«Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Անհրաժեշտությունը – «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ նաև Օրենք) պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվությունների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող դրույթներն ամրագրվել են 2001 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված ՀՕ-283 օրենքով։ Հետագայում՝ 2011 թվականի նոյեմբերի 28-ին Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում (ՀՕ-282-Ն օրենք), ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվությունների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը համակարգված ձևով սահմանվեցին Օրենքի 19.4-րդ հոդվածով։
Նշված հոդվածի շրջանակներում վերանայվել և բարձրացվել էին միայն գունագեղ քարերի, ինչպես նաև մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար սահմանված տարեկան պետական տուրքի դրույքաչափերը, մասնավորապես՝ բազային տուրքի 1 000-ապատիկը փոխարինվել էր 10 000-ապատիկով։ Միևնույն ժամանակ, 2011 թվականից հետո պետական տուրքի նշված դրույքաչափերը չեն ենթարկվել համակարգային և համապարփակ վերանայման։
Տվյալ ժամանակահատվածում իրականացվել են միայն առանձին և հատվածական լրացումներ ու փոփոխություններ։ Մասնավորապես՝ 2012 թվականին (թիվ ՀՕ-255-Ն օրենք) սահմանվել է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով։
Նշված ժամանակահատվածում էականորեն փոփոխվել են երկրի սոցիալ-տնտեսական պայմանները, ինչպես նաև ընդերքօգտագործման ոլորտում կիրառվող տեխնիկական, տեղեկատվական և վարչարարական մեխանիզմները։ Զգալիորեն ավելացել են պետության կողմից իրականացվող վերահսկողական, կարգավորիչ և վարչարարական գործառույթների ծավալը և բարդությունը, ինչպես նաև դրանց իրականացման հետ կապված ֆինանսական և ինստիտուցիոնալ բեռը։
Գործող կարգավորման պայմաններում ձևավորվել է անհամաչափություն պետական սեփականություն հանդիսացող ընդերքի օգտագործման համար պետության կողմից տրամադրվող իրավունքի հանրային արժեքի և այդ իրավունքի դիմաց տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող պետական տուրքի միջև։ Նման անհամաչափությունը չի նպաստում պետական սեփականության արդյունավետ, պատասխանատու և կայուն կառավարմանը։
Հաշվի առնելով, որ ընդերքը հանդիսանում է պետության բացառիկ սեփականությունը, իսկ դրա օգտագործման իրավունքի տրամադրումը ենթադրում է պետության կողմից վերահսկողության, կարգավորման և շրջակա միջավայրի պահպանության հետ կապված պարտավորությունների իրականացում, պետական տուրքի դրույքաչափերի վերանայումը և բարձրացումը դիտարկվում է որպես իրավականորեն հիմնավորված և համաչափ գործիք՝ ուղղված հանրային շահի ապահովմանը և ոլորտի կայուն զարգացմանը։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Գործող իրավական կարգավորման համաձայն` պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվությունների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.4-րդ հոդվածով։ Գործող իրավակարգավորումներով չկան սահմանված դրույքաչափեր սև մետաղների (երկաթի) և աղի հանքավայրերի օգտագործման (շահագործման) թույլտվությունների տրամադրման մասով։
Բացի այդ, ներկայումս կիրառվող դրույքաչափերը ձևավորվել են ավելի քան մեկ տասնամյակ առաջ գործող սոցիալ-տնտեսական պայմանների, իրավական միջավայրի և վարչարարական հնարավորությունների հաշվառմամբ։ Այդ ժամանակահատվածում սակայն ընդերքօգտագործման ոլորտում տեղի են ունեցել էական փոփոխություններ, որոնք չեն արտացոլվել պետական տուրքի հաշվարկման և սահմանման գործող մեխանիզմներում։
Մասնավորապես, գործող դրույքաչափերը չեն ապահովում պետության կողմից իրականացվող վարչարարական, վերահսկողական և կարգավորիչ գործառույթների ֆինանսական համաչափությունը, այդ թվում` թույլտվությունների տրամադրման, դրանց կատարման նկատմամբ վերահսկողության, տվյալների հավաքագրման և մշակման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության հետ կապված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի փոխհատուցումը։
Արդյունքում ձևավորվում են մի շարք համակարգային խնդիրներ` թուլանում է պետական վերահսկողության արդյունավետությունն ու ֆինանսական հիմքը, սահմանափակվում են շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների իրականացման հնարավորությունները, խաթարվում է պետական սեփականության օգտագործման համաչափության սկզբունքը, ինչպես նաև նվազում է հանրային շահի պատշաճ պաշտպանության մակարդակը։
Վերոնշյալ պայմաններում առաջացել է գործող կարգավորումների վերանայման անհրաժեշտություն` ուղղված պետական տուրքի դրույքաչափերի համապատասխանեցմանը ընդերքօգտագործման ոլորտում առկա իրական ռիսկերին, վարչարարական և վերահսկողական ծախսերին, ինչպես նաև պետական սեփականության արդյունավետ կառավարման պահանջներին։
3․Կարգավորման նպատակը և բնույթը – «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի հիմնական նպատակներն են՝
1) ապահովել պետական ռեսուրսների՝ ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման թույլտվության իրական արժեքին համապատասխան արդար և համաչափ փոխհատուցում,
2) բարձրացնել պետական մարմինների վերահսկողական և վարչարարական հնարավորությունները,
3) ապահովել պետական եկամուտների ավելացում՝ համադրված միջազգային մոտեցումներին։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվությունների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերի արդիականացում՝ համապատասխանեցնելով դրանք ոլորտում առկա տնտեսական պայմաններին, վարչարարական և վերահսկողական իրական ծախսերին, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության հետ կապված ռիսկերին։ Կարգավորման արդյունքում կվերականգնվի համաչափությունը պետության կողմից տրամադրվող ընդերքօգտագործման իրավունքի հանրային արժեքի և այդ իրավունքի դիմաց տնտեսավարողների կողմից վճարվող պետական տուրքի միջև, ինչն ուղղակիորեն կնպաստի հանրային շահի առավել արդյունավետ պաշտպանությանը և պետական սեփականության պատասխանատու կառավարմանը։
Միաժամանակ կուժեղացվի պետական վերահսկողության ինստիտուցիոնալ և ֆինանսական հիմքը, կընդլայնվեն լիազոր մարմինների հնարավորությունները՝ իրականացնելու արդյունավետ վարչարարություն, վերահսկողություն և կարգավորում, այդ թվում՝ շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների իրականացում։
Արդյունքում կձևավորվի իրավականորեն հստակ, արդար և կանխատեսելի պետական տուրքի համակարգ, որը կնպաստի ընդերքօգտագործման ոլորտում կայուն, հավասարակշռված և հանրային շահին համահունչ զարգացմանը։
6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում։
Գործող դրույքաչափերով փաստացի տրամադրված ընդերքօգտագործման թույլտվություններից պետական բյուջե մուտքագրված եկամուտը ներկայումս կազմում է 552.550.000 ՀՀ դրամ։ Օրենքի նախագծի ընդունման և նոր դրույքաչափերի կիրառման արդյունքում պետական բյուջեի մուտքերը հանքարդյունահանման պետական տուրքերի գծով կավելանան շուրջ 6,1 անգամ և կկազմեն մոտավորապես 3.370.000.000 ՀՀ դրամ։
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի «2․8 բնական ռեսուրսների կայուն կառավարում» բաժնից (Կառավարության 2021-2026թթ. Ծրագիր)։
-
Տևողություն
26.01.2026 11.02.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 201
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: