Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

…..  ………. 2026 թվականի N ……-Ն 

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում իրավաբանական օգնության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

2026 թվականի ……. ..…-ի N …....-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

 ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1.   Սույն կարգով սահմանվում է պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ սոցիալական ծառայություն տրամադրող) ու «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի (այսուհետ՝ Հանրային պաշտպանի գրասենյակ) կողմից իրավաբանական օգնություն տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները:

2.  Իրավաբանական օգնությունը տրամադրվում է սոցիալական ծառայություն տրամադրողի իրավասության շրջանակներում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այն անձանց կամ ընտանիքներին (այսուհետ՝ շահառու), որոնք դիմել են իրավաբանական օգնություն ստանալու համար:

3.  Իրավաբանական օգնությունը տրամադրվում է քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, վարչական, քրեական և այլ իրավահարաբերություններում առաջացող իրավական խնդիրների դեպքում՝ իրավաբանական օգնության կարիք ունեցող շահառուի իրավունքների և շահերի արդյունավետ պաշտպանության համար:

4.  Իրավաբանական օգնությունը տրամադրվում է սոցիալական ծառայություն տրամադրողի՝ սույն կարգի 7-րդ կետի պահանջներին համապատասխանող իրավաբանի կողմից, ինչպես նաև «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ իրավաբանական օգնություն ստանալու նպատակով Հանրային պաշտպանի գրասենյակ ուղղորդելու միջոցով:

5.  Իրավաբանական օգնությունը ներառում է՝

1) խորհրդատվություն` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի վարչական կամ դատավարական փաստաթղթերի կազմման վերաբերյալ, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում.

2) այլ աջակցություն՝ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, փաստաթղթերի վերականգնման կամ դրանց բացակայության դեպքում դրանց ձեռքբերման համար, ներառյալ՝ սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում անհրաժեշտ իրավական աջակցությունը:

6.  Քրեական վարույթներով, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով ներկայացուցչություն կամ պաշտպանություն իրականացնելու համար դրա կարիքն ունեցող շահառուն սոցիալական ծառայություն տրամադրողի կողմից բանավոր, իսկ շահառուի ցանկության դեպքում՝ գրավոր ուղղորդվում է Հանրային պաշտպանի գրասենյակ, որտեղ շահառուին իրավաբանական օգնությունն անվճար տրամադրվում է «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով:

7.  Սոցիալական ծառայություն տրամադրողի կողմից իրավաբանական օգնությունը կարող է տրամադրվել իրավաբանի բակալավրի կամ մագիստրոսի կամ որակավորված մասնագետի կրթություն, առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ ունեցող իրավաբանի կողմից:

8.  Սույն կարգով նախատեսված իրավաբանական օգնություն ստանալու համար շահառուն ներկայացնում է գրավոր դիմում, եթե այլ կարգ օրենսդրությամբ նախատեսված չէ:

9.  Իրավաբանական օգնությունը տրամադրվում է անհատապես՝ գրավոր, բանավոր, հեռախոսով, էլեկտրոնային հասցեով կամ ցանկացած այլ եղանակով՝ օգնության տրամադրման եղանակը համաձայնեցնելով շահառուի հետ:

10.   Սոցիալական ծառայություն տրամադրողի կողմից իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում նշվում է տրամադրված իրավաբանական օգնության բնույթը, ծավալը և ուղղորդումները: Արձանագրությունը ստորագրում են իրավաբանը և սոցիալական ծառայություն ստացողը:  

11. Իրավաբանական օգնություն տրամադրելու տևողությունը սահմանափակվում է կոնկրետ իրավաբանական խնդրի առանաձնահատկություններով և սոցիալական ծառայություն տրամադրողի լիազորություններով, այդ թվում՝ նրա կանոնադրությամբ կամ պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում մատուցվող ծառայությունների տևողությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    02.04.2026 - 20.04.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 675

Տպել

Առաջարկներ`

Արսեն Հովհաննիսյան

10.04.2026

Արսեն Հովհաննիսյան ի․գ․թ․, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս

 

Նախագծի նպատակն է կարգավորել սոցիալական աջակցության համակարգում իրավաբանական օգնության տրամադրումը, ինչը սկզբունքորեն ողջունելի է։ Միաժամանակ, այն ներկայիս ձևակերպումներով պարունակում է իրավական անորոշություններ և կիրառական բացեր, որոնք պահանջում են հստակեցում։

Մասնավորապես, Նախագծում հստակ տարանջատված չեն սոցիալական ծառայությունների շրջանակում տրամադրվող իրավաբանական օգնությունը և "Փաստաբանության մասին" ՀՀ օրենքով նախատեսված հանրային պաշտպանի միջոցով ահատույց իրավաբանական օգնությունը։

Առաջարկում ենք հստակ սահմանել, որ կարգով նախատեսված իրավաբանական օգնությունը չի ներառում դատարաններում, վարչական կամ այլ մարմիններում շահառուի ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Արսեն Հովհաննիսյան

10.04.2026

 

Նախագծի կարգավորման նպատակների համատեքստում առաջարկում ենք Նախագծով սահմանել "Իրավաբանական օգնություն" հասկացությունը, որպես օրինակ՝ " «Իրավաբանական օգնություն» սույն կարգի իմաստով նշանակում է շահառուին տրամադրվող նախնական իրավական տեղեկատվություն, խորհրդատվություն և փաստաթղթերի կազմման աջակցություն՝ առանց ներկայացուցչության իրականացման"։

Արսեն Հովհաննիսյան

10.04.2026

 

 

Նախագծում բացակայում են իրավաբական օգնություն տրամադրելու վերաբերյալ շահառուների դիմումների քննության ժամկետները։

Առաջարկում ենք Նախագծով սահմանել դիմումների քննության հստակ ժամկետներ, ինչպես նաև՝ անհետաձգելի դեպքերում այդ օգնությունն անհապաղ տրամադրելու պայման։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: