Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» oրենքների նախագծերի և հարակից նախագծերի փաթեթ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

OՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է ընդլայնել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողության գործիքակազմը և վերանայել արհեստակցական միությունների լիազորությունների շրջանակը, ինչպես նաև բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով՝ վերանայել գործատուների և արհեստակցական միությունների գործունեության օրենսդրական կարգավորումները։ ««Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» oրենքների նախագծերի և հարակից նախագծերի փաթեթը (այսուհետև՝ Նախագծերի փաթեթ) մշակվել է վկայակոչված նպատակների իրացման համար։

1.1. «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» oրենքի նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ 1).

Աշխատողների իրավունքների երաշխավորված պաշտպանության լավագույն երաշխիքներից է գործուն արհեստակցական միության առկայությունը։ Սակայն հարկ է նկատել, որ գործող ոչ բոլոր արհմիություններն են արդյունավետ կերպով իրականացնում օրենքով սահմանված իրենց գործառույթը։

Միաժամանակ առկա է նաև արհեստակցական միությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն։

Մասնավորապես, Կոնվենցիաների և հանձնարարական-առաջարկների կիրարկման փորձագետների ԱՄԿ կոմիտեի կողմից 2011 թվականին ներկայացված, ինչպես նաև 2013 թվականին ընդունված և 2014թ. ԱՄԿ 103-րդ նստաշրջանի ժամանակ հրատարակված ուղիղ հարցումների համաձայն՝ առկա է անհամապատասխանություն «Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին» ԱՄԿ N 87 կոնվենցիայի 2-րդ հոդվածի և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի միջև: Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ առանց տարբերության բոլոր աշխատողները պետք է իրենց ընտրությամբ կազմակերպություններ ստեղծելու և անդամակցելու իրավունք ունենան: Գործող օրենսդրությամբ արհմիության անդամ կարող են լինել միայն աշխատանքային պայմանագրով աշխատողները։

Մեկ այլ խնդիր է արհմիությունների պետական գրանցման և դրա հետ կապված գործընթացների դժվարությունները։ Մասնավորապես յուրաքանչյուր կազմակերպության մակարդակի արհմիություն (արհեստակցական կազմակերպություն) պարտավոր է գրանցվել որպես իրավաբանական անձ։ Համաձայն ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի՝ արհմիության հիմնադիրները պետք է պահպանեն օրենսդրությամբ սահմանված ձևականությունները, այդ ձևականությունները չպետք է լինեն այնպիսին, որ խոչընդոտեն կազմակերպությունների ազատ ստեղծմանը։ Արհեստակցական միություն ստեղծելու համար օրենքով սահմանված ձևականությունները չպետք է կիրառվեն այնպես, որ հետաձգեն կամ կանխեն արհմիութենական կազմակերպությունների ստեղծումը: Արհեստակցական միության գրանցման հարցում իշխանությունների կողմից պատճառված ցանկացած ուշացում համարվում է թիվ 87 կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում (ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի որոշումների ժողովածու, bit.ly/e-compilation, կետեր՝ 424, 427)։ Ի տարբերություն շահույթ հետապնդող ընկերությունների գրանցման՝ արհմիությունների գրանցումը կամ փոփոխությունների գրանցումը տևում է 10 աշխատանքային օր և պահանջում 10 000 ՀՀ դրամ պետական տուրք։ Աշխատավարձով աշխատողներից բաղկացած ինքնաֆինանսավորող անդամակցային կառույցի համար սա կարող է զգալի գումար լինել։

Մեկ այլ խնդիր է արհեստակցական միությունների համար դատական մարմին դիմելու իրավունքը։ Մասնավորապես, արհեստակցական միությունները գործատուի կողմից ընդունված աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացնող իրավական ակտերը վիճարկելու համար Աշխատանքային օրենսգրքի 2023 թվականին կատարված փոփոխություններով իրավունք ունեն դատական մարմիններին դիմելու: Սակայն, Քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքում առկա չեն համապատասխան կարգավորումներ։

1.2. «Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ 2).

Նախագիծ 2-ի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ առկա է «Գործատուների միությունների մասին» օրենքի կարգավորումները ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն։

«Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության (այսուհետև՝ ԱՄԿ) N 87 կոնվենցիայի կիրարկման վերաբերյալ ազգային զեկույցների շրջանակներում Կոնվենցիաների և հանձնարարական-առաջարկների կիրարկման փորձագետների ԱՄԿ կոմիտեի (այսուհետև՝ Կոմիտե) կողմից ներկայացված ուղիղ հարցումներում Կոմիտեն, հիմք ընդունելով վկայակոչված կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջները, առաջարկել է փոփոխություններ կատարել «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում այն իմաստով, որպեսզի հանրապետական, ճյուղային և տարածքային մակարդակներում միություններին անդամակցության նվազագույն պահանջները նվազեցվեն։

Մյուս կողմից, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 5-րդ հոդվածի պահանջների մասով Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովը եզրակացրել է, որ իրավիճակը Հայաստանում չի համապատասխանում Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 5-րդ հոդվածին այն հիմքով, որ արհմիություններ և գործատուների միություններ ձևավորելու համար սահմանված անդամակցության նվազագույն պահանջները չափազանց բարձր են։

Կոմիտեն ԱՄԿ թիվ 87 կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջի շրջանակներում խնդրել է փոփոխություններ կատարել «Գործատուների միությունների մասին օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներում, որոնք մանրամասն կարգավորում են այն հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ որոշումը կայացվում է միության կողմից (ինչպես օրինակ՝ գործատուների միության համագումարի իրավունքներն ու պարտականությունները): 

Վերը նշվածով պայմանավորված՝ Նախագծերի փաթեթով փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում նաև Աշխատանքային և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքում։

2. Առաջարկվող կարգավորման նպատակը

Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն արհմիությունների ինստիտուտի դերի բարձրացումն է, ինչպես նաև բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով համապատասխան հիմքերի ապահովումն է՝ գործատուների և արհմիությունների գործունեության օրենսդրական կարգավորումները համապատասխանեցնելով նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին։

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է ընդլայնել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողության գործիքակազմը և վերանայել արհեստակցական միությունների լիազորությունների շրջանակը, ինչպես նաև բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով՝ վերանայել գործատուների և արհեստակցական միությունների գործունեության օրենսդրական կարգավորումները։

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050» փաստաթղթում, որպես հանրային պահանջարկ նշված է, Արժանապատիվ Հայաստանը, որտեղ ստեղծված են արժանապատիվ կյանքի բոլոր պայմանները՝ առողջության, կրթության, աշխատանքի և հանգստի համար, ինչպես և ընտանիքում ապրում են արժանապատիվ և միմյանց նկատմամբ հոգատար կյանքով։

Նախագծերով ներկայացվող փոփոխությունները միտված են վերոնշյալ փաստաթղթերում վկայակոչված նպատակների իրացմանը։

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է։

Նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

          Նախագիծ 1-ի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել արհեստակցական միությունների գործիքակազմը, ապահովել գործուն արհեստակցական միությունների առկայություն, որոնք արդյունավետորեն կհամագործակցեն նաև գործատուների հետ՝ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների շրջանակներում։

          Միաժամանակ, առաջարկվող լուծումներով արհեստակցական միությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը կհամապատասխանեցվի նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին։

          Մասնավորապես Նախագծով նախատեսված փոփոխությունների արդյունքում՝

  • բոլոր կատեգորիաների աշխատողները հնարավորություն կունենան միավորվել և ստեղծել արհեստակցական միություններ, անկախ նրանից աշխատում են աշխատանքային պայմանագրով, թե քաղաքացիաիրավական.
  • կապահովվի արհեստակցական միությունների համար դատական մարմին դիմելու իրավունքը՝ գործատուի կողմից ընդունված աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացնող իրավական ակտերը վիճարկելու նպատակով.
  • կկարգավորվի արհմիության անդամավճարների գանձման հետ կապված խնդիրը, քանի որ կոլեկտիվ պայմանագիրը ոչ բոլոր կազմակերպություններում է, որ կնքվում է և դրա բացակայությունը հաճախ բարդություններ է ստեղծում գործատուների կողմից անդամավճարի անկախիկ գանձման համար.
  • կկարգավորվեն Աշխատանքային օրենսգրքում և «Արհեստակցական միությունների մասին» օրենքում առկա անհամապատասխանությունները.
  • կհանվի «տարածքային մակարդակի» և «տարածքային միությունների» վերաբերյալ կարգավորումները.
  • կվերանայվի արհեստակցական միությունների փոփոխությունների պետական գրանցման ժամկետները։
  • կվերանայվի նաև արհեստակցական միությունների պետական գրանցման և միությունների գործադիր մարմնի ղեկավարի կամ մասնակցի տվյալների փոփոխության պետական գրանցման համար նախատեսված տուրքի չափերը։

Նախագիծ 2-ով առաջարկվող փոփոխություններով գործատուների միությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը կհամապատասխանեցվի ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին, ինչպես նաև առաջարկվող փոփոխությունները կնպաստեն բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության խորացմանն ու զարգացմանը և գործատուների գործուն միությունների ձևավորմանը։

Մասնավորապես, նախատեսվող փոփոխությունների արդյունքում՝

  • գործատուներին միավորող հասարակական կազմակերպությունները ևս կկարողանան միավորվել գործատուների միություններում և հանդես գալ որպես միության անդամ.
  • կփոփոխվեն հանրապետական մակարդակում և ճյուղային մակարդակում գործատուներին ներկայացնելու իրավասություն ունեցող միություն որակելու չափորոշիչները.
  • հանրապետական մակարդակում որպես գործատուներին ներկայացնելու իրավասություն ունեցող ներկայացուցչական միություն ճանաչելու համար որպես չափորոշիչ նախատեսվում է դիտարկել միությունում միավորված գործատուների թիվը, որի մասով չափանիշները նախատեսվում է սահմանել աշխատանքի ոլորտում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից.
  • նախատեսվում է սահմանել, որ ճյուղային մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների այն ճյուղային միությունը, որը միավորում է տնտեսության համապատասխան ճյուղի առավելագույն թվով գործատուներին.
  • «Գործատուների միությունների մասին» օրենքից կհանվեն «տարածքային մակարդակի» և «տարածքային միությունների» վերաբերյալ կարգավորումները։

 

  • Քննարկվել է

    20.10.2025 - 04.11.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1031

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

30.10.2025

«Արհեստակցական միությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ

 

Առաջարկվում է ճյուղային արհմիության սահմանումը Օրենքի 2-րդ հոդվածում շարադրել հետևյալ կերպ՝

«Ճյուղային հանրապետական արհմիությունը ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում, որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) գործող արհեստակցական միությունները և (կամ) նույն ոլորտում աշխատող ֆիզիկական անձանց՝ գործատուների համապատասխան ճյուղային միությունում, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման հանրապետական մարմիններում տնտեսության տվյալ ճյուղի աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով»:

 

 

Հիմնավորում

 

Կարևոր է օրենքով թույլատրել անհատ աշխատողներին ևս դառնալ հանրապետական մակարդակում գործող ճյուղային արհմիության անդամ։ Հայաստանյան իրավիճակն այնպիսին է, որ ղեկավարները (մանավանդ պետական հատվածում) կամ որոշ դեպքերում նույնիսկ աշխատողները գրանցում են արհեստակցական կազմակերպություններ, որոնք գործում են գումար հավաքելու և այն ծախսելու սկզբունքով և ըստ այդմ, չեն անդամակցում ճյուղային արհմիություններին։ Պետք է ստեղծել հնարավորություն, որպեսզի նման կազմակերպությունների աշխատողները կարողանան դառնալ ճյուղային արհմիության անդամ։ Բացի դրանից, համաձայն ԱՄԿ Միավորման ազատության սկզբունքների, աշխատողները պետք է հնարավորություն ունենալ ընտրելու, թե որ մակարդակում են ցանկանում կազմակերպվել արհմիությունում։

 

Նախագծում առաջարկվող «առավելագույն թվով» աշխատողների մասին կարգավորումը սխալ ենք համարում։ Նախ պարզ չէ, թե այս համատեքստում դա ինչ է նշանակում և ինչպես է որոշվում։ Փոխարենը կարելի է սահմանել չափորոշիչներ, օրինակ, ճյուղային արհմիության անդամ արհեստակցական կազմակերպությունների նվազագույն թիվը, կամ անդամների նվազագույն թիվը։ 

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

30.10.2025

«Արհեստակցական միությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ

 

Նախագծի հոդված 1-ով առաջարկվող Օրենքի հոդված 2-ում 5-րդ պարբերությունում առաջարկում ենք հստակ անվանել «հանրապետական մակարդակում գործող արհմիությունների կոնֆեդերացիա», ինչպես որ ընդունված է միջազգային պրակտիկայում։ 

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

30.10.2025

«Արհեստակցական միությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ

 

Օրենքի հոդված 2-ի 8-րդ պարբերությունն առաջարկում ենք վերաշարադրել հետևյալ կերպ՝

«արհեստակցական միության մասնակից (անդամ)` անձ, որը արհեստակցական միության կանոնադրության համաձայն մասնակից է դարձել (անդամագրվել է) արհեստակցական միությանը»։

 

Անիմաստ ենք համարում ամեն անգամ շեշտել կամավորության սկզբունքը, քանի որ որևէ միության անդամակցությունը չի կարող լինել պարտադիր, դրա կանոնադրությամբ սահմանված դրույթներն արդեն բավարար են անդամագրվելու հետ կապված գործընթացների շրջանակը կարգավորելու համար։ Միաժամանակ, «կամավորության սկզբունքի» շեշտումն օրենքում շահարկվում է անբարեխիղճ գործատուների (կամ նրանց ներկայացուցիչների) կողմից, որոնք տանում են արհմիության դեմ քարոզ կամ ուղղորդում են դադարեցնել անդամակցությունն արհմիությանը։ 

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: