Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունումը բխում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (ԱԴՌ) (այսուհետ՝ ԱԴՌ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց 2022 թվականին, որի պահանջների ապահովման համար անհրաժեշտ է ձևավորել օրենսդրական դաշտ։

Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների գործընթացը  լիարժեք կանոնակարգելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել օրենսդրական դաշտ, որը կապահովի ԱԴՌ Համաձայնագրի և «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի պահանջների կատարումը։

Բացի այդ՝ ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 23-րդ կետով նախատեսված է «Վտանգավոր ապրանքների ճանապարհային փոխադրումների ստուգումների միասնական ընթացակարգերի մասին» Խորհրդի 1995 թվականի հոկտեմբերի 6-ի 95/50/ԵՀ հրահանգով և «Վտանգավոր ապրանքների ներցամաքային փոխադրման մասին» Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի 2008/68/ԵՀ հրահանգով սահմանված իրավական կարգավորումները ՀՀ օրենսդրությանը ներդաշնակեցնելու միջոցառումը: Ճանապարհային քարտեզի նշված միջոցառումը ուղղակիորեն մշակված նախագծով վերաբերելի գործողություն առերևույթ չի սահմանում, այնուամենայնիվ, այդ գործողությունների բովանդակությունը և դրանց համար կիրարկման ենթակա հրահանգների կարգավորումներն առնչվում են առաջարկվող փոփոխությանը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների ոլորտի կարգավորման նպատակով մշակվել է «Ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով նախատեսվում է սահմանել ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը, որը ամբողջովին համապատասխանեցվել է ԱԴՌ համաձայնագրի պահանջներին։ Ցանկում ներկայացված է վտանգավոր բեռների վերաբերյալ միջազգայնորեն ընդունված տվյալները, մասնավորապես՝ վտանգավոր բեռների անվանումը, ՄԱԿ-ի նշագրման համարը, դասը, դասակարգման կոդը, փաթեթավորման պահանջները, պիտակավորումը, սահմանափակ քանակները։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և տեղական ինքնակառավարման մարմնինների բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում չի նախատեսվում պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի ավելացում։

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 38․1-րդ կետից և «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրից։

  • Քննարկվել է

    05.09.2025 - 21.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1185

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

18.09.2025

Առաջարկում եմ, հասարակությանը հիմարի տեղ չդնել, հանրային քննարկանը ներկայացվել է մեկ էջանի ցանկ, իրականում ցանկը բավականին ծավալուն է։ Փամփուշտն ու պարկուճը իրարից չեք տարբերում, բառարանից օգտվելը ամոթ չէ, ըստ իս ամոթը անգրագետ, կիսատ որոշումներ հրապարակելն է։ Այդքան փորձագետներ ունեք, ինչով են զբաղվում, չնայած ինչ կարևոր է, հաշվետվության մեջ կգրեք, որ մշակվել է և կստանաք պարգևավճար։

Հասմիկ Անանյան

06.09.2025

Առաջարկում եմ ստեղծել առցանց հարթակ կամ հավելված, որտեղ նշված կլինի վտանգավոր բեռներով երթևեկող մեքենաների հիմնական երթուղիները։ Սա թույլ կտա քաղաքացիներին խուսափել ռիսկային գոտիներից։

Հասմիկ Անանյան

06.09.2025

Առաջարկում եմ նաև նախագծում սահմանել պահանջ, որ փոխադրող կազմակերպությունները պարտադիր ունենան արտակարգ իրավիճակների արագ արձագանքման գործողությունների պլան։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: