«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանված է ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշմամբ։
Հարկ է նշել, որ վկայակոչված որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը, իսկ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Կառավարությունը: Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած կոնկրետ պաշտոնի անձնագրով։
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ նախարարը ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը և իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները։
Միաժամանակ, Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջների սահմանումը ամբողջությամբ վերաբերում է նշված ոլորտի քաղաքականության մշակմանը և կառավարմանը, ուստի նշածի հաշվառմամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 2-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 7-րդ հոդվածով փոփոխություն է կատարվում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում, որով ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու լիազորությունը ՀՀ կառավարությունից փոխանցվում է լիազոր մարմնի ղեկավարին:
Բացի այդ, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով ներկայումս մշակվում է ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը։
Հաշվի առնելով վերոգրյալը, նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշումը։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշումը։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ ուղղության 1․2-րդ «ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման գործողությունների համալիրի կենսագործում» կետից։
4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծով ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշումը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
13.10.2025 - 28.10.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 831
Տպել