«Կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների՝ հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացման պահանջները և Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2025 թվականի ______ N__-Ն
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ՝ ՀԵՐԹԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿՆՈՂ ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐՈՒՄ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 69.1-ին հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների՝ հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը և կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացման պահանջները` համաձայն հավելվածի:
- Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը մեկ բեռնատար տրանսպորտային միջոցի համար չի կարող գերազանցել հինգ հազար դրամը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ՝ ՀԵՐԹԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն հավելվածը սահմանում է Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողներին ներկայացվող պահանջները։
2․ ՀԵՐԹԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԿԱՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Հերթերի կառավարման համակարգին միանալու նպատակով իրավաբանական անձը (այսուհետ՝ դիմումատու) պետք է դիմի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` Կոմիտե)` ներկայացնելով հետևյալ պահանջների պահպանվածությունը հաստատող փաստաթղթերը կամ տեղեկությունները․
- կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ դիմումատուի սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի, իրավասու մարմնի կողմից վերջինիս անվամբ տրամադրված՝ գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետից ոչ ավելի, քան 20 կիլոմետր հեռավորության վրա լինելու վերաբերյալ փաստաթուղթ.
- սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված պահանջների պահպանվածությունը հիմնավորող փաստաթղթեր, լուսանկարներ, տեղեկություններ կամ տեսաձայնագրություններ․
- բեռնատար տրանսպորտային միջոցի հերթագրման ծառայությունների վճարի չափի վերաբերյալ հայտարարություն:
- Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները Կոմիտե են ներկայացվում էլեկտրոնային համակարգով, իսկ էլեկտրոնային համակարգով ներկայացնելու հնարավորության բացակայության պարագայում՝ էլեկտրոնային այլ եղանակով և (կամ) թղթային կրիչով։
- Կոմիտեն սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները՝
- ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրամադրում է հերթերի կառավարման համակարգին հասանելիություն և հավաստում է հերթերի կառավարման համակարգին միանալու հնարավորության մասին՝ այդպիսի փաստաթղթերը և տեղեկությունները բավարար համարելու դեպքում․
- ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում մերժում է հերթերի կառավարման համակարգին միանալը՝ այդպիսի փաստաթղթերը և տեղեկությունները բավարար չհամարելու դեպքում։
- Կոմիտեն, սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում, կարող է որոշում կայացնել կուտակային կայանատեղի այցելելու վերաբերյալ` սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված պահանջներն ուսումնասիրելու նպատակով, այցելությունից մեկ օր առաջ դրա վերաբերյալ ծանուցելով կուտակային կայանտեղիի գործունեության իրականացման համար դիմում ներկայացրած անձին, ինչի դեպքում սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է։
- Սույն հավելվածի 5-րդ կետում նշված՝ այցելության ավարտի օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված պահանջներին.
- համապատասխանության հաստատման դեպքում` դիմումատուին տրամադրում է հերթերի կառավարման համակարգին հասանելիություն և գրավոր հավաստում է հերթերի կառավարման համարգին միանալու հնարավորության մասին․
- անհամապատասխանության առկայության դեպքում` դիմումատուին ծանուցում է դրանց վերաբերյալ՝ առաջարկելով 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկել դրանք և ներկայացնել տեղեկատվություն այդպիսի անհամապատասխանությունների՝ շտկված լինելու վերաբերյալ, որից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է վերջիններս վերացված լինելու հանգամանքը (ըստ անհրաժեշտության սույն հավելվածով սահմանված կարգով կրկնակի այցելություն կատարելու միջոցով) և դրանց շտկված լինելու դեպքում` տալիս է սույն հավելվածով սահմանված հասանելիությունը և հերթերի կառավարման համակարգին միանալու հավաստումը, իսկ շտկված չլինելու դեպքում՝ մերժում է հասանելիության տրամադրումը:
3․ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ՄԱԿԵՐԵՍԻՆ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Հերթերի կառավարման համակարգին միանալու նպատակով դիմում ներկայացրած իրավաբանական անձի կուտակային կայանատեղիների կառուցվածքին, տեղակայմանը, մակերեսին և գույքային հագեցվածությանը ներկայացվող պահանջներն են՝
- կայանատեղին բեռնատարների կայանման համար պետք է ունենա առնվազն 3000 մետր քառակուսի մակերեսով բետոնապատ կամ ասֆալտապատ տարածք՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի կայանման համար նախատեսված գծանշումով և համարակալումով․
- կայանատեղիի տարածքն ամբողջ շրջագծով պետք է ունենա պարիսպ՝ պատրաստված քարից, բետոնից կամ այլ նյութից, որն ապահովում է տարածքի մեկուսացվածությունը․
- կայանատեղիի տարածքը պետք է ունենա մուտքի և ելքի` ծրագրային ապահովման հիման վրա աշխատող առանձնացված ուղեփակոցներ (արգելափակոցներ)․
- կայանատեղին պետք է ունենա էլեկտրոնային համակարգ, որը պետք է փոխազդի հերթերի կառավարման համակարգի հետ և հնարավորություն ունենա հավաքագրելու և մաքսային մարմիններին հերթերի կառավարման համակարգի միջոցով առցանց ռեժիմով տրամադրելու տեղեկատվություն կայանատեղիում առկա ազատ և զբաղված տեղերի քանակի, բեռնատարի՝ կայանատեղի մուտք և ելք գործելու ամսաթվի, ժամի և բեռնատար տրանսպորտային միջոցի համարանիշի վերաբերյալ․
- կայանատեղին պետք է ունենա մուտքի և ելքի ժամանակ բեռնատար տրանսպորտային միջոցի համարանիշը արձանագրող տեսախցիկ, որը պետք է ինտեգրված լինի սույն կետի 4-րդ ենթակետում նշված էլեկտրոնային համակարգին և հերթերի կառավարման համակարգին․
- կայանատեղիի ամբողջ տարածքը պետք է ապահովված լինի լուսավորությամբ․
- կայանատեղին պետք է ունենա կայանատեղիի ամբողջ տարածքում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսադիտման և տեսաձայնագրման հնարավորություն, որոնք պետք է պահպանվեն առնվազն 60 օր, և կուտակային կայանատեղիի կազմակերպման գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կողմից պետք ապահովվի դրանց հասանելիությունը Կոմիտեին․
- կայանատեղին պետք է ունենա ազդարարման համակարգ (ներառյալ մեկ կամ ըստ տարածքի անհրաժեշտության՝ բավարար քանակի մոնիտորներ), որը հնարավորություն կտա ազդարարել կայանատեղիից ելքի ենթակա տրանսպորտային միջոցի համարանիշը և հերթագրման համարը․
- կայանատեղիի էլեկտրոնային համակարգը պետք է ունենա Կոմիտեի կողմից սահմանված առաջնահերթություններին համապատասխան առանձնացված հերթերի վարման հնարավորություն:
- Հերթերի կառավարման համակարգի միջոցով կայանատեղիում կայանված բեռնատար տրանսպորտային միջոցին վերագրված հերթական համարը և պետական սահմանի անցման կետի անցանելիության (անցման ուղիների ազատ լինելու վերաբերյալ) տեղեկատվությունը պետք է արտացոլվի կուտակային կայանատեղիի էլեկտրոնային համակարգում։
- Դիմումատուի՝ հերթերի կառավարման համակարգին միանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է կուտակային կայանատեղիների գործունեություն իրականացնող անձի կողմից սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն ներկայացված հերթագրման ծառայությունների վճարի չափը։
- Կուտակային կայանատեղիների գործունեություն իրականացնող անձը, կուտակային կայանատեղիի շահագործման ընթացքում, հերթագրման ծառայությունների վճարի չափի փոփոխության դեպքում, պարտավոր է այդպիսի փոփոխությունն իրականացնելու օրվանից առնվազ 5 աշխատանքային օր առաջ ծանուցել Կոմիտեին վճարի փոփոխվող չափի վերաբերյալ, որը հրապարակվում է Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում՝ Կոմիտեի կողմից դրա վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Հերթերի կառավարման համակարգի շահագործումը մեկնարկելուց անմիջապես հետո` կուտակային կայանատեղիների գործունեություն իրականացնող իրավաբանական անձը պետք է ապահովի 24/7 ռեժիմով կուտակային կայանատեղիի գործունեությունը:
- Կուտակային կայանատեղիների շահագործման ընթացքում` բեռնատար տրանսպորտային միջոցի հերթագրման ծառայությունների վճարի՝ սահմանված չափից ավելի գանձման դեպքեր բացահայտվելու դեպքում` հերթերի կառավարման համակարգին միանալու հավաստում ստացած իրավաբանական անձը զրկվում է սույն հավելվածի շրջանակներում ծառայություն մատուցելու իրավունքից և հերթերի կառավարման համակարգին հասանելիությունը դադարեցվում է, որից հետո տվյալ անձը հերթերի կառավարման համակարգին միանալու համար սույն հավելվածով նախատեսված դիմումը կարող է ներկայացնել հասանելիության դադարեցումից վեց ամիս հետո։
- Կուտակային կայանատեղիների շահագործման ընթացքում` սույն հավելվածի 7-րդ կամ 11-րդ կետերով սահմանված պահանջների չպահպանման դեպքեր բացահայտվելու դեպքում` հերթերի կառավարման համակարգին միանալու հավաստում ստացած իրավաբանական անձը զրկվում է սույն հավելվածի շրջանակներում ծառայություն մատուցելու իրավունքից, և հերթերի կառավարման համակարգին հասանելիությունը կասեցվում է, ինչի մասին Կոմիտեն էլեկտրոնային եղանակով ծանուցում է անձին։
- Սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում թերությունների շտկման դեպքում հերթերի կառավարման համակարգին հասանելիությունը վերականգնվում է, իսկ թերությունները չշտկելու պարագայում՝ դադարեցվում, որից հետո տվյալ անձը հերթերի կառավարման համակարգին միանալու համար սույն հավելվածով նախատեսված դիմումը կարող է ներկայացնել հասանելիության դադարեցումից վեց ամիս հետո։
-
Քննարկվել է
15.08.2025 - 30.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1325
Տպել