Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.08.2025 23:11:26 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ՏԻԿ ՀԿ), քննարկելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), հավանություն է տալիս ՀՀ կառավարության նախաձեռնությանը և կողմ է քվերակում դրան։ Դա վերջապես ՏԻԿ ՀԿ կողմից վերջին տարիներին անհընդհատ բարձրաձայնվող հիմնախնդրի, այն է՝ Հայաստանում հեռանկարային ռազմավարական ծրագրի բացակայության և արդյունքահեն ու ներառական ծրագրերի բացակայության վերաբերյալ, լուծման փորձն է։ Մեզ անհանգստություն է պատճառում այն հանգամանքը, որ հանրային քննարկումների պաշտոնական կայքէջում Նախագծին այցելել են սոսկ 607 հոգի, որոնցից, 1-ը կողմ է եղել և 1-ը՝ դեմ։ Ընդ որում, նրանցից ոչ մեկը ոչ մի դիտողություն և/կամ առաջարկություն չի ներկայացրել։ Սա խոսում է երկրում մասնակցային կառավարման շատ ցածր մակարդակի մասին, ինչի սկզբունքը չի ամրագրված Նախագծում և քայլեր չեն նախատեսված դրա բարելավման ուղղությամբ։ | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 2 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.08.2025 23:11:26 | Այդուհանդերձ, մենք կողմ ենք քվեարկել Նախագծին, ներկայացնելով հետևյալ դիտողություններն ու առաջարկությունները. 1. Նախագծի ընդունումը հիմնավորվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների իրավակարգավորումներով և նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման մեջ։ Ըստ մեզ այդ պարագայում նվազեցվում է Ռազմավարական պլանավորման և դրան համապատասխան Ռազմավարական կառավարման աշխատակարգի դիրքը ՀՀ օրենսդրության աստիճանակարգային սանդղակում։ Ըստ այդմ առաջարկում ենք։ 1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման մեջ կատարել միայն մեկ լրացում այն մասին, որ Ռազմավարական կառավարման աշխատակարգը հաստատվում է ՀՀ կառավարության առանձին որոշմամբ։ 1.2. Նախագծի 2) և 3) մասերի իրավակարգավորումները նախատեսել նոր կառավարության որոշման մեջ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին և օրենսդրական տեխնիկային համահունչ։ | Չի ընունվել: | |||
| 3 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.08.2025 23:13:15 | Մովսես Արիստակեսյան, ՏԻԿ ՀԿ նախագահ 2. Մեզ լուրջ մտահոգություն է առաջացնում Նախագծով նախատեսված դրույթն այն մասին, որ «Ռազմավարական կառավարման աշխատակարգի 34-րդ կետը ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 1-ից»։ Այդպիսի մոտեցումը ըստ մեզ նշանակում է, որ գործող կառավարությունը սույն փաստաթղթի ընդունումը պայմանավորում է սոսկ միայն քաղաքական սպասումների ակնկալիքներով։ Մինչդեռ, ըստ մեզ, խիստ անհրաժեշտ է, որպեսզի արագացվի այդ փաստաթղթի ընդունումը, քանզի երկրւմ գործում է միմիայն մեկ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր՝ «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը» (https://www.gov.am/am/prsp/), ինչը ժամանակավրեպ է 2018թ. ներքաղաքական և վերջին տարիների աշխարհաքաղաքական արմատական փոփոխությունների պարագայում և որի գործողությունն ավարտվում է 2025 թվականին։ Հետևապես առաջարկում ենք։ 2.1. Նախագծում սահմանել, որ. «Ռազմավարական կառավարման աշխատակարգի 34-րդ կետը ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից», այն հաշվով, որպեսզի գոնե 2026 թվականի 1-ին եռամսյակի վերջում ունենանք «Հայաստանի Հանրապետության 2025-2040 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը», 2.2. Այդ հեռանկարային ռազմավարական ծրագրի հիման վրա սկսել մշակել մյուս ռազմավարական ծրագրերը, որոնց գործողության ժամկետներն ավարտվում են 2025-2026 թվականներին։ Դա հատկապես վերաբերում է արդարադատության ոլորտի ռազմավարական փաստաթղթերին և կոռուպցիայի դեմ պայքարի 5-րդ ռազմավարությանը։ | Չի ընդունվել: | |||
| 4 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.08.2025 23:13:15 | 3. Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ. «Նախագծի հիմքում ընկած հայեցակարգը քննարկվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ:», մինչդեռ այդ քննարկումներին մասնակից չի եղել ոչ միայն ՏԻԿ ՀԿ-ն՝ որպես Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, այլև՝ այդ Կոալիցիայի անդամները։ | Չի ընդունվել: | |||
| 5 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.08.2025 23:14:24 | Մովսես Արիստակեսյան, ՏԻԿ ՀԿ նախագահ 4. Վերոհիշյալի հետ մեկտեղ, ըստ մեր գնահատման Նախագծում չի պահպանվել դրա հիմնավորման մեջ նշված միջազգային պրակտիկայում կիրառվող մասնակցային կառավարման սկբունքը։ Հետևապես առաջարկում ենք. 4.1. Նախագծում սահմանել, որ. «Հայաստանի Հանրապետության 2025-2040 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը» մշակվում է մասնակցային սկզբունքով, դրանում ներգրավելով քաղաքացիական հասարակության արհեստավարժ ոլորտային կազմակեր-պությունների ներկայացուցիչներին՝ համապատասխան ֆինանսավորմամբ։ 4.2. Ըստ այդմ Նախագծի 3-րդ մասով նախատեսված իրավա-կարգավորումների գործողությունը սահմանել հետևյալ կերպ։ 4.2.1. «Ռազմավարական կառավարման աշխատակարգով սահմանված ռազմավարությունների մշակման և աշխատանքային խմբերի ստեղծման նպատակով սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում ՀՀ փոխվարչապետի որոշմամբ սահմանվում են. 4.2.1.1. Ռազմավարական կառավարման աշխատակարգի 13-րդ կետով նշված յուրաքանչյուր ռազմավարությունը կառավարող փոխվարչապետը, մշակման ժամկետները, 15-րդ կետով նշված Աշխատանքային խմբի կազմը և աշխատակարգը 4.2.1.2. Սույն որոշման ուժի մեջ մտնելու պահին գործող յուրաքանչյուր ռազմավարական պլանավորման փաստաթղթի առնչությամբ անհրաժեշտ գործողությունը՝ Ռազմավարական կառավարման աշխատակարգի դրույթներին համապատասխանությունն ապահովելու նպատակով, նշված գործողության ժամկետը և իրականացման համար պատասխանատու մարմինը։ Գործող ռազմավարական պլանավորման փաստաթղթի առնչությամբ անհրաժեշտ գործողություններն են ա. Ռազմավարական կառավարման աշխատակարգի 13-րդ կետով նշված ռազմավարություններում գործող ռազմավարական փաստաթղթի ներառում՝ համապատասխան փոփոխություններով կամ լրացումներով և գործող ռազմավարական փաստաթղթի ուժը կորցրած ճանաչում, կամ բ. Գործող ռազմավարական փաստաթղթի ուժը կորցրած ճանաչում՝ առանց Ռազմավարական կառավարման աշխատակարգի 13-րդ կետով նշված ռազմավարություններում գործող ռազմավարական փաստաթղթի ներառման։ 4.2.1.3. Սույն նախագծով սահմանված մեթոդական ուղեցույցները։ | Չի ընդունվել: | |||
| 6 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.08.2025 23:14:24 | Մովսես Արիստակեսյան, ՏԻԿ ՀԿ նախագահ 5. Ըստ մեր գնահատման Նախագծում չի պահպանվել դրա հիմնավորման մեջ նշված հետևյալ հիմնախնդիրների լուծումը. 5.1. Փաստաթղթերի ու թիրախային ցուցանիշների մեծաքանակությունը, ինչը մեծացնում է բարեփոխումների մասնատվածությունը, ցուցանիշների անհամապատասխանությունը, խաթարում առաջնահերթությունների սահմանումն ու դրանց մշտադիտարկման արդյունավետությունը: 5.2. Մշտադիտարկման ու գնահատման համակարգի անկատարությունը և կենտրոնացումը գործընթացի, ոչ թե արդյունքների վրա: 5.3. Խնդրահարույց է ինչպես ցուցանիշների որակը, այնպես էլ համակարգային ու պարբերական մշտադիտարկման պրակտիկայի ու անհրաժեշտ տվյալների բացակայությունը: 5.4. Անհրաժեշտ կարողությունների բացը, ինչը թույլ չի տվել հետևողականորեն իրականացնել քաղաքականությունների մշակման փաստաթղթերի որակի վերահսկողությունն և միմյանց հետ ներդաշնակեցումը: 5.5. Թվային գործիքների բացակայությունը, ինչը դժվարացնում է փաստաթղթերի ներդաշնակեցումն ու մշտադիտարկումը՝ հանգեցնելով նաև դրանց իրագործման անբավարար մակարդակի: | Չի ընդունվել: | |||
| 7 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.08.2025 23:18:19 | Մովսես Արիստակեսյան, ՏԻԿ ՀԿ նախագահ 6. Ավելին, Նախագծով առաջարկվող գործիքները որոշ իրավական և մասնագիտական անհամապատասխանություններ (կոլիզիաներ) ունեն «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի և «Ծրագրային բյուջետավորման ներդրման ռազմավարության» իրավակարգավորումների, սահմանումների, հասկացությունների հետ։ Հետևապես առաջարկում ենք քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններին ու փորձագետներին, որոնք 2020թ. ի վեր զբաղվել են երկրում ծրագրային բյուջետավորման մեթոդաբանության և միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակմամբ ու ներդրմամբ, ակտիվորեն ներգրավել Նախագծի հասկացությունների և գործիքների լրամաշակման աշխատանքներին՝ համապատասխան մոտիվացմամբ։ | Չի ընդունվել: | |||
| 8 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.08.2025 23:18:19 | Մովսես Արիստակեսյան, ՏԻԿ ՀԿ նախագահ 7. Մշտադիտարկման ու գնահատման համակարգի անկատարության և կենտրոնացման մարտահրավերի լուծման ուղղությամբ առաջարկում ենք Նախագծում նախատեսել իրավակարգավորում այն մասին, որ. «Ռազմավարական ծրագրերի պետական մոնիթորինգին զուգահեռ, իրականացվում է անկողմնակալ, անկախ, այլընտրանքային մոնիթորինգ՝ Քաղաքացիական հասարակության կազմակերպություններիի միջոցով, ինչի նպատակով ՀՀ պետական բյուջեում նախատեսվում է հատուկ բյուջետային ծրագիր, ուղղված ընտրված ռազմավարությունների անկախ մոնիթորինգի ֆինանսավորմանը՝ ընտրված ՔՀԿ-ների միջոցով։ | Ընդունվել է մասամբ: | |||
| 9 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.08.2025 23:18:19 | Մովսես Արիստակեսյան, ՏԻԿ ՀԿ նախագահ 8. Վերոհիշյալ առաջարկության իրականացման ենթատեքստում առաջարկում ենք Հանրային բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված կարևորագույն նպատակներից մեկի՝ Ռազմավարությունների մշտադիտարկման ու գնահատման միասնական համակարգի ներդնումը, ապահովելու համար Նախագծում նախատեսել իրավակարգավորում՝ ուղղված ՔՀԿ-ների ֆինանսական և մոնիթորինգի իրականացման ունակությունների ու կարողությունների զարգացման ուղղությամբ բյուջետային ծրագրերի իրականացումը, որոնց համար հիմք կարող են ծառայել ՏԻԿ ՀԿ կողմից մշակված հետևյալ փաստաթղթղերի իրացումը. 8.1. «ՀՀ բյուջեների ոչ ֆինանսական ցուցանիշների մոնիթորինգը (մշտադիտարկումը) քաղաքացիական հասարակության կազմակերպություն¬ներին վերապահելու մասին հայեցակարգը» . 8.2. «Աջակցություն ֆինանսական գրագիտության բարձրացմանը. բյուջետային ծրագրերի հասարակական մոնիթորինգի իրականացման համառոտ ուղեցույցը ՔՀԿ-ների համար» ։ | Չի ընդունվել: | |||
| 10 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.08.2025 23:20:19 | Մովսես Արիստակեսյան, ՏԻԿ ՀԿ նախագահ 10. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ մասի 3) ենթակետից հետո լրացնել հետևյալ սզբունքները. 10.1. Ներառականություն, 10.2. Արդյունքահենություն, 10.3. Միջոլորտային արդյունավետ համագործակցություն, 10.4. Ցանցային պետության կառուցման նպատակով հայկական Սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն։ 11. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ մասի 6) ենթակետում սահմանված Իրատեսականություն և ֆիսկալ կայունության պահպանում սզբունքները տարանջատել և սահմանել առանձին-առանձին։ | Ընդունվել է մասամբ: | |||
| 11 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.08.2025 23:20:19 | Մովսես Արիստակեսյան, ՏԻԿ ՀԿ նախագահ 12. Նախագծի «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» բաժնում ներկայացված ռազմավարական ծրագրերի աստիճանակարգությունը կարիք ունի ճշգրտման, հստակեցման, քանզի լուրջ հակասություններ կամ տարընթերցում են առաջացնում «Ռազմավարություն», «Ռազմավարական ծրագրեր», «Ոլորտային ծրագրեր» հասկացությունների սահմանումները։ Ըստ այդմ առաջարկում ենք. 12.1. Նախագծից ընդհանրապես հանել «Ոլորտային ծրագրեր» հասկացությունը, 12.2. Նախագծում սահմանել ծրագրերի հետևյալ աստիճանակարգությունը. 12.2.1. «Հեռանկարային ռազմավարական ծրագիր», որի գործողության ժամկետը կլինի առնվազն 15 տարի, 12.2.2. «Ոլորտային միջնաժամկետ ռազմավարական ծրագիր», որի գործողության ժամկետը կլինի 3-7 տարի` կախված այդ ծրագրերով սահմանված նպատակներից, 12.2.3. «Ոլորտային միջնաժամկետ ռազմավարական ծրագրի իրականացման գործողությունների ծրագիր», որի գործողության ժամկետը կլինի 3-7 տարի` կախված այդ ծրագրերով սահմանված նպատակներից։ | Չի ընդունվել: | |||
| 12 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.08.2025 23:21:28 | Մովսես Արիստակեսյան, ՏԻԿ ՀԿ նախագահ 13. Առաջարկում ենք Նախագծի մեջ ներառել իրավակարգավորում այն մասին, որ ռազմավարական պլանավորման փաստաթղթերով սահմանվող նպատակները պետք է համապատասխանեն միջազգային փաստաթղթղերով սահմանված նպատակներին, ՀՀ կողմից ստորագրված միջազգային պայմանագրերով ստանձնած հանձնառություններին ու պարտավորություններին, և պետք է բխեն ավելի բարձր մակարդակի համապատասխան ռազմավարական պլանավորման փաստաթղթերով սահմանված նպատակներից և հստակեցնեն դրանց իրագործման տրամաբանությունը: | Ընդունվել է: | |||
| 13 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.08.2025 23:21:28 | Մովսես Արիստակեսյան, ՏԻԿ ՀԿ նախագահ 14. Առաջարկում ենք Նախագծի «ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ» բաժնի 2-րդ մասի 6) ենթակետից հետո լրացնել նոր ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ. 14.1. 7) ֆինանսական կանխատեսելիությունն ու կայունությունը՝ համապատասխան սահմանմամբ։ | Ընդունվել է մասամբ: | |||
| 14 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 22.08.2025 18:30:30 | ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապակարման միասնական կայքում տեղադրվել է «ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ստորև ներկայացվում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» դիտարկումներն ու առաջարկությունները տվյալ որոշման 2-րդ հավելվածի վերաբերյալ, որով սահմանվում է ՀՀ կառավարության ռազմավարական կառավարման աշխատակարգը (այսուհետ՝ Նախագիծ): Ընդհանուր դրույթներ 1. Տվյալ բաժնի 3-րդ կետում օգտագործվող հիմնական հասկացությունների շարքում՝ «ենթանպատակ» հասկացությունը սահմանված է որպես «ռազմավարական նպատակից բխող ցանկալի միջանկյալ արդյունք», իսկ «միջանկյալ արդյունք» հասկացությունը՝ «ուղղակի արդյունքի միջնաժամկետ հետևանք», որը «սովորաբար արտահայտում է համակարգային, վարքաբանական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ուղղակի արդյունքից վերջնարդյունքին հասնելու միջակայքում»։ Այս երկու հասկացությունների համադրումից բխում է, որ դրանք նույնական են, ինչը ռազմավարությունների ու ռազմավարական ծրագրերի ենթատեքստում կարող է հանգեցնել շփոթության ու անհստակությունների։ Առաջարկություն • Հստակեցնել «ենթանպատակ» հասկացությունը և վերացնել «միջանկյալ արդյունքի» հետ առկա շփոթը։ | Ընդունվել է: | |||
| 15 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 22.08.2025 18:30:30 | Ռազմավարական կառավարման համակարգի բաղադրիչների փոխկապակցվածությունը 2. Այս բաժնի 6-րդ կետում սահմանված է ռազմավարական պլանավորման փաստաթղթերի աստիճանակարգությունը, որի ամենաբարձր մակարդակում զարգացման «երկարաժամկետ տեսլական» ուղենիշային փաստաթուղթն է։ Հաջորդիվ ռազմավարություններն են՝ իրենց վերջնարդյունքի և միջանկյալ արդյունքի ցուցանիշներով։ Ռազմավարություններից բխում են ռազմավարական ծրագրերը՝ իրենց միջանկյալ և ուղղակի արդյունքի ցուցանիշներով, իսկ ռազմավարություններից, ռազմավարական ծրագրերից ու կառավարության ծրագրից՝ գերատեսչությունների գործառնական ծրագրերը՝ իրենց ուղղակի արդյունքային ցուցանիշներով։ Նախագիծը հստակ չի սահմանում որպես ուղենիշային հանդիսացող զարգացման «երկարաժամկետ տեսլական» փաստաթուղթը։ Եթե, որպես այդպիսին, դիտարկվում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն. 2050 թվական» փաստաթուղթը, ապա դա նշանակում է, որ ներկայացված որոշման նախագծի 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ռազմավարությունների աստիճանակարգության պահանջներին համապատասխան գործող բոլոր ռազմավարությունների զարգացման ուղղություններն ու նպատակները պետք է համապատասխանեցվեն Հայաստանի վերափոխման ռազմավարության տեսլականին։ Մյուս կողմից, ենթադրաբար, «երկարաժամկետ տեսլականը» պետք է ընդունված լիներ նորմատիվ իրավական ակտով, ինչն այդպես չէ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն. 2050 թվական» փաստաթղթի պարագայում: Առաջարկություն • Նախագծում հստակեցնել ռազմավարությունների համար որպես «երկարաժամկետ տեսլական» հանդիսացող փաստաթուղթը։ | Չի ընդունվել: | |||
| 16 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 22.08.2025 18:30:30 | 3. Նախագծի հետագա բաժիններում պահպանված չէ 6-րդ կետում սահմանված աստիճանակարգության տրամաբանությունը: Այսպես՝ «3. Ռազմավարության մշակման գործընթացը, ներկայացվող պահանջները, մշտադիտարկումը և փոփոխումը» բաժնում նախատեսվում է ռազմավարությունների համար ունենալ միջոցառումների ծրագիր: Միաժամանակ, վերջիններիս կառուցվածքին, բովանդակությանը ու ծրագրի մշակման ձևաթղթերին ներկայացվող պահանջները նույնական են աշխատակարգի «4. Ռազմավարական ծրագրերին ներկայացվող պահանջները, ընդունման գործընթացը և փոփոխումը» բաժնում նախատեսված ռազմավարական ծրագրերին վերաբերող դրույթների հետ, ինչը խճճում է փաստաթղթերի ողջ հիերարխիան և հետագայում առաջացնելու է իրավակիրարկման խնդիրներ։ Արդյունքում ունենալու ենք 6 ռազմավարություն և դրանց որոշակիորեն համարժեք բազմաթիվ ռազմավարական ծրագրեր, որոնց պլանավորման, իրականացման, մշտադիտարկման (մոնիտորինգի) գնահատման ու վերանայման գործընթացները նույնական են։ Բացի այդ, Նախագծի 4-րդ բաժնում նշված է, որ ռազմավարական ծրագրերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ռազմավարությունների «ոչ մանրամասն մշակման հանգամանքով», որը կարող է հիմք հանդիսանալ պետական կառավարման մարմնի ղեկավարի միջնորդությամբ փոխվարչապետի կողմից այս կամ այն ոլորտում նոր ռազմավարական ծրագրերի մշակման անհրաժեշտության վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Ռազմավարությունների ու ռազմավարական ծրագրերի համահարթեցումը միևնույն մակարդակում շփոթ է առաջ բերելու նաև դրանց մշտադիտարկման ու գնահատման գործընթացներում, մինչդեռ տրամաբանորեն ռազմավարությունները պետք է մշտադիտարկվեն ու գնահատվեն վերջնական և միջանկյալ արդյունքների ցուցանիշներով, իսկ ռազմավարական ծրագրերը՝ միջանկյալ ու ուղղակի ցուցանիշներով։ Առաջարկություն • Նախագծում լիարժեքորեն պահպանել փաստաթղթերի աստիճանակարգությունը: Խոշորացված 6 ոլորտներում ռազմավարությունների մշակման գործընթացը սահմանափակել ոլորտներում ակնկալվող նպատակներով ու ենթանպատակներով՝ իրենց համապատասխան վերջնարդյունքներով ու միջանկյալ արդյունքներով: • Ռազմավարական ծրագրեր (միգուցե անվանել միջոցառումների ծրագրեր) նախատեսել բոլոր ռազմավարությունների համար: Դրանք կարող են ներառել մեծածավալ կամ փոքրածավալ միջոցառումներ, բայց դրանցից բոլորի ուղղակի արդյունքները միտված կլինեն ապահովել ռազմավարություններում ամրագրված միջանկյալ արդյունքները: • Միջազգային պարտավորություններով նախատեսված ոլորտային ռազմավարություններ ունենալու անհրաժեշտության դեպքում դրանք ևս դիտարկել ավելի լայն՝ խոշորացված ռազմավարությունների ներքո՝ կենտրոնանալով համապատասխան բովանդակության ու վերջնարդյունքների, այլ ոչ ձևական կողմի վրա: | Ընդունվել է մասամբ: | |||
| 17 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 22.08.2025 18:30:30 | Ռազմավարության մշակման գործընթացը, ներկայացվող պահանջները, մշտադիտարկումը և փոփոխումը 4․ Նախագծի տվյալ բաժնի վերնագրում բացակայում է փաստաթղթի գնահատման գործընթացի մասին նշումը: Մինչդեռ գնահատումն, այդ թվում՝ միջանկյալ գնահատումն, առանցքային է ռազմավարությունների վերջնարդյունքները գնահատելու համար։ Տվյալ բաժնի 24-րդ կետում նշված միջոցառումների ծրագիրն իր բովանդակությամբ, ըստ էության, կրկնում է համապատասխան ոլորտի ռազմավարական ծրագրի դրույթները, որոնք նույնպես մշակվում են 3-ամյա շրջափուլով։ Նման մանրամասնությամբ ռազմավարության ներկայացումը, ինչպես նշվեց վերևում, չի ապահովում ռազմավարական փաստաթղթերի աստիճանակարգությունը։ Ռազմավարություններում միջոցառումների նախագծումը բնականաբար պահանջելու է նաև ուղղակի արդյունքների ցուցանիշներ, ինչը խաթարելու է ռազմավարական մոտեցումը և վերջնարդյունքների գնահատումը: Նման մոտեցումը չի բարելավելու ներկայումս Հայաստանի գործող ռազմավարությունների պլանավորման պրակտիկան, որտեղ հաճախ բացակայում են ռազմավարության վերջնարդյունքները կամ դրանց գնահատման ցուցանիշները, որտեղ շեշտադրվում է զուտ նախանշված միջոցառումների/գործողությունների ուղղակի արդյունքների ցուցանիշների ապահովումը, որը իր հերթին փոխկապակցված չէ միջանկյալ և վերջնարդյունքների ցուցանիշների հետ։ Առաջարկություն • Նախագծի «Ռազմավարության մշակման գործընթացը, ներկայացվող պահանջները, մշտադիտարկումը և փոփոխումը» բաժնի վերնագիրը լրացնել «գնահատումը» բառով։ • Ռազմավարությունների գնահատման պարբերականության ժամանակահատված ճանաչել 3-ամյա շրջափուլը, որոնցից մեկը կդիտվի որպես միջանկյալ գնահատում • Հստակեցնել ռազմավարությունների և ռազմավարական ծրագրերի տարբերությունը և ժամկետները: Առաջինների համար հստակ նախատեսել առնվազն 7 տարի ժամանակահատված՝ համապատասխան վերջնարդյունքներով և դրանց հասնելու միջանկյալ արդյունքներով: Երկրորդի համար, որոնք կարելի է պարզապես կոչել միջոցառումների ծրագրեր՝ հստակեցնելով նաև այդ հասկացությունը, նախատեսել 3 տարի ժամանակահատված և ռազմավարության միջանկյալ արդյունքների հետ փոխկապացված ուղղակի արդյունքներ։ | Ընդունվել է մասամբ: | |||
| 18 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 22.08.2025 18:30:30 | 5. Այս բաժնի 33 և 39-րդ կետերով սահմանված են ռազմավարությունների իրականացման մշտադիտարկման ու գնահատման գործընթացների կազմակերպման պահանջները։ Ըստ սահմանված պահանջների ռազմավարությունների մշտադիտարկումն իրականացվելու է ՀՀ փոխվարչապետի ու վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ջանքերով։ Մշտադիտարկման արդյունքներից ելնելով՝ ռազմավարությունները կարող են ենթարկվել գնահատման, որի գործընթացը համակարգում է Աշխատանքային խումբը նախագահող փոխվարչապետը` իր գրասենյակի և վարչապետի աշխատակազմի ներգրավմամբ: Այսինքն, ռազմավարությունների վերջնարդյունքների գնահատման անհրաժեշտությունը թողնված է ՀՀ փոխվարչապետի հայեցողությանը։ Մոնիտորինգի և գնահատման փուլում ամբողջությամբ անտեսված է հնարավոր այլընտրանքային մոնիտորինգն ու գնահատումը կամ արտաքին գնահատումը: Մասնավորապես, բացակայում են քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մասնագիտական հանրույթի կողմից այլընտրանքային մոնիտորինգի ու գնահատման, միջազգային կազմակերպությունների հնարավոր զեկույցների հավանականությունն ու դերը, բացահայտումների ու ներկայացվող առաջարկությունների հաշվի առումը։ Առաջարկություն • Նախագծում ռազմավարությունների գնահատման գործընթացից հանել դրա իրականացման փոխվարչապետի հայեցողությունը և այն չկապել մշտադիտարկման արդյունքների հետ։ • Դիտարկել ռազմավարությունների արտաքին գնահատումը մասնագիտացված կառույցներին արտապատվիրելու հնարավորությունը։ • Ռազմավարությունների մոնիտորինգի ու գնահատման գործընթացներում նախատեսել քաղաքացիական հասարակության և այլ դերակատարների կողմից կողմից այլընտրանքային մոնիտորինգի ու գնահատման զեկույցների եզրակացություններն ու առաջարկները հաշվի առնելու պահանջ։ | Ընդունվել է մասամբ: | |||
| 19 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 22.08.2025 18:30:30 | 6. Նույն բաժնի 35-րդ կետում նախատեսված է, որ յուրաքանչյուր ռազմավարության կատարողականի ցուցանիշները առնվազն կիսամյակային պարբերականությամբ՝ հաշվետու տարվա հունվար և հուլիս ամիսներին, քննարկվում են Աշխատանքային խմբում։ Մինչդեռ, 37-րդ կետում՝ ՀՀ կառավարության կայքէջում հրապարակման են ենթակա միայն ռազմավարությունների տարեկան հաշվետվությունները, ինչի արդյունքում լիարժեքորեն չի ապահովվում ռազմավարական պլանավորման փաստաթղթերի հաշվետվողականության սկզբունքը։ Առաջարկություն • Ռազմավարությունների հաշվետվողականության բարձրացման նպատակով ամփոփ հաշվետվությունների հրապարակումն իրականացնել նաև կիսամյակային ժամանակահատվածի հաշվետվությունների մասով։ | Չի ընդունվել: | |||
| 20 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 22.08.2025 18:30:30 | 7. Տվյալ բաժնի 13-րդ կետով սահմանված հիմնական ռազմավարությունների շարքում հստակ ներառված չէ իրավապահ համակարգը, բաց կառավարման ու հանրության մասնակցության գործընթացները: Դիտարկված չեն շրջակա միջավայրի առավել լայն ասպեկտները, օրինակ՝ անվտանգության տեսանկյունից: Խաչվող քաղաքականությունների շարքում բացակայում են մարդու իրավունքները, թեև փոխարենը դրանք ներառված են արդարադատության համատեքստում: Առաջարկություն • Վերանայել ռազմավարությունների ներկայացումը՝ անդրադառնալով իրավապահ համակարգի, բաց կառավարման, հանրության մասնակցության ու շրջակա միջավայրի վերոնշյալ ասպեկտներին: • Դիտարկել շրջակա միջավայրի և մարդու իրավունքների ներառումը խաչաձև քաղաքականությունների շարքում: | Ընդունվել է մասամբ: | |||
| 21 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 22.08.2025 18:30:30 | Ռազմավարական ծրագրերին ներկայացվող պահանջները, ընդունման գործընթացը և փոփոխումը 8. Նախագծի տվյալ բաժնի վերնագրում նույնպես բացակայում է փաստաթղթի մշտադիտարկման ու գնահատման գործընթացի մասին նշումը։ Ռազմավարական ծրագրի մեթոդական պահանջների շարքում՝ 46-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված է, որ սահմանվում են ծրագրի յուրաքանչյուր միջոցառման պատասխանատուն և գործողության՝ առաջարկվող միջամտության կոնկրետ ձևի բովանդակային նկարագիրը: Վերջինից բխում է, որ ռազմավարական ծրագրերը ունեն միջոցառումներ և գործողություններ, որոնց տարբերությունը սակայն հստակ չէ: Նախագծի 47-րդ կետում սահմանված՝ ռազմավարական ծրագրին ներկայացվող պահանջների շարքում բացակայում են այդ ծրագրերի մշակման, դրանք աշխատանքային խմբին ներկայացման, աշխատանքային խմբի կողմից ռազմավարական ծրագրի քննարկման և կառավարության հաստատմանը ներկայացման ժամկետները։ Միաժամանակ՝ տվյալ կետը նախատեսվում է ռազմավարական ծրագրի հաստատումը կոնկրետ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից, երբ այն վերաբերում է բացառապես տվյալ մարմնի լիազորությունների շրջանակին։ Նշված դրույթը նույնպես խեղաթյուրում է ռազմավարական փաստաթղթերի աստիճանակարգման մոտեցումը, քանի որ բացառապես կոնկրետ պետական կառավարման մարմնի լիազորություններին վերաբերող ծրագրերը մշակվում և իրականացվում են գերատեսչական գործողությունների ծրագրերի շրջանակներում։ Նախագծի 48-րդ կետով, կառավարության կողմից հաստատվող ռազմավարական ծրագրերի մշտադիտարկումն ու վերանայումը կատարվում է ռազմավարությունների համար սահմանված մշտադիտարկման ընթացակարգերով։ Այստեղ նույնպես բացակայում են քաղաքացիական հասարակության ու փորձագետների կողմից այլընտրանքային մշտադիտարկման իրականացման ու դրանց արդյունքների քննարկման գործընթացները։ Ռազմավարական ծրագրերի գնահատման գործընթացի մասով, կարգավորումներն ընդհանրապես բացակայում են։ Առաջարկություն • Նախագծի «Ռազմավարական ծրագրերին ներկայացվող պահանջները, ընդունման գործընթացը և փոփոխումը» բաժնի վերնագիրը լրացնել «մշտադիտարկում» և «գնահատում» բառերով։ • Հստակեցնել ռազմավարական ծրագրում և ձևաթղթում օգտագործվող «միջոցառում» և «գործողություն» եզրույթները, դրանց կիրառման շրջանակը։ Դիտարկել ռազմավարական ծրագրի փոխարեն «միջոցառումների ծրագիր» եզրույթի օգտագործումը: • Ռազմավարական ծրագրերի մշակման պահանջներում սահմանել ծրագրի մշակման, աշխատանքային խմբին ներկայացման, աշխատանքային խմբի կողմից ռազմավարական ծրագրի քննարկման և կառավարության հաստատմանը ներկայացման ժամկետները։ • Ռազմավարական ծրագրերի հաստատումը իրականացնել ՀՀ կառավարության կողմից ընդունվող որոշումների շրջանակում՝ բացառելով կոնկրետ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից դրանց հաստատման հնարավորությունը։ • Ռազմավարական ծրագրերին ներկայացվող պահանջների շարքում, ծրագրերի իրականացման մշտադիտարկման (մոնիտորինգի) մասով, նախատեսել քաղաքացիական հասարակության և փորձագետների կողմից մոնիտորինգի արդյունքները պետական մարմինների կողմից կազմվող կատարողականի հաշվետվություններում ներառելու պահանջ։ • Աշխատակարգի ռազմավարական ծրագրերին ներկայացվող պահանջների շարքում նախատեսել ծրագրի արտաքին գնահատման գործընթաց և դրա իրականացումը մասնագիտացված կառույցներին կամ քաղաքացիական հասարակության միավորումներին արտապատվիրելու հնարավորություն։ | Ընդունվել է մասամբ: | |||
| 22 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 22.08.2025 18:30:30 | Ռազմավարական կառավարման ապահովման ինստիտուցիոնալ շրջանակը 9. Նախագծի այս բաժնի 57-րդ կետի 5-րդ ենթակետով ՀՀ փոխվարչապետի աշխատակազմի հետ համագործակցությամբ, ՀՀ վարչապետի աշխատակազմին է վերապահված ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշտադիտարկումը, ամենամսյա պարբերականությամբ աշխատանքային խումբը նախագահող փոխվարչապետին՝ ամփոփ հաշվետվության ներկայացումը, գործառույթների իրականացումը։ ՀՀ Վարչապետի աշխատակազմի կողմից ամենամսյա պարբերականությամբ ռազմավարական պլանավորման փաստաթղթերի՝ ռազմավարություններ, ռազմավարական ծրագրեր, բյուջետային, կառավարության ծրագիր և այլ փաստաթղթերի մշտադիտարկումը մեծածավալ աշխատանք է և աշխատակազմից պահանջելու է խիստ մասնագիտական հմտություններ ու կոմպետենցիաներ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ամենամսյա պարբերականությամբ ռազմավարական փաստաթղթերի մշտադիտարկման նման ծավալի աշխատանքի իրականացումը իրատեսական չէ և այլ գործառույթների շրջանակներում դժվար կլինի ապահովել որակյալ մշտադիտարկում։ Մյուս կողմից անտրամաբանական է ամեն ամիս ունենալ ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշտադիտարկման արդյունքներ, քանի որ ռազմավարությունների և ռազմավարական ծրագրերի, ինչպես նաև կառավարության գործողությունների ծրագրի մշտադիտարկումը նախատեսվում է իրականացնել կիսամյակային ու տարեկան կտրվածքով։ Նման պայմաններում դժվար կլինի արձանագրել ռազմավարական պլանավորման փաստաթղթերի իրականացման առաջընթացի կամ թերակատարման իրավիճակները։ Նույն բաժնի 57-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսվում է ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշտադիտարկման (մոնիտորինգի) իրականացման նպատակով ներդնել ռազմավարական կառավարման միասնական էլեկտրոնային հարթակ։ ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորումներում նշված է, որ նախագծի ընդունման պայմաններում՝ «լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները բացակայում է»: Մինչդեռ, ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշտադիտարկման կամ կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրումը պահանջելու է ֆինանսական միջոցներ և հնարավոր է ազդեցություն ունենա պետական բյուջեի ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացված սպասվելիք ծախսերի մակարդակի վրա։ Նույն կերպ, ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակման, իրականացման, մշտադիտարկման, գնահատման նոր գործընթացներում մասնակցային գործընթացի ապահովման, ինչպես նաև առկա մարդկային ռեսուրսների մասնագիտական հմտությունների ու կարողությունների զարգացումը նույնպես պահանջելու են լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ՝ լայնածավալ վերապատրաստումների իրականացման համար։ Նույն բաժնի 57-րդ կետի 9-րդ ենթակետով ՀՀ վարչապետի աշխատակազմին է վերապահվում նաև ռազմավարական պլանավորման փաստաթղթերի գնահատման նախաձեռնման դեպքերի և ընթացակարգի` ՀՀ փոխվարչապետի հաստատմանը ներկայացնելու լիազորությունը։ Ընդհանուր առմամբ, ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «․․․նախագիծը սահմանում է կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների ռազմավարական կառավարման համակարգի նոր ճարտարապետությունը և վերջինիս սպասարկող ընթացակարգերը։ Մասնավորապես՝ սահմանվող նոր համակարգի նպատակներն են՝ ռազմավարությունների մշտադիտարկման ու գնահատման միասնական համակարգի ներդնումը»։ Մինչդեռ, ռազմավարական կառավարման աշխատակարգում ռազմավարական պլանավորման փաստաթղթերի գնահատման գործընթացի իրականացումը ամբողջությամբ թողնված է վարչապետի աշխատակազմի հայեցողությանը։ Բացակայում են ռազմավարական պլանավորման փաստաթղթերի գնահատման գործընթացների կարգավորումների մասին դրույթներ։ Ավելին, աշխատակարգում չի նշվում ռազմավարությունների գնահատման ժամանակահատվածների, կատարողների, պատասխանատուների, գնահատման իրականացումը մասնագիտացված մասնավոր կառույցներին կամ «թինկ թանկեր»-ին վերապահելու կամ քաղաքացիական հասարակության ոլորտային միավորումներին կամ մասնավոր ոլորտի մասնագիտացված կառույցների կողմից այլընտրանքային մոնիտորինգի իրականացման ու գնահատման արդյունքները ամփոփ հաշվետվություններում ներառելու հնարավորության մասին։ Ռազմավարությունների ու դրանցից բխող ռազմավարական ծրագրերի մշակման, իրականացման, մշտադիտարկման (մոնիտորինգի) ու գնահատման շրջափուլը ամբողջությամբ ներպարփակված է ՀՀ վարչապետի աշխատակազմի և պատասխանատու կատարող պետական կառավարման մարմինների միջև, որը չի ապահովում և չի բխում ռազմավարությունների ու ռազմավարական ծրագրերի գործընթացների թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներից։ Առավելապես, ռազմավարական պլանավորման փաստաթղթերում քաղաքացիական հասարակության ներգրավվածության ու մասնակցայնության հարցերը սահմանափակված են միայն ՀՀ փոխվարչապետի կողմից ստեղծվող աշխատանքային խմբերում համապատասխան ոլորտի մասնագիտացված ՀԿ-ների կամ գիտական շրջանակների ու փորձագետների ներգրավվման պայմանով (կետ 16), ինչը բավարար չէ քաղաքացիական հասարակության մասնակցության և ռազմավարությունների և ռազմավարական ծրագրերի մարդակենտրոնության սկզբունքների պահպանության տեսանկյունից։ Ավելին, նախատեսվող կարգավորումը ընդհանրական և ոչ հստակ ձևակերպումներ է պարունակում բազմաշահառու մասնակցության ապահովման տեսանկյունից, մասնավորապես պարզ չէ, թե գործընթացի որ փուլում պետք է ներգրավվեն շահառուները, ինչ գործիքակազմով է ապահովվելու վերջիններիս ներգրվումը և ինչպես է վերահսկվելու ներառականության ապահովման նման պահանջի կատարումը։ Մասնակցային և ներառական ռազմավարական կառավարում ապահովելու նպատակով անհրաժեշտ է նախատեսել քաղաքացիական հասարակության, ակադեմիական և մասնագիտական շրջանակների ներգրավման առավել լայն հնարավորություններ՝ սկսած ռազմավարությունների մշակման նախնական փուլերից, մասնավորապես իրավիճակի վերլուծության, գերակայությունների որոշման և նպատակների ձևակերպման ժամանակ։ Նման պահանջի նախատեսումը կնպաստի ռազմավարական փաստաթղթերի թափանցիկության բարձրացմանը, հանրային վստահության ամրապնդմանը և քաղաքականությունների առավել արդյունավետ իրագործմանը։ Առաջարկություն • ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշտադիտարկման հիման վրա հաշվետվությունների կազմումը իրականացնել եռամսյակային կամ կիսամյակային ժամանակահատվածներով՝ աճողական պարբերականությամբ, և դրանք ներկայացնել ՀՀ փոխվարչապետի կողմից ղեկավարվող համապատասխան աշխատանքային խմբին։ • Նախագծում ռազմավարական փաստաթղթերի մշակման, մշտադիտարկման ու գնահատման գործընթացներում նախատեսել առնչվող շահագրգիռ խմբերի (հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, գիտակրթական համայնք, մասնավոր հատված, արհմիություններ, կրոնական կազմակերպություններ, տեղական ազդակիր համայնքներ և այլն) պարտադիր ներառման պահանջ՝ սկսած փաստաթղթերի մշակման վաղ փուլերից (իրավիճակի վերլուծություն, խնդիրների վերհանում, գերակայությունների որոշում, նպատակների ձևակերպում, արդյունքների սահմանում) մինչև ռազմավարությունների ու դրանց ծրագրերի մշտադիտարկումն ու գնահատումը՝ տարբեր փուլերում մասնակցության ձևերն ու եղանակները հետագայում հստակեցնելով ուղեցույցների միջոցով: • Վերանայել Նախագծի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների գնահատումը: • Իրականացնել ՀՀ վարչապետի աշխատակազմի և փոխվարչապետի աշխատակազմի կարողությունների և կարիքների գնահատում՝ հիմք ընդունելով Նախագծի իրագործման համար անհրաժեշտ գործողությունները, ներառյալ ռազմավարական պլանավորումը, իրականացման կառավարումը, մոնիտորինգը, գնահատումը, ներառականության ապահովումը: | Ընդունվել է մասամբ: |