Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1․ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Նախագծի փաթեթով առաջարկվում է որոշակի փոփոխություններ և լրացումներ իրականացնել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում՝ հաշվի առնելով ներքոնշյալում նկարագրված հանգամանքները․

1․ «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14֊րդ հոդվածի 2֊րդ մասի համաձայն՝ Ծառայության կառուցվածքի, անձնակազմի քանակի, հաստիքացուցակի և անվանացանկի վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է պետական գաղտնիք (առանց որևէ բացառության): Որոշակի դեպքերում կոնկրետ գործառույթ իրականացնող ծառայողներ պետական այլ մարմինների կամ պաշտոնատար անձանց, այլ երկրների ներկայացուցիչների կամ պաշտոնատար անձանց հետ հարաբերություն­ներում ունենում են ՀՀ արտաքին հետախուզության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) անունից ներկայանալու օբյեկտիվ անհրաժեշտություն։ Ուստի, առաջարկվում է հնարավորություն նախատեսել նշված ծառայողների շրջանակը սահմանել օրենքի 43֊րդ հոդվածի 3֊րդ մասի հիման վրա ընդունված Վարչապետի որոշմամբ։

2․ Օրենքի 17֊19֊րդ հոդվածներով կարգավորվում են Ծառայության ծառայողներին պաշտոնի նշանակման, իսկ 37֊րդ հոդվածով Ծառայության ծառայողներին պաշտոնից ազատելու իրավահարաբերությունները։ Միաժամանակ Օրենքի 42֊րդ հոդվածի 4֊րդ մասով սահմանվում է, որ Ծառայության ծառայողին չի տրվում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման․․․ հրամանի պատճենը։

Ըստ էության օրենքում չկարգավորված են մնացել Ծառայության ծառայողին ավելի բարձ, հավասար կամ ավելի ցածր պաշտոնի նշանակելու կամ փոխադրելու հարաբերությունները։

Ի տարբերություն Օրենքի՝ առաջախաղացման կարգով ավելի բարձր պաշտոնի նշանակելու կամ համապատասխան հիմքերի առկայության դեպքում ավելի ցածր կամ հավասար պաշտոնի նշանակելու կամ այլ պաշտոնի փոխադրելու հարաբերությունները կարգավորված են այլ մարմինների ոլորտային օրենքներում, օրինակ՝

1․ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 20֊րդ հոդվածի համաձայն՝ Ազգային անվտանգության մարմինների ծառայողը նշանակվում է բարձր պաշտոնի ծառայության մեջ առաջխաղացման կարգով՝ իր համաձայնությամբ, կամ՝ 21֊րդ հոդվածով նշված հիմքերի առկայության դեպքում՝ նշանակվում է հավասար պաշտոնի և այլն,

2․ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի համաձայն՝ ոստիկանության ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել՝

1) ծառայության այլ վայր հավասարազոր պաշտոնի՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ Ոստիկանապետի որոշմամբ՝ մինչև սահմանված ժամկետները լրանալը․

2) զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ և այլն,

3․ 04․12․2024թ․֊ին «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում կատարված լրացման արդյունքում սահմանվեց նաև համապատասխան մարմնում կատարողականի գնահատման արդյունքներով քաղծառայության ավելի բարձր թափուր պաշտոն զբաղեցնելու հնարավորություն։ Մասնավորապես՝ քաղծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է ավելի բարձր թափուր պաշտոնի նշանակելու Կառավարության սահմանած կարգով վերջին երկու կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները․

2) 2 տարի անընդմեջ աշխատում է նույն համապատասխան մարմնում․

3) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն։

Նախագծով առաջարկվում է օրենքում առկա բացը լրացնել՝ ներպետական կարգավորումների և Ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ։

3․ Օրենքի 20֊րդ հոդվածի 1֊ին մասի համաձայն՝ Ծառայության ծառայողների ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով անցկացվում է ատեստավորում, որի կարգն ու պայմանները սահմանում է վարչապետը։ Հաշվի առնելով, որ Ծառայության ծառայողների ընտրության, ուսումնասիրման,․․ պաշտոնում նշանակման կարգը սահմանվում է Օրենքի 17֊րդ հոդվածի 4֊րդ մասի հիման վրա ընդունված Վարչապետի որոշմամբ, իսկ ատեստավորումն իրականացվում է ոչ թե ընտրության, այլ ծառայողի բնականոն շարունակական ծառայողական գնահատման նպատակով՝ առաջարկվում է օրենքի 20֊րդ հոդվածի 1֊ին մասից հանել «ընտրության» բառը։

Միաժամանակ Օրենքի 20֊րդ հոդվածի 3֊րդ մասով սահմանվում է նաև, որ արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ֊հետախուզական և հատուկ գործողությունների իրականացման գործառույթների շրջանակը սահմանում է վարչապետը։ Նշված ձևակերպումն առաջարկվում է լրամշակել, ըստ որի, Վարչապետը սահմանում է արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ֊հետախուզական և հատուկ գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների ցանկը, ինչը հնարավորություն կտա առավել հստակ և որոշակի կարգավորում ապահովել։

4․ Օրենքի 31֊րդ հոդվածով սահմանվում են Ծառայության ծառայողներին վարձատրության պահպանմամբ տրվող արձակուրդի տեսակները, այն է՝

  1. ամենամյա նվազագույն արձակուրդ,

  2. ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ,

  3. ուսումնական արձակուրդ,

  4. հիվանդության պատճառով արձակուրդ,

  5. հղիության և ծննդաբերության արձակուրդ,

  6. ծառայության կին ծառայողներին նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ։

Աշխատանքային օրենսգքրի 176․1 համաձայն՝ երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ։ Նշված արձակուրդի տեսակը Աշխատանքային օրենսգրքում ավելացվել է 2020 թվականին։

Առաջարկվում է օրենքում ներառել հայրության արձակուրդը, որը բխում է և՛ Աշխատանքային օրենսգրքի համանման կարգավորումից, և՛ երեխայի շահից, և միջազգային փորձից։ Միաժամանակ, առաջարկվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ հատկացնել նաև տղամարդ ծառայողին, ինչն առաջին հերթին բխում է Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքից, մասնավորապես՝ 37֊րդ հոդվածից, որի 2֊րդ մասի համաձայն՝ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանան, իսկ 36֊րդ հոդվածի համաձայն՝ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիրակության, կրթության, առողջության, լիարժեք և ներդաշնակ զարգացման մասին։ Առաջարկը կոչված է ապահովելու սահմանադրական նորմի իրացումը և Օրենքի կարգավորումը համապատասխանեցնել Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումներին։

5. Օրենքի 13֊րդ հոդվածի համաձայն՝ Ծառայության ծառայողներին թույլատրվում է կրել և պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ։ Նրանք իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև զենք ու հատուկ միջոցներ կիրառելու։

Արդյունքում՝

1․ բացակայում է զենքի և հատուկ միջոցների կրման կարգը սահմանելու իրավական հիմքը․

2․ կարգավորված չէ, թե ո՞ր դեպքերում կամ ի՞նչ կարգով է ծառայողը հնարավորություն ունենալու կիրառել զենք և հատուկ միջոցներ։ Նշվածի անհրաժեշտությունը պայմանավորված է 2 հանգամանքով՝

1) օրենքով սահմանվում է, որ «Ծառայողներն իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ․․․․կիրառելու», սակայն չի սահմանում, թե որոնք են այդ դեպքերը կամ կարգը։

«Զենքի շրջանառության մասին» օրենքի հիման վրա ՀՀ կառավարության 2023 թվականի 889֊Ն որոշմամբ սահմանվում է պետական ռազմականացված կազմակերպություններում (որպիսին հանդիսանում է նաև ԱՀԾ֊ն) զենքի շրջանառության կարգը։ Նշված նորմատիվ իրավական ակտով սահմանվել են նաև, թե վերջինիս հիման վրա ինչ իրավական ակտեր պետք է ընդունեն համապատասխան մարմինների ղեկավարները։ Եվ չնայած նրան, որ պետական ռազմականացված կազմակերպությունների զենքի շրջանառությունը կարգավորող օրենսդրության շրջանակներում արդեն իսկ մարմնի ղեկավարի կողմից համապատասխան իրավական ակտեր ընդունելու իրավական հիմքեր սահմանվել են, սակայն բաց են մնացել զենքի կրման կարգի և դրանց գործադրման (կիրառման) դեպքերը, որոնց առկայության պարագայում ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, զենք կամ հատուկ միջոց կիրառելը կհամարվի իրավաչափ և համապատասխան իրավիճակում գործողությունների շրջանակը կլինի կանխատեսելի։

Ուստի, Նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան լրացում՝ բացառելով վերոգրյալում նկարագրված բացերը։

6․ Օրենքի 21֊րդ հոդվածի 6֊րդ մասի և 17֊րդ հոդվածի 4֊րդ մասերի հիման վրա ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակման և քննարկման շրջանակներում ի հայտ են եկել որոշ օրենսդրական կարգավորման ենթակա հարցեր, որոնց ուսումնասիրության արդյունքում մասնավորապես պարզ է դարձել, որ առկա են հետևյալ խնդիրները․

1) Օրենքի 21֊րդ հոդվածում թվարկված կադրերի ռեզերվում գրանցվելու հիմքերը որոշակիորեն տարբերվում են օրենքի 37֊րդ հոդվածով թվարկված Ծառայության պաշտոնից ազատելու հիմքերից։ Մասնավորապես՝ 21֊րդ հոդվածի համաձայն՝ Ծառայության ծառայողները կադրերի ռեզերվում գրանցվում են Ծառայության կամ դրա ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքերում (այսինքն, ըստ էության, նշված դեպքերում ծառայողը զբաղեցրած պաշտոնից ազատվում է), իսկ Օրենքի 37֊րդ հոդվածի 1֊ին մասի համաձայն՝ ծառայողները զբաղեցրած պաշտոնից ազատվում են կառուցվածքային փոփոխության դեպքերում։

Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21֊րդ հոդվածի 1֊ին մասի՝ պետական մարմնի կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, միաձուլման, միացման, առանձնացման, բաժանման, վերակազմավորման կամ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման եղանակով։ Միաժամանակ սույն օրենքի 21֊23֊րդ հոդվածներով համապատասխանաբար սահմանվում են՝ պետական մարմնի կառուցվածքային փոփոխության, պետական մարմնի վերակազմակերպման և պետական մարմնի գործունեության դադարման իրավակարգավորումներ։ Ըստ էության նշված օրենքով սահմանված ոչ բոլոր կարգավորումներն են արտացոլված Օրենքի 21֊րդ հոդվածում, մասնավորապես բացակայում է կառուցվածքային մյուս եղանակների, մասնավորապես՝ կառուցվածքային փոփոխությունների դեպքում ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը, մինչդեռ կադրերի ռեզերվում գրանցվելու նպատակը Սահմանադրության 83֊րդ հոդվածով նախատեսված աշխատանքից ազատվելու դեպքում անձի սոցիալական ապահովության իրավունքի ապահովումն է։ Բացի այդ, առաջարկվում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում կիրառված կարգավորումներին համապատասխանեցնել նաև Օրենքի 37֊րդ հոդվածը, որտեղ որպես ծառայողի ծառայությունը դադարեցնելու հիմք նշված չԷ Ծառայության վերակազմակերպման դեպքը։ Միաժամանակ Օրենքի 21֊րդ հոդվածում կիրառված ձևակերպումներն առաջարկվում է համապատասխանեցնել նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքին, քանի որ վերջինիս 2֊րդ հոդվածի համաձայն՝ Ծառայությունը, հանդիսանալով պետական կառավարման համակարգի մարմին, նշված օրենքի 7֊րդ հոդվածի 1֊ին մասի համաձայն՝ ստեղծվում, վերակազմակերպվում և գործունեությունը դադարեցվում է օրենքով։

2) Հաջորդ խնդիրը պայմանավորված է Օրենքի 21֊րդ հոդվածի 4֊րդ մասով սահմանված Ծառայության կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան ստաժը հաշվարկելու հետ։ Գործող Օրենքի համաձայն՝ ստաժը հաշվարկվում է միայն սեփական դիմումի համաձայն դուրս գալու դեպքում, և չկա հիմնավորում, թե կադրերի ռեզերվից դուրս գալու մնացյալ դեպքերում կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածն ինչու չպետք է հաշվարկվի ստաժում։ Ուստի, առաջարկվում է համապատասխան փոփոխությունն իրականացնել օրենքում։

3) Օրենքի 21֊րդ հոդվածի 5֊րդ մասի (1֊ին նախադասության) համաձայն՝ Ծառայության ծառայողներին կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երեք ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Միաժամանակ սույն մասի 2֊րդ նախադասությամբ սահմանվում է, որ Ծառայության ծառայողի դիմումի հիման վրա երկու ամսից շուտ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակահատվածին համապատասխան:

Ըստ էության 21֊րդ հոդվածի 5֊րդ մասի 2֊րդ նախադասության շրջանակում կիրառված 2֊ամսյա ժամկետի վերաբերյալ կարգավորումը հակասում է նույն մասի 1֊ին նախադասությամբ կիրառված 3֊ամսյա ժամկետի համար վճարվելու վերաբերյալ կարգավորմանը և պարզ չէ թե 2֊ամսյա ժամկետային սահմանափակում նախատեսելը ինչ նպատակ է սպասարկում։

4) միաժամանակ առաջարկվում է հստակեցնել, որ կադրերի ռեզերվում ծառայողը գրանցվում է իր դիմումի համաձայն, որն այս պահին Օրենքում առկա չէ։

7․ Օրենքի 33֊դ հոդվածի համաձայն՝ երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) սահմանված կարգով տրված հանձնարարականներն ու առաջադրանքները գերազանց կատարելու համար Ծառայության ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել համապատասխան խրախուսանքի տեսակներ։

Միաժամանակ Օրենքի 34֊րդ հոդվածի համաձայն՝ Ծառայության ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել համապատասխան կարգապահական տույժեր։

Օրենքի 35֊րդ հոդվածով սահմանվում է, որ եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, Ծառայության ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Նշված պահանջը չի տարածվում Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա (կոչման իջեցում՝ մեկ աստիճանով, պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով, ծառայության դադարեցում):

Ի տարբերություն Օրենքում թվարկված խրախուսման տեսակների՝ «Քաղաքացիական ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» և «Դատախազության մասին» օրենքների համաձայն՝ խրախուսման տեսակ է հանդիսանում նաև կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը։ Եվ ի տարբերություն Ծառայությունում իրականացվող ծառայության, այլ մարմիններում կարգապահական տույժը մարված համարելու ժամկետն ավելի քիչ է, օրինակ՝ Դատախազության դեպքում կարգապահական տույժը համարվում է մարված, եթե դատախազը կարգապահական տույժ նշանակելու օրավանից հետո՝ 6 ամսվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, կամ օրինակ քաղաքացիական ծառայության դեպքում նշվում է, որ եթե թեթև կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, իսկ խիստ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա քաղծառայողը համարվում է՝ կարգապահական տույժի չենթարկված։

Ըստ էության ԱՀԾ ծառայողների դեպքում ոչ միայն կարգապահական տույժի մարման ժամկետն է երկար, այլ նաև՝ ծառայողի կողմից նոր կարգապահական խախտում թույլ չտալու և իր աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելու իրավական հնարավորություն նախատեսված չէ։

Միաժամանակ Աշխատանքային օրենսգրքի 219֊րդ հոդվածում ևս «կարգապահական տույժի հանումը» դիտվում է խրախուսման տեսակ, իսկ 230֊րդ հոդվածը հնարավորություն է տալիս կարգապահական տույժը հանել մինչև 1 տարին լրանալը, եթե աշխատողը թույլ չի տվել նոր կարգապահական խախտում և բարեխղճորեն կատարում է իր աշխատանքային պարտականությունները։

8․ Օրենքի 16֊րդ հոդվածի համաձայն՝ Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի․

  1. բարձրագույն,

  2. գլխավոր,

  3. ավագ,

  4. միջին,

  5. կրտսեր։

Միաժամանակ օրենքի 19֊րդ հոդվածի 3֊րդ մասի համաձայն՝ Ծառայության ծառայողների բարձրագույն խմբի՝ սույն հոդվածի 1֊ին և 2֊րդ մասերում չնշված (Ծառայության պետ և տեղակալ), ինչպես նաև գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոնների նշանակում և պաշտոնից ազատում է Ծառայության պետը։ Օրենքի 17֊րդ հոդվածով էլ կարգավորվում են Ծառայությունում պաշտոնի նշանակվելու, թեկնածուների ընտրության, ուսումնասիրման հարաբերությունները և այլն։

Ի տարբերության վերոգրյալի՝ Ծառայության պետի և տեղակալների պաշտոնի նշանակման և ազատման ընթացակարգն այլ է, մասնավորապես՝ վերջիններիս նշանակման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով։

Միաժամանակ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով Ծառայության պետի, տեղակալների և բարձրագույնից֊կրտսեր խմբերի պաշտոնների համար նախատեսված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներն առանձին տողերով են ներկայացված, ինչը նշանակում է, որ սույն օրենքով Ծառայության պետի և տեղակալի պաշտոնները բարձրագույն խմբի մեջ չեն ներառվում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է Ծառայության պետի և տեղակալի պաշտոնները չներառել Ծառայության պաշտոնների անվանացանկում։

9․ Օրենքի 20֊րդ հոդվածի 4֊րդ մասի համաձայն՝ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների բարելավման նպատակով Ծառայության ծառայողները վարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով մասնակցում են վերապատրաստումների։ Օրենքի 22֊րդ հոդվածի 4֊րդ մասի համաձայն՝ ուսումնական կենտրոնը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է՝

  1. Ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում՝ առաջխաղացման նպատակով վերապատրաստումը)․

  2. Ծառայության պաշտոններ զբաղեցնելու նպատակով Ծառայության ծառայողների պատրաստումը․

  3. այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր։

Միաժամանակ Օրենքի 22֊րդ հոդվածի 3֊րդ մասով սահմանվում է, որ՝ Ուսումնական կենտրոն ընդունելության, ուսումնական կենտրոն ընդունվելիս համապատասխան պայմանագիր կնքելու, ուսումնական կենտրոնն ավարտելուց հետո հետագա ծառայության նվազագույն ժամկետի և ժամկետից շուտ ծառայությունն ավարտելու (այդ թվում՝ ուսման ծախսերի փոխհատուցման) հետ կապված հարցերը կարգավորվում են վարչապետի որոշմամբ սահմանված կարգով։

Ըստ էության օրենքի 22֊րդ հոդվածի 3֊րդ մասում կիրառված ձևակերպումը չի արտացոլում նշված հոդվածի 4֊րդ մասում Ուսումնական կենտրոնի կողմից իրականացվող գործառույթների շրջանակը և գործանականում հնարավորություն չի տալիս ծառայողի վերապատրաստման կամ այլ մասնագիտացված դասընթացների և կրթական ծրագրերի իրականացումից հետո սահմանել նվազագույն ծառայության ժամկետ կամ փոխհատուցման հնարավորություն։

Հաշվի առնելով օրենքում տեղ գտած բացը, ինչպես նաև նկատի ունենալով այլ մարմիններում առկա կարգավորումները (օրինակ՝ Ոստիկանությունում, ԱԱԾ֊ում, ՊՊԾ֊ում, Փրկարար ծառայությունում, ԱԳՆ֊ում և այլն)՝ առաջարկվում է օրենքի 22֊րդ հոդվածի 3֊րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ։

10․ Օրենքի 17֊րդ հոդվածով սահմանվում են Ծառայությունում պաշտոնի նշանակման հետ կապված իրավահարաբերությունները, իսկ 37֊րդ հոդվածով թվարկվում են պաշտոնից ազատման հիմքերը։ Օրենքում տեղ չեն գտել Ծառայության ծառայողների փորձաշրջանի նշանակման և դրանց արդյունքում առաջացող իրավահարաբերությունները կարգավորող նորմեր։ Եվ չնայած նրան, որ աշխատանքային օրենսգրքով առկա են փորձաշրջանի հարաբերությունները կարգավորող իրավանորմեր, սակայն, որպես պետական ծառայության տեսակ, առաջարկվում է Օրենքում իրավական հիմք նախատեսել Ծառայության պետի կողմից փորձաշրջանի առանձնահատկությունները սահմանելու, առավելագույն փորձաշրջանի ժամկետ նախատեսելու, ինչպես նաև՝ փորձաշրջանը չհաղթահարելու դեպքում պաշտոնից ազատման հարցերը կարգավորելու համար։

11. «Հանրային ծառայության մասին» օրենքի 3֊րդ հոդվածի և Օրենքի 11֊րդ հոդվածի համաձայն՝ Ծառայությունում ծառայությունը հանդիսանում է պետական ծառայության առանձին տեսակ և չի հանդիսանում զինվորական ծառայություն։ Սակայն ինչպես Ծառայությունում, այնպես էլ զինվորական և պետական ծառայության (զինվորական ծառայությանը հավասարեցված) այլ տեսակներում, որոնց վրա տարածվում են զինվորական ծառայության իրավահարաբերությունները կարգավարող իրավանորմերը, նախատեսված են նույնանման կոչումներ։ Մասնավորապես, օրենքի 23֊րդ հոդվածով սահմանված են Ծառայության կոչումները, որոնք նույնական են պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, պետական պահպանության ծառայության մարմիններում և ոստիկանությունում ծառայողներին, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72֊րդ հոդվածով զինծառայողներին հավասարեցված՝ քրեակատարողական ծառայողներին, փրկարար ծառայողներին տրվող կոչումներին։ Կոչումների համանմանությունը կարող է շփոթ առաջացնել և Ծառայությունում իրականացվող ծառայությունը դիտարկվել որպես զինվորական ծառայություն կամ դրան հավասարեցված այլ ծառայություն։ Ի տարբերություն զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց, որոնց տրվում են կոչումներ, օրենսդիրը նախատեսել է դասային աստիճանների հատկացման հնարավորություն այնպիսի պետական ծառայողների համար, ինչպիսիք են քաղաքացիական ծառայողները, ներառյալ նաև՝ ԱԺ աշխատակազմի ծառայողները, դիվանագիտական ծառայողները, Ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայողները, ինչպես նաև իրավապահ համակարգի ծառայողները (դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե և այլն)։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ծառայողների համար կոչումների փոխարեն սահմանել դասային աստիճաններ, որոնք առավել համահունչ են Ծառայությունում իրականացվող ծառայության բնույթին։ Միաժամանակ օրենքի ընդունումից հետո Ծառայության դասային աստիճանները կհամապատասխանեցվեն այլ մարմիններում տրվող կոչումներին։

12. Օրենքի՝ «Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը և սոցիալական երաշխիքները» վերտառությամբ 41֊րդ հոդվածի համաձայն՝

«1. Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը երաշխավորում է պետությունը:

2. Ծառայության ծառայողները և նրանց ընտանիքների անդամները պետության պաշտպանության ներքո են: Ծառայության ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում Ծառայության ծառայողն անվտանգությունն ապահովելու նպատակով իրավունք ունի դիմելու Ծառայության պետին:

3․ Սույն հոդվածում նշված անձանց սոցիալական երաշխիքների տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է վարչապետը։»։

Ըստ էության Օրենքի 41֊րդ հոդվածում Ծառայողի համար նախատեսված սոցիալական երաշխիքներ թվարկված չեն, իսկ հոդվածի 1֊2֊րդ մասերը սահմանում են միայն ծառայողի և նրա ընտանիքի անդամների պաշտպանությունը՝ հնարավոր ոչ իրավաչափ գործողություններից։ Ուստի, որևէ օրենքով կարգավորված չէ, թե Ծառայողները ինչ սոցիալական երաշխիքներից կարող են օգտվել, որոնց տրամադրման կարգն ու պայմանները պետք է սահմանվեն վարչապետի որոշմամբ։

Հաշվի առնելով Օրենքի այս բացը, այդ թվում՝ օրենսդրի կողմից պետական ծառայության առանձնահատկությամբ պայմանավորված լրացուցիչ սոցիալական երաշխիքներ սահմանելու հնարավորությունը՝ առաջարկվում է համապատասխան օրենքներում կատարել լրացումներ՝ բացառելով ինչպես Օրենքում առկա տարընկալումը, այնպես էլ՝ հստակ ամրագրելով Ծառայության ծառայողների սոցիալական երաշխիքների շրջանակը՝ հաշվի առնելով Ծառայության գործառույթի առանձնահատկությունները և դրանով պայմանավորված ծառայողներին ներկայացվող պահանջները։

13. «Օպերատիվ֊հետախուզական գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ ՕՀԳ օրենք) համաձայն՝ օպերատիվ֊հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունի նաև Ծառայությունը։ Ի թիվս մի շարք օպերատիվ֊հետախուզական միջոցառումների, Ծառայությունն իրավունք ունի իրականացնել նաև թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում միջոցառումը։

Նախագծով առաջարկվում է ՕՀԳ օրենքով թույլատրելի դարձնել Ծառայության կողմից թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման օպերատիվ֊հետախուզական միջոցառման ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ֊տեխնիկական ենթակառուցվածքներով՝ ինչը հնարավորություն կտա ապահովել միջոցառման օպերատիվությունը և Ծառայության արդյունավետությունը։

2․ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Նախագծի ընդունման նպատակն է՝

1․ հնարավորություն նախատեսել ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանել, թե որ պաշտոններում ընդգրկված անձինք կարող են այլ մարմինների կամ պաշտոնատար անձանց, այլ երկրների ներկայացուցիչների կամ պաշտոնատար անձանց հետ հարաբերություններում հանդես գալ Ծառայության անունից․

2օրենքով հստակ կարգավորել Ծառայությունում ծառայողին բարձր, հավասար կամ ցածր պաշտոնի փոխադրելու կամ նշանակելու հարաբերությունները․

3․ բացառել օրենքի տարբեր հոդվածների միջև առկա տարընկալումը և ատեստավորման գործընթացի մասով ապահովել հստակություն և իրավական որոշակիություն․

4․ հաշվի առնելով, որ հայրության արձակուրդը հանդիսանում է նպատակային արձակուրդի տեսակ, իսկ ամենամյա արձակուրդը աշխատողին հատկացվում է հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար՝ Ծառայության ծառայողներին հատկացվող արձակուրդների շարքում ավելացնել նաև հայրության նպատակային արձակուրդի տեսակը, ինչպես նաև՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ հատկացնել նաև Ծառայության տղամարդ ծառայողներին։

Միաժամանակ հաշվի առնելով այլ մարմիններում կիրառվող փորձը (օրինակ՝ ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, ԶՈՒ֊ում և այլն) և Ծառայությունում իրականացվող ծառայությանը բնորոշ առանձնահատկությունները՝ առաջարկվում է Ծառայողին հատկացնել 15֊25, և 25 ու ավելի տարի ծառայելու դիմաց լրացուցիչ արձակուրդ՝ ծառայությունում երկարատև ստաժի առկայության ու դրան համարժեք հանգստի ժամանակի ապահովման անհրաժեշտությամբ (որպես լրացուցիչ սոցիալական երաշխիք) պայմանավորված․

5․ Հստակեցնել Ծառայության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման դեպքերը, սահմանել լիազորող նորմ Ծառայության պետի կողմից զենքի և հատուկ միջոցների ցանկը, դրանց հաշվառման, հատկացման, կրման և պահելու կարգը սահմանելու մասին։ Միաժամանակ ձերբակալելու համապատասխան իրավասություն է վերապահվում Ծառայությանը, որի նախատեսման իրավական հնարավորությունը բխում է և համահունչ է հետևյալ իրավական ակտերին՝

1) Սահամադրության 27֊րդ հոդվածի 1֊ին մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝

- օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով․

- անձին իրավասու մարմնին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով։

2) Միաժամանակ Քրեական դատավարության օրենսգրքի 108֊րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալումը, որպես հարկադրանքի միջոց, կարող է կիրառվել նաև՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև օրենսգրքի 109֊րդ հոդվածի շրջանակում․

6․ Հստակեցնել Ծառայության ծառայողներին կադրերի ռեզերվում ընդգրկելու կամ պաշտոնից ազատելու հիմքերը, ինչպես նաև սահմանել, որ կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է Ծառայությունում ծառայության ստաժ։ Միաժամանակ առաջարկվում է հստակեցնել Օրենքի՝ տարընկալումներ առաջանցող դրույթները․

7․ Ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսման տեսակներում ներառել նաև կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելու իրավական հնարավորությունը, որը նաև աշխատողի համար լրացուցիչ խթան կհանդիսանա ծառայողական պարտականություններն ավելի բարեխիղճ կատարելու համար։ Ըստ էության, կարգապահական տույժը պետք է հետապնդի ոչ թե պատժիչ, այլ դաստիրակչական, նոր խախտումները կանխարգելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակ․

8․ Բացառել օրենքներում առկա տարընկալումները՝ Ծառայության վարչական պաշտոնները (Ծառայության պետ և տեղակալ) չներառելով Ծառայության պաշտոնների անվանացանկում։ Միաժամանակ նախագծով առաջարկվում է սահմանել, որ Ծառայության ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են նաև Ծառայության հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա։

9․ Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ սահմանված կարգով տրված հանձնարարականներն ու առաջադրանքները գերազանց կատարելու համար առաջարկվում է Ծառայության դասային աստիճաններ շնորհել նաև Ծառայությունում այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց՝ հաշվի առնելով ոչ միայն այն, որ վերջիններս Ծառայության պաշտոնների խմբում ներառված չլինելով իրականացնում են համապատասխան ոչ պակաս բարդ և կարևոր ծառայություն, այլ նաև՝ նկատի ունենալով Օրենքի 15֊րդ հոդվածով օրենսդրի կողմից արդեն իսկ սահմանված հնարավորությունը, համաձայն որի՝ Ծառայության պետը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Ծառայության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ․

10․ Հստակ իրավական հիմքեր նախատեսել պետական բյուջեի հաշվին իրականացվող պատրաստման և վերապատրաստման դեպքերում համապատասխան պայմանագրի կնքման, փոխհատուցման և ծառայության նվազագույն ժամկետներ սահմանելու վերաբերյալ․

11․ Կարգավորել փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները, իսկ փորձաշրջանը չհաղթահարելու դեպքում՝ դադարեցնել ծառայությունը․

12. Օրենքով հստակ կարգավորել Ծառայության կողմից թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման ՕՀՄ֊ի ինքնուրույն իրականացումը՝ սեփական օպերատիվ֊տեխնիկական ենթակառուցվածքներով, միաժամանակ սահմանելով, որ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը Ծառայության մասով համապատասխան հաշվետվությունն օրենքով սահմանված կարգով ներկայացնում է ՀՀ վարչապետին։

Նախագծի ընդունումն, ըստ էության, հնարավորություն կտա խնայել ԱԱԾ֊ին միջնորդությամբ դիմելու և տեխնիկական աջակցություն ստանալու ու այլ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը և հնարավորություն կտա օպերատիվ֊հետախուզական գաղտնի միջոցառումն իրականացնել առավել արդյունավետ և սեղմ ժամկետներում․

13․ Նախագծի ընդունման արդունքում Ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց ըստ պաշտոնների կհատկացվեն ոչ թե կոչումներ, այլ՝ դասային աստիճաններ՝ բացառելով զինվորական ծառայության հետ նույնացումն ու դրանից բխող երկիմաստությունները։

14․ Հստակ ամրագրել Ծառայության ծառայողների սոցիալական երաշխիքները՝ հաշվի առնելով Ծառայությունում իրականացվող ծառայության առանձնահատկությունները, ծառայողներին ներկայացվող պահանջները։ Առաջարկվում է նաև նոր խմբագրությամբ շարադրել Ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակի նշանակման հիմքերը և կենսաթոշակի հաշվարկման մեխանիզմը։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը նշանակավում է, եթե՝

1․ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ծառայողն ունի առնվազն 20 տարվա ծառայության ստաժ, կամ

2․ ծառայությունը դադարեցվել է դատական կարգով անգործունակ ճանաչվելու կամ «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 38֊րդ հոդվածի 11֊րդ կետով (առողջական վիճակի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում ) նախատեսված հիմքով։ Հիմքերից հանվել է Ծառայության ծառայողին դատական կարգով սահմանափակ գործունակ ճանաչելու հիման վրա կենսաթոշակ նշանակելու դեպքը։

 

3․ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել Օրենքում տեղ գտած բացերը, բացահայտված խնդիրներին տալ իրավական կարգավորում և բացառել գործնականում առաջացող կամ հնարավոր համարվող խնդիրները և ապահովել Ծառայության գործառույթների պատշաճ իրականացումը։

 

4․ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կողմից։

5․ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ/ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Բացի փաթեթում ներառված այլ օրենքներում առաջարկվողներից, Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

6․ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Նախագիծը հանգեցնելու է ՀՀ պետական բյուջեում ծախսերի ավելացման, որն ըստ իրագործման կպալանավորվի Ծառայությանը հատկացվելիք տարեկան պետական բյուջեի շրջանակներում։

 

7․ «ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2050, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021֊2026ԹԹ․ ԾՐԱԳԻՐ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՎ/ԿԱՄ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․

Նախագիծը բխում է Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունից, որի տեսլականներից մեկը աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկն ունենալն է։

  • Քննարկվել է

    06.10.2025 - 21.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն, Հանրային ծառայություն

  • Գերատեսչություն

    Արտաքին հետախուզության ծառայություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1690

Տպել

Առաջարկներ`

Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

16.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ֊ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 3․ Օրենքի 32֊րդ հոդվածի` 2) լրացնել նոր 5֊8֊րդ մասեր․ 6․ Այն դեպքում, եթե թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊հետախուզական ստորաբաժանումն իրականացնում է այդ օպերատիվ֊հետախուզական միջոցառումը՝ 48 ժամվա ընթացքում ապահովելով դրա իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքի ներկայացումը՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանմանը։ 7․ Սույն հոդվածի 6֊րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանմանը ներկայացնելու դեպքում օպերատիվ֊հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները և նյութերը միջոցառումն իրականացնող ստորաբաժանման կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման։ Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանման ղեկավարը զեկուցում է ՀՀ արտաքին հետախուզսության ծառայության պետին, իսկ Ծառայության պետը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին։ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ Մի շարք ռիսկերի նվազեցման կամ առհասարակ չեզոքացման համար նպատակահարմար է, որպեսզի դատարանի կողմից «հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացում» - ը չթույլատրելու դեպքում՝ դատարանը հենց ինքն ուղիղ և միաժամանակ գրավոր տեղեկացնի ՀՀ վարչապետին և Ծառայության պետին, որից հետո՝ Ծառայության պետը տվյալ դեպքով զեկուցի վարչապետին առկա իրավիճակի և անելիքների մասին։ ԱՌԱՋԱՐԿ․ 6-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Այն դեպքում, եթե թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊հետախուզական ստորաբաժանումն իրականացնում է այդ օպերատիվ֊հետախուզական միջոցառումը՝ 48 ժամվա ընթացքում ապահովելով դրա իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքի ներկայացումը՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանմանը։ Ընդ որում, Դատարանի կողմից միջոցառումը չթույլատրելու դեպքում՝ դատարանն ինքն է անհապաղ ուղիղ և միաժամանակ գրավոր տեղեկացնում ՀՀ վարչապետին և Ծառայության պետին։»։ 7-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Սույն հոդվածի 6֊րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանմանը ներկայացնելու դեպքում օպերատիվ֊հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները և նյութերը միջոցառումն իրականացնող ստորաբաժանման կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման։ Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանման ղեկավարն իր հերթին զեկուցում է ՀՀ արտաքին հետախուզսության ծառայության պետին, իսկ Ծառայության պետը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին առկա իրավիճակի և անելիքների մասին։»։

Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

15.10.2025

Հոդված 5․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13․1֊13․3֊րդ հոդվածներով․ Հոդված 13․2․ Հատուկ միջոցների կիրառումը (գործադրումը)․ 1․ Ծառայության ծառայողն իրավունք ունի հատուկ միջոցներ կիրառել հետևյալ դեպքերում՝ 1) իր կամ Ծառայության այլ աշխատողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս․ ԱՌԱՋԱՐԿ շարադրել հետևյալ կերպ՝ «իր կամ երրորդ անձանց վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս։ Հոդված 13․3․ Զենքի կիրառումը (գործադրումը) 1․ Ծառայության ծառայողն իրավունք ունի զենք գործադրել հետևյալ դեպքերում՝ 1) իր կամ Ծառայության այլ աշխատողների կյանքին և առողջությանը իրական վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս․ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ Վերը շարադրվածով ստացվում է, որ եթե Ծառայության աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում, ապա մնացած բոլոր դեպքերում զենք չպետք է կիրառի։ ԱՌԱՋԱՐԿ․ շարադրել հետևյալ կերպ՝ «իր կամ երրորդ անձանց կյանքին և առողջությանը իրական վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս»։ 4) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում իր կամ ծառայության այլ աշխատողների կյանքի և առողջության համար և չի ենթարկվում Ծառայության աշխատողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին/հրահանգներին, ԱՌԱՋԱՐԿ շարադրել հետևյալ կերպ՝ «ընթացող տրանսպորտային միջոցը խափանելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում իր կամ երրորդ անձանց կյանքի և առողջության համար և չի ենթարկվում Ծառայության աշխատողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին/հրահանգներին»։ 5) իր կամ Ծառայության այլ աշխատողի կյանքին կամ առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս, ՆԿԱՏԱՌՈՒՄ․ Քաղաքացիաիրավական օրենսդրության համաձայն՝ կենդանիները համարվում են գույք։ Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ բնական հարց է առաջանում, թե որքանով է նպատակահարմար հավասարեցնել գույքի վրա կրակելը՝ ֆիզ․ անձանց վրա կրակելու իրավակարգավորումներին։ Այս պարագայում զենքի կիրառման կարգավորումները բացառապես վերաբերում են ֆիզիկական անձանց կյանքի իրավունքի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի պահպանմանը։ ԱՌԱՋԱՐԿ․ շարադրել հետևյալ կերպ՝ «իր կամ երրորդ անձանց կյանքին կամ առողջությանն անմիջականորեն սպառնացող վտանգի դեպքում»։ Հոդված 9․ Օրենքի 17֊րդ հոդվածը լրացնել նոր 6֊րդ մասով․ «6․ Ծառայությունում առաջին անգամ պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև 6 ամիս փորձաշրջանով։ Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Ծառայության պետի կողմից սահմանված հրամանով։»։ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ «Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Ծառայության պետի կողմից սահմանված հրամանով» ձևակերպումն իր մեջ պարունակում է անորոշություն, քանի որ աշխատանքային հարաբերությունների ցանկացած փորձաշրջան արդեն իսկ կարգավորվում է օրենսդրությամբ և այս համատեքստում Ծառայության պետն ընդամենը պետք է հաստատի փորձաշրջանի ծրագիրը, իսկ փորձաշրջանում գտնվող անձի կողմից գաղտնի տեղեկատվությանն առնչվելու կարգը սահմանի ՀՀ վարչապետը։ ԱՌԱՋԱՐԿ․ շարադրել հետևյալ կերպ՝ «Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում է օրենսդրությամբ, փորձաշրջանի ծրագիրը հաստատում է Ծառայության պետը, իսկ փորձաշրջանում գտնվող անձի կողմից գաղտնի տեղեկատվությանն առնչվելու կարգը սահմանում է ՀՀ վարչապետը։»։ Հոդված 24․ Օրենքի 41֊րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․ «Հոդված 41․ Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը 3. Ծառայության աշխատողին բերման ենթարկելը, ձերբակալելը, խուզարկելը, անձի, իրերի, անձնական և ծառայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը կատարվում է Ծառայության պաշտոնական ներկայացուցչի մասնակցությամբ։ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ «Մասնկացություն» եզրույթը նշանակում է քննչական գործողություններին ակտիվ մասնակցություն, որը ենթադրում է Ծառայության ներկայացուցչի՝ քննչական խմբի պարտադիր կերպով անդամ լինելը, որը կարգավորված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Փոխարենը՝ «ներկայություն» եզրույթի օգտագործումը ենթադրում է պասսիվ մասնակցություն քննչական գործողությանը, այն է՝ դիտարկել քննչական գործողությունը։ ԱՌԱՋԱՐԿ․ շարադրել հետևյալ կերպ՝ «Ծառայության աշխատողին բերման ենթարկելը, ձերբակալելը, խուզարկելը, անձի, իրերի, անձնական և ծառայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը կատարվում է Ծառայության պաշտոնական ներկայացուցչի ներկայությամբ»։

Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

15.10.2025

Հարգելի՛ գործընկերներ, Ներկայացնում ենք նշված օրենսդրական փոփոխությունների փաթեթին առնչվող մեր նկատառումներն ու առաջարկները․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ««ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 3․ Օրենքի 12֊րդ հոդվածում՝ 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3֊4֊րդ մասերով․ «3. Սույն հոդվածի 1֊ին մասի 4․1․ կետերի հիման վրա այլ պետական մարմիններում կամ կազմակերպություններում (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց մոտ) պաշտոն զբաղեցնող Ծառայության աշխատողների ստաժը հաշվարկվում է Ծառայության ծառայողների ստաժում և տվյալ աշխատողներն օգտվում են սույն օրենքով Ծառայության ծառայողների համար սահմանված իրավունքներից, պարտականություններից և սոցիալական երաշխիքներից, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունից»։ ԱՌԱՋԱՐԿ․ 3-րդ կետում «Ծառայության ծառայող»-ից հետո փակագծում գրել (այսուհետ՝ Ծառայող) և հաջորդիվ կիրառել «Ծառայող» եզրույթը։ Հոդված 4․ Օրենքի 13֊րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․ «Հոդված 13․ Զենքի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման հիմքերը, պայմանները և սահմանները 2․ Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման ընտրությունը կատարելիս Ծառայության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից»։ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ 2-րդ կետը շատ ընդհանրական է շարադրված, քանի որ զենքի, հատուկ միջոցների և ֆիզ․ ուժի կիրառման դեպքերն ու կարգը սահմանվում են օրենքով։ Այսինքն՝ Ծառայողի կողմից իրավիճակի սուբյեկտիվ գնահատումը բացառելու նպատակով։ ԱՌԱՋԱՐԿ 1․ Սույն կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Ծառայողը զենք, հատուկ միջոցներ և ֆիզ․ ուժ կարող է կիրառել սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով»։ ԱՌԱՋԱՐԿ 2․ Վերը շարադրվածի համատեքստում՝ առաջարկում ենք նաև հստակեցնել բոլոր այդ դեպքերը, որպեսզի աշխատակիցը խուսափի հետագայում իր սուբյեկտիվ ընկալումներն ապացուցելու բարդությունից։ Կարող եք օգտվել նաև մի շարք ծառայությունների մասին օրենսդրությունից («Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենք, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք, «Ազգային անվտանգության ծառայության մասին» ՀՀ օրենք): 8․ Ծառայության զենքերի և հատուկ միջոցների ցանկը, դրանց հաշվառման, հատկացման, կրման և պահելու կարգը սահմանում է Ծառայության պետը։ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ Օրենքով չի կարող որևէ Ծառայության ղեկավար իր ղեկավարած Ծառայությանը հատկացվող զենքի ու հատուկ միջոցների ցանկ սահմանել, քանի որ կստացվի մի իրավիճակ, երբ Կառավարությունը պետք է հատկացնի այդ ցանկում նշված զենքերը՝ կատարելով այդ Ծառայության ղեկավարի հրամանը։ ՀՀ սեփականությունը տնօրինում է Կառավարությունը, իսկ ծառայություններին հատկացվող մարտական զենքերը քաղաքացիաիրավական շրջանառությունից հանված գույքեր են, որի սեփականատերն է հանդիսանում միայն պետությունը։ Համաձայն ՀՀ սահմանադրության՝ Կառավարությունն է տնօրինում ՀՀ սեփականությունը, իսկ «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պետական մարմիններին և նրանց ենթակա մարմիններին գույք հատկացնում և ամրացնում է ՀՀ կառավարությունը։ ԱՌԱՋԱՐԿ․ 8-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Ծառայության զենքերի և հատուկ միջոցների ցանկը, դրանց հաշվառման, հատկացման, կրման և պահելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը»։ Միաժամանակ, հաշվի առնելով Ծառայության առանձնահատկությունները՝ առաջարկում ենք «Ծառայության զենքերի և հատուկ միջոցների ցանկը» սահմանել Կառավարության գաղտնի որոշմամբ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: