«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից նախագծեր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2024 թ. դեկտեմբերի 4-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-525-Ն (ուժի մեջ է մտել 2025 թ. հուլիսի 1-ին) և ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-526-Ն (ուժի մեջ է մտնելու 2026 թ. հունվարի 1-ից) oրենքների փաթեթը, որով նախատեսվել է ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։
Թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 410-Ն որոշմամբ: Վերոնշյալ որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետի համաձայն՝
«6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը թվային համակարգ իրականացվում է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, (...):»:
ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածով (այսուհետ նաև՝ N 2 Հավելված) սահմանվում են էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս վերջիններիս կողմից ստեղծված և շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջները: N 2 Հավելվածի 8-րդ, 12-րդ և 15-րդ կետերի համաձայն.
«8. Էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձը (այսուհետ՝ օգտատեր) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի տեղեկատվական համակարգում խիստ նույնականացման գործընթաց կամ էլեկտրոնային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն պետք է ունենա «Ինտերնետ» ցանցում գործող տվյալ տեղեկատվական համակարգի տեսանելի մասում «Նույնականացման քարտի կիրառմամբ էլեկտրոնային թվային ստորագրություն» կամ «Բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն» կամ «Խելացի սարքերի վրա հիմնված էլեկտրոնային թվային ստորագրություն» ապրանքային նշանների առկայության դեպքում:
(...)
12. Բջջային էլեկտրոնային թվային ստորագրության ծառայություններից օգտվելու համար Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ունեցող ցանկացած անձ նախ պետք է ձեռք բերի նոր սերնդի շարժական բջջային կապի հեռախոսաքարտ (USIM) կամ ներկառուցված թվային մոդուլ (eSIM) կամ հնարավորություն ունենա դիմելու իր բջջային կապի օպերատորին՝ շարժական բջջային կապի հեռախոսաքարտը (SIM) նորով փոխարինելու համար: Հեռախոսաքարտի ստացումը կամ փոխարինումը կամ ներկառուցված թվային մոդուլի (eSIM) ձեռքբերումը պետք է կատարվի այն բջջային կապի օպերատորների գրասենյակներում, որոնց հետ տվյալ բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորն ունի կնքված պայմանագիր, և որոնց մասին տվյալներն առկա են հավաստագրման կենտրոնի պաշտոնական կայքում:
(...)
15. Բջջային էլեկտրոնային թվային ստորագրության ծառայության հետ համատեղելի շարժական բջջային կապի հեռախոսաքարտը կամ ներկառուցված թվային մոդուլը (eSIM) ստանալուց հետո օգտատերը պետք է հնարավորություն ունենա առցանց ակտիվացնելու իր բջջային էլեկտրոնային թվային ստորագրությունը բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի պաշտոնական կայքում՝ օգտագործելով թվային խիստ նույնականացման որևէ միջոց: Եթե բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի լուծումը նախատեսում է նաև ծառայության ոչ առցանց ակտիվացում, ապա օգտատերը կարող է ակտիվացնել ծառայությունը շարժական բջջային կապի համապատասխան օպերատորի գրասենյակում՝ ներկայացնելով անձնագիրը կամ նույնականացման քարտը, իսկ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունենալու դեպքում՝ անձնագիրը և կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը, հատուկ անձնագիրը) կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը:»:
Այսինքն՝ բջջային էլեկտրոնային ստորագրությունը ակտիվացնելու համար անհրաժեշտ է ունենալ բաժանորդային քարտ (Օր.՝ eSIM կամ USIM) և այցելել համապատասխան բջջային օպերատորի գրասենյակ, կամ այն ակտիվացնել առցանց:
ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 86-րդ,87-րդ և 122-րդ կետերի համաձայն՝
«86. Կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերով նախատեսված դեպքերի:
87. Կալանավորված անձինք և դատապարտյալները կարող են ներգրավվել ցանկացած աշխատանքում` բացառությամբ օրենսդրությամբ արգելված աշխատանքների:
(...)
122. Կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելվում է իրենց մոտ ունենալ կամ հանձնուքներով և ծանրոցներով ստանալ կամ ձեռք բերել, ինչպես նաև արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին վաճառել՝
(...)
3) ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք, բաժանորդային քարտ և այլ մասեր ու պարագաներ, ռացիա և այլն)՝ բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
(...)
10) ֆոտոխցիկ, տեսախցիկ, համակարգիչ, վիդեո, աուդիո ձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա՝ բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
(...):»:
Հարկ է նաև նշել, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ նաև՝ Հիմնարկ) անազատության մեջ պահվող անձանց թվում կան անձինք, ովքեր գտնվում են կամ կարող են գտնվել աշխատանքային իրավահարաբերությունների մեջ՝ ներգրավվելով Հիմնարկների տեխնիկատնտեսական կամ այլ աշխատանքներում: Ուստի գործող իրավակարգավորումների պարագայում նրանց հետ ևս անհրաժեշտություն է առաջանալու աշխատանքային պայմանագիրը կնքել թվային համակարգի միջոցով:
Այս համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակին (այսուհետ նաև՝ Հարթակ), քանի որ թվային համակարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է մուտք գործել Հարթակ, իսկ Հարթակ կարելի է մուտք գործել 2 եղանակով.
1. Նույնականացման քարտով մուտք (հնարավոր է մուտք գործել միայն 2023 թվականի փետրվարի 15-ից առաջ թողարկված նույնականացման քարտերով, ինչպես նաև անհրաժեշտ է քարտ կարդացող սարք։),
2. Բջջային նույնականացման քարտով մուտք (Բջջային հեռախոսակապի օպերատորից անհրաժեշտ է ձեռք բերել բջջային ID SIM քարտ և ակտիվացնել ծառայությունը։):
Այսպիսով՝ բոլոր դեպքերում թվային աշխատանքային պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ են ինտերնետ կապին հասանելիություն և համապատասխան սարք (օրինակ՝ հեռախոս, համակարգիչ):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հիմնարկում անազատության մեջ պահվող անձանց արգելված է ձեռք բերել կամ ունենալ հեռախոս, բաժանորդային քարտ, համակարգիչ և համացանցին հասանելիություն՝ հարկ է արձանագրել, որ նրանց կողմից Հարթակ մուտք գործելը, ինչպես նաև թվային աշխատանքային պայմանագրի կնքումը բոլոր դեպքերում դառնում է անհնարին:
Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջանում նախատեսել քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը նաև թղթային եղանակով իրականացնելու հնարավորություն:
Վերոգրյալի հիման վրա համապատասխան փոփոխություն առաջարկվում է կատարել նաև ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 410-Ն որոշման մեջ:
2․ Ակնկալվող արդյունքը.
Ներկայացված Նախագծերի ընդունմամբ հնարավոր կլինի շարունակել Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը իրականացնել թղթային եղանակով՝ այդպիսով ապահովվելով Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց աշխատանքային իրավունքների իրացումը:
3. Նախագծի մշակաման գորընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագծերը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
4․ Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
5. Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման կամ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը.
Նախագծերի ընդունումից հետո այլ իրավական ակտերում փոփոխության անհրաժեշտություն չի առաջանա:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Տևողություն
12.12.2025 28.12.2025 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 263
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: