Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1.            Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի անհրաժեշտությունը

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունվել և 2025 թվականի հուլիսի 16-ին ուժի մեջ է մտել   «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-232-Ն օրենքը, համաձայն որի՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող՝ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար սահմանվել է պետական տուրք՝ բազային տուրքի 29-ապատիկի չափով։ Միաժամանակ, վերոնշյալ օրենքի 38-րդ հոդվածում փոփոխություն կատարելով ամրագրվել  է նախատեսված պետական տուրքը վերադարձման ենթակա չլինելու դրույթ՝ անկախ ներկրման գործընթացի փաստացի արդյունքներից։ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի նոյեմբերի 13-ին ընդունվել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել է ներմուծման լիցենզիայի տրամադրման համար սահմանվել է պետական տուրքի դրույքաչափը՝ սահմանվելով բազային տուրքի 45-ապատիկի չափով։

2025 թվականի օգոստոսի 7-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» N 1077-Ն որոշումը, որն ուժի մեջ է միջև 2026 թվականի փետրվարի 1-ը։ Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի Հավելված 7-ի 54-րդ կետի՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում: Հետևաբար, կարգավորման ազդեցության արդյունավեության ապահովման նպատակով, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1077-Ն որոշման կարգավորումները երկարացնել ևս 6 ամսով։

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) ներքին արտադրության և առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։

Նպատակ ունենալով զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու հումքային ռեսուրսների ներքին սպառումը՝ ՀՀ կառավարությունը մի շարք որոշումներով արգելել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և դրանց պարունակությամբ  թափոնների արտահանումը։ Նշված սահմանափակումներն ուղղված են տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման և առավել բարձր ավելացված արժեքով արտադրանքների արտադրության խթանմանը։

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ, «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Նիկոլ Դուման» ԱԿ, «Ձուլակենտրոն» ԲԲԸ ձուլարանները, կառուցվում ու վերակառուցվում են  «Ջի Թի Բի սթիլ» ՍՊԸ, «Քարակերտի քարաձուլման  գործարան» ԲԲԸ ձուլարանները, որոնք միտված են ապահովելու հանրապետությունում մետալուրգիական ոլորտի ռազմավարական զարգացման տեսլականը։ Հանրապետությունում գործող և կառուցվող ձուլարանների արտադրական հնարավորությունները հնարավորություն կտան ավելացնել պողպատե ամրանների տեղական արտադրության ծավալները, ուստի՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովել հավասար մրցակցային պայմաններ տեղական արտաղրողների կողմից թողարկվող և երրորդ երկրներից ներմուծվող նույնանման ապրանքների միջև։

 

Աղյուսակ 1

2022 – 2024 թվականներին Հայաստան ներմուծված`

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող ապրանքներ*

2022 թվական

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

ներմուծում

որից՝ ԻԻՀ

քանակ (տոննա)

գումար

(մլն դրամ)

քանակ (տոննա)

գումար

(մլն դրամ)

7214

117,597

37,112,421.3

84,515

24,293,163.4

7215

472

245,831.7

322

175,731.2

ԸՆԴԱՄԵՆԸ

118,069

37,358,253.0

84,837

24,468,894.7

     

 

 

2023 թվական

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

ներմուծում

որից՝ ԻԻՀ

քանակ (տոննա)

գումար

(մլն դրամ)

քանակ (տոննա)

գումար

(մլն դրամ)

7214

160,598

35,160,756.7

133,130

28,499,584.4

7215

266

145,227.3

346

110,199.6

ԸՆԴԱՄԵՆԸ

160,864

35,305,984.0

133,476

28,609,784.0

         

2024 թվական

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

ներմուծում

որից՝ ԻԻՀ

քանակ (տոննա)

գումար

(մլն դրամ)

քանակ (տոննա)

գումար

(մլն դրամ)

7214

197,988

40,947,746.8

163,770

32,739,415.2

7215

367

174,059.7

474

127,913.6

ԸՆԴԱՄԵՆԸ

198,355

41,121,806.5

164,244

32,867,328.8

 

Համաձայն Աղյուսակ 1-ի՝ 2022-ից 2024 թվականներին Հայաստանի Հանրապետություն ներմուծված թիրախային արտադրանքի քանակի գերակշիռ մասը՝ 75.5%-ը, իսկ գումարային արտահայտությամբ՝ 80.2%-ը ներմուծվել է ԻԻՀ-ից։

Վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ ԻԻՀ-ից 7214 ապրանքային դիրքերում դասակարգվող ապրանքների (պողպատե ամրանների) 1 տոննայի գինը (առանց ԱԱՀ) Հայաստանում կազմում է 200.000–ից 205.000 դրամ։

Հայաստանում արտադրվող 1 տոննա պողպատե ամրանի մասով կատարված ծախսերը կազմում են շուրջ 230.000-ից 250.000 ՀՀ դրամ (վերլուծության համար հիմք հանդիսացող ցուցանիշները ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների հրապարակային ֆինանսական հաշվետվություններն են)։

Ըստ վիճակագրական տվյալների՝ ԻԻՀ-ից պողպատե ամրանների ներկրումը Հայաստանի Հանրապետություն՝ շարունակաբար աճում է։

Համաձայն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունների՝

2023 թվականին 2022 թվականի համեմատ 1 տոննա ամրանի միջին կշռված մաքսային արժեքը 269.000 դրամից նվազել է 52.000 դրամով և կազմել 217.000 դրամ։

ՀՀ-ում արտադրված 1 տոննա ամրանի միջին գինը կազմում ՝ 259.600 դրամ, նվազագույն և առավելագույն գները՝ 215.000 և 300.000 դրամ։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1077-Ն որոշման ուժի մեջ մտնելուց հետո, տրամադրված հիմնական լիցենզիաների համաձայն, 2025 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել մոտ 23 հազար տոննա պողպատե ամրան՝ որի ներմուծման հիմնական լիցենզիայի տրամադրման համար պետական տուրքի գումարը կազմել է մոտ 654 686 000 դրամ։

          Պողպատի արտադրության և արտահանման ոլորտներում Իրանի առաջատար դիրքը պայմանավորված է հանքահումքային ռեսուրսների ու էներգակիրների պաշարների առկայությամբ, սպառման լայն շուկայով, ինչպես նաև էժան աշխատուժով։ Մետաղական ամրանների արտահանման ծավալների աճը պայմանավորող գործոններից է Իրանում գործող պետական սուբսիդավորման մեխանիզմը։

Միայն էներգակրիների և աշխատավարձին ուղղված ծախսերի մասով Հայաստանում և Իրանում արտադրված 1 տոննա մետաղական ամրանների ինքնարժեքում առկա է շուրջ 31.805 դրամի տարբերություն։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից առաջարկվել է քննարկման առարկա դարձնել ներքին շուկայի պաշտպանության միջոցառման կիրառման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը, որպեսզի Իրանում մետաղական ամրանների արտադրության և արտահանման խրախուսմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի կիրառման պայմաններում ՀՀ-ում արտադրվող մետաղական ամրանների իրացման համար ապահովվեն հավասար մրցակցային պայմաններ։

Միաժամանակ, 2025 թվականի մայիսի 15-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 14.01.2025թ. N 1 որոշումը, համաձայն որի՝ Իրանից մի շարք ապրանքների, այդ թվում՝ ամրանների ներկրման համար կիրառվելու է 0 տոկոս մաքսատուրք (նախկինում 5%, 10750 դրամի չափով)։

 

2.            Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի հիմնական նպատակն է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրվող դրույթների կիրարկման ապահովման նպատակով պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգի և հիմնական լիցենզիայի ձևի հաստատումը, ինչն էլ, իր հերթին ուղղված է ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցության, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկման, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանման, տեղական մետաղագործական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովմանը։

Նախագծի գործողության ժամկետը նախատեսվում է 6 ամիս։

 

3.            Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա.

·                     ապահովել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրվող դրույթների կիրարկումը,

·                     խթանել հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) վերամշակումը,

·                     ստեղծել նոր աշխատատեղեր՝ ընդլայնելով արդյունաբերական հզորությունները,

·                     շուկայում ապահովել ոլորտային արտադրանքների համար հավասար մրցակցային պայմաններ։

 

4.            Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

5.            Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

 

6.           Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազում

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում, իսկ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում տարեկան ավելի քան 3 մլրդ դրամով՝ հաշվի առնելով թիրախային ապրանքների 2025 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսների ներմուծման ծավալները, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի նոյեմբերի 13-ին ընդունված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրված՝ պետական տուրքի դրույքաչափը:

 

7.            Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

-               ՀՀ կառավարության  2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշում,

-               ՀՀ կառավարության 2023 թվականի  ապրիլի 13-ի «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը հաստատելու մասին» N 534-Լ որոշում։

  • Տևողություն

    05.12.2025 25.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Քաղաքաշինություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 74

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: