Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ
4-Ի N 1220-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (այսուհետ՝ որոշում) նախագծի ընդունումը պայմանավորված է միավորված հողամասի նվազագույն մակերեսը 3 հա սահմանելու, պետական աջակցության չափի և որոշման գործողության ժամկետի փոփոխությամբ, որը կհանգեցնի ծրագրի շահառուների և կոնսոլիդացված հողատարածքների թվի ավելացմանը:
2. Առկա իրավիճակը
Որոշման ընդունումից հետո ծրագրի շրջանակներում կնքվել է 24 պայմանագիր՝ շուրջ 1410 հա հողատարածք միավորելու համար: Սակայն ընթացիկ ուսումնասիրությունները վկայում են, որ տնտեսավարողները հողի գնի բարձր լինելու և փաստաթղթավորման խնդիրներով պայմանավորված չեն կարող պայմանագրերով սահմանված չափերով կոնսոլիդացում անեն: Ելնելով գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ներկայիս անբավարար վիճակից՝ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հողերի չօգտագործման խնդրի լուծման ուղղությամբ և փորձում է գտնել ուղիներ գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի ու հողօգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով։ Հաշվի առնելով նախորդ փոփոխության արդյունքները (առնվազն 5 հա հողերի միավորման դեպքում փոխհատուցել ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30%-ը), գյուղատնտեսության նշանակության հողերի կտրտվածությունը, ինչպես նաև նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոշում է կայացվել միավորված հողամասի նվազագույն մակերեսը սահմանել 3 հա և ավելացնել պետական աջակցության չափը՝ հողերի կոնսոլիդացման գործընթացը առավել արդյունավետ և արագ դարձնելու համար:
Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային արժեքը ջրովի և անջրդի վարելահողերի համար միջինը կազմում է 2 293 հազ դրամ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներկայումս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված համապատասխան իրավական ակտերի։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026թթ․ ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատելու մասին» N 1363-Ա որոշման 2.4 կետով նպատակ է դրվել «Խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու և հողերը խոշորացնելու գործընթացը»։
5. Կարգավորման նպատակը
Նախագծի հիմնական նպատակն է պետական աջակցության չափի ավելացման միջոցով խթանել ծրագրի շահառուների և կոնսոլիդացված հողատարածքների թվի ավելացմանը: Մասնավորապես, նախատեսվում է 3 հա և ավելի մակերեսով հողերի միավորման դեպքում՝ տրամադրել պետական աջակցություն փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 50%-ի չափով՝ ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում:
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ 2025թ. պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում, ծրագիրը կիրականացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2025 թվականի համար պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին, իսկ հետագա տարիների համար անհրաժեշտ կանխատեսվող ֆինանսավորումը կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտի շրջանակում։
6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
7. Ակնկալվող արդյունքը
Ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացմանը և ծախսերի կրճատմանը։
-
Քննարկվել է
15.08.2025 - 30.08.2025
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1476
Տպել