօգտագործողը պարտավոր է.
1) անհապաղ դադարեցնել տվյալ տեխնիկական կամ տրանսպորտային միջոցով իրականացվող արդյունահանման և փոխադրման աշխատանքները,
2) ապահովել խափանման վերացման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումների իրականացումը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա․ Հարությունյան
-
Տևողություն
06.04.2026 22.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 112
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: