««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է այլ սահմանափակումների առնչությամբ գործող կառուցակարգերի շարունակական կատարելագործումը և արդիականացումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Ներկայումս այլ սահմանափակումների հետ կապված հարաբերությունները իրավական կարգավորման են ենթարկվում «Հանրային ծառայության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք)։ Օրենքը սահմանում է այլ սահմանափակումներ հանդիսացող գործողությունների շրջանակը, ինչպես նաև դրանց խախտման դեպքում կիրառվող պատասխանատվության կառուցակարգերը։
Վերջին տարիներին իրականացվել են աշխատանքներ, որոնց արդյունքում էականորեն բարելավվել են այլ սահմանափակումներին առնչվող օրենսդրական կարգավորումները, այդուհանդերձ, այս ոլորտում դեռևս առկա են որոշ խնդիրներ և բացեր, որոնց վերացումը կնպաստի վերոնշյալ ոլորտի արդյունավետության բարձրացմանը և բարելավմանը, ինչպես նաև կապահովի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ իրականացումը։
Վերոնշյալ նպատակների իրագործումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871-Լ որոշման Հավելված N 2-ով սահմանվող գործողությունների ծրագրի 1.22-րդ կետի բովանդակությունից, որով համապատասխանաբար որպես նպատակ սահմանվում է այլ սահմանափակումների պահանջների կիրառման միասնականությունը ապահովելու և օրենսդրությամբ այլ սահմանափակումների պահանջները հստակեցնելու անհրաժեշտությունը:
Բարելավման կարիք ունեն մի շարք պետական պաշտոն զբաղեցնող անձանց մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայացվող այլ սահմանափակումների պահանջներին վերաբերող կառուցակարգերը և դրանց բացահայտման գործիքներն ու կիրառման հնարավորությունները:
Միաժամանակ, անհրաժեշտ է նախատեսել գործուն մեխանիզմներ, որոնք կնպաստեն հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից Օրենքով սահմանված հետաշխատանքային սահմանափակումների պահանջների պահպանմանը։
Բացի այդ, գործող օրենսդրության մեջ միջազգային պարտավորությունների կատարման շրջանակներում ընդգծվել են որոշակի խնդիրներ: Մասնավորապես, Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (այսուհետ՝ ԳՐԵԿՈ) կողմից «Կոռուպցիայի կանխարգելումը և բարեվարքության խթանումը իշխանության կենտրոնական մարմիններում (բարձրագույն գործադիր մարմիններում և իրավապահ մարմիններում)» թեմայի շրջանակում իրականացվել է գնահատում, որի հիման վրա հրապարակվել է Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների մոնիթորինգի հինգերորդ փուլի գնահատման զեկույցը։ Զեկույցը վեր է հանել հետևյալ հիմնական խնդիրները․
- բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում անհրաժեշտ է ժամանակի և գործողության շրջանակների առումներով ընդլայնել ծառայությունը դադարեցնելուց հետո աշխատանքային գործունեության սահմանափակումները,
- բարձրաստիճան պաշտոնատար անձանց անձանց համար անհրաժեշտ է սահմանել պաշտոնից ազատվելու դեպքում նախնական համաձայնություն ձեռք բերելու և (կամ) նախատեսված կամ ընթացիկ գործունեության մասին զեկուցելու ընթացակարգ։
Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ գործող իրավակարգավորումներին համահունչ կարգավորումներ առկա են նաև մի շարք երկրներում։
Էստոնիայում գործող իրավակարգավորումների համաձայն՝ Կառավարության անդամները պաշտոնավարման ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, չեն կարող զբաղեցնել կառավարման կամ վերահսկող մարմնի անդամի պաշտոն որևէ մասնավոր իրավաբանական անձում, որը պատկանում է քաղաքականության այն ոլորտին, որի ղեկավարումն իրենք են իրականացրել իրենց պաշտոնավարման ընթացքում, եթե նախարարն իր պաշտոնավարման ընթացքում ընդունել է տվյալ իրավաբանական անձի գործունեության վրա էական ազդեցություն ունեցող որոշումներ, կամ եթե տվյալ իրավաբանական անձը պայմանագրային հարաբերություններ ունի իր կողմից ղեկավարվող նախարարության հետ[1]։
Սլովենիայի «Արդարության և կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքը սահմանում է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձը իր պաշտոնավարման դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, չի կարող հանդես գալ որպես այն կազմակերպության ներկայացուցիչ, որը հաստատել կամ պատրաստվում է հաստատել գործարար կապեր այն պետական մարմնի կամ կազմակերպության հետ, որտեղ տվյալ անձը զբաղեցրել է պաշտոն։ Պետական մարմինը կամ կազմակերպությունը, որտեղ տվյալ անձը պաշտոն է զբաղեցրել, չի կարող գործարար հարաբերություններ ունենալ այն կազմակերպության հետ, որտեղ նախկինում պաշտոն զբաղեցրած անձը հիմնադիրների իրավունքների, կառավարման կամ կապիտալի մեջ ունի հինգ տոկոսից ավելի բաժնեմաս՝ որպես ֆիզիկական անձի՝ անմիջականորեն կամ այլ իրավաբանական անձանց միջոցով մասնակցությամբ, մինչև իր պաշտոնավարման դադարեցումից հետո անցնի մեկ տարի։ Պետական մարմինը կամ կազմակերպությունը, որտեղ տվյալ անձը պաշտոն է զբաղեցրել, պարտավոր է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, տեղեկացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հետաշխատանքային սահմանափակումների մասին[2]։
Ուկրաինայում գործող «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի համաձայն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներ իրականացնելու համար լիազորված անձանց, ովքեր հրաժարական են տվել կամ այլ կերպ դադարեցրել են իրենց գործառույթների հետ կապված գործունեությունը, արգելվում է՝
· համապատասխան գործունեության դադարեցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, աշխատանքային պայմանագիր (կամ այլ պայմանագիր) կնքել կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել մասնավոր իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հետ, եթե տվյալ անձը պաշտոնավարման ընթացքում իրականացրել է հսկողության, վերահսկողության, նախապատրաստման կամ որոշումներ ընդունելու լիազորություններ նրանց նկատմամբ, բացահայտել կամ այլ կերպ օգտագործել է իր ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվությունը անձնական շահերի համար՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
· համապատասխան գործունեության դադարեցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, ներկայացնել որևէ անձի շահերը այն գործերով (այդ թվում՝ դատական), որտեղ մյուս կողմը հանդիսանում է այն մարմինը, հիմնարկը կամ կազմակերպությունը, որտեղ տվյալ անձը աշխատել է իր գործունեության դադարեցման պահին[3]։
Լիտվայում գործող «Հանրային և մասնավոր շահերի կարգավորման մասին» օրենքը նախատեսում է, որ քաղաքացիական ծառայությունը դադարեցնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը չի կարող ներկայացնել ֆիզիկական անձանց կամ իրավաբանական անձանց այն հաստատությունում կամ մարմնում, որտեղ նա պաշտոնավարել է ծառայությունից անմիջապես հետո՝ մեկ տարվա ընթացքում, կամ եթե այն հաստատությունը, որտեղ նա պաշտոնավարել է ծառայությունից անմիջապես հետո՝ մեկ տարվա ընթացքում, պատկանում է հաստատությունների համակարգին, ապա այդպիսի հաստատությունների համակարգի որևէ հաստատությունում՝ մեկ տարվա ընթացքում։ Քաղաքացիական ծառայությունը դադարեցնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը չի կարող ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց այն հաստատություններում և մարմիններում, որտեղ իր պաշտոնեական պարտականություններին վերաբերող հարցեր են քննարկվում։
Բացի այդ, Լիտվայի օրենսդրությունը սահմանում է հետաշխատանքային սահմանափակումների մեկամյա ժամկետ՝ ամրագրելով, որ քաղաքացիական ծառայությունը դադարեցնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը իրավունք չունի զբաղեցնելու աշխատանքային պաշտոն որևէ իրավաբանական անձում, եթե նրա պաշտոնավարմանն անմիջապես նախորդող մեկ տարվա ընթացքում նրա պարտականությունները անմիջականորեն կապված են եղել նշված սուբյեկտների գործունեության հսկողության կամ վերահսկման հետ, կամ նա մասնակցել է տվյալ անձից պետական պատվերներ կամ ֆինանսական աջակցություն ստանալու համար նախատեսված որոշումների մշակմանը, քննարկմանը և ընդունմանը՝ պետական մրցույթների կամ այլ եղանակների միջոցով[4]:
Մոնտենեգրոյում գործող «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքը նախատեսում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնավարման դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում՝
· չի կարող գործել որպես իրավաբանական անձի, ձեռնարկատիրոջ, միջազգային կամ այլ կազմակերպության ներկայացուցիչ կամ հավատարմատար այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի առջև, որտեղ իրականացրել է իր պաշտոնեական լիազորությունները, եթե նշված անձը կամ կազմակերպությունը տվյալ մարմնի հետ ունի կամ նախատեսում է ունենալ պայմանագրային կամ գործարար հարաբերություններ,
· ունենալ աշխատանքային կամ գործարար հարաբերություններ այն իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ, միջազգային կամ այլ կազմակերպության հետ, որի շահույթը կամ եկամուտը բխում է այն որոշումներից, որոնք ընդունվել են այն մարմնի կողմից, որտեղ տվյալ պաշտոնատար անձը իրականացրել է իր լիազորությունները,
· ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձին այն մարմնի առջև, որտեղ իրականացրել է պաշտոնեական լիազորություններ, այն գործով, որի վերաբերյալ մասնակցել է որոշում կայացնելու գործընթացին,
· իրականացնել կառավարման կամ աուդիտի գործունեություն այն իրավաբանական անձում, որտեղ առնվազն մեկ տարի՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, նրա պարտականությունները առնչվել են վերահսկողական կամ հսկողության գործառույթներին,
· կնքել պայմանագիր կամ ունենալ ցանկացած բնույթի գործարար համագործակցություն այն մարմնի հետ, որտեղ իրականացրել է պաշտոնեական լիազորություններ,
· օգտագործել իր պաշտոնեական գործունեության ընթացքում ստացված տեղեկությունը՝ իր կամ այլ անձի համար շահ ստանալու կամ այլ անձի իրավունքներին կամ օրինական շահերին վնաս պատճառելու նպատակով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ տեղեկությունները հանրային են։
Բացի այդ, պաշտոնավարման դադարեցումից հետո հանրային պաշտոն զբաղեցնող անձը կարող է դիմել Գործակալություն՝ կարծիք տրամադրելու խնդրանքով՝ դիմումի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում՝ պարզելու՝ արդյոք առկա են հետաշխատանքային սահմանափակումներ։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից հետաշխատանքային սահմանափակումների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման դրույթների խախտման հարցով վարույթը նախաձեռնում է Գործակալությունը՝ այն մարմնի դիմումի հիման վրա, որտեղ տվյալ անձը իրականացնում է կամ իրականացրել է իր պաշտոնեական լիազորությունները, կամ այն մարմնի դիմումի հիման վրա, որը պատասխանատու է տվյալ պաշտոնատար անձի ընտրության, նշանակման կամ հանձնարարություն տալու համար։ Վարույթը կարող է նախաձեռնվել նաև այլ պետական կամ համայնքային մարմնի, ինչպես նաև իրավաբանական կամ ֆիզիկական անձի դիմումի հիման վրա, ինչպես նաև Գործակալության կողմից՝ սեփական նախաձեռնությամբ՝ իր ունեցած տեղեկատվության հիման վրա կամ անանուն դիմումների հիման վրա[5]։
Հավելենք նաև, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար ԳՐԵԿՈ-ի անդամ պետություններում մեծամասամբ տարածված է հետաշխատանքային սահմանափակումների պահպանման երկամյա ժամկետը[6]։
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր․
Նախագծերի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871-Լ որոշման Հավելված N 2-ով սահմանված գործողությունների ծրագրի 1.22-րդ կետի բովանդակությունից, որով համապատասխանաբար որպես նպատակ սահմանվում է այլ սահմանափակումների պահանջների կիրառման միասնականությունը ապահովելու և օրենսդրությամբ այլ սահմանափակումների պահանջները հստակեցնելու անհրաժեշտությունը։
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Գործող օրենսդրության մեջ առկա խնդիրները և բացերը լուծելու նպատակով նախատեսվում են կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ ու լրացումներ:
Վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նախարարների տեղակալների, նրանց խորհրդականների (ներառյալ՝ հասարակական հիմունքներով խորհրդականների) պաշտոնը զբաղեցնող անձանց դեպքում առաջարկվում է սահմանել արգելք՝ պաշտոնավարման դադարեցումից հետո՝ 12 ամսվա ընթացքում, լինելու ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում (բացառությամբ՝ պաշտոնեական պարտականություններով պայմանավորված ներկայացուցչության), որտեղ ինքը եղել է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է եղել իրեն կամ անմիջականորեն վերահսկվել է իր կողմից:
Վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նախարարների տեղակալների, նրանց խորհրդականների (ներառյալ՝ հասարակական հիմունքներով խորհրդականների) պաշտոնը զբաղեցնող անձանց դեպքում առաջարկվում է ընդլայնել հետաշխատանքային սահմանափակումների պահանջը պահպանելու համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետը՝ սահմանելով 18 ամսվա արգելք, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրել մասնավոր ոլորտում իր պաշտոնավարման նախկին ոլորտին առնչվող այնպիսի գործունեությամբ (այդ թվում՝ ձեռնարկատիրական) զբաղվելու արգելքը, որը նախկինում զբաղեցրած պաշտոնով կամ նախկինում ձեռք բերած ծառայողական տեղեկատվության առկայությամբ պայմանավորված՝ կարող է նրան տրամադրել առավելություն:
Օրենքում այլ սահմանափակումների պահանջների խախտման համար գործող պատասխանատվության կառուցակարգը բարելավելու նպատակով առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվություն՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում սահմանելով տուգանք՝ ուղղված այդ խախտումների վերացմանը:
Միաժամանակ, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նախարարների տեղակալների, նրանց խորհրդականների (ներառյալ՝ հասարակական հիմունքներով խորհրդականների) պաշտոնը զբաղեցնող անձանց համար առաջարկվում է Օրենքում սահմանել պաշտոնից ազատվելու դեպքում նախնական համաձայնություն ձեռք բերելու և (կամ) նախատեսված կամ ընթացիկ գործունեության մասին տեղեկացնելու իրավունք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուսումնասիրությանը դիմում ներկայացնելու միջոցով: Դիմումի ներկայացման, դրա հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացրած ուսումնասիրության, դրա արդյունքում համապատասխան եզրակացությունների ընդունման ու հրապարակման վերաբերյալ ընթացակարգը առաջարկվում է նախատեսել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում:
4. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները մարմինները կամ/և անձինք․
Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է նպաստել բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար հետաշխատանքային սահմանափակումների գործադրման և վերահսկման մեխանիզմների կատարելագործմանը, դրա պահանջների կիրառման միասնականացմանը, այդ պահանջների խախտման համար պատասխանատվության գործուն և նպատակային կառուցակարգերի ներդրմանը:
[1] Տե՛ս, Government of the Republic Act of Estonia, article 121, available at: https://www.riigiteataja.ee/en/eli/502012023006/consolide:
[2] Տե՛ս, Integrity and Prevention of Corruption Act of Slovenia, article 36, available at: https://www.kpk-rs.si/storage/uploads/ebff0bca-a7d3-401f-b0a9-28aa1ff9c2bf/ZintPK-ENG.pdf:
[3] Տե՛ս, Law of Ukraine on Prevention of Corruption, December 2020, p.35, article 26, available at:
https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-REF(2020)079-e :
[4] Տե՛ս, Republic of Lithuania Law on the Adjustment of Public and Private Interests, article 15, 17, available at: https://vtek.lt/wp-content/uploads/2020/10/The_Law_on_Adjusting_Public_and_Private_Interests_2020.docx:
[5] Տե՛ս, Law on Prevention of Corruption of Montenegro, article 15, 28, available at: https://www.rai-see.org/php_sets/uploads/2021/04/RAI-Law-on-Prevention-of-Corruption-Montenegro-EN.pdf:
[6] Տե՛ս, https://rm.coe.int/fifth-evaluation-round-preventing-corruption-and-promoting-integrity-i/1680af5d35, March 2024, p.38:
-
Քննարկվել է
07.11.2025 - 23.11.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 668
Տպել