Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Նվարդ Մարտիրոսյան 05.08.2025 23:29:46 Հիանալի նախագիծ է։ Շնորհակալություն:
2 Ռուզաննա Նալբանդյան 06.08.2025 10:01:26 Հավելված 6-ում առաջարկում եմ 1,Հստակ ձևակերպել 38-րդ կետը 2․Հստակեցնել կրթահամալիրի խորհրդի ձևավորման կարգը 3,84-րդ կետում նախատեսված անվանացանկում Համայնքային ծրագրերի համակարգողի պաշտոնն ընդգրկել 4․ Պահպանել պաշտոնների նկարագրության աստիճանականությունը / Համայնքային ծրագրերի համակարգողի պաշտոնի նկարագրությունը չի կարող իր վերադասի՝ տնօրենի պաշտոնի նկարագրությունից առաջ լինել/ 5․Նկարագրել տնօրենի տեղակալի գործառույթների մասին 6․Հստակեցնել շատ անհասկանալի համայնքի ներկայացուցչի լիազորությունները, իրավունքները և պարտականությունները։ Ավելի նպատակահարմար է խորհրդում ընդգրկել համայնքի ներկայացուցիչներ, որոնք էլ կարտահայտեն համայնքի դիրքորոշումը, մոտեցումները կրթահամալիրի գործունեության վերաբերյալ, ինչպես նաև կներկայացնեն առաջարկներ՝ ուղղված դրա արդյունավետության բարձրացմանը։ Ձեր առաջարկները կքննարկվեն և անհրաժեշտության դեպքում կներառվեն նախագծում:
3 Միլենա Ասատյան 07.08.2025 14:52:06 ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման փոփոխությունների նախագծի վերաբերյալ Ղեկավարվելով ՀՀ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ ներկայացնում եմ հետևյալ առաջարկները՝ ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ կատարվող փոփոխությունների վերաբերյալ, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունների օրինակելի կանոնադրության նախագծի վերաբերյալ։ Ձեռնարկատիրական գործունեության շրջանակի սահմանափակում • Նախագծի 24-րդ կետում կրթահամալիրին վերապահվում է լայն տնտեսական գործունեություն՝ որը ներառում է սննդի կազմակերպումից մինչև գույքի վարձակալություն և գյուղմթերքի վաճառք։ Առաջարկում եմ ընդգծել, որ գույքի վարձակալությունը պետք է իրականացվի բացառապես կրթահամալիրի հիմնական առաքելությանը չհակասելու և որակի վերահսկման մեխանիզմների առկայությամբ: Լիահույս եմ, որ առաջարկը կընդունվի քննարկման՝ ի շահ ՀՀ կրթական համակարգի կայուն և շարունակական զարգացման։ Հարգանքով՝ Միլենա Ասատրյան Ձեր առաջարկները կքննարկվեն և անհրաժեշտության դեպքում կներառվեն նախագծում:
4 Միլենա Ասատյան 07.08.2025 14:52:32 ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման փոփոխությունների նախագծի վերաբերյալ Ղեկավարվելով ՀՀ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ ներկայացնում եմ հետևյալ առաջարկները՝ ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ կատարվող փոփոխությունների վերաբերյալ, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունների օրինակելի կանոնադրության նախագծի վերաբերյալ։ Ձեռնարկատիրական գործունեության շրջանակի սահմանափակում • Նախագծի 24-րդ կետում կրթահամալիրին վերապահվում է լայն տնտեսական գործունեություն՝ որը ներառում է սննդի կազմակերպումից մինչև գույքի վարձակալություն և գյուղմթերքի վաճառք։ Առաջարկում եմ ընդգծել, որ գույքի վարձակալությունը պետք է իրականացվի բացառապես կրթահամալիրի հիմնական առաքելությանը չհակասելու և որակի վերահսկման մեխանիզմների առկայությամբ: Լիահույս եմ, որ առաջարկը կընդունվի քննարկման՝ ի շահ ՀՀ կրթական համակարգի կայուն և շարունակական զարգացման։ Հարգանքով՝ Միլենա Ասատրյան Ձեր առաջարկները կքննարկվեն և անհրաժեշտության դեպքում կներառվեն նախագծում:
5 Միլենա Ասատյան 14.08.2025 23:38:39 ՀՀ կառավարության 2002 թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման փոփոխությունների նախագծի վերաբերյալ Նախագծով նախատեսվում է կրթահամալիրներին իրավունք տալ իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։ Այս մոտեցումը կարող է խթանել ֆինանսական ինքնաբավությունը, սակայն առանց եկամուտների նպատակային օգտագործման պարտադիր իրավական երաշխիքների՝ այն կարող է վտանգել կրթահամալիրի հիմնական առաքելությունը և հանրային վստահությունը։ Առաջարկում եմ նախագծում ամրագրել, որ․ 1. Կրթահամալիրի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների առնվազն 80%-ը պարտադիր ուղղվում է կրթական ծրագրերի զարգացմանը և ուսումնական պայմանների բարելավմանը։ 2. Տարեկան ֆինանսական հաշվետվությունը հրապարակվում է և ենթարկվում է անկախ աուդիտի։ 3. Հաշվետվությունը հաստատվում է կառավարման խորհրդի և լիազորված պետական մարմնի կողմից՝ ապահովելով ֆինանսական թափանցիկություն և հանրային վերահսկողություն։ Դիտարկումն ընդունվել է ի գիտություն, լրացուցիչ կքննարկվի:
6 Մարիամ Մնացականյան 08.08.2025 21:03:45 Առաջարկում եմ կանոնադրության փոփոխության մեջ ներառել ներքոնշյալ կետերը․ 1. Որքա՞ն ժամանակում տնօրենը կամ համակարգողը պետք է արձագանքի համայնքի առաջարկին։ 2. Ինչպե՞ս է իրականացվում տարեկան ծրագրերի հանրային քննարկումը։ Ձեր առաջարկները կքննարկվեն և անհրաժեշտության դեպքում կներառվեն նախագծում:
7 Մարգարիտ Սարգսյան 12.08.2025 18:53:03 Նախագծի հիմնավորումներում կրթահամալիրների հայաստանյան փորձի մասին ոչինչ չկա։ Արդյո՞ք ուսումնասիրվել է փորձը։ ------------------------------ Հասկանալի է, որ «Հայաստանի Հանրապետության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի նախագիծը նոր ստեղծվող կրթահամալիրների համար է, որոնք պիտի գործեն նաև որպես համայնքային զարգացման կենտրոն։ Կա՞ այդպիսի գործող կրթահամալիր, որի փորձի հիման վրա ստեղծվել է նախագիծը։ Եթե չկա, ճիշտ չէ՞ր լինի, որ նոր կրթահամալիրներից յուրաքանչյուրի համար (գոնե առաջինների համար) կանոնադրություն մշակվեր՝ ըստ նրա նպատակի, կառուցվածքի, իրականացվող ծրագրերի, ըստ համայնքի առանձնահատկությունների և խնդիրների, հետո յուրաքանչյուրի դրական փորձը օրինակելի կանոնադրությամբ ամփոփվեր և տարածվեր։ ------------------------------ Ինչպե՞ս կարող է գործել կանոնադրության 16.4 կետը՝ մանկավարժական նորարարությունների փորձարկումը և ներդրումը, եթե նախագծի կանոնադրական առարկայում և նպատակներում բացակայում են հետազոտական գործունեությունը, ակնարկը դրա մասին։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Կառավարության ծրագրով հիմնվող կրթահամալիրները իրենց բովանդակության և գործունեության շրջանակով նույնական չեն գործող կրթահամալիրներին:
8 Նաիրա Նիկողոսյան 13.08.2025 10:05:32 Նախագծի «հիմնավորում»-ում չի երևում հանրապետությունում գործող կրթահամալիրիների ուսումնասիրությունը․ ենթադրվում է, որ նախագծի հմնավորման մեջ պիտի երևա այս պահի դրությամբ գործող կրթահամալիրիներն իրենց կանոնադրական նպատակներով, առանձնահատկություններով, քանի որ ենթադրվում է, որ նոր նախագիծը ունեցածի զարգացումն է, թե՞ այս նախագիծը չի տարածվում արդեն գործող կրթահամալիրների վրա։ Այս դեպքում, գուցե, պետք է նշվի՞․․․ Եվ ճիշտ կլինի, որ այս նախագիծը նոր ստեղծվող կրթահամալիրներին վերաբերվի։  Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Կառավարության ծրագրով հիմնվող կրթահամալիրները իրենց բովանդակության և գործունեության շրջանակով նույնական չեն գործող կրթահամալիրներին:
9 Աննա Մանուկյան 14.08.2025 14:20:39 10. Քննարկվե՞լ է նախագիծը գործող կրթահամալիր պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ։  11. Ինչո՞ւ 4-րդ կետում չեն նշված նաև  «Նախադպրոցական կրթության մասին», «Մասնագիտական կրթության մասին» օրենքները։  Կառավարության ծրագրով հիմնվող կրթահամալիրները իրենց բովանդակության և գործունեության շրջանակով նույնական չեն գործող կրթահամալիրներին: 4-րդ եկտի վերաբերյալ դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ կքննարկվի:
10 Ռուզզաննա Սարդարյան 14.08.2025 14:30:41 Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը մի հարթակում գրանցո՞ւմ է  «տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում» կրթահամալիրը, տարբեր կրթական ծրագրերի աշխատողներին, հաստիքները, տարիֆիկացիաները։ Պատրա՞ստ է գրանցելու։  Հանրակրթական ուսումնական հաստատության, նախադպրոցական ուսումնական հաստատության, քոլեջի օրինակելի կանոնադրությունները բավարար չե՞ն  նոր ստեղծվող կրթահամալիրի կանոնադրություն ստեղծելու համար։ Եթե ոչ,  ներկայացվող  օրինակելի կանոնադրությունը ինչո՞ւ չի  ներառում դրույթներ նաև նուհի, քոլեջի օրինակելի կանոնադրություններից։  Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում համապատասխան ծրագիրային ապահովումը կիրականացվի: Կրթահամալիրի օրինակելի կանոնադրության առկայությունը անհրաժեշտ է, քանի որ կրթահամալիրներն իրենց կանոնադրությունները պետք է հաստատեն օրինակելի կանոնադրության համապատասխանությամբ: նախադպրոցական ուսումնական հաստատության, քոլեջի օրինակելի կանոնադրություններից կարգավորումներ ներառելու մասով դիտարկումը կքննարկվի…
11 Զառա Առաքելյան 14.08.2025 15:41:14 Չնայած «Կրթության մասին» ՀՀ օրենքում  «կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում»-ը և «հանրակրթական ուսումնական հաստատության տեսակ, որն ըստ նշանակության գործում է նաև որպես համայնքային զարգացման կենտրոն»-ը 2025թ. հունիսից նույն՝ «կրթահամալիր»  հասկացությունն են սահմանում, սակայն դրանք տարբեր  կրթահամալիրներ են, չեն կարող նույն օրինակելի կանոնադրությունն ունենալ։  Ակնհատ է, որ նախագիծը վերաբերում է երկրորդին. պատահական չէ, որ նախագծում չկա մասնաճյուղին վերաբերող բաժին, հաճախ կրթահամալիրը նույնացվում է «դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության հետ, և նախագծի հիմնավորումը վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատության տեսակ կրթահամալիրին։ Առաջարկում ենք փաստաթղթի անունը փոխել «Համայնքային զարգացման կենտրոն կրթահամալիրի օրինակելի կանոնադրություն»։  Կանոնադրության նախագիծը վերաբերում է նոր ստեղծվող կրթահամալիրներին, առաջարկում եմ որոշման նախագծում 2-րդ կետով գրանցել. «Մինչև սույն որոշումը գործող կրթահամալիր ՊՈԱԿ-ները շարունակում են իրենց գործունեությունը իրենց գրանցված կանոնադրությունների հիման վրա»։ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանվում է, որ վերնագիրը չի կարող շարադրվել այլ կերպ, քան օրենքում է սահմանված, ուստի սահմանվում է որպես օրինակելի կանոնադրություն և վերաբերվում է նշված երկրորդ խմբի հաստատություններին: Երկրորդ դիտարկումը լրացուցիչ կքննարկվի…
12 Լիլիթ Ստեփանյան 14.08.2025 15:45:47 ՀՀ «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» օրենքներից ինչպե՞ս են կրթահամալիր ՊՈԱԿ-ի համար  ընտրվել կետ 15-ում բերված սկզբունքները։ Նոր ստեղծվող կրթահամալիրի համար տեղին կլիներ նշելը «հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին», «հանրակրթական և այլ կրթական ծրագրերի փոխհամաձայնեցվածությունը», ինչպես նաև «ուսումնական հաստատությունների ինքնավարության և պետական վերահսկողության հավասարակշռումը», անկախ կազմակերպական-իրավական ձևից` ուսումնական հաստատությունների և դրանցում սովորողների ու աշխատողների իրավահավասարությունը»: Ընդունվել է ի գիտություն, նախագիծը լրամշակելիս կքննարկվի:
13 Լիլիթ Ստեփանյան 14.08.2025 15:46:00 Կետ 149. «Կրթահամալիրը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի»։  Օրենքով որոշված այս իրավունքից օգտվող եղե՞լ է։ Ի՞նչ պայմաններով կարող է ՊՈԱԿը վերակազմակերպվել։ Նշված գործընթացը դեռևս չի մեկնարկել և նման պրակտիկա դեռևս առկա չէ:
14 Լուիզա Թոփուզյան 14.08.2025 22:24:32 Առաջարկում եմ 14-րդ և 17-րդ կետերում ավելացնել հստակեցում այն մասին, թե ինչպես են չափվելու կրթահամալիրի գործունեության արդյունքները։ Օրինակ՝ կարելի է սահմանել կոնկրետ չափորոշիչներ՝ սովորողների առաջադիմության, համայնքային ծրագրերին մասնակցության և մշակութային միջոցառումների ազդեցության գնահատման համար։ Կարծում եմ, որ այս փոփոխությունը կօգնի ոչ միայն ծրագրերը պլանավորելիս, այլև հետագայում դրանց արդյունավետությունը գնահատելիս։ Չափանիշները սահմանված են հանրակրթության պետական չափորոշչով և առարկայական ծրագրերով, որոնցով առաջնորդվելու են նաև կրթահամալիրները, հետևաբար լրացուցիչ սահմանման անհրաժեշտությունը բացակայում է:
15 Տաթև Մարտիրոսյան 14.08.2025 23:39:25 Որպես հանրակրթական հաստատոթյան ուսուցիչ ողջունում եմ նախագիծը և առաջարկում համայնքային ծրագրերում ներառել կրթական կամավորական շարժումների ձևավորում,որտեղ ավագ դասարանների սովորողները կմասնակցեն ցածր դասարանների մշակույթային նախաձեռնություններին Ընդունվել է ի գիտություն, կքննարկվի:
16 Աստղիկ Խաչատրյան 15.08.2025 15:16:23 Օրինակելի կանոնադրության10-րդ կետը սահմանում է, որ կրթահամալիրը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ և հաշվեհամարներ ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում։Իմ կարծիքով, սա ճիշտ և անհրաժեշտ պահանջ է, քանի որ այն թույլ է տալիս ֆինանսները կառավարել կազմակերպված ու թափանցիկ ձևով, նվազեցնում է չարաշահումների ռիսկը և հեշտացնում է վերահսկողությունը թե՛ հիմնադրի, թե՛ վերահսկող մարմինների կողմից։ Շնորհակալություն դիտարկման համար:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: