«ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ՈՉ ՃԻՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ՈՉ ՃԻՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Թվայնացման գործընթացների արագ զարգացման և պետական տեղեկատվական համակարգերի ընդլայնման պայմաններում տվյալների ճշգրտությունն ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերում:
«Հանրային տեղեկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարում է սահմանել պետական տեղեկատվական համակարգում գրանցված տվյալների շտեմարաններում պահվող ոչ ճիշտ տվյալների ուղղման, ջնջման և մշակման սահմանափակման կարգը։
Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 13-ի ««Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 117-Ա որոշման պահանջներով, համաձայն որի, ի թիվս այլ օրենքների, սահմանվել են նաև «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը նախատեսված է այդ որոշմամբ սահմանված միջոցառումների ցանկի 16րդ կետով։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի հիմնական նպատակն է ապահովել տվյալների սուբյեկտի՝ Օրենքով ամրագրված իրավունքների արդյունավետ իրականացումը՝ սահմանելով տվյալների շտեմարաններում ոչ ճիշտ տվյալների ուղղման, ջնջման ու մշակման սահմանափակման ընթացակարգի հստակ շրջանակ:
Նախագիծը կարգավորում է հետևյալ հիմնական հարաբերությունները.
ա) տվյալների սուբյեկտի կողմից ոչ ճիշտ կամ թերի անձնական տվյալների ուղղման կամ ջնջման վերաբերյալ հարցում ներկայացնելու կարգ.
բ) տվյալ տնօրինող մարմնի կողմից ստացված հարցումների ժամանակին, հիմնավոր և ամբողջական կատարման պարտականություն.
գ) տվյալ տնօրինող մարմնի կողմից հրաժարման հիմքեր, ծանուցման պայմաններ, ինչպես նաև տվյալների սուբյեկտի իրավունքների պաշտպանությանն ուղղված ապահովիչ մեխանիզմներ.
դ) ուղղված կամ ջնջված տվյալների վերաբերյալ երրորդ մարմիններին տեղեկացման պարտականություն:
ե) տվյալ տնօրինող մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ անճշտությունների հայտնաբերման, արձանագրման և ուղղման պարտականություն, ներառյալ՝ կրկնվող կամ համակարգային բնույթի սխալների վերացմանն ուղղված ուղղիչ գործողությունների ձեռնարկում.
զ) տվյալների որակի շարունակական մոնիթորինգի ընթացակարգերի սահմանման պարտականություն.
է) անճշտության հայտնաբերման պահից տվյալ տվյալների հետագա օգտագործման կամ փոխանցման արգելք, մինչև ուղղման ավարտը.
ը) բոլոր փոփոխությունների անփոփոխելի էլեկտրոնային մատյանում (log-file) գրանցման և հետագծելիության ապահովման պարտականություն:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
· Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,
· «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամ։
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է «Հանրային տեղեկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասից և ուղղված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի արդյունավետ կիրառման ապահովմանը:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`
ա) ապահովել տվյալների սուբյեկտի իրավունքների արդյունավետ և ժամանակին իրականացման մեխանիզմ,
բ) վերացնել տվյալ տնօրինող մարմինների գործունեության ոչ միատեսակ պրակտիկան՝ ուղղման ու ջնջման հարցումների կատարման գործընթացում,
գ) ապահովել պետական տեղեկատվական համակարգերում պահվող տվյալների ճշգրտությունը,
դ) կանխել կրկնվող կամ համակարգային բնույթի անճշտությունների առաջացումը,
ե) ապահովել տվյալ տնօրինող մարմինների կողմից կատարված բոլոր փոփոխությունների թափանցիկությունն ու հետագծելիությունը՝ էլեկտրոնային մատյանների միջոցով:
-
Տևողություն
06.04.2026 21.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Գերատեսչություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 137
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: