«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 1063-Լ որոշմամբ հաստատված՝ Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է պետական սեփականություն համարվող անշարժ գույքի և բաժնետոմսերի վաճառքի կազմակերպման և կառավարման բնագավառում նոր գործիքակազմի կիրառում, մասնավորապես՝ օտարման ենթակա և ներդրումային գրավչություն ունեցող գույքի հիման վրա բաժնետիրական ընկերության ստեղծում, բաժնեմասերի վաճառքի գրավչության բարձրացման ու վաճառքի իրականացման բնագավառում նոր մոտեցումների կիրառում։
Որպես նոր գործիքակազմի կիրառում նախատեսվում է բարձր (առնվազն մեկ մլրդ դրամ և ավելի) արժեք ունեցող, իրացվելի և ներդրումային գրավչություն ունեցող մեկ և/կամ ավելի գույքերի ներդրմամբ ստեղծել 100 տոկոս պետական մասնակցությամբ նոր բաժնետիրական ընկերություններ, ինչի շնորհիվ գործարար նախնական ծրագրերի մշակման միջոցով կապահովվի պետական ակտիվների գրավչության բարձրացումը։
Վերը նշվածի հիմքով՝ որպես պիլոտային ծրագիր ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 17-ի թիվ 1404-Ա որոշմամբ հիմնադրվել է «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ն։ Նույն որոշմամբ ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ ք.Երևան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող 7809,9 քառ.մ մակերեսով շենքը և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասը ներդնել «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) կանոնադրական կապիտալում։
Ք.Երևան, Նալբանդյան 28 հասցեի անշարժ գույքը ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2024թ․ դեկտեմբերի 30-ին գրանցվել է «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի անունով։
ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության՝ պիլոտային ծրագրի իրականացման հիմնական նպատակը արդյունավետ, եկամտաբեր և բարձր մակարդակի գործարար մշակույթ որդեգրած բիզնես գործունեության կազմակերպումն է, որն էլ իր հերթին կնպաստի «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի բարձր գործարար համբավի ձևավորմանը և ամրապնդմանը, ներդրումային և շուկայական գրավչության բարձրացմանը, վերջնարդյունքում ունենալով Ընկերության բաժնետոմսերի՝ արժեթղթերի բորսայի միջոցով մասնավորեցման հեռանկարը։
Սակայն մինչ ք․Երևան, Նալբանդյան 28 հասցեի անշարժ գույքի գրավչության բարձրացմանն ուղղված միջոցների ձեռնարկումը՝ նախ և առաջ անհրաժեշտ է լիարժեք և համապարփակ պատկերացում կազմել գույքի տնօրինման և զարգացման հնարավոր ամենաօպտիմալ և լավագույն տարբերակների մասին, ներառյալ վերակառուցումը, վերապրոֆիլավորումը, լրացուցիչ շինարարությունը կամ շրջակա մասնավոր սեփականություն հանդիսացող շենքերը ներառելու իրագործելիությունը: Ուսումնասիրությունը, որը պետք է իրականացվի այս տրամաբանության ներքո, պետք է հստակ նշի շուկայական տվյալների, տեղադիրքի, շինարարության թույլտվության սահմանափակումների և հատուկ ֆինանսական մոդելի վրա հիմնված առավել իրագործելի լուծումը: Այս վերլուծությունը պետք է կայուն հիմք հանդիսանա հետագա քայլերի համար, որը ենթադրում է հայեցակարգային նախագծում, ֆինանսավորման/համագործակցության առաջարկի մշակում, պոտենցիալ ներդրողների հետ բանակցություններ, համատեղ ներդրումային նախագծի մշակում և իրականացում և այլն:
Նախատեսվում է, որ խորհրդատուն իր աշխատանքում կարող է դիտարկել նաև հարակից շենքերի ընդգրկումը նախագծում՝ հնարավոր գործընկերության, կամ դրանք ձեռք բերելու համար: Ամեն դեպքում, այլ տարածքները, որոնք ներկայումս Ընկերության իրավասության տակ չեն, նույնպես դիտարկելի տարբերակ են, ուստի ավարտական եզրակացությունը պետք է ներառի ոչ միայն տվյալ հասցեում գույքի վերլուծության և եզրակացության տարբերակը, այլ նաև մոտակա հասցեներում գտնվող գույքերի ներառման տարբերակը համապատասխան վերլուծություններով և հիմնավորումներով:
Վերջնական արդյունքը պետք է ներկայացվի դոնորներին, ներդրողներին և հանրությանը:
Հաշվի առնելով նախագծի կարևորությունը՝ խորհրդատվությունը նախատեսվել է իրականացնել մասնագիտացված կազմակերպության միջոցով, որը կունենա բավարար մասնագիտական փորձ գործարար ծրագրերի և բիզնես մոդելների մշակման, ֆինանսական և տնտեսական վերլուծությունների իրականացման, ինչպես նաև անշարժ գույքի կառավարման և տնօրինման ոլորտներում։
Խորհրդատվական կազմակերպության ընտրության նպատակով «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի կողմից իրականացվել է երկփուլ մրցույթ, որի անցկացման ուղղությամբ իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ տեխնիկական բնութագրի մշակում, մասնակիցների նկատմամբ պահանջների սահմանում, անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրում և համակարգում և այլն։ Այս առումով նշենք, որ մրցույթի հնարավոր մասնակիցներին առավել արդիական տեղեկատվության տրամադրման նպատակով իրականացվել է անշարժ գույքի նոր, ամբողջական չափագրում, ինչպես նաև տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատում։
Հարկ է նշել նաև, որ ք.Երևան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքն իրենից բացառիկ արժեք է ներկայացնում իր տեղակայման, պատմական և մշակութային հուշարձան լինելու, ինչպես նաև շքեղ ճարտարապետության շնորհիվ։ Հանդիսանալով պատմամշակութային արժեք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տրամադրել է այն սահմանափակումները, որոնք պետք է ներկայացվեն հնարավոր ներդրողներին իրենց ծրագրերը մշակելու ժամանակ։
Ընկերության կողմից հայտարարված մրցույթի նախաորակավորման փուլին հայտ էին ներկայացրել 13 կազմակերպություն (այդ թվում՝ 2 կազմակերպություն արտասահմանյան), որից նախաորակավորման փուլը հաղթահարել են 12 կազմակերպություն։ Մասնակիցները հանդիսանում են բիզնեսի կառավարման, աուդիտի, խորհրդատվական և բիզնես պլանավորման, այդ թվում՝ անշարժ գույքի կառավարման ոլորտում երկարամյա փորձ ունեցող կազմակերպություններ։ Արդյունքում մրցույթի հաղթող մասնակից է ճանաչվել միջազգային «Cushman & Wakefield» ընկերության լիցենզավորված ներկայացուցիչ «Վերիտաս Բրաուն» ՍՊ ընկերությունը։ Նշենք որ «Cushman & Wakefield» ընկերությունը հանդիսանում է անշարժ գույքի կառավարման ոլորտում աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկը, որը ներկայացված է մոտ 60 երկրներում։ Վերոնշյալի արդյունքում «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի և «Վերիտաս Բրաուն» ՍՊԸ-ի միջև կնքվել է պայմանագիր, որի արժեքը կազմում է 72,150,000 դրամ։
Հաշվի առնելով, որ «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող՝ 72,150,000 դրամի համար հաշվարկվել է նաև 10 տոկոս շրջանառության հարկ, որը կազմում է 8,017,000 դրամ, ընդհանուր 80,167,000 դրամ գումար։
Մրցույթը հայտարարվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, այն է՝ մինչև ֆինանսական միջոցներ նախատեսվելը օրենքով սահմանված կարգով կարող է կնքվել պայմանագիր` պայմանով, որ դրա շրջանակներում գնում կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:
Հաշվի առնելով, որ «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ն անհրաժեշտ ֆինանսական միջոցները չունի, ուստի սույն նախագծով նախատեսվում է ֆինանսավորումն իրականացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին 2025 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների խնայողության հաշվին՝ նվազեցնելով 1079 «Պետական գույքի կառավարում» ծրագրի 11001 «Պետական գույքի կառավարման համակարգման, խորհրդատվության և մոնիտորինգի ծառայություններ» միջոցառման «Այլ ծախսեր» հոդվածով հատկացված գումարը 80,167,000 դրամով՝ ուղղելով 1079 «Պետական գույքի կառավարում» ծրագրի 11019 «Բիզնեսի զարգացման խորհրդատվական ծառայություններ» միջոցառմանը։
-
Քննարկվել է
27.10.2025 - 12.11.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Գերատեսչություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1140
Տպել