«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ պետական բյուջեի միջոցներով պետական ոչ առևտրային, ինչպես նաև մրցութային սկզբունքով ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվում են սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրեր։
ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N1363-Ա որոշման հավելվածի 4.6 բաժնում կարևորվում է թե՛ սոցիալական ծառայությունների, թե՛ դրանց տրամադրման որակը։
Սոցիալական ծառայությունների տրամադրման որակի վերահսկման ուղին մշտադիտարկման և գնահատման գործընթացն է, որը որպես կանոն իրականցրել է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը։
Նախատեսվում է, որ ՊՈԱԿ-ի լիազորությունները այլևս վերապահվելու են վերափոխված «Նորք» ՍԾՏԻԿ հիմնադրամին։ Այդ նպատակով հիմնադրամի կանոնադրությամբ վերանայվելու է հիմնադրամի անվանումը, նպատակները, որոնք հաստատվելու են դատարանի որոշմամբ՝ համաձայն «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի։
Վերափոխված (նորոգված) Հիմնադրամը հնարավորություն կտա ապահովել աշխատանքի և սոցիալական պաշտպանության, զբաղվածության և ժողովրդագրության ոլորտներում իրականացվող պետական ծրագրերի մշտադիտարկման արդյունքներով գնահատման մասնագիտական անկախությունն ու անաչառությունը, այն է որակի բարձրացումը։
Նոր ձևաչափով գործող հիմնադրամը պետք է դառնա պետական քաղաքականությունների մշտադիտարկման, գնահատման և վերլուծության հիմնական հարթակ՝ միաժամանակ պահպանելով ինստիտուտի կուտակած գիտական և գործնական ներուժը։
2. Ընթացիկ վիճակը և խնդիրները
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում այլևս սոցիալական ծրագրերի հասցեականությունն ապահովվում է և թիրախավորումն իրականացվում անկախ փորձագիտական հետազոտությունների արդյունքում, իսկ ծրագրերի որակն ապահովվում է դրանց թվայնացման եղանակով և պրոֆեսիոնալ մասնագետներով։
Նշված գործընթացն իրականցնում են ԱՍՀ նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, ինչպես նաև ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը։
Հետազոտությունների իրականացման, ինչպես նաև մասնագիտական ներուժի որակավորման բարձրացման գործընթացը նույնքան ճկուն և անկախ չէ, որքան թվայնացման գործընթացի, ինչը խոչընդոտում է աշխատանքների համաժամանակյա իրականցումը և ցանկալի որակի ապահովոււմը։
Ներկայումս «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ը գործում է որպես նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ) և իրականացնում է հիմնական երեք ուղղություններով՝
1. պետական բյուջեի միջոցների հաշվին նախարարության եթակայությամբ իրականացվող ծրագրերի գնահատում և մշտադիտարկում,
2. գիտահետազոտական, վերլուծական աշխատանքներ սոցիալական քաղաքականության, ռազմավարությունների մշակման նպատակով, ինչպես նաև սոցիալական ծրագրերի իրականացման, մասնագիտական կողմնորոշման մեթոդական փաստաթղթերի մշակում
3. սոցիալական պաշտպանության ոլորտի կադրերի վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթաց՝ շնորհելով շրջանավարտներին «սոցիալական աշխատանք» մասնագիտացում։
Նախարարության ենթակայությամբ գործելու փաստը հանգեցնում է ինստիտուտի կողմից՝ գործող ծրագրերի մշտադիտարկման արդյունքում տրվող գնահատականներն ու եզրակացությունները ոչ անկախ լինելու կարծրատիպին, չխորանալով դրանց մասնագիտական հիմքերի մեջ։
Ինչ վերաբերում է գիտահետազոտական աշխատանքներին, ապա դրանք հիմնականում սահմանափակվում են, գրեթե միշտ, նույն ուղղություններով, մինչդեռ անհրաժեշտ են լիարժեքորեն իրականացնել ժողովրդագրական միտումների, աշխատաշուկայի կառուցվածքային փոփոխությունների, սոցիալական քաղաքականությունների ազդեցության, մարդկային կապիտալի զարգացման և աշխատանքի ապագայի հետ կապված երկարաժամկետ ուսումնասիրություններ, որոնք պահանջում են ավելի լայն տվյալահավաք, վերլուծական կարողություններ, գործառնական ճկունություն և միջազգային համագործակցության գործիքակազմ։
Միջազգային փորձը (օր.՝ ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Նիդեռլանդներ, Կանադա և այլք) վկայում է, որ նմանատիպ հաստատությունները գործում են որպես անկախ կամ կիսանկախ հիմնադրամներ՝ պետական մարմինների, գիտական և մասնագիտական համայնքի մասնակցությամբ կառավարման խորհրդի ձևաչափով։
3. Կարգավորման բնույթը և նպատակը
Առաջարկվում է ներկայիս ՊՈԱԿ-ը լուծարել, նախատեսելով, որ ՊՈԱԿ-ի լիազորությունները վերապահվելու են վերափոխված «Նորք» ՍԾՏԻԿ հիմնադրամին։ Այդ նպատակով վերանայվելու է հիմնադրամի կանոնադրությամբ անվանումը, նպատակները, որոնք հաստատվելու են դատարանի որոշմամբ՝ համաձայն «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի։
Վերափոխված հիմնադրամը կպահպանի ինստիտուտի գիտական, հետազոտական և վերլուծական ներուժը, սակայն կգործի անկախ կառավարման և ֆինանսավորման սկզբունքով։
Հիմնադրամը կկատարի հետևյալ հիմնական գործառույթները.
1) Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլրտի քաղաքականությունների, ռազմավարությունների և սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներ,
2) Աշխատանքի, զբաղվածության, սոցիալական պաշտպանության և ժողովրդագրության ոլորտներում իրականացվող ծրագրերի մշտադիտարկում և ազդեցության գնահատում,
3) Ժողովրդագրական միտումների, աշխատուժի փոփոխությունների, զբաղվածության, միգրացիոն հոսքերի և սոցիալական կառուցվածքի ուսումնասիրություն,
4) Սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագիտական ներուժի պարբերական գնահատում և կարիքների վերհանում, դրանց արդյունքների հիման վրա վերապատրաստումների կամ մասնագիտացման դասընթացների միջոցով արագ արձագանքի ապահովում.
5) Տվյալահավաք, վիճակագրական վերլուծություն և ապացուցահենք քաղաքականության մշակմանն աջակցող ուսումնասիրությունների իրականացում,
6) ժողովրդագրական իրավիճակի բարելավման, ինչպես նաև զբաղվածության ռազմավարությունների, սոցիալական պաշտպանության մյուս ոլորտներում ընդունվող որոշումների վերլուծական հենքի ապահովում,
7) Միջազգային և տեղական հետազոտական կառույցների, դոնորների և ակադեմիական գործընկերների հետ համագործակցության զարգացում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը կազմվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի և «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի մաս:
5. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման և դրա կիրառման արդյունքում ակնկալվում է.
1) Սոցիալական և ժողովրդագրական քաղաքականությունների անաչառ և անկախ գնահատման համակարգի ձևավորում,
2) Ռազմավարությունների, ժողովրդագրության, զբաղվածության և սոցիալական այլ ծրագրերի ընդունման համար անհրաժեշտ ապացուցահենք վերլուծությունների մատչելիություն,
3) Սոցիալական պաշտպանության ոլորտի մարդկային կապիտալի՝ մասնագիտական ներուժի զարգացում,
4) Հետազոտական աշխատանքի միջազգային ճանաչման և ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցում,
5) Ժողովրդագրական գործընթացների և աշխատաշուկայի զարգացումների վերաբերյալ երկարաժամկետ կանխատեսումների ապահովում,
6) Հանրային քաղաքականությունների նկատմամբ վստահության և թափանցիկության բարձրացում,
7) Ինստիտուտի մասնագիտական ներուժի պահպանում և նոր գիտական ուղղությունների զարգացում։
6. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում, եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնի:
7. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:
8. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
9. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» թիրախային ցուցանիշների (էջ 26, առաջին չորս ցուցանիշներ) կատարման սոցիալական պաշտպանության ոլորտում նախադրյալների ձևավորում։
2021 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» ՀՀ կառավարության № 1363-Ա որոշման 4.6-րդ կետի դրույթներից։
Մասնավորապես՝
«Ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական:»,
«Շարունակաբար զարգացնելու է սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների անձնակազմի մասնագիտական կարողությունները:»
«Բարձրացվելու են զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը»
-
Տևողություն
02.02.2026 18.02.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 71
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: