ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1188-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) համակարգի գործունեության արդյունքում քաղաքացիներին տրամադրվում են տարաբնույթ ծառայություններ, որոնց մատուցման պատշաճությունն ու բարձր որակը հիմնարար ու կարևոր դերակատարում ունեն քաղաքացու և պետության փոխհարաբերությունների ամրապնդման գործում։
Ըստ այդմ՝ պետության կողմից պատվիրակված լիազորությունները պետք է իրականացվեն պատշաճ, իսկ դրանց կատարման նկատմամբ անհրաժեշտ է ապահովել համապատասխան վերահսկողություն։ Այս առումով հարկ է նկատել, որ 2021 թվականի մայիսի 16-ից՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը կարգավորող նոր «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելուց հետո, տեղի է ունեցել գործառույթների տարանջատում ՔԿԱԳ գործակալության (այսուհետ նաև՝ Գործակալություն) գործունեության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների միջև, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ՔԿԱԳ ծառայությունը գործում է մասնակի ապակենտրոնացված մոդելով՝ բաժանված լինելով երկու կառավարման մակարդակի՝ Արդարադատության նախարարության (այսուհետ նաև՝ ԱՆ) և համայնքային կառույցների միջև, որոնց պատվիրակվել է որոշ գործառույթների իրականացում:
ՔԿԱԳ տարածքային բաժինները վերածվել են ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների՝ տարանջատվելով՝ որպես փաստաթղթեր ընդունող մարմինների, որոնց իրավասությանն է պատկանում քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, դիմումների ընդունումը և այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումը՝ ստեղծելով մի իրավիճակ, երբ ՔԿԱԳ գործառույթներն իրականացվում են ինչպես անմիջականորեն ՔԿԱԳ գործակալության համակարգմամբ և վերահսկմամբ, այնպես էլ առանց համակարգման և վերահսկման, քանի որ գործող օրենսդրության պայմաններում առկա չէ այլ իրավական լիազորություն, քան միայն համայնքներում գործող սպասարկման կենտրոնների նկատմամբ մեթոդական ղեկավարման իրականացումը, որը բավարար գործիք չէ կարգավորելու առկա խնդիրները:
Նման տարանջատումը առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Ընդ որում, խնդիրները բազմիցս բարձրաձայնվել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն վերջիններս չունեն բավարար լիազորություններ և ռեսուրսներ լուծելու առաջացած խնդիրները: Հարկ է նաև նշել, որ կառավարման նման մոդելը չունի լայն տարածում:
Վերոնշյալի արդյունքում արձանագրված են բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես՝ նույնպիսի գործառույթներ իրականացնող աշխատակիցների անհավասար պայմաններ և ռոտացիայի անհնարինություն, մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ վերահսկողության, բողոքարկման և պատասխանատվության մեխանիզմների բացակայություն, տվյալների կառավարման տարանջատվածություն (այդ թվում՝ ՔԿԱԳ արխիվի և համայնքային արխիվի) և վերահսկողության կորուստ, վարչարարության թերություններ և կոռուպցիոն ռիսկեր։ Նշված խնդիրները պահանջում են այնպիսի գործիքակազմի ներդրում, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների վերահսկողություն, բարձր որակ, խնդիրների լուծմանն ուղղված որոշումների ընդունում, աշխատակիցների կարգավիճակի ու ռեսուրսների բաշխում, մատուցվող ծառայությունների առնչությամբ քաղաքացիների կողմից ներկայացվող բողոք-դիմումների պատշաճ քննություն։
2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Գործող կարգավորումների ուժով համայնքային սպասարկման կենտրոնները ընդգրկված չեն ԱՆ կազմում և հետևապես՝ ԱՆ անմիջական վերահսկողությունից դուրս են: Վերջիններս թեև իրականացնում են ՔԿԱԳ գործառույթներ, սակայն հնարավոր չի լինում վերահսկել ծառայությունների մատուցման որակը, անհրաժեշտության դեպքում՝ տալ ցուցումներ և հետևել կատարման ընթացքին, ինչպես նաև բովանդակային լուծում տալ քաղաքացիների կողմից ամենօրյա ռեժիմով բարձրացվող բազմաթիվ խնդիրներին և բողոքներին:
Ի տարբերություն միասնական սպասարկման գրասենյակների, որի աշխատակիցները հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ՝ համայնքային սպասարկում իրականացնող կենտրոնների աշխատակիցների վարձատրությունը էականորեն ցածր է, մինչդեռ վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող տուրքերը նույնն են, ինչ Գործակալության սպասարկման կենտրոնների կողմից մատուցվող ծառայությունների համար է: Հատկանշական է, սակայն, որ համայնքային սպասարկման կենտրոն դիմելու դեպքում քաղաքացիների վճարած տուրքերն ուղղվում են ոչ թե պետական, այլ՝ համայնքային բյուջե։
Վերոգրյալ իրավիճակի բարեփոխման համար փոփոխություններ և լրացումներ են նախատեսվել մի շարք օրենքներում, որոնք ներկայացվել են հանրային քննարկման, դիտարկումներ և առաջարկություններ են ներկայացվել նաև տարբեր շահագրգիռ մարմինների կողմից, որոնց ամփոփման փուլն ավարտված է։ Մասնավորապես՝ ի թիվս այլ օրենքների, փոփոխություններ են նախատեսվում «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» 2021 թվականի հունվարի 19-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք), «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի այն հոդվածներում, որոնցով սահմանված է, որ Գործակալության սպասարկման կենտրոնների գործառույթներ կարող են իրականացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ այդպիսով սպասարկման կենտրոնների կողմից մատուցվող ծառայությունների համար իրավասու սուբյեկտների շրջանակից հանելով տեղական ինքնակառավարման մարմիններին։ Փոփոխությունների արդյունքում նաև հնարավոր կլինի ապահովել սպասարկման կենտրոնների աշխատանքի ոչ միայն մեթոդական, այլև՝ ամբողջական ղեկավարումը և վերահսկողությունը։
Համապատասխան փոփոխություններ են նախատեսվում նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի և «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի դրույթներում։
Հարկ է նկատել, որ վերոգրյալի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1188-Ն որոշման մեջ։ Այսպես․
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 12-րդ հոդվածում նախատեսվող փոփոխություններից բխում է, որ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ ու լրացում կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1188-Ն որոշման մեջ՝ ավելացնելով որոշ տուրքերի մասով սահմանված վճարները, իսկ որոշ ծառայությունների մասով սահմանելով տուրքեր, ինչն էլ կատարվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1188-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով, մասնավորապես՝ նախատեսվում է բարձրացնել ամուսնալուծության գրանցման ժամկետը լրացուցիչ վճարի դիմաց կրճատելու ծառայության դիմաց սահմանված տուրքը՝ նպատակ ունենալով խթանել ընտանիքի պահպանումը, ամուսնալուծվող անձանց տրամադրել ամուսնությունն ու ընտանիքը վերաիմաստավորելու և արդեն ներկայացված ամուսնալուծության դիմումից հրաժարվելու ժամանակ։
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ 18 տարին լրացած անձն իրավունք ունի փոխելու անունը, որը ներառում է անունը, ազգանունը, հայրանունը: Անվան փոխման գրանցումը թույլատրվում է առանց այն հիմնավորող պատճառների: Անվան փոխումը հիմք է անձի վերաբերյալ կատարված քաղաքացիական կացության բոլոր ակտային գրանցումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև՝ նրա անձը հաստատող փաստաթղթի փոխանակման համար:
Ներկա պահին գործող կարգավորման պարագայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձը կրկնակի դիմում է ներկայացնում՝ փոխելու իր տվյալը՝ կարճ ժամանակ անց վերադառնալով նախկին տվյալին կամ անվան փոխման դիմում է ներկայացնում՝ իր տվյալում փոխելով ընդամենը մեկ տառ: Ուսումնասիրելով առկա վիճակագրությունը՝ ակնհայտ է դառնում, որ տարիների ընթացքում աճել են անվան փոխման համար ներկայացվող դիմումների քանակը, ինչը ենթադրում է հավելյալ ռեսուրսների ներգրավում և ծախսերի ավելացում։ Մասնավորապես՝ 2020 թվականին կատարվել է 719 անվան փոխման գրանցում, 2021 թվականին՝ 1223, 2022 թվականին՝ 1459, 2023 թվականին՝ 1431, իսկ 2024 թվականին՝ 1701 ։
Հաշվի առնելով անվան փոխման ակտային գրանցման և դրա արդյունքում իրականացվող գործողությունների աշխատատար և ժամանակատար լինելու հանգամանքը, ինչպես նաև անվան փոխման հնարավորությունը դիմումատուների կողմից առավել նպատակային կիրառելու անհրաժեշտությունը՝ նպատակահարմար է կատարել անվան փոխման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի բարձրացում:
Օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ քաղաքացիական կացության ակտային գրանցման համար ներկայացվող փաստաթղթերն առավել շատ ու բազմազան են և ուսումնասիրության տեսանկյունից՝ աշխատատար: Միևնույն ժամանակ՝ սույն դեպքում կատարվող ակտային գրանցման մեջ սխալ գրառումները բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում մանրամասն ուսումնասիրել և համեմատել անձանց կողմից ներկայացվող՝ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից տրամադրած (հայերեն թարգմանությամբ) փաստաթղթերի տվյալները նրանց անձը հաստատող փաստաթղթի տվյալների հետ, դիմում ընդունելիս տեղեկություններն էլեկտրոնային համակարգ մուտքագրել ձեռքով և կցել դիմումին: Տվյալ հանգամանքով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ ամուսնության պետական գրանցման համար կատարվող աշխատանքի ծավալը և դրան հատկացվող ժամանակը զգալիորեն զիջում է օտարերկրյա պետության քաղաքացիների վերաբերյալ ամուսնության գրանցման համար կատարվող աշխատանքի ծավալին ու տրամադրվող ժամանակին, հետևաբար՝ նպատակահարմար է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ միայն ամուսնացողներից մեկի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու դեպքում ամուսնության գրանցման համար սահմանել պետական տուրք: Նույն հանգամանքից ելնելով՝ նպատակահարմար է օտարերկրյա քաղաքացիների համար հայրություն (մայրություն) ճանաչելու համար բազային տուրքի չափը սահմանել բազային տուրքի երեսնապատիկի չափով, ինչպես նաև՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման մասին ակտային գրանցման համար սահմանել պետական տուրք՝ բազային տուրքի երկուհարյուրապատիկի չափով:
Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ օտարերկրացիների հետ ինչպես ամուսնության, այնպես էլ այլ գործընթացներում ներգրավվելը կարող է հետապնդել նաև այլ թաքնված նպատակներ, օրինակ՝ այլ երկրի քաղաքացիության ձեռքբերում, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հետ կապված պարտավորությունների կատարումից խուսափում, օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող որդեգրումներ, որոնք պետության կողմից չեն խրախուսվում, քանի որ պետությունը որդեգրել է քաղաքականություն, որի համատեքստում տարաբնույթ ծրագրեր են իրագործվում երեխային իր կենսաբանական ընտանիք վերադարձնելու ուղղությամբ։ Հետևաբար, պետության համար ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտներում օտաերկրյա քաղաքացիների ներգրավվման դեպքերում անհրաժեշտ ենք համարում բարձրացնել պետական տուրքերը։
Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ փոփոխություն կատարելու գործառույթը հիմնականում կիրառվում է դիմողի գրանցման և անձը հաստատող փաստաթղթում առկա անհամապատասխանության պարագայում՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ անձի անհատական տվյալները նրա անձը հաստատող փաստաթղթին համապատասխանեցնելու նպատակով: Մինչդեռ, քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կատարելու արդյունքում հաճախ առաջանում է անձը հաստատող փաստաթղթի փոփոխության անհրաժեշտություն: Տվյալ դեպքում անձը կստանա ընտրության հնարավորություն՝ իր վերաբերյալ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ իր տվյալները համապատասխանեցնելու անձը հաստատող փաստաթղթին (փոփոխություն կատարելու գործառույթի միջոցով), որի համար կսահմանվի պետական տուրք՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով:
Մյուս դեպքում անձը կունենա իր կողմից ներկայացվող փաստաթղթերի հիմքով իր վերաբերյալ կատարված ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կատարելու հնարավորություն՝ անհրաժեշտության դեպքում կատարված ուղղմանը համապատասխան փոխելով իր անձը հաստատող փաստաթուղթը։ Նշված ծառայության համար պետական տուրքը սահմանված է բազային տուրքի հնգապատիկի չափով:
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի ընդունումից հետո քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական վկայականի կրկնօրինակը հանդիսանում է էլեկտրոնային փաստաթուղթ, որի կորստի դեպքում այն էլեկտրոնային եղանակով դիմողին կրկին տրամադրվում է անվճար, հետևաբար՝ նպատակահարմար է վկայականի կրկնօրինակի տրամադրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափը սահմանել բազային տուրքի յոթնապատիկի չափով: Ստացվում է մի իրավիճակ, երբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական վկայականը մի քաղաքացու կարող է տարամդրվել մի քանի անգամ և անվճար։ Այս առումով հարկ է նկատել, որ մի փաստաթղթի հետ անընդհատ կատարվում է աշխատանք, մի դեպքում՝ հիմնական կազմման, մյուս դեպքում՝ կրկնօրինակի տրամադրման, որի ընթացքում առկա փաստաթղթերը թվայնացվում են, կատարվում է լրացուցիչ աշխատանք, ծախսվում են ռեսուրսներ, որի համատեքստում նպատակահարմար է բարձրացնել նաև նշված տեսակի ծառայության պետական տուրքը՝ նպատակ հետապնդելով նաև բարձրացնել քաղաքացիների պատասխանատվության ձևավորումը իրենց իսկ փաստաթղթերի պահպանության նկատմամբ։
Ինչ վերաբերում է քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության վերաբերյալ տեղեկանքին, ապա այն քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման հիման վրա և դրա վերաբերյալ տեղեկություններ պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է գրեթե նույն տեղեկատվությունը, ինչ քաղաքացիական կացության ակտային գրանցման մասին պետական վկայականը:
Միևնույն ժամանակ, քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար իրականացվում է նույն աշխատանքը, ինչ վկայականի կրկնօրինակի տրամադրման համար, մասնավորապես՝ կատարվում է համապատասխան ակտային գրանցման հայտնաբերման նպատակով թղթային արխիվի ուսումնասիրություն, գտնված ակտային գրանցման թվայնացում, անհրաժեշտ դիմումի մուտքագրում, ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում փաստաթղթի ձևավորում, որից ելնելով՝ նպատակահարմար է քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության վերաբերյալ տեղեկանքի համար սահմանել պետական տուրք՝ բազային տուրքի հնգապատիկի չափով:
3․Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.
Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կստեղծվի ՔԿԱԳ համակարգը դարձնել առավել միասնական, իսկ քաղաքացիների համար հնարավոր կլինի ապահովել առավել լայն շրջանակի և որակյալ ծառայություններ՝ ապահովելով հարմարավետության, բարձր որակի, հերթերի և ժամանակի արդյունավետ կառավարման սկզբունքները:
4․Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
5․Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում նախատեսվում են փոփոխություններ՝ նկատի ունենալով, որ ՔԿԱԳ գործակալության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում անվան, ազգանվան և հայրանվան փոփոխման համար, ներառյալ՝ վկայական տալու համար, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայակնների կրկնօրինակ տալու համար և քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության վերաբերյալ տեղեկանքի համար 2024 թվականի ընթացքում գանձված պետական տուրքը կազմել է 145,735․00 ՀՀ դրամ, իսկ Նախագծով առաջարկվող պետական տուրքի նոր դրույքաչափերով պայմանավորված գանձման ենթակա գումարը կազմելու է 385,733․00 ՀՀ դրամ, ինչի արդյունքում պետական տուրքի դրույքաչափերի փոփոխության ազդեցության գնահատականը կազմելու է 239,998․00 ՀՀ դրամ։
Օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ամուսնացողներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում ամուսնության գրանցման, օտարերկրյա քաղաքացիների համար հայրություն (մայրություն) ճանաչելու և օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման մասին ակտային գրանցման և քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխության համար պետական տուրքի առաջարկվող դրույքաչափերի փոփոխության արդյունքում լրացուցիչ գումարի վերաբերյալ հաշվարկներ չենք կարող ներկայացնել, քանի որ մինչ օրս վերոգրյալի հետ կապված առանձնացված հաշվառում ՔԿԱԳ գործակալության կողմից չի իրականացվել։
6․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» թիվ ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված՝ Կառավարության 2021-2026թթ. ծրագրից (այսուհետ՝ Ծրագիր), մասնավորապես՝ Ծրագրի 6.2-րդ բաժնով կառավարությունը ստանձնել է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի արմատապես բարեփոխման հանձնառություն: Որակյալ ծառայությունների մատուցման հիմքը արդիական ու առաջադեմ տեխնոլոգիաների հիմքով կառավարվող տվյալների բազաների առկայությունն է, որն էական է քաղաքացիակենտրոն որոշումների կայացման համար:
-
Տևողություն
05.12.2025 21.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 148
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: