ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1990-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1990-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի նպատակը անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) շրջանակներում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումն է։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Միջոցառումն իրականացվում է ՀՀ կառավարության 2024 թվականի 12.12.2024թ. N 1990-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված կարգով:
2025 թվականի փետրվարի 3-ից Որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով ընդունվում են քաղաքացիների դիմումները։
Դիմումների հիման վրա աջակցության տրամադրման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, այդ թվում նաև շահառուներից դժգոհություններ, քանի որ դադարեցվել է Որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակում նրանց աջակցության իրավունքը, սակայն դրա համար չկան իրավական հիմքեր:
Մասնավորապես, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների դիմումները մերժվում են, քանի որ նրանց վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն և առկա չէ ՊԵԿ կողմից վարվող՝ եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում (այսուհետ՝ անձնավորված հաշվառման համակարգ)։ Ընդ որում Որոշման մեջ դեռևս ՀՀ կառավարության 29.05.2025 թվականին N 686-Լ որոշմամբ կատարված փոփոխությամբ ներառվել են որոշ ուժային կառույցների (Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության) մասով դրույթներ` այդ կառույցների առաջարկությունների հիման վրա: Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մասով առաջարկություն չէր ներկայացվել: Սակայն, քաղաքացիների դիմումների հիմքով անհրաժեշտություն է առաջացել ներառել նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
Խնդրի կարգավորման համար անհրաժեշտ նաև է նշված մարմնի հետ ապահովել տեղեկատվության փոխանակման ծրագրային ապահովում, իսկ իրավական ակտում կատարել համապատասխան փոփոխություն։
Համաձայն Որոշման N 2 հավելվածի 16-րդ կետի յուրաքանչյուր ամսվա 25-ին տեղեկատվական համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով իրականացվում է շահառուների շտեմարանում առկա տվյալների թարմացում, որի ընթացքում՝ հիմնականում «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության տեղեկատվական բազայում առկա տվյալների փոխանակման, ինչպես նաև միջոցառման իրականացման տեղեկատվական համակարգի աշխատանքի ընթացքում ի հայտ եկած տեխնիկական վրիպակների (կամ ոչ ճշգրիտ տեղեկատվության) արդյունքում շահառուների աջակցության իրավունքը դադարեցվել է: Իսկ գործող իրավակարգավորումների շրջանակում ոչ շահառուի մեղքով դադարեցված աջակցության իրավունքը վերականգնել հնարավոր չէ:
Խնդրո առարկա հարցերի պատճառներն ուսումնասիրելու և դրանց լուծման մեխանիզմներն հստակեցնելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շահագրգիռ մարմինների՝ Կենտրոնական բանկի, ՊԵԿ-ի, «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի և միջոցառման իրականացման տեղեկատվական համակարգը շահագործող կազմակերպության՝ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցների հետ իրականացրել է աշխատանքային քննարկումներ:
Քննարկումների արդյունքների ամփոփմամբ մշակվել է սույն նախագիծը:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.05.2025 թվականի N 686-L որոշմամբ կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել է միջոցառումից օգտվելու իրավունքի դադարեցման համար եկամտային հարկի նվազագույն չափ, երբ շահառուն (շահառուի համար) 3 ամիս անընդմեջ չի հաշվարկ(վ)ել եկամտային հարկ կամ այդ եռամսյա ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս հաշվարկ(վ)ել է 18750 դրամից պակաս եկամտային հարկ: Միջոցառման իրականացման ընթացքում կատարված վերլուծությունների արդյունքների ամփոփմամբ, դիտարկելով այն մոտեցումը, որ Որոշմամբ սահմանված միջոցառման նպատակն է սոցիալական խնդիրներ ունեցող անհուսալի վարկառուներին ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու անհրաժեշտությունը նպատակահարմար է սահմանել նաև Որոշմամբ աջակցության իրավունքի դադարեցման համար եկամտային հարկի առավելագույն չափ՝ 150000 դրամ, հաշվի առելով, որ նման եկամտային հարկի առկայության պարագայում շահառուն ունի բարձր եկամուտ և կարող է իր եկամտի հաշվին մարել վարկային պարտավորությունը: Այսինքն՝ այդ դեպքում տրվող աջակցությունը սոցիալական խնդիր չի լուծում, այլ նպաստում է վատ (վարկերի չմարման) վարքագծի ձևավորմանը հասարակության շրջանում:
Միաժամանակ, մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 29.05.2025 թվականի N 686-L որոշման ընդունումը միջոցառման իրականացման ժամանակահատվածում բացահայտվել են դեպքեր (512 անձ), երբ տեխնիկական վրիպակների արդյունքում շահառուների վարկային պարտավորությունների մարման համար համապատասխան վարկատուներին փոխանցվել են ավել գումարներ (վճարման ցուցակ են ընդգրկվել նաև այնպիսի շահառուների տվյալներ, որոնք ունենցել են անհուսալի դասով դասակարգված մի քանի վարկեր և որոնց մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ գերազանցում 1,000,000 ՀՀ դրամը։ Խնդիրներն ուսումնասիրվել են, քննարկվել են, այդ թվում՝ տեսակոնֆերանսի ձևաչափով շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ընթացքում, հեռախոսազանգերով։
Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ վարկային բյուրոյի տվյալների փոխանակման համակարգի աշխատանքային տրամաբանությունում կատարված փոփոխությունների արդյունքով մի շարք անձինք դադարեցին հանդիսանալ միջոցառման շահառու և արդեն ս/թ մայիսի 25-ին ձևավորված վճարման ցուցակ ներառվել են օրենդրությամբ սահմանված պայմաններին բավարարող՝ միջոցառման շահառուների տվյալները։ Սա նշանակում է, որ առկա են պետական բյուջեից տեխնիկական վրիպակների (սխալմամբ) պատճառով ավել ֆինանսավորված (ս/թ մարտ և ապրիլ ամիսներին) գումարներ՝ շուրջ 28.000.000 դրամ: Գումարները փոխանցված են եղել անհուսալի վարկեր ունեցող ֆիզիկական անձանց համար նախատեսված հաշվեհամարներին՝ որը ծառայել է նպատակին:
Հաշվի առնելով, որ այն շահառուի վարքագծի արդյունք չէ, ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել սահմանել համապատասխան կարգավորում աջակցությունը վարկատուների կողմից պետական բյուջե չվերադարձնելու համար:
Հարկ է նշել նաև, որ 29.10.2025 թ. դրությամբ որոշմամբ հաստատված միջոցառումից օգտվելու համար ներկայացված դիմումներից շուրջ՝ 4600-ը հաստատվել են, որոնցից 129-ը վերջին 3 ամսում ձեռք են բերել ֆորմալ զբաղվածություն (իսկ ծրագրի մեկնարկից՝ շուրջ 1327 անձ):
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է՝
1. Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատող անձանց ևս հնարավորություն տալ օգտվելու Որոշմամբ սահմանված միջոցառումից:
2. Որոշման N 2 հավելվածով հաստատված՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման իրականացման կարգում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով:
3. Սահմանել Որոշմամբ՝ աջակցության իրավունքի դադարեցման համար եկամտային հարկի առավելագույն չափ՝ 150000 դրամ:
4. Սահմանել տարբեր մարմինների տեղեկատվական բազաների և միջոցառման իրականացման համակարգի տվյալներում, կամ դրանց միջև տվյալների փոխանակման ընթացքում առաջացած տեխնիկական վրիպակների արդյունքներով աջակցության իրավունքը դադարեցված շահառուների աջակցության իրավունքի վերականգնման մեխանիզմներ: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ վրիպակների հետևանքով կրճատվում է աջակցությունից օգտվելու ժամանակահատվածը, առաջարկվում է աջակցությունից օգտվելու 24 ամսյա ժամկետի պայմանը փոխարինել 24 անգամ վճարումների պայմանով։
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել համապատասխան փոփոխությունների իրականացման ինքնաշխատ եղանակով գործընթացների ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը:
6. Սահմանել նաև դրույթ, ըստ որի մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Որոշմամբ սահմանված միջոցառման իրականացման տեղեկատվական համակարգի և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի տեղեկատվական բազայի միջև ինքնաշխատ եղանակով տվյալների փոխանակման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական վրիպակների արդյունքում շահառուի վարկային պարտավորության (պարտավորությունների) մարմանն ուղղված աջակցության ավել վճարված գումարները Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լուծարման գործընթացում գտնվող առևտրային բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից պետական բյուջե հետ վերադարձման ենթակա չեն, հաշվի առնելով, որ այն շահառուի վարվելակերպ չէ:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կլուծվեն իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրները:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» բաժնում նախատեսված է, որ «Սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից: Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների ու հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են:»։
5. Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա։ Ընդ որում, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից համապատասխան տեղեկատվական համակարգում փոփոխությունների մշակման ու ներդրման ծախսերը կատարվելու են ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը 1235 ծրագրի 31001 միջոցառմամբ հատկացված գումարի շրջանակներում:
-
Տևողություն
25.11.2025 10.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 377
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: