Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

2024 թ․ մայիս 22-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը, իսկ մինչ այդ՝ 2015 և 2023 թվականներին  «Կրթության մասին» օրենքի 3-րդ, 6-րդ, 26-րդ, 26.1-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածներում կատարվել են լրացումներ և փոփոխություններ, ինչով սահմանվել է պետության կողմից ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության համակարգը համաչափ գործարկելու ու արդյունքները ճանաչելու երաշխիքը։ Նշված օրենսդրական քաղաքականության ապահովման մեխանիզմները ամրագրվել են նաև «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականին զարգացման պետական ծրագիր» օրենքում։ Թվարկված օրենքները արմատական փոփոխություններ են նախատեսում մասնագիտական կրթության և ուսուցման (այսուհետ՝ ՄԿՈՒ) ոլորտում՝ ներդնելով շուկայի կարիքներին համապատասխանող որակյալ մասնագիտական կրթություն ապահովելու իրավական հիմքերը։ Օրենքները, ժամանակակից միջազգային միտումներին և մոտեցումներին համահունչ, ՄԿՈՒ ոլորտում պետական քաղաքականության հարցում նախատեսում է մի շարք արմատական նորարարություններ, այդ թվում․

  • Աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) համապարփակ կարգավորում և գործատուների ներգրավվածության խթանում՝ շրջանավարտների զբաղվածությունը և կրթության արդյունքների իրացումը բարձրացնելու նպատակով։
  • Սոցիալական գործընկերության նոր մոդելի ներդրում՝ կրթության արդյունքների համատեղ պատասխանատվության հիմքով, մասնավոր հատվածի գործառույթների հստակեցում և ներգրավվածության ինստիտուցիոնալացում։
  • Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների վերանայում, ինչպես նաև կրեդիտային համակարգի ներդրում՝ ուսանողների շարժունության, շարունակական կրթության և արդյունքների փոխճանաչման համար։
  • ՄԿՈՒ հաստատությունների կառավարման բարեփոխում՝ թափանցիկ ընտրության, հաշվետվողականության, կառավարման խորհուրդների ներկայացուցչականության և արդյունավետության բարձրացման ուղղություններով։
  • Մասնագիտական կրթական ծրագրերի կառուցվածքային և մեթոդաբանական վերանայում՝ առկա, հեռավար և դրսեկության ձևով ուսուցման համադրելի կազմակերպմամբ և ռեսուրսների նախահաշվային պլանավորմամբ։
  • Մանկավարժական և վարչական աշխատողների ընտրության, վերապատրաստման, ատեստավորման, տարակարգերի և խրախուսման համակարգի բարելավում՝ շարունակական մասնագիտական զարգացման տեսլականով։
  • Ներառականության ապահովում՝ կրթության առանձնահատուկ պայմանների հիմքով անհատական ուսուցման ծրագրերի ներդրմամբ և պետական ֆինանսավորմամբ։
  • Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման, լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման, մոնիթորինգի և վկայագրման համակարգերի ներդրում։

Օրենքներով նախատեսվող մասնագիտական կրթության կազմակերպման նոր հայեցակարգը և գործընթացի մասնակիցների ընդլայնված շրջանակը առաջ է բերում ոլորտի համակարգման նոր մարտահրավերներ։ ԱՀՈՒ արդյունավետ կազմակերպման համար «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  17-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 20-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև Կրթության մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9.2-րդ  և 9.4-րդ կետերով  նախատեսված է համակարգման գործառույթների պատվիրակում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ընտրված կազմակերպությանը։ Այս մարմնին ՄԿՈՒ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով վերապահված են, մասնավորապես, ԱՀՈՒ տեսակներից մեկի՝ դուալ ուսումնառության համակարգման բնագավառում մի շարք առանցքային գործառույթներ, այդ թվում՝

1) սահմանում է գործատուների՝ որպես աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևով կրթական ծրագրի իրականացնող կողմ հանդես գալու նվազագույն պահանջները և ընթացակարգը.

2) սահմանում է մասնագիտական ուսուցման հրահանգչի ընտրության չափանիշները.

3) կազմակերպում է մասնագիտական ուսուցման հրահանգիչների վերապատրաստումը և շարունակական կատարելագործումը.

4) ստեղծում և վարում է սոցիալական գործընկերության կողմ կազմակերպությունների տեղեկատու։

Այդուհանդերձ, մասնագիտական կրթության որակի բարձրացումը և ոլորտի համակարգումը հնարավոր չէ սահմանափակել միայն դուալ ուսումնառության տեսակով։ Այն թեև ԱՀՈՒ առավել կատարելագործված ձևն է, սակայն նոր օրենքով դրված մարտահրավերները պահանջում են համապարփակ մոտեցումներ ԱՀՈՒ բոլոր երեք տեսակների մասով էլ։ Միևնույն ժամանակ, ֆորմալ մասնագիտական կրթությունից բացի պետք է հաշվի առնել ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթությունը և հմտությունների ճանաչումը, քանի որ ժամանակակից աշխարհը ընթանում է կարճաժամկետ դասընթացների միջոցով հմտություններ արձանագրելու կամ փաստացի ձեռք բերված հմտությունների ճանաչման ճանապարհով։ Ուստի նպատակահարմար է ոլորտում համակարգման բոլոր գործառույթները մեկտեղել մեկ մարմնի ձեռքում։

Ինստիտուցիոնալ տեսանկյունից, Կառավարության դեռևս 2011 թ․ հոկտեմբերի 27-ի N 1550-Ն որոշմամբ ստեղծվել էր «Ուսուցման ազգային հիմնադրամը», որին, «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9.2-րդ, 9.4-րդ և 9.10-րդ կետերին համապատասխան, վերապահվել էին մասնագիտական ուսուցման ոլորտում մի շարք գործառույթներ, այդ թվում ՝ աջակցել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների ճանաչման համակարգի ձևավորմանն ու ներդրմանը։ Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ծավալվել է վերապատրաստումների, փորձաքննությունների, մեթոդական աջակցման և կրթության ոլորտում ճանաչման մեխանիզմների մշակման ուղղությամբ։

Միաժամանակ,  «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կազմում դեռևս 2019 թ․ ձևավորվել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն (ՄԿՈՒԶԱԿ) անվանմամբ մասնագիտացված հիմնարկ, որն իրականացնում է ՄԿՈՒ քաղաքականության մշակմանն ու ներդրմանն աջակցող ծրագրեր, կրթական չափորոշիչների մշակում, կրթական ծրագրերի փորձաքննություն և այն։ Սակայն այդ ստորաբաժանումը չունի առանձին իրավաբանական կարգավիճակ։

Նոր օրենսդրական իրադրությունը պահանջում է ինստիտուցիոնալ վերակազմակերպում՝ ապահովելու համար ՄԿՈՒ ոլորտի համապարփակ քաղաքական համակարգումը՝ կենտրոնացված և լիազորված մեկ մարմնի կողմից։ Ուստի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատակահարմար է համարել վերանայել «Ուսուցման ազգային հիմնադրամի» կանոնադրությունը, նպատակներն ու գործառույթները՝ ապահովելու համար նոր օրենքի տրամաբանությանը համապատասխան ՄԿՈՒ համակարգի արդյունավետ համակարգում և իրականացում։ Այդ նպատակով՝

  • առաջարկվում է վերանվանել «Ուսուցման ազգային հիմնադրամը»՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» (ՄԿՈՒԶԱԿ) անվամբ՝ արտացոլելու հիմնադրամի նոր՝ ընդլայնված գործառույթները ՄԿՈՒ համակարգի համապարփակ կառավարման և զարգացման շրջանակում։
  • առաջարկվում է հաստատել հիմնադրամի կանոնադրության նոր խմբագրությունը, որով հիմնադրամին վերապահվում են ոչ միայն ոչ միայն նախկինում իրագործվող ոչ ֆորմալ/ինֆորմալ ուսուցման ճանաչման, այլ նաև ամբողջ ՄԿՈՒ համակարգի քաղաքականության, ռազմավարական զարգացման, սոցիալական գործընկերության ամրապնդման, պետական ծրագրերի իրականացման, հանրային-մասնավոր համագործակցության, մասնագիտական կողմնորոշման, կրթության որակի ապահովման և ուսումնառության արդյունքների ճանաչման հետ կապված գործառույթներ։
  • Այս միջոցով միավորվում և ինստիտուցիոնալացվում են նախկինում բաշխված գործառույթները, վերացվում է գործառույթների կրկնությունը, ձևավորվում է մասնագիտացված, իրավասու և ժամանակակից միավոր՝ արդիական ՄԿՈՒ համակարգի կայացման նպատակով։
  • Արդյունքում, նոր գործառույթներով վերանվանված ՄԿՈՒԶԱԿ-ը կդառնա ՀՀ կառավարության լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության գործառնական գործիքներից մեկը ՄԿՈՒ պետական քաղաքականության համակարգման ոլորտում։
  • ՄԿՈՒԶԱԿ-ը գործելու է Հայաստանի Հանրապետություն, Երևան, Տիգրան Մեծ 67 հասցեում:

 

Հիմնադրի կողմից կանոնադրության փոփոխման իրավունքի հիմնավորումը

 

Քանի որ «Ուսուցման ազգային հիմնադրամը» ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ, նրա անվանափոխությունն ու կանոնադրության փոփոխությունը նույնպես ենթակա է Կառավարության որոշմամբ հաստատման՝ ստորև բերվող հիմնավորմամբ։ «Հիմնադրամների մասին» օրենքը սահմանում է հիմնադրամի կանոնադրությունը փոփոխելու երկու ինքնուրույն կարգավորում․ մեկը՝ փոփոխության հնարավորություն հիմնադիրների կողմից՝ առանց դատարանի, և մյուսը՝ դատական կարգով, եթե միաձայնություն չկա կամ իրավական խոչընդոտներ կան։ ՀՀ արդարադատության նախարարի կողմից 20 հոկտեմբերի 2021 թ. տրված N1 պաշտոնական պարզաբանման համաձայն՝ «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի մեկնաբանությունից բխում է, որ Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը հիմնադիրներին վերապահում է իրավունք՝ միաձայն որոշմամբ առանց դատարանի միջամտության հիմնադրամի կանոնադրության մեջ կատարելու ցանկացած փոփոխություն, այդ թվում՝ հիմնադրամի նպատակներին և շահառ ուներին վերաբերող։  Այս իրավունքը բխում է ինքնին օրենքից, ուստի կանոնադրությամբ հատուկ դրույթ նախատեսված լինելը պարտադիր չէ։ Հիմնադիրների այս իրավասությունն ավելի լայն է, քան հոգաբարձուների խորհրդինը, որը նման փոփոխություններ չի կարող կատարել՝ նույնիսկ եթե կանոնադրությամբ նման լիազորություն տրված լինի։ Նման մեկնաբանությունը բխում է հիմնադիրների գերակայության սկզբունքից, քանի որ հիմնադիրներն են հաստատում հիմնադրամի ստեղծումն ու կանոնադրությունը միաձայն որոշմամբ, այդ նույն տրամաբանությամբ նրանք կարող են փոփոխություններ կատարել նույն կանոնադրության մեջ։ Նրանց այս իրավունքը չի կախված, թե կանոնադրությամբ այն նախատեսված է, թե ոչ։

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները

 

Նախագծով նախատեսված նոր խմբագրությամբ կանոնադրությունը ՄԿՈՒԶԱԿ-ին վերապահում է հետևյալ առաքելությունը, աջակցել՝

1)   Հայաստանի Հանրապետությունում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության և ուսուցման ոլորտում արդյունավետ քաղաքականության մշակմանը ու կիրառմանը, նորարությունների ներդրմանը և շարունակական զարգացմանը․

2)  աշխատաշուկայի ներկայի և ապագայի կարիքներին միտված որակավորումների ոլորտային շրջանակի ներդրմանը.

3)  ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության համակարգի համաչափ գործարկմանն ու արդյունքների ճանաչման պետական երաշխիքի ապահովմանը.

4)  մասնագիտական կրթության և ուսուցման (այսուհետ՝ ՄԿՈՒ) ոլորտում պետություն–մասնավոր հատված համագործակցության արդյունավետ կառուցակարգերի  ներդրմանը. 

5)  մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման համակարգի ձևավորմանն ու արդյունավետ գործունեությանը․

6)  ՄԿՈՒ համակարգի կայուն զարգացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը և միջազգային համադրմանը։

Հետագա շարադրանքում կանոնադրությունը մանրամասնում է Հիմնադրամի գործառույթները (կետ 14)։

ՄԿՈւ նոր օրենքի անկյունաքարն է պետություն և մասնավոր հատված համագործակցության ուժեղացումը՝ ներառելով մասնավոր հատվածի համակարգված, երկարաժամկետ ներգրավվածությունը կրթական ծրագրերի մշակման և իրականացման, ՄՈՒՀ-երի կառավարման, ֆինանսավորման և գնահատման գործընթացներում։

Նոր կանոնադրությամբ ՄԿՈՒԶԱԿ-ի կառավարման կառուցվածքը լիովին համապատասխանում է այդ մոտեցմանը՝ ապահովելով ՄԿՈՒ համակարգում պետական քաղաքականության ձևավորման և իրագործման համատեղություն՝ պետական կառավարման մարմինների, մասնավոր հատվածի և սոցիալական գործընկերների միջև՝ որպես երկարաժամկետ համագործակցության առանցքային սկզբունք։

Հիմնադրամի բարձրագույն մարմինը՝ Հոգաբարձուների խորհուրդը, ձևավորվում է համախմբված սկզբունքով՝ ընդգրկելով 12 անդամ, որոնցից․

  • 6-ը պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներ են,
  • 6-ը մասնավոր հատվածի և աշխատողների միությունների ներկայացուցիչներ են։

Այս ձևաչափը ապահովում է պետություն-մասնավոր-սոցիալական գործընկերության գործնական իրագործում՝ համատեղ որոշումների կայացման մակարդակում։

Պետական ներկայացուցիչները սահմանված են ոլորտային պատասխանատվության սկզբունքով և ընտրվում են փոխնախարարի մակարդակով՝ ներառելով հետևյալ հիմնական ուղղությունները՝

  • կրթություն,
  • աշխատանքային շուկա և սոցիալական պաշտպանություն,
  • տարածքային զարգացում,
  • տնտեսություն և գյուղատնտեսություն,
  • բարձր տեխնոլոգիաներ,
  • ֆինանսներ։

Այս կառուցվածքը ապահովում է քաղաքական ուղղորդում և համակարգված պետական քաղաքականություն՝ ոլորտային ներկայացվածությամբ։

Խորհրդում ներկայացված են ոչ միայն գործատուների ներկայացուցիչները, այլև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի առաջադրած մեկ ներկայացուցիչ, որը նաև Խորհրդի փոխնախագահներից մեկն է։ Սա ապահովում է ուսանողների, աշխատողների և համայնքի շահերի ներկայացվածություն քաղաքական որոշումների կայացման ժամանակ։ Խորհրդի մյուս փոխնախագահը մասնավոր հատվածի ներկայացուցիչներից է։

Ապահովելու համար մասնավոր հատվածի բովանդակային ներգրավվածություն՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչները ընտրվում են թափանցիկ և կառուցվածքային մեխանիզմով՝ հիմնվելով հետևյալ սկզբունքների վրա․

  • ներկայացվածություն տնտեսության հիմնական ճյուղերից,
  • ներգրավվածություն ՄԿՈՒ ոլորտում վերջին տարիներին,
  • ինստիտուցիոնալ կարողություն և լավ կառավարում,
  • տարածքային և ճյուղային հավասարակշռություն,
  • նորարարության, ներառականության, հմտությունների զարգացման ոլորտում ներդրում։

 

3.Ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող փոփոխություններով՝

  • կվերանա գործառույթների կրկնօրինակումը,
  • կապահովվի համատեղ քաղաքականությունն և համակարգումը,
  • կխթանի մասնավոր հատվածի իրապես ներգրավված մասնակցությանը ՄԿՈՒ քաղաքականության իրականցմանը,
  • կհաստատվի ՄԿՈՒԶԱԿ-ի որպես քաղաքականության իրագործման և ինստիտուցիոնալ կենտրոնի դերը՝ ժամանակակից, համագործակցային և արդյունքահեն ՄԿՈՒ համակարգի զարգացման համար։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումները և լուծումները բխում են «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և «Կրթության մասին» օրենքներից, ինչպես նաև «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Վարչապետի N 914-Ա որոշման 17-րդ կետից, ինչպես նաև Կառավարության 2021-2026թթ. ծրագրով և դրանից բխող գործունեության միջոցառումների ծրագրով ՄԿՈՒ ոլորտի համար սահմանված  թիրախային ուղղություններից և միջոցառումներից, ինչպես նաև ՄԿՈՒ ոլորտում ընդունված մի շարք ռազմավարական փաստաթղթերով նախատեսված ՄԿՈՒ ոլորտի զարգացման տեսլականից։

  • Քննարկվել է

    11.07.2025 - 30.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1681

Տպել

Առաջարկներ`

Թագուհի Հարությունյան

18.07.2025

Սա կարևոր և համակարգային փոփոխություն է մասնագիտական կրթության ոլորտում։ Այն նպատակ ունի ուժեղացնել կառավարման կառուցվածքները, բարձրացնել համակարգման արդյունավետությունը և համադրել տարբեր կառույցների գործառույթները։ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի փոխարինումը նոր, ավելի լայն լիազորություններով և բազմաշերտ կառուցվածքով հիմնադրամով՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն»-ով, կարող է դրական արդյունքներ ունենալ, եթե իրականացվի մտածված, հետևողական և պրոֆեսիոնալ ձևով։ Նախաձեռնությունը լավ է՝ իր ամբողջության մեջ ուղղված է դեպի արդիականացում, ներառականություն, գործատուների մասնակցություն, որակի ապահովում և միջազգային համադրման ամրապնդում։ Սակայն դրա հաջողությունն ամբողջությամբ կախված կլինի իրականացումից՝ հատկապես կառավարման թափանցիկությունից, իրական մասնավոր և մասնագիտական դաշտի ներգրավվածությունից և համակարգային շարունակականությունից։ Մի խոսքով՝ նպատակն արդարացված է, մոտեցումը՝ արդիական, բայց արդյունքը կախված է կատարողականից։

Ռուբեն Այվազյան

17.07.2025

Լավ կլինի ստեղծել հնարավորություն, որպեսզի քոլեջի վարչական անձնակազմն էլ մասնակցի ատեստավորման գործընթացին։ Սա հնարավորություն կտա վերարժեւորելու նրանց մասնագիտական կարողությունները, խթանել անձնական ու մասնագիտական զարգացումը, ինչպես նաեւ բարձրացնել կրթական կառավարման արդյունավետությունը։ Վարչական կազմի ատեստավորումը կդառնա արդար եւ համապարփակ մոտեցման մի մասը՝ արժեւորելով ոչ միայն մանկավարժական, այլեւ կազմակերպչական աշխատանքը։

Քրիստինե Մուշեղյան

16.07.2025

Առաջարկում եմ ապահովել աշխատանքի վրա հիմնված ուսուցման բոլոր երեք տեսակների զարգացման հավասար հնարավորությունները։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: