ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 18.04.2025, ՀՕ-73-Ն օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 18.04.2025, ՀՕ-73-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) ներդրվեց Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների (այսուհետ՝ նպաստ) հաշվարկելու, նշանակելու և վճարելու նոր համակարգ: Ըստ նոր կարագավորումների՝ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայի (այսուհետ՝ հարկային մարմնի բազա) և էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) հաշվարկելու, նշանակելու և վճարելու է նպաստը: Ընդ որում, ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում ծառայությունը կհաշվարկի նաև գործատուի կողմից վճարման ենթակա գումարի չափը, որը հարկային մարմնի միջոցով փոխանցվում է գործատուին:
Նպաստի իրավունքը, տեսակներն (ըստ ժամանակավոր անաշխատունակության պատճառների), նշանակման, հաշվարկման և վճարման կարգը հստակ սահմանված են օրենքով:
Օրենքով կառավարությանը վերապահված է սահմանել՝
- լիազորած պետական մարմնին (6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ),
- առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը (10-րդ հոդվածի 2-րդ մաս),
- Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին նպաստի հաշվարկման և վճարման կարգը (23-րդ հոդված),
- դեպքերը, երբ լիազոր մարմինը նպաստը նշանակում և հաշվարկում է քաղաքացու դիմումի հիման վրա (24-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ),
- նպաստ նշանակելու, հաշվարկելու և վճարելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը (տվյալները) լիազոր մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգի, էլեկտրոնային առողջապահության համակարգի և հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազայի միջև փոխանակելու կարգը (24-րդ հոդվածի 2-րդ մաս),
- նպաստ նշանակելու, հաշվարկելու և վճարելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը (տվյալները) լիազոր մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգի, էլեկտրոնային առողջապահության համակարգի և հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազայի միջև փոխանակվող տեղեկատվության (տվյալների) կազմը (24-րդ հոդվածի 2-րդ մաս),
- անաշխատունակության դեպքերը, երբ ժամանակավոր անաշխատունակության տեղեկատվության մասին գրառումը էլեկտրոնային առողջապահության համակարգ է մուտքագրվում այդ տեղեկատվությունն ստացվելու օրը (24-րդ հոդվածի 3-րդ մաս),
- Մայրության նպաստը, ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը բանկի միջոցով վճարելու կարգը (24-րդ հոդվածի 8-րդ մաս),
- Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված՝ անձի ժամանակավոր անաշխատունակ լինելը հաստատող փաստաթղթի հիման վրա անձի ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգ ներառելու կարգով (24-րդ հոդվածի 14-րդ մաս),
- Նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը (24-րդ հոդվածի 17-րդ մաս),
- վարձու աշխատողի, որին վերաբերող տեղեկատվությունը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու կարգը (24-րդ հոդվածի 18-րդ մաս),
- անաշխատունակության ժամանակահատվածի առաջին օրվա վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ մինչև նպաստ նշանակելը, վարձու աշխատողի մահանալու կամ նպաստը նշանակելուց հետո մահվան պատճառով չվճարելու նպաստը պետական բյուջեից վճարելու կարգը (26-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետ),
- Վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մահվան դեպքում նպաստն այլ անձի նշանակելու և վճարելու կարգը, նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (26-րդ հոդվածի 3-րդ մաս),
- 36 ամսվա ընթացքում, վարձու աշխատողի գործատուի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից հարկային մարմին է ներկայացվում գրանցման հայտ կամ հաշվարկ (այդ թվում՝ ճշտված), կամ հարկային հսկողության իրականացմամբ նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության (տվյալի) փոփոխություն հայտնաբերելու դեպքում այդ մասին հարկային մարմնի կողմից լիազոր մարմնին տեղեկացնելու կարգը (27-րդ հոդվածի 2-րդ մաս),
- վերահաշվարկի արդյունքով նպաստի չափը պակասելու դեպքում ավել վճարված գումարի՝ պետական բյուջեից վճարված չափը պետական բյուջե վերականգնելու կարգը (27-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետ),
- վարձու աշխատողի, որին վերաբերող տեղեկատվությունը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, նպաստը դիմումի հիման վրա վերահաշվարկելու կարգը (27-րդ հոդվածի 9-րդ մաս),
- լիազոր մարմնի կողմից վարվող տեղեկատվական շտեմարան ներառվող տվյալների կազմը (28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):
Վերոնշյալ ցանկի 1-3-րդ, 9-11-րդ, 13-րդ, 16-րդ կետերում նշված՝ Կառավարության լիազորություններն արդեն իսկ իրացված են օրենքի կիրարկումն ապահովող՝ Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ, սակայն դրանցից որոշում առկա է օրենքի նոր դրույթներին համապատասխանեցնելու խնդիր:
Վերոնշյալ ցանկի մնացած կետերում նշված՝ Կառավարության լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ է որոշմամբ սահմանել նոր կարգավորումներ:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Առաջարկվում է ընդունել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
2. Կարգավորման առարկան
Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել, որ օրենքով սահմանված լիազորած պետական մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն է (ինչպես ներկայումս)։
Միաժամանակ նախատեսվում է որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ հաշվի առնելով օրենքի նոր կարգավորումներին համապատասխան՝ որոշման մեջ կատարվելիք փոփոխությունների ընդգրկուն ծավալը:
Ընդ որում, օրենքով կառավարությանը վերապահված 17 լիազորությունների իրականացումն նախագծով առաջարկվում է իրացնել 8 հավելվածների միջոցով՝ համասեռ լիազորությունները միավորելով նույն հավելվածում:
Մասնավորապես նախագծով առաջարկվում է հաստատել՝
- առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի (նախկինում սահմանվածը թողնվել է անփոփոխ).
- նպաստ նշանակելու, հաշվարկելու և վճարելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը (տվյալները) լիազոր մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգի, էլեկտրոնային առողջապահության համակարգի և հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազայի միջև փոխանակելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
Այս հավելվածով օրենքի ահմանվում է, որ նշված տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվությունը (տվյալները) փոխանակվում են ինքնաշխատ եղանակով՝ տվյալների շտեմարանների փոխգործելիության միջոցով՝ օրենքով սահմանված ժամկետներում։
Առավել մանրամասն անդրադարձ է կատարված էլեկտրոնային առողջապահության համակարգից ծառայության տեղեկատվական համակարգ փոխանցման ենթակա տվյալների ձևավորմանը՝ հաշվի առնելով գործող որոշման N 5 հավելվածի հիմնական դրույթները:
Նախագծի N 2 հավելվածում իրացված է նաև օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով Կառավարությանը վերապահված լիազորությունը՝ ի լրումն օրենքով սահմանված դեպքերի սահմանված են անաշխատունակության այն դեպքերը, երբ ժամանակավոր անաշխատունակության տեղեկատվության մասին գրառումը էլեկտրոնային առողջապահության համակարգ է մուտքագրվում այդ հետադարձ ամսաթվով՝ տեղեկատվությունն ստացվելու օրը (ի տարբերություն ընդհանուր կանոնի, երբ համապատասխան գրառումը մուտքագրվում է անաշխատունակության թերթիկը բացելու օրը):
Այսպես, Նախագծի N 2 հավելվածի 9-րդ կետով հստակ սահմանված են հետադարձ ամսաթվով անաշխատունակության թերթիկ բացելու անաշխատունակության դեպքերը, որոնք առաջացել կամ հաստատվել են՝
- հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու հետևանքով (երբ հիվանդի ինքնությունը կարող է պարզվել հիվանդանոցային բժշկական հաստատություն ընդունվելուց օրեր անց),
- ոչ աշխատանքային օրվա ընթացքում կամ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ շտապ բժշկական օգնության ծառայություն դիմելու հիմքով, եթե քաղաքացին այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն (որտեղ սահմանված կարգով գրանցված է) է ներկայացնում առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից հաստատված շտապ բժշկական օգնության ծառայության կանչի ընթացքում շտապ բժշկական օգնության բրիգադի բժշկի կողմից տրված բուժառուի առողջական վիճակի մասին տեղեկանքը (հիմք է ընդունվում տեղեկանքում նշված ամսաթիվը),
- օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված փաստաթղթի հիմքով, քանի որ այդ փաստաթղթերով հաստատվում է նախորդիվ ժամանակահատվածի անաշխատունակությունը,
- հղիության և ծննդաբերության պատճառով, երբ կինը կարող է դիմել հղիության ուշ փուլերում՝ հղիության 210-րդ օրվանից հետո:
Նախագծի N 2 հավելվածում իրացված է նաև օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով Կառավարությանը վերապահված լիազորությունը և Նախագծի N 2 հավելվածի 54-րդ և 55-րդ կետերով սահմանված է նպաստ նշանակելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության (տվյալի) փոփոխություն հայտնաբերելու դեպքում այդ մասին հարկային մարմնի կողմից լիազոր մարմնին տեղեկացնելու կարգը):
- նպաստ նշանակելու, հաշվարկելու և վճարելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը (տվյալները) լիազոր մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգի, էլեկտրոնային առողջապահության համակարգի և հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազայի միջև փոխանակվող տեղեկատվության (տվյալների) կազմը՝ համաձայն N 3 հավելվածի.
Սույն հավելվածով սահմանված են այն տվյալները, որոնց փոխանակմամբ հնարավոր է ապահովել ինքնաշխատ եղանակով նպաստի հաշվարկումը և նշանակումը:
Տվյալները խմբավորված են ըստ գործընթացին մասնակից տեղեկատվական համակարգերի և գործընթացի փուլերի:
- օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված անձի ժամանակավոր անաշխատունակ լինելը հաստատող փաստաթղթի հիման վրա անձի ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգ ներառելու կարգը` համաձայն N 4 հավելվածի.
Այս դեպքում հիմնականում պահպանվել են որոշման գործող խմբագրության N 6 հավելվածով սահմանված դրույթները՝ դրանցում կատարելով օրենքից բխող փոփոխություններ:
Անդրադարձ է կատարվել իրավակիրառ պրակտիկայում ծագած՝ ապոստիլի հիման վրա վավերացված բժշկական փաստաթուղթ ներկայացնելու խնդրին։ Կան երկրներ, որտեղ ազգային օրենսդրությամբ բժշկական փաստաթղթերը չեն դիտարկվում որպես պաշտոնական փաստաթուղթ և դրանց վրա ապոստիլ չի դրվում, մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ պահանջվում է ներկայացնել ապոստիլի հիման վրա վավերացված բժշկական փաստաթուղթը և դրա նոտարական կամ հյուպատոսական կարգով վավերացված թարգմանությունը։
Որպես խնդրի լուծում նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե բժշկական փաստաթղթերը օտարերկրյա պետությունում ենթակա չեն վավերացման ապոստիլով, ապա ներկայացվում է տվյալ պետության իրավասու մարմնի կամ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի հավաստող տեղեկանքն առ այն, որ տվյալ բժշկական փաստաթուղթը այդ պետությունում ապոստիլի հիման վրա չի վավերացվում։ Այս դեպքում հավաստող տեղեկանքը և բժշկական փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ։
- ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կարգը` համաձայն N 5 հավելվածի.
Այս դեպքում ևս պահպանվել են որոշման գործող խմբագրության N 2 հավելվածով սահմանված հիմնական դրույթները, սակայն հավելվածում էական փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով, որ նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման հետ կապված շատ հարաբերություններ ուղղակիորեն կարգավորված են օրենքով։
Նախագծի N 5 հավելվածով սահմանված է նաև օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ մայրության նպաստը, ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը բանկի միջոցով վճարելու կարգը։
Նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկում (այսուհետ՝ բանկ) վարձու աշխատողի անվամբ բացված բանկային վավեր հաշվին փոխանցելու միջոցով։ Բանկի ընտրությունն անձը կատարում է բժշկական հաստատությունում և բանկի անվանումը ծառայությունը էլեկտրոնային առողջապահության համակարգից։ Նպաստի գումարը փոխանցվում է անձի (բուժառուի) ընտրած բանկ։ Բանկը ճշտում է նրա անվամբ բացված բանկային վավեր հաշվի առկայությունը և անձի (բուժառուի) անվամբ՝
1) բացված բանկային վավեր հաշվի առկայության դեպքում` նպաստի գումարը մուտքագրում է այդ բանկային հաշվին.
2) բանկային վավեր հաշվի բացակայության դեպքում` անձի (բուժառուի) անվամբ բացում է միանվագ դրամական վճարների հաշիվ և նպաստի գումարը մուտքագրում այդ հաշվին:
Նպաստի վճարումը Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկի միջոցով իրականանցնելը նպատակ ունի ապահովել նպաստի վճարումն այն դեպքում, երբ բուժառուն ընտրում է բանկ, սակայն պարզվում է այդ բանկում նա չունի բանկային վավեր հաշիվ։
Սա նշանակում է, որ նպաստը միանվագ դրամական վճարների հաշվով կվճարվի միայն այն դեպքում, երբ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկում նա չի ունենա բանկային վավեր հաշիվ։
Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ նախագծի N 5 հավելվածով նախատեսված է նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին նպաստի հաշվարկման և վճարման կարգը։
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության կամ դատական ակտի հիման վրա կամ անձի մահվան դեպքերում ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կարգը` համաձայն N 6 հավելվածի.
Այս հավելվածում իրացված են օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 18-րդ մասով, 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 3-րդ մասով, 27-րդ հոդվածի 9-րդ մասով կառավարությանը վերապահված լիազորությունները՝ հաշվի առնելով, որ նշված բոլոր դեպքերում իր նպաստի իրավունքն իրացնելու համար անձը պետք է ներկայացնի դիմում։
Դիմումը կարող է ներկայացվել առցանց կամ ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, սույն կարգով փաստաթուղթ ներկայացնելու պահանջ նախատեսված լինելու դեպքում՝ ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության հիման վրա վարձու աշխատողի դիմումի հիման վրա նպաստ հաշվարկելու, նշանակելու (վերահաշվարկելու) համար անհրաժեշտ տեղեկատվությունը ինքնաշխատ եղանակով փոխանակվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության, հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ համապատասխան մարմիններ)։
Համապատասխան մարմիններն (հակակոռուպցիոն կոմիտեն՝ իր օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող աշխատողների մասով) ընտրվել են՝ հետ հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետը։
Ինքնաշխատ եղանակով տեղեկատվության փոխանակում օրենսդրությամբ (Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ին N 1990-Լ որոշմամբ) արդեն իսկ նախատեսված է ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև։
Ըստ այդմ, անհրաժեշտ կլինի մինչև 2025 թվականի սեպտեմեբրի 1-ը խնդիրը կարգավորել քրեակատարողական ծառայության, հակակոռուպցիոն կոմիտեի դեպքում։
Նախագծի N 5 հավելվածով նախատեսված է նաև անձի մահվան պատճառով չվճարված նպաստը վճարելու (նշանակելու) համար դիմում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, նպաստ հաշվարկելու, նշանակելու կարգը։
Բոլոր դեպքերում դիմումի, դրան կից ներկայացված փաստաթղթերի և, ըստ անհրաժաշտության, կատարված հարցումներով ստացված տեղեկատվության հիման վրա ծառայության մասնագետը որոշում է նպաստի իրավունքը։ Եթե անձը ձեռք է բերում նպաստի իրավունք, այդ մասին համակարգում կատարում է նշում։ Այս դեպքում նպաստը հաշվարկվում (վերահաշվարկվում), նշանակվում և վճարվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման N 5 հավելվածով անձի (բուժառուի) համար սահմանված կարգով։
- վերահաշվարկված նպաստի ավել վճարված գումարը գործատուի կողմից պետական բյուջե վերականգնելու կարգը` համաձայն N 7 հավելվածի.
Համաձայն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի և նախագծի N 7 հավելվածի՝ ավել վճարված նպաստի գումարը գործատուն պետական բյուջե է վերականգնում՝ հարկային մարմնի միջոցով ծանուցվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։ Այդ ժամկետում չվերականգնելու դեպքում՝ ծառայությունը գործատուին ծանուցում է՝ հաղորդագրություն ուղարկելով գործատուի էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ փոստային առաքմամբ և տեղեկացնում է նրա կամ նրա անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձի՝ ծառայության ցանկացած տարածքային կենտրոն ներկայանալու և այդ գումարը պետական բյուջե վերականգելու ժամանակացույց կնքելու անհրաժեշտության մասին։ Ժամանակացույցի հիման վրա գործատուն ավել վճարված նպաստի գումարը պետական բյուջե է վերականգնում 3 ամսվա ընթացքում։
Ավել վճարված նպաստի գումարը գործատուի կողմից պետական բյուջե է բռնագանձվում դատական կարգով՝ ծառայության ներկայացրած հայտի հիման վրա։
- լիազոր մարմնի կողմից վարվող տեղեկատվական շտեմարան ներառվող տվյալների կազմը՝ համաձայն N 8 հավելվածի:
Օրենքի, նախագծի բոլոր պահանջների հաշվառմամբ նախագծի N 8 հավելվածի հավելվածով սահմանված են բոլոր այն տվյալները, որոնք պետք է ներառվեն ծառայության կողմից վարվող տեղեկատվական համակարգի տեղեկատվական շտեմարան։
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 18.04.2025, ՀՕ-73-Ն օրենքի կիրարկումը։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 4.6-րդ կետից (Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների սպեկտրը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և քանակական բարելավման):
5. Տեղեկանք
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա։ Ընդ որում, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից համապատասխան տեղեկատվական համակարգի մշակման ու ներդրման ծախսերը կատարվելու են ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը 1235 ծրագրի 31001 միջոցառմամբ հատկացված գումարի շրջանակներում (համապատասխան իրավական ակտի նախագիծը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ):
-
Քննարկվել է
09.07.2025 - 24.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1836
Տպել