Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի

 1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ոստիկանության մասին» օրենքի 39-րդ հոդվածը նախատեսում է Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության պետական երաշխիքները։ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Ներկայումս ընթացող Ներքին գործերի նախարարության ոստիկանության լայնամասշտաբ բարեփոխումների շրջանակներում, նպատակ ունենալով մեծացնելու գրավչությունը և բարձրացնելու հետաքրքրությունը Ոստիկանությունում ծառայության անցնելու կամ ծառայությունը շարունակելու հարցերում, նախագծով առաջարկվում է Կառավարության համար սահմանել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա՝ ընդունելու պետական աջակցության նպատակային ծրագիր և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգ և դրա պայմանները։

2․ Կարգավորման նպատակն ու բնույթը.

Սույն նախագծի ընդունմամբ նախատեսվում է «Ոստիկանության մասին» օրենքի 39-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ դրանում նախատեսելով հետևյալ լիազորող նորմը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով Ոստիկանության ծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:

Նախագծով նախատեսվել է նաև համապատասխան ենթաօրենսդրական ակտի ընդունման ժամկետը։

 3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` «Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.) ծրագրին հավանություն տալու մասին» 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշման «5.4 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» բաժնի 5-րդ պարբերությունից, որի համաձայն՝ Ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով համակողմանիորեն վերանայվելու է ոստիկանության ծառայողների վարձատրության հարցը, սահմանվելու է արժանապատիվ վարձատրության չափ, որը մի կողմից գրավիչ կդարձնի Ոստիկանությունում ծառայությունը, մյուս կողմից երաշխիք կհանդիսանա ծառայողներին կոռուպցիոն դրսևորումներից հնարավորինս զերծ պահելու հարցում: Այս ուղղությամբ առաջին քայլերն արդեն կատարված են. նոր ձևավորված պարեկային ծառայության ծառայողների աշխատավարձը 30-50%-ով ավելի են համակարգում գործող վարձատրության չափից: Հեռանկարում նախատեսվում է դրանց հավասարակշռում՝ քննարկելով նաև ոստիկանության ծառայողների համար սոցիալական ապահովության լրացուցիչ երաշխիքների սահմանման հարցը:

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփխությունների մասին

     Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

6․ Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման ընդունման արդյունքում Կառավարությունը կլիազորվի` սահմանելու  Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    05.09.2025 - 22.09.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1383

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: