2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Իմունականխարգելման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը հանրային առողջապահության հիմնարար ուղղություններից է, որն ապահովում է կառավարելի վարակիչ հիվանդությունների արմատական վերացում, նվազեցում, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելում: Իմունականխարգելման ոլորտում հանրապետությունում իրականացվող քաղաքականությունը համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումներին և չափանիշներին:
Կառավարելի հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարը, այդ թվում` իմունականխարգելման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը Հայաuտանի Հանրապետության առողջապահության համակարգի արդիական հիմնախնդիրներից է:
Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը բարենպաստ է: Հանրապետությունում չեն արձանագրվում պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդություններ՝ դիֆթերիա, պոլիոմիելիտ, նորածնային փայտացում, կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր, իսկ կապույտ հազը և համաճարակային պարոտիտն արձանագրվել են եզակի դեպքերի տեսքով: 1995 թվականից հանրապետությունում պոլիոմիելիտի դեպք չի արձանագրվում: 2000թ. չեն արձանագրվում դիֆթերիայի դեպքեր: Փայտացման եզակի դեպքերն արձանագրվում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված մեծահասակ ազգաբնակչության շրջանում: Կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվում, բերովի դեպքերը գերազանցապես արձանագրվում են չպատվաստված, պատվաստումներից հրաժարված կամ թերի պատվաստված անձանց շրջանում: Հեպատիտ Բ-ի նվազում, մինչև 18 տարեկանների շրջանում սուր դեպքերի բացակայություն: Ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումների ներդրման արդյունքում բոլոր տարիքային խմբերում դիտվեց ռոտավիրուսային վարակներով պայմանավորված հոսպիտալացումների կտրուկ նվազում՝ մոտ 8 անգամ (2012թ. փետրվար-մարտին` 52%, 2014-2015թթ. փետրվար-մարտին` 16%, 2018-2019թթ. փետրվար-մարտին` 6.5%, 2025թ. սեզոնին՝ մոտ 8.8 անգամ նվազում (2012թ. փետրվար-մարտին` 52%, 2025թ. փետրվար-մարտին` 5.8%): Նվազումն ակնառու է հատկապես պատվաստման ենթակա տարիքային խմբում` մինչև 1 տարեկան երեխաների շրջանում:
Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին դիտվում է մանկական մահացության աննախադեպ նվազում՝ 2024 թվականին կազմել է 6.2‰, 2008թ. 10.8‰-ի դիմաց (1000 կենդանի ծնվածի հաշվով): Մանկական մահացության նվազեցմանն ուղղված ջանքերում իրենց ուրույն դերն են ունեցել Պատվաստումների ազգային օրացույցում ներդրված հեմոֆիլուսային Բ բաղադրիչով հնգավալենտ և վեցավալենտ, պնևմակոկային և ռոտավիրուսային պատվաստանյութերը:
Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին 1 տարեկան երեխաների պատվաստումներում ամբողջական ընդգրկվածությունը կազմել է՝ 92.9%, 2 տարեկան երեխաների պատվաստումներում ամբողջական ընդգրկվածությունը՝ 92.6%, 6 տարեկան երեխաների պատվաստումներում ամբողջական ընդգրկվածությունը՝ 93.1%, ՄՊՊ պատվաստումներում ընդգրկվածությունը՝ 33.7%, ԿԿԽ-1 ընդգրկվածությունը՝ 96.1%, ԿԿԽ-2 ընդգրկվածությունը՝ 95.2%, զորակոչի ենթակա անձանց պատվաստումներում ընդգրկվածությունը՝ 95%:
Չնայած զգալի ձեռքբերումներին՝ վերջին տարիներին հանրապետության առողջապահության համակարգի առջև ծառացել է մեկ այլ խնդիր` հակապատվաստումային ակտիվության ազդեցությունը, որը նպաստում է պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազմանը: Եվ այդ միտումների շարունակության դեպքում կանխատեսվում է Հայաստանում արդեն իսկ էլիմինացված (տեղական դեպքերի բացակայություն՝ կարմրուկ, կարմրախտ, փայտացում) ու արմատական վերացված (պոլիոմիելիտ, դիֆթերիա) հիվանդությունների հետ վերադարձ և կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակի առաջացում:
Իմունականխարգելման ոլորտում, ինչպես նաև բնակչության շրջանում վստահության ամրապնդման գործընթացում մեծ է առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների դերը: Ուստի անհրաժեշտ է ապահովել բուժաշխատողների շարունակական կրթությունը, ինչպես նաև բնակչության իրազեկումը՝ պատվաստումների կարևորության, անվտանգության և արդյունավետության վերաբերյալ:
Համաձայն ՀՀ «Հանրային առողջապահության մասին» օրենքի 10 հոդվածի 1-ին մասի իմունականխարգելումը կազմակերպվում և իրականացվում է համաձայն իմունականխարգելման ազգային ծրագրի, որը հաստատում է ՀՀ կառավարությունը՝ սահմանելով հիվանդությունների և պատվաստումների նպատակային ցուցանիշները, դրանց հասնելու առաջնահերթ միջոցառումները, պատվաստումների ազգային օրացույցը, ինչպես նաև պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը և տրամադրման կարգը:
Հիմք ընդունելով վերոհիշյալը, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարոււթյան որոշմամբ հաստատել իմունականխարգելման ազգային ծրագիրը 2026-2030 թվականների համար։
2. Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է հաստատել 2026-2030 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը՝ սահմանելով հիվանդությունների և պատվաստումների նպատակային ցուցանիշները, դրանց հասնելու առաջնահերթ միջոցառումները, պատվաստումների ազգային օրացույցը, ինչպես նաև պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը և տրամադրման կարգը։
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատողների կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովմանը:
6. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Սույն նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չունի:
-
Քննարկվել է
06.10.2025 - 21.10.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1021
Տպել