2025 ԹՎԱԿԱՆԻ ԼՈԼԻԿԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«2025 ԹՎԱԿԱՆԻ ԼՈԼԻԿԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Անհրաժեշտությունը - «2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ընթացիկ տարվա լոլիկի մթերման գործընթացի կազմակերպմանն աջակցելու անհրաժեշտությամբ:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները - 2020-2024 թվականներին լոլիկի արտադրության և մթերման ծավալները կազմել են՝
/հազ․ տոննա/
|
Ցուցանիշը |
2020թ. |
2021թ. |
2022թ. |
2023թ. |
2024թ․ |
|
Արտադրություն /բաց գրունտի/ |
183․7 |
158․1 |
137․5 |
120․8 |
125․9 |
|
Մթերում |
48․3 |
22․5 |
26․9 |
30․5 |
15․2 |
Նույն տարիներին ներմուծված և արտահանված տոմատի մածուկի ծավալների վիճակագրական տվյալների վերլուծությունից պարզվում է, որ ներմուծման տարեկան միջին ծավալը կազմել է շուրջ 5.0 հազ․տոննա, իսկ արտահանմանը՝ շուրջ 4․3 հազ․ տոննա։ Տոմատի մածուկը հիմնականում ներմուծվում է ԻԻՀ-ից, որի գերակշռող մասը վերաարտահանվում է, իսկ որոշ մասը նոսրացնելուց և վերափաթեթավորելուց հետո իրացվում է տեղական շուկայում։
Վիճակագրական կոմիտեի կողմից առանձնացված տոմատի մածուկի արտադրության ծավալ չի հրապարակվում, սակայն մթերված լոլիկի ծավալներից տոմատի մածուկի արտադրությանն ուղղված մասնաբաժնի և միջին հաշվով 7․4 կգ լոլիկից 1 կգ մինչև 30 զանգվածային % չոր նյութի պարունակությամբ տոմատի մածուկի ստացման հաշվարկներից ելնելով գնահատվում է, որ տոմատի մածուկի արտադրության տարեկան ծավալների նվազումն ուղիղ համեմատական է մթերված լոլիկի ծավալների նվազմանը։
Հանրապետությունում տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն տեղական արտադրության շուրջ 30 % չոր նյութերի պարունակությամբ 1 կգ տոմատի մածուկի արտադրության միջին ինքնարժեքը կազմում է շուրջ 450.0 դրամ։
2024 թվականին ներմուծված մինչև 30 % չոր նյութի պարունակությամբ տոմատի մածուկի 1 կգ-ի միջին մաքսային արժեքը կազմել է 315.9 դրամ, որին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծման համար սահմանված 8.25 % կամ 26.1 դրամ մաքսատուրքն ավելացնելու դեպքում ստացվում է 342.0 դրամ։
Հետևաբար տեղական արտադրության շուրջ 30 % չոր նյութերի պարունակությամբ 1 կգ տոմատի մածուկի արտադրության միջին ինքնարժեքը շուրջ 100 դրամով գերազանցում է ներմուծվող համարժեք ցուցանիշներով տոմատի մածուկի 1 կգ-ի միջին մաքսային արժեքը և տեղական արտադրության տոմատի մածուկը գնային առումով մրցունակ չէ ներմուծվածի նկատմամբ։ Այդ մասին է վկայում նաև տնտեսավարողների մոտ առկա նախորդ տարիներին արտադրված շուրջ 3000 տոննա մնացորդը։
Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակում տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողները շահագրգռված չեն լոլիկի մթերումների իրականացմամբ։ Այդ մասին է վկայում լոլիկի մթերումների ծավալների նվազման դինամիկան (2024 թվականին մթերվել է շուրջ 15.2 հազար տոննա լոլիկ, որը 2020 թվականին մթերված լոլիկի ծավալից պակաս է շուրջ 33.1 հազար տոննայով կամ ավելի քան 3 անգամ)։
Հանրապետության տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողների կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն 2025 թվականին տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող 5 ընկերություններից 3-ը չի պլանավորում լոլիկ մթերել, իսկ մյուս 2-ը միասին նախատեսել են տոմատի մածուկի արտադրության նպատակով մթերել ընդամենը 12․0 հազ․ տոննա լոլիկ, որից 9․0 հազ․ տոննա «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի և 3․0 հազար տոննա «ՄԱՊ» ՓԲԸ-ի կողմից և ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատականների ընթացիկ տարում առկա է շուրջ 7․0 հազ․ տոննա լոլիկի մթերման խնդիր։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման համար տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն հետևյալ պայմաններով՝
- մինչև 2000 տոննան ներառյալ լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին աջակցություն չի տրամադրվում․
- 2000 տոննան գերազանցող մթերված լոլոիկի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց տրամադրվում է 10․0 Հայաստանի Հանրապետության դրամի չափով սուբսիդավորում։
Հանձնարարել Էկոնոմիկայի նախարարին՝ Նախագիծն ընդունվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումների ընթացքի վերաբերյալ օպերատիվ տեղեկության հավաքագրման նպատակով մթերվող լոլիկի քանակների փաստաթղթավորման և տեղեկության տրամադրման ընթացակարգը։
Միջոցառման շրջանակներում տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսավարողների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը կատարել մարզպետների աշխատակազմերի համակարգմամբ։
Աջակցության տրամադրման 2000 տոննան գերազանցող շեմը որոշվել է այն տրամաբանությամբ, որ հանրապետությունում գործում են բանջարեղենային պահածոներ արտադրող շուրջ 30 տնտեսավարողներ, որոնք մինչև 2000 տոննայի չափով լոլիկի մթերումներ են իրականացնում ոչ թե տոմատի մածուկ, այլ տոմատի հյութ կամ այլ լոլիկ պարունակող պահածոներ արտադրելու նպատակով։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք - Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով ոլորտի մասնավոր հատվածի առաջարկությունները և տրամադրված օպերատիվ տեղեկատվությունը, ինչպես նաև Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ կայացած քննարկման արդյունքները:
5․ Ակնկալվող արդյունքը - Նախագծի ընդունման դեպքում տեղական արտադրության տոմատի մածուկի ինքնարժեքը կմոտենա ներմուծվողի մաքսային արժեքին, զգալիորեն կավելանա մրցունակության մակարդակը, որի արդյունքում լրացուցիչ կմթերվի շուրջ 7․0 հազ․ տոննա լոլիկ և կլուծվի ընթացիկ տարվա լոլիկի մթերումների կազմակերպման գործընթացում առկա խնդիրը։
6․ Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Նախագծի ընդունման դեպքում, ըստ Էկոնոմիկայի նախարարի մոտ ոլորտի տնտեսավարողների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած քննարկաման արդյունքների, ինչպես նաև վերջիններիս կողմից ներկայացված՝ տոմատի արտադրության նպատակով մթերման կանխատեսվող ծավալների և աջակցության տրամադրման դեպքում ակնկալվող մթերումների լրացուցիչ ծավալների մասին տեղեկատվության՝ աջակցության տրամադրման դեպքում տոմատի արտադրության նպատակով կմթերվի շուրջ 19․0 հազար տոննա լոլիկ, իսկ ցուցաբերվող աջակցության չափը կկազմի շուրջ 150․0 մլն դրամ, որից շուրջ 120․0 մլն դրամը բաժին կհասնի «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ին, իսկ 30․0 մլն դրամը՝ «ՄԱՊ» ՓԲԸ-ին։
Աջակցության տրամադրման դեպքում տոմատի մածուկի արտադրության նպատակով «ՄԱՊ» ՓԲԸ-ն պլանավորած 3․0 հազ․ տոննայի փոխարեն կմթերի շուրջ 5․0 հազ․ տոննա, իսկ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ 9․0 հազ․ տոննայի փոխարեն՝ շուրջ 14․0 հազ․ տոննա։
Միջոցառման իրականացման արդյունքում պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման անհրածեշտությունը բացակայում է, իսկ առաջացող ֆինանսական պարտավորությունները նախատեսվում է իրականացնել Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացված ֆինանսական միջոցների հաշվին՝ կատարելով համապատասխան վերաբաշխումներ։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ – Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf, 226-րդ էջ)։
-
Քննարկվել է
29.07.2025 - 13.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1354
Տպել